HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե դատավորներն իրենց գրպանից վճարեին ԵԴ վճիռների համար, անարդար դատավճիռները կնվազեին

Երևանի Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանի ընտանիքը 9 տարի ապրում է վարձով: Պետության կարիքների անվան տակ իրացված տան դիմաց չնչին փոխհատուցումով ինչպես նա, այնպես էլ հարյուրավոր այլ քաղաքացիներ չեն կարողացել 2004-2005թթ. բնակարան գնել: Հետագայում նրանց միակողմանի հանել են նաև գրանցումից: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը 9 տարի պայքարում է իր ու պետական կարիքներից տուժած այլ քաղաքացիների սեփականության իրավունքի իրացման համար: ՄԻ Եվրոպական դատարանը նոյեմբերի 13-ին վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` բավարարելով Սեդրակի ու նրա երկու հարևանների հայցերը: ԵԴ վճռով երեք ընտանիքներին միասին ՀՀ պետական բյուջեից պիտի վճարվի 160.000 եվրո փոխհատուցում:  Սակայն Սեդրակ Բաղդասարյանը մտահոգ է: Պատճառների մասին «Հետքը» զրուցել է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի հետ:

- Հաղթել եք ՄԻ Եվրոպական դատարանում, սակայն ասում եք, որ մտահոգություններ ունեք: Ի՞նչն է պատճառը:

- Եթե ժամանակին մեր դատարանները արդարացի որոշումներ կայացնեին, եթե հանցագործությունները կանխվեին, բյուջեից հսկայական գումարներ դուրս չէին գա փոխհատուցման համար: Տեսեք` մինչև այս տարվա նոյեմբերի 13-ը ԵԴ վճիռներով մեր պետական բյուջեից պետական կարիքների համար տուժած քաղաքացիներին 8 գործերով 500.000 դոլար գումար է վճարվել: Իսկ վերջին երեք վճիռներն էլ գումարած ստացվում է մոտ 700.000 եվրո գումարի պահանջ: Այս հսկայական գումարները կարող էինք չվճարել, եթե մեր երկրում արդար դատաքննություն լիներ: Սա դեռ բավական չէ, այդ ամենը պիտի վճարվի պետական բյուջեից, այսինքն` դարձյալ քաղաքացիների հաշվին: Ստացվեց, որ ՀՀ քաղաքացին կրկնակի է տուժում: 

- Ձեր կարծիքով` արդարացի՞ կլիներ, եթե փոխհատուցումները վճարեին այն դատավորները, ովքեր խախտումներ են թույլ տվել:

- Բազմաթիվ ապօրինությունների հեղինակները ջրից չոր են դուրս գալիս, ես դա չեմ հասկանում: Այո, եթե ապօրինություններ թույլ տված պաշտոնյաները, մեր գործերը քննած դատավորները ստիպված լինեին իրենց գրպանից վճարել այդ գումարները, հավատացեք` անարդար դատավճիռների թիվը կնվազեր: Ինչու՞ պիտի հիմա Հայաստանի քաղաքացին կրկնակի տուժի, իսկ հանցագործություն կատարողները շարունակեն պաշտոնավարել:

- 9 տարի ապրել եք վարձով, ինչպե՞ս եք պայքարել, արդյո՞ք պայքարողները շատ էին:

- Անգամ այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր ասում, որ 5000 պայմանագիր է կնքվել, բայց միայն 20-25 մարդ է բողոքում: Սակայն չեմ մեղադրում, քչերն են հավատում, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Բայց պայքարողներն իրենց օրինակով ցույց են տալիս, որ մյուսներն էլ տեր կանգնեն իրենց իրավունքներին: Հիշում եմ`դատարանը վճռել էր, որ «Գրիար» ՍՊԸ-ն իմ ընտանիքին 23.000 դոլարի փոխհատուցում պիտի տար: 10 տոկոս էլ եկամտահարկ պահեցին: Հետո, իհարկե, դա  խախտում ճանաչվեց ու հետ վերադարձրին այդ 10 տոկոսները, բայց այդ գումարով մենք չկարողացանք տուն գնել: Անշարժ գույքի գները սրընթաց աճում էին: Այդ գումարով 1 սենյականոց բնակարան Նոր Նորքի 9-րդ զանգվածում էլ չէիր գնի: Ու այդպես` 9 տարի է մենք վարձով ենք ապրում, բայց ոչ միայն մենք: Հիմա էլ 340 ընտանիք անտուն է` Ֆիրդուսի տարածքից, Տերյան, Արամի, Գլխավոր պաղոտայի մի մասից, Կոնդից: Անտուն են, որովհետև չկա կամք անդրադառնալու քաղաքացիների գույքային իրավունքներին:

- Իսկ ինչո՞ւ կոնկրետ բնակարան չէին առաջարկում Ձեզ:

- Դատավարություններից մեկի ժամանակ դատավորը կառուցապատման ԾԻԳ-ի ներկայացուցչին հարց տվեց` ի՞նչ եք կառուցելու: Այդ ներկայացուցիչը ասաց` բնակելի շենքեր: Երբ դատավորն ասաց` տեղի նախկին բնակիչներին էլ տներ տվեք այդ շենքերում, ԾԻԳ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք էլիտար բնակարաններ են կառուցում էլիտար մարդկանց համար: Բայց բնակարանի խնդիր եղել է: Երբ 2009թ. Եվրոպական դատարանը Սեմերջյանների գործով կայացրեց նախադեպային որոշում,  կառավարությունը զգաց, որ պարտվելու է նմանատիպ այլ գործերով նույնպես: Այդ ժամանակ մեզ առաջարկեցին 3  բնակարան երեք ընտանիքների համար: 2 օր անց մեզ կանչեց այն ժամանկվա Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը և ասաց` կառուցապատողի փոխհատուցած գումարը կտաք, բնակարանը կտանք: Բայց ԵԴ որոշման մեջ չկա նման բան, որ մենք պիտի գումար տանք մեր բնակարարնների համար: Դիմեցինք նաև Կադաստր, պարզվեց` այդ 3 բնակարանները վաղուց այլ տերեր ունեն: Մենք ստիպված դիմեցինք ԵԴ, որ վերսկսեն գործը, և ահա հաղթանակը:

- Այս բոլոր խախտումների մասին պարբերաբար բարձրաձայնել եք: Որևէ պատասխանատվություն հետևե՞լ է:   

- Մամուլով, մեր ակտիվությամբ միշտ բարձրաձայնել ենք, որ կառավարության 2004թ. որոշումն ապօրինի է, որ դրանով Երևանի քաղաքապետի միջնորդությունը հաշվի առնելով` թույլ են տվել առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով կնքել պայմանագրեր կառուցապատող կազմակերպությունների հետ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի կառուցապատման նպատակով: Այդ ընկերությունների թվում էր նաև «Վիզկոն» ՍՊԸ-ն, որը նույնիսկ լիցենզավորված կազմակերպություն չէր: Իսկ այդ ընկերության հիմնադիր Պավել Անդերսոնը երկու տարի առաջ հայտնեց, որ Սիմոն Աղազարյանի միջոցով 550.000 դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որպեսզի «Վիզկոնը» ընդգրկվի կառուցապատողների ցանկում: Մյուս ընկերությունը, ով առանց մրցույթի զբաղվել է կառուցապատմամբ, «Գաբշինն» է, որը Արամի 72, 80 հասցեում բնակարաններ է վաճառել. 1 բնակարանը 5 հոգու վրա: Ստացվում է, որ դա բացարձակապես պետական կարիքի հետ կապ չուներ: Անգամ ԾԻԳ-ի պետը այդ շենքում բնակարան ունի: «Հետքը» լրագրողական հետաքննություններ է արել ու շատ ապօրինություններ հենց այդ ճանապարհով են ի հայտ եկել: Բայց հարցերի հարցը մնում է այն, որ հանցագործություններ անողները, խրախուսողները պատասխանատվության չեն ենթարկվել, փոխարենը պետական բյուջեից պիտի կատարվեն փոխհատուցումներ:

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Հարգելի Հետք, հնարավոր չէ՞ այս դատավորների դեմ գործ հարուցել վնասարարության մեղադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter