HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբաստանյալը հաստատեց, որ ընկերությունը ստեղծել են թմրանյութերի փոխադրմամբ զբաղվելու նպատակով

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դեկտեմբերի 11-ին հարցաքննվեց 850 կգ թմրանյութի տեղափոխման գործով վերջին վկան՝ Հայկազ Հովհաննիսյանը, ով այս գործով ամբաստանյալ Օսման Ուղուրլուին դեպքի օրը «Մեղրիի» մաքսակետից տեղափոխել է Երևան՝ Կոնգրես հյուրանոց. այդ ժամանակ նա աշխատում էր տաքսի ծառայությունում և կատարել է իր հերթական պատվերը:

Թե ինչ խոսակցություն է եղել ճանապարհին, վկան պատասխանեց, որ 6 ժամվա ընթացքում գրեթե չեն շփվել իրար հետ: «Օ. Ուղուրլուն մի կերպ ռուսերեն լեզվով էր խոսում, միայն հասկացրել է, որ ուզում է Երևանի կետրոնում գտնվող մի հյուրանոց տանեմ ու հարցրել է, թե Երևանից մինչև Վրաստան քանի կմ է»,- ասաց Հ. Հովհաննիսյանը և ավելացրեց, որ իր հեռախոսահամարն է փոխանցել Օ. Ուղուրլուին, որ Վրաստան գնալու համար էլ զանգահարի իրեն: Վկան նաև նշեց, որ երբ ճանապարհին իջնում էր ջուր խմելու, ամբաստանյալը հարցնում էր, թե արդյոք մեքենան խնդիր ունի: «Հիմա մտածում եմ, որ վախից էր հարցնում, մտահոգված էր»,- ասաց Հայկազ Հովհաննիսյանը:

Վկաների հարցաքննությունը ավարտելուց հետո դատարանը հրապարակեց գործում առկա փորձագիտական եզրակացություններն ու փաստաթղթերը:

Ավթանդիլ Մարտիաշվիլու պաշտպան Հրաչ Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց Օսման Ուղուրլուի անձնական իրերում հայտնաբերված «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենայի պահեստային բանալին ճանաչել որպես սույն գործով կարևոր նշանակություն ունեցող իրեղեն ապացույց. «Նախաքննության մարմինների կողմից գործով ձեռք բերված կարևոր փաստական հանգամանք հանդիսացող բեռնատարի պահեստային բանալին որպես ապացույց մեզ անհայտ պատճառներով այլ ապացույցների շարքում չի գնահատվել, ինչի արդյունքում իմ պաշտպանյալի մեղավորությունը բացառող հանգամանքը միտումնավոր անտեսվել է»: Հ. Հակոբյանին միացավ նաև Ա. Մարտիաշվիլու մյուս պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն` ավելացնելով, որ գործի մեջ 2 հատ նույն բանալուց կար, որի մասին իր պաշտպանյալը ոչինչ չգիտեր:

Մեղադրող Արմեն Փանոսյանն առարկեց միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ պահեստային բանալու առկայությունը որևէ կերպով չի կարող հերքել Ա. Մարտիաշվիլու մասով մեղադրանքը: Լսելով կողմերի կարծիքները՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը գտավ, որ միջնորդությունը անհիմն է, քանի որ որևէ հանցավոր հետք չի պահպանվել, և հանցագործության օբյեկտ չի հանդիսացել:

Պաշտպան Հ. Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց նաև քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ իր պաշտպանյալի  նկատմամբ  կիրառվող խափանման միջոց կալանքը վերացնել և նրան արգելանքից ազատել: Մեղադրող կողմր միջնորդությունը անհիմն համարեց և առարկեց, իսկ դատավորը որոշեց միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:

Դատարանն անցավ ամբաստանյալ Օսման Ուղուրլուի հարցաքննությանը, քանի որ ամբաստանյալը պատրաստ էր ցուցմունք տալ իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ:

Ամբաստանյալ Օ. Ուղուրլուն ակսեց հետևյալ խոսքով. «Երբ բանալին ինձ տվեցին, ասացին, որ ավազ է. բացարձակապես վախենալու բան չկա: Եթե ես իմանայի, որ թմրանյութ է, կնշանակեր երկուսով գնում ենք մեռնելու, քանի որ Պարսկաստանում դա մահապատիժ է»:

Հնչած հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալը հայտնեց դատարանին, որ «Հովո Լոջիստիք» ընկերությունը Վրաստանում գրանցվել է դեպքից 3 ամիս առաջ, որը պետք է զբաղվեր բեռնափոխադրումներով: «ԴԱՎ» մակնիշի մեքենան գնելուց հետո որպես վարորդ աշխատանքի է ընդունել Ավդանթիլ Մարտիաշվիլուն, ում հետ ծանոթացրել էին մեքենա վաճառողները: Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզներին ճանաչում է, քանի որ նրանք էլ են բեռնափոխադրմամբ զբաղվում, ովքեր էլ Օ. Ուղուրլուին ծանոթացրել են Նասիրի հետ: Դատավոր Դ. Գրիգորյանի այն հարցին, թե արդյոք գիտեր, որ Մ. Նարգեզը զբաղվում է թմրամիջոցներով, պատասխանեց. «Գիտեի, որ նախկինում զբաղվել է, բայց որ ինձ հետ աշխատել է, չի զբաղվել»:

Մեղադրող Ա. Փանոսյանը հարցրեց նաև, թե որն է եղել «Հովո Լոջիստիք» ֆիրմայի ստեղծման հիմնական նպատակը` թմրանյութերի փոխադրման գործո՞վ պիտի զբաղվեին: Ամբաստանյալը հայտնեց, որ «ֆիրման ստեղծեցինք, նոր ինձ այդ մասին ասացին»: Մեղադրող կողմը նշեց, որ ամբաստանյալի ցուցմունքը հակասում է նախաքննության փուլում տված ցուցմունքներին ու խնդրեց հրապարակել դրանք:

Թուրքիայում Օ. Ուղուրլուն մեքենայի պահեստային բանալին հանձնել է Նասիրին, ով ասել է, որ պետք է վերանորոգման որոշ աշխատանքներ կատարեն մեքենայի վրա և, 2 օր հետո վերադարձնելով մեքենան, ասել է, որ «ավարտել է գործը» և միայն այդ ժամանակ է ասել, որ կցորդի հատակի ներքևի մասում թաքստոց է սարքվել, որը, ըստ ամբաստանյալի, անզեն աչքով տեսանելի չէր: Այդ կցորդում առաջին անգամ ավազ կտեղափոխեն, իսկ հետո` հաշիշ: Ուղուրլուն ասաց, որ հաշիշ տեղափոխելու համար նրան առաջարկել են 100 հազար դոլար տալ, բայց ինքը չի համաձայնել:

Թե ինչու Օ. Ուղուրլուն պահեստային բանալու մասին չի ասել Ա. Մարտիաշվիլուն, ամբաստանյալը պատասխանեց, որ  «եթե վարորդն իմանար, որ ավազ են բեռնելու, կարող է չընդուներ»:

Դատավորի այն հարցին, թե ինչու է «Մեղրիի» մաքսատնից գնացել, երբ իմացել է որ մեքենայում օտար մարմին է հայտնաբերվել, եթե վստահ էր որ մեքենայում ավազ էր, ամբաստանյալը պատասխանեց, որ  «վախեցել եմ ու այդ պահին եմ հասկացել, որ ինձ օգտագործել են»:  

Լուսանկարում Օսման Ուղուրլուն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter