HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամաց-կամաց վերադառնում էի Ողջերի աշխարհ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից        

Շարունակում եմ աշխատել կինոսցենարի վրա: Հուշադարանիս պահ տված տարբեր դրվագներ եմ գտնում ու գրի առնում: Երկրորդ փախուստից հետո` 2010-ին, երբ ինձ 21 օր անց բռնել էին, ու ես ինքնավնասում էի արել, հիշում եմ, թե ինչպես էին ինձ նորից տանում մահվան տուն` 21 օր մաքուր օդ շնչելուց հետո:

Արտաքին աշխարհից փակ կոպերիս միջով թափանցում էին ոստիկանության ու շտապ օգնության մեքենաների լույսերը, իսկ ճչացող ազդանշանային ձայները խուլ մտնում էին ականջներիս մեջ, կամաց-կամաց վերադառնում էի Ողջերի աշխարհ: Զգում էի, որ մտցրեցին մեքենայի մեջ՝ պատգարակին կապկպած. նույնիսկ աչքերս չէի բացում, չէի ցանկանում տեսնել փակ, անմարդկային տարածությունը…

Անմիջապես վիրահատարանից մեքենայով տեղափոխեցին բանտ: Դեռ անզգայացման ազդեցության տակ էի, ամեն ինչ մշուշի մեջ էր: Բանտախցում կապեցին մահճակալին, որ նորից չփորձեմ ինքնասպանության փորձ անել: Կաթիլայինի տակ էի, ինչ-որ մարդիկ էին մոտենում, խուլ լսում էի նրանց ձայները:

-Դու պետք ա ապրես ու պայքարես, իշխանությունները կլսեն քո ձայնը` արդարությունը կվերականգնվի, ու դու ազատության մեջ կլինես. ես հավատում եմ:

Հիմա էլ մեկ ուրիշն էր.

-Արա՛, դե՛ հանգիստ նստեիր տեղդ, ո՞ւր ես փախնում, դիմում գրելով շարունակեիր քո կռիվը. սաղին ոտի ես հանում` հանրապետությունը խառնում իրար:

Այս վերջին ձայնի տերը մոտեցավ, ուժգին հարվածեց ոտքերիս:

-Հո դու հիմա՞ր չես, մարդը վիրահատությունից հետո խելքի չի եկել. գազան հո չե՞ս` մարդուն էդ վիճակում խփո՞ւմ են…

Քայլերի, աղմուկի ձայներ լսեցի, հետո լռություն: Որոշ ժամանակ անց, կարծես քնիս մեջ, զրույց լսեցի: Կնոջ ձայնն ասում էր.

- Էդ տղային պետք ա բաց թողնել, չե՞ն հասկանում, որ բանտն իր տեղը չի. թող մարդն ազատ ապրի, ամուսնանա, էրեխեք ունենա, որ մեղավոր լիներ, էսպես չէր պայքարի:

-Ճիշտ ես ասում, բժշկուհի՛ ջան, Աստծո առաջ մեղք ա էս տղուն բանտում պահելը, բայց, դե՛, ի՞նչ անենք, բռնենք բաց թողե՞նք` մեզ կդատեն, գոնե էսքանից հետո մարդու գործը վերանայեն…

Այստեղ կանգ եմ առնում ու չեմ շարունակում գրել, թե ինչ եղավ հետո. իրադարձություններ, կյանքի շրջադարձ, հրաշք, երկրորդ ծնունդ, որին ես ինքս վախենում էի հավատալ: Բայց այդ ամենը Դուք կտեսնեք ֆիլմում, երբ այն իրականություն դառնա:  

Բանտապահների հոգեբանությունն եմ փորձում հասկանալ

Բանտի աշխատակիցներից շատերը տարիների ընթացքում կորցնում են կարեկցանքի, ցավակցելու զգացողությունը: Միգուցե այլ կերպ հնարավոր չէ կատարել մի աշխատանք, որտեղ ստիպված ես տարիներ շարունակ տեսնել թեկուզև հանցանք կատարած, բայց քո պես մարդկանց, որոնց վրա դուռ ես փակում և հետևում, որ հանկարծ չիրականացնեն յուրաքանչյուր կենդանի արարածին ի վերուստ տրված ԱԶԱՏ լինելու բնազդային ցանկությունը: Կալանավայրից փախուստը բազմաթիվ զարգացած երկրների օրենսդրությամբ չի դիտարկվում որպես հանցանք, քանի որ ազատության ձգտումը մարդու բնական պահանջն է:

 Հիմա պատկերացրեք, Աստված չանի իհարկե, որ անարդար դատավճռի հետևանքով դուք եք հայտնվել բանտում չարած հանցանքի համար, այն էլ` ցմահ բանտարկյալի կարգավիճակում: Անմեղ և հոգեպես ու ֆիզիկապես առողջ մարդն անխուսափելիորեն փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի վերադառնա ազատություն: Սա կլինի բնական, առողջ և տրամաբանական  մոտեցում: 

Այն, որ բանտերում հայտնվում են նաև անմեղ մարդիկ, փաստ է, որը ընդունում են բոլոր փոքր-ինչ քաղաքակիրթ պետություններում: Հիմա պատկերացրեք` բոլոր այն մարդկանց հոգեվիճակը, ովքեր ներքուստ խիստ կասկածի տակ դնելով դատապարտյալի մեղավորությունը, իրենց պարտականությունների բնույթից ելնելով` ստիպված են վանդակի մեջ պահել անմեղ մարդուն: Նրանց մոտ բնական պաշտպանական ռեակցիա պետք է առաջանա. փորձեն համոզել իրենք իրենց և ուրիշներին, որ անհնար է պետությունը սխալված լինի և անմեղ քաղաքացուն պատժի, այն էլ այնպիսի ծայրահեղ պատժի, ինչպիսին մահապատիժն ու ցմահ բանտարկությունն են:

Բանտապահներից սկսած, համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաներով վերջացրած` եթե չեն կորցրել մարդկային զգացմունքները և արդարության պահանջը, ապա պետք է քայլեր ձեռնարկեն անմեղ մարդուն ազատելու համար կամ նվազագույնը` փորձեն պարզել ճշմարտությունը, երբ մարդը գոռում է աշխարհով մեկ, որ անմեղ է: Սակայն աշխարհն այնքան դաժան է դարձել, և մարդիկ էլ հաճախ չարացած են, մյուս կողմից` անզոր կամ էլ պարզապես չունեն կամք և ցանկություն օգնել մարդուն, որ գերադասում են իրենց անգործությունն արդարացնելու և սեփական խիղճը խաբելով` ամենահեշտ տարբերակն ընտրել. ասել, որ եթե մարդ հայտնվել է բանտում, եթե դատավորը որոշել է, ուրեմն մեղավոր է: Ասես դատավորները մարդիկ չեն և երբևիցե չեն սխալվում կամ պատվեր չեն կատարում:                                                                                                                                                                           

Մեկնաբանություններ (3)

ՀԱՅՈՒՀԻ
Մհեր ջան, տղաս, Հայաստանում ահավոր ժամանակներ են, արժանավորները մի կերպ ապրում են ու կռիվ տալիս մարդակեր համակարգի հետ, տղերքը զոհվում են սահմանին, իսկ մի խումբ ապազգային մարդիկ հոշոտում են երկիրը, մարդկային զգացմունքները կորցրած իշխանություններից ի՞նչ սպասենք, քեզ համբերություն ու ուժ եմ մաղթում որ Սողոմոնի նման չհիվանդանաս, մինչև որ էս արհավիրքն էլ մի օր անցնի բազմաչարչար Հայաստանի գլխից
Angela
Մհեր ջան, Հայաստանում բոլորն էլ բանտում են: Տարբերությունն այն է , որ քո բանտը փոքր է, իսկ իրենցը՝ մեծ: Շատ մի տանջվիր: Սիրում ենք քեզ
Հակոբ Զաքարյան
Հակոբ Պարոնյանը 19-րդ դարում Թուրքիայի մասին գրել էր՝ Տաճկաստանի մեջ բանտ, բանտի մեջ՝ բանտ։ Հիմա նույնը կարող ենք ասել 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter