HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն անտեսում է գյուղացիների պահանջը. վարորդներն իրենց ուժերով են վերանորոգում ճանապարհը

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչները վաղուց հույսները կտրել են պետական մարմիններից և այսօր վաղ առավոտից իրենց ուժերով վերանորոգում են Հովտամեջ-Աղավնատուն 6 կմ երկարության ճանապարհը: Նշված ճանապարհահատվածը չի վերանորոգվել 1970-ական թվականից ի վեր: Վարորդները համախմբվել և յուրաքանչյուրը 5-15 հազար դրամ հավաքելով` բետոնապատում են մարդաբոյ փոսերը:

Մի քանի տարի է գյուղի համայնքապետն ու ավագանին գրություններ են ուղարկում հանրապետության նախագահին, վարչապետին, տրանսպորտի և կապի նախարարին, Արմավիրի մարզպետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել ճանապարհը բարեկարգելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:

Բանը հասել է նրան, որ շտապօգնության ավտոմեքենաները ևս դժվարությամբ են անցնում այդ հատվածով, իսկ տաքսիները հրաժարվում են այդ ուղղությամբ սպասարկել մարդկանց:

Եղեն են դեպքեր, երբ փոսերից խուսափելու համար վարորդները կորցրել են ավտոմեքենայի կառավարումը, ինչը վթարի ու մարդկային կորուստների պատճառ է դարձել:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ եղել է Աղավնատուն գյուղում: Գյուղացիներն անձամբ են դժգոհել վատ ճանապարհներից: Տ. Սարգսյանն ամեն անգամ խոստանում էր միջոցներ ձեռնարկել, բայց այդպես էլ արդյունք չի եղել:

Հովտամեջ-Արագած-Աղավնատուն ճանապարհը բարեկարգ է, մի քանի տարի առաջ է վերանորոգվել: Աղավնատան վարորդների մեծ մասը այդ ճանապարհով է երթևեկում, թեև այն 3-4 կմ ավելի երկար է: Այցերի ժամանակ վարչապետը ևս այդ ճանապարհով էր հասնում Աղավնատուն: Հերթական այցի ժամանակ գյուղացիները որոշել էին փակել բարեկարգ ճանապարհը և վարչապետին ստիպել երթևեկել քարուքանդ ճանապարհով, որպեսզի իր աչքով տեսնի ամեն ինչ: Մարզպետարանից տեղեկացել էին գյուղացիների մտադրության մասին և խանգարել նրանց:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ևս նախընտրում է համայնք այցելել բարեկարգ ճանապարհով:

«Դուք այլ խնդիր չունե՞ք, որ իմ բոլոր այցերի ժամանակ միայն ճանապարհի հարցն եք բարձրացնում»,-նեղսրտում էր վարչապետը:

Այս տարվա հոկտեմբերի 2-ին Աղավնատուն գյուղի ավագանին գրավոր ուղերձով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ինչպես նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` խնդրելով ճանապարհների վերանորոգումն ընդգրկել 2015թ. ծրագրերում:

Ավագանին տեղեկացրել է, որ մոտ 6կմ քարուքանդ ճանապարհից են օգտվում մարզի ևս հինգ գյուղեր` Հովտամեջը, Ծիածանը, Դողսը, Ամբերդը, Լեռնամերձը:

 Ըստ ավագանու` ճանապարհի վերանորոգումն ու ասֆալտապատումը խիստ անհրաժեշտություն է, ինչը կբարելավի հարակից տարածքների հաղորդակցման հնարավորությունները, կթեթևացնի բնակիչների և վարորդների հոգսը:

Բացի այդ, համայնքով անցնող այս ճանապարհը նաև Երևան-Աշտարակ-Գյումրի և Երեւան-Արմավիր միջպետական նշանակության մայրուղիներն իրար կապող ամենակարճ ճանապարհն է:

Հատկապես ամռանը օրական հարյուրավոր մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ` բեռնված գյուղմթերքներով, Աղավնատուն համայնքով տարանցիկ ուղեւորվում են Գյումրի, Վանաձոր, Արմավիր: Սակայն, անմխիթար ճանապարհը ոչ միայն գցում է տեղափոխվող բերքի որակը, այլև շարքից հանում ավտոմեքենաները: Նույնիսկ գյուղերը սպասարկող ավտոբուսները չեն դիմանում քարուքանդ ճանապարհներին: Գյուղացիները մատերի վրա կարող են հաշվել այն օրերը, երբ ճանապարհի այդ հատվածում ավտոբուսն անսարք չի դառնում:

Վարորդների կողմից ճանապարհի վերանորոգումը խնդրի գլոբալ լուծում չէ, ուստի վարորդները սպասում են, որ կառավարությունը կհետևի իրենց օրինակին:

«Եթե ճանապարհը չվերանորոգեն, ապա 2015-ից ամբողջ գյուղով չենք վճարելու ո́չ ավտոմեքենաների գույքահարկը, ո́չ էլ տեխսպասարկման վճարները: Ու՞ր են գնում մեր գումարները, երբ տասնամյակներ շարունակ ճանապարհները մնում են անբարեկարգ: Ստացվում է` գումար եմ տալիս կառավարությանը, որ ավտոմեքենաս կոտրեմ` վատ ճանապարհներով երթևեկելով,-ասում էր վարորդներից Կարենը և հավելում,- գոնե բախտներս բերեր մի պաշտոնյա մեր կողմերում բիզնես ունենար, հեչ չէ, նրա համար կբարեկարգեին ճանապարհը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter