HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բժշկական համալսարանը շրջանցել է ուսանողների հետ կնքած պայմանագիրը. ինչպե՞ս է տնօրինվել 16 միլիոն դրամը

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսին, կառավարության որոշմամբ, հատկացված է 54 անվճար տեղ: Այս տարի, սակայն, ուսանողներին բաշխվել է միայն 29-ը: Կրթության ոլորտը կարգավորող օրենքները, կառավարության որոշումները և ուսանողների հետ կնքած պայմանագիրը պարտադրում են բաշխել թափուր մնացած տեղերը: Սակայն բուհը խնայել է մոտ 16 միլիոն դրամը` 21 ուսանողների մեկ տարվա վարձավճարը: Կրթության նախարարությունը չի պատասխանում, թե ինչպես է տնօրինվել այդ գումարը:

Ռոտացիայի մրցույթի ավարտից հետո չորրորդ կուրսեցիները գրավոր դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ անվճար տեղերն իրենց բաշխելու համար: Դիմումի տակ ստորագրել է կուրսից 99 հոգի:

Դիմումը բավարարվելու դեպքում միայն 21 հոգի պետք է սովորեր անվճար համակարգում: Մնացածը ստորագրել են` ընկերներին աջակցելու համար:

Ուսանողներին գրավոր պատասխանել է կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը` տեղեկացնելով, թե դիմումը քննարկվել է համալսարանի հետ, իսկ անվճար տեղերից ուսանողներին զրկելու հիմքը բուհի` 2013թ. նոյեմբերի 27-ի որոշումն է, համաձայն որի` ակադեմիական պարտք ունեցող ուսանողը իրավունք չունի մասնակցելու ռոտացիայի մրցույթին:

«Ուսման վարձի փոխհատուցման նպաստի համակարգում ընդգրկվելու համար (վճարովի համակարգից անվճար համակարգ անցնելը և հակառակը` «ռոտացիա») ուսանողը պարտավոր է ուսումնական ծրագրով սահմանված ստուգարքները և քննությունները հանձնել միայն քննաշրջանի ընթացքում: Մարման շրջաններում ստուգարքներ և քննություններ հանձնած ուսանողը չի մասնակցում ուսման վարձի փոխհատուցման նպաստի մրցույթին»: Սա բուհի որոշման 24-րդ կետն է, որը հիմք ընդունելով` ուսանողներին զրկել են անվճար տեղերից:

Բուհի  գիտխորհրդի որոշումը հակասում է օրենքին, կառավարության որոշմանը և ուսանողների հետ կնքած պայմանագրին

Բժշկական համալասարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Հետքի» հարցման պատասխանում մի քանի անգամ ընդգծել է «բարձր առաջադիմություն» բառակապակցությունը` նշելով, որ միայն «բարձր առաջադիմություն» ունեցող ուսանողները կարող են մասնակցել ուսման վճարի փոխհատուցման մրցույթին:

Միևնույն ժամանակ գրել է, որ «բարձր առաջադիմություն» եզրույթը սահմանված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, Կառավարության 1183-Ն որոշմամբ և ԵՊԲՀ իրավական ակտերով: Եվ քանի որ ուսանողները չեն ունեցել բարձր առաջադիմություն, համալսարանը զրկել է նրանց մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Նշենք, որ «Բարձր առաջադիմություն» եզրույթը սահմանված չէ ո́չ օրենքում, ո́չ էլ որոշման մեջ: Համալսարանի իրավաբան Մելիք Սողոմոնյանը, ով պատրաստել էր պատասխանը, զրույցի ընթացքում հաստատեց, որ եզրույթը սահմանված է միայն համալսարանի որոշման մեջ: «Օրենքը չի սահմանել, դրա համար էլ բուհն է սահմանել»,- ասաց իրավաբանը` ավելացնելով, որ բուհն այդ իրավասությունն ունի:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» մասին օրենքի 6-րդ հոդվածով` սահմանվում է բուհերի ինքնավարության, իրավասության և ակադեմիական ազատությունների շրջանակը: Դրանց մեջ չի մտնում ուսանողների` ուսման վարձի փոխհատուցման կարգը սահմանելը:

Միևնույն ժամանակ, օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու կարգը սահմանում է կառավարությունը:

Կառավարության 2006թ. հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ սահմանվել է այդ կարգը: Որևէ խոսք չկա այն մասին, որ ակադեմիական պարտք ունեցող ուսանողն իրավունք չունի մասնակցելու  ռոտացիայի մրցույթին:

Որոշման 4-րդ կետը կարգավորում է ուսման վճարի լրիվ փոխհատուցման, ուսման վճարի մասնակի փոխհատուցման (զեղչեր) և պետական կրթաթոշակի տրամադրման կարգերը: Ուսման վճարի լրիվ փոխհատուցմանը վերաբերող հատվածում կարդում ենք. «Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:

Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով»:

Այսինքն` օրենքը պարատավորեցնում է բուհի ղեկավարությանը համեմատել ուսանողներին և ընտրել առավել բարձր առաջադիմություն ունեցողներին: Թե ինչ է բարձր աջադիմությունը, օրենքում և կառավարության որոշման մեջ սահմանված չէ, քանի որ որոշվում է համեմատության մեջ: Նույն իրավական ակտերով` ակադեմիական պարտքերի շրջանում քննություն հանձնելը մրցույթին մասնակցելու արգելք չէ:

Ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման տեղերի քանակը նույնպես սահմանում է կառավարությունը: 2011թ. ապրիլի 28-ի 610-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի քանակը: Բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետին հատկացվել է 54 անվճար տեղ, որից 4-ը` բազային:

Բուհը շրջանցել է կառավարության որոշումը ` հեռացնելու սպառնալիքով ստիպելով վճարել առաջին կիսամյակի վարձավճարը` 400 հազար դրամը:

Գիտխորհուրդը ստացել է նախարար Արմեն Աշոտյանի թույլտվությունը

«Հետք»-ը հարցում ուղարկեց կրթության նախարարություն` տեղեկանալու, թե իրավական ո՞ր ակտի հիման վրա է բուհը նման որոշում կայացրել:

Նախարար Արմեն Աշոտյանը մեջբերել է երկու իրավական ակտ` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը և կառավարության 2006թ. հուլիսի 27-ի 1183-Ն որոշման 4-րդ կետի դրույթները, այսինքն` նույն իրավական ակտերը, ինչ որ բուհը` առանց հստակեցնելու, թե որ կետն է արգելում ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին մասնակցել ռոտացիայի մրցույթին:

Եթե նախարարի նշած իրավական ակտերրը դա թույլ տային, ապա նշանակում է, որ նախորդ տարիներին բուհը օրենքին ու որոշմանը հակասող քայլեր է ձեռնարկել, որովհետև նույն կուրսի ուսանողները ակադեմիական պարտք ունենալով հանդերձ` 2-րդ և 3-րդ կուրսերում սովորել են անվճար համակարգում:

Ուսանողներից Վաղարշակ Հակոբյանը, ով նույնպես ստորագրել է նախարարին և ռեկտորին ուղղված 99 ուսանողների դիմումը, մերժում ստանալուց հետո փորձել է անձամբ տեսնել ռեկտորին և նախարարին:

«Մտա ռեկտորի մոտ, հարցրեցի` ինչու՞ է էդպես, ինքը, կոպիտ ասած, տեղյակ էլ չէր, ասաց` անցած տարիներին ի՞նչ է եղել: Դե առաջ ինքը չի եղել ռեկտորը, պատմեցի ոնց է եղել, ասեց` ես իմ դիրքորոշումը չեմ կարող ասել, պարոն Աշոտյանը ինչպես ասի, մենք էդպես էլ կանենք, ուզում եք` պարոն Աշոտյանին դիմեք, ես էլ հենց էդ օրը գնացի նախարարություն, բայց պարոն Աշոտյանի հետ չկարողացա անձամբ հանդիպել»,- պատմեց Վաղարշակը:

Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է: Այսինքն` հենց նրա իմացությամբ և թույլտվությամբ է բուհը ուսանողներին անվճար տեղերից զրկելու որոշում կայացրել:

«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը բուհին պարտադրում է ուսանողի հետ կնքել պայմանագիր, որի դրույթները փոփոխության ենթակա չեն ուսումնառության ողջ ընթացքում:

Ուսանողները «Հետք»-ին տրամադրել են իրենց պայմանագրի պատճենը: 6.3 կետում գրված է` կառավարության սահամանած տեղերը տեղափոխվում են կուրսից կուրս, սակայն բուհը խախտել է պայմանագիրը` տեղափոխելով մի մասը:

Միևնույն ժամանակ դարձյալ խոսք չկա այն մասին, որ ակադեմիական պարտք ունենալու դեպքում ուսանողը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

Ինչպե՞ս է տնօրինվել16 միլիոն դրամը. կրթության նախարարությունը լռում է

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի մեկ ուսանողի տարեկան վարձավճարը 2011/2012թթ. եղել է  800 հազար դրամ: Բժշկական համալսարանի տրամադրած տեղեկատվության համաձայն` 50 հիմնական տեղից բաշխվել է 29-ը: Այսինքն` կրթության նախարարությանը 2014թ. «Բյուջեի մասին» օրենքով որպես պետական բաձրագույն ուսումնական հաստատություններին ուսման վարձի փոխհատուցման համար տրամադրված գումարից 16 միլիոն 800 հազար դրամը չի ծախսվել որպես նպատակային ծախս: 

«Բյուջեի մասին» օրենքում փոփոխություն այս տարի չի եղել: Պարզելու համար, թե ինչ է եղել մոտ 16 միլիոն դրամը, «Հետք»-ը հարցում ուղարկեց ՀՀ կառավարություն և Կրթության և գիտության նախարարություն: Կառավարություն ուղարկված հարցումը հասցեագրվել է նախարարություն: Կրթության և գիտության նախարարությունը մինչ այժմ չի պատասխանել, թե իրավական որ ակտի հիման վրա են ծախսվել կամ ծախսվելու ուսանողների հաշվին «խնայված» միջոցները:

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա
Պարոն Նարիմանյան, նախ եկեք ճշտենք թե դուք ինչ եք հասկանում բարձր առաջադիմություն ասելով,արդյոք իրականում բարձր առաջադիմությամբ ուսանողներին եք դուք սատարում, իսկ դուք պարոն Աշոտյան որպես բժիշկ գուցե կբարեհաճեիք ուշադրության կենտրոնում պահել ԵՊԲՀ-ն:800.000դրամ վճարող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը բժշկական գրականության պակաս չպիտի ունենա, դասերն էլ չպիտի սովորի անցումի տակից առած թեստերով,կամ էլ եթե չունեն լավ հեռախոս,չեն կարող պլակատները նկարել ու նկարներով սովորել:Հետո էլ ասում եք կրթությունը ձեզ համար մեծ գին ունի: Մեծ գին ասելով հասկացվում են ուսանողներին անհիմն զեղչերից զրկելը կամ անվճար տեղերին հատկացված գումարները յուրացնելը????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter