HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու 2015թ. բյուջեն ընդունվեց միաձայն եւ առանց նախնական հանրային լսումների

Գյումրի քաղաքի 2015թ. բյուջեն ունենալու է սոցիալ-մշակութային ուղղվածություն: Այս մասին հայտարարեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ. «Անցնող տարվա բյուջեն մենք կատարել ենք 99,02 տոկոսով եւ չեմ կարծում, որ կգտնվի մեկ այլ համայնք նման ցուցանիշով: Դեռ 14 օր էլ ունենք հավաքագրումներ ապահովելու համար եւ կարծում եմ, որ կատարողականը կհասցնենք 100 տոկոսի»:

Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց, որ տարին ավարտում են շատ հավասարակշռված բյուջեով եւ նույնն ակնկալում են գալիք տարի: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ավագանիներին անցնող տարում բազմաթիվ սոցիալական եւ մշակութային ծրագրերին կողմ քվեարկելու համար: Թեպետ բյուջեի հաստատումից առաջ շեշտադրում էր արվել ավագանու բարյացակամ վերաբերմունքի վրա, սակայն դա չխանգարեց ավագանի Լեւոն Բարսեղյանին հրաժարվել հաջորդ տարվա բյուջեի քվեարկությանը մասնակցելուց:

Ըստ ՏԻՄ օրենքի 54 հոդվածի 1-ին կետի` բյուջեի հաստատումից առաջ պետք է անցկացվեն հանրային լսումներ: Քննարկումներին պետք է մասնակցեն ոչ միայն ավագանու անդամները, այլեւ քաղաքի բնակիչներ, փորձագետներ եւ այլ շահագրգիռ անձինք: Լեւոն Բարսեղյանը փորձեց ճշտել, թե ինչու նախորդ տարվա նման չեն անցկացվել հանրային լսումներ բյուջեի վերաբերյալ: Լենա Ջիլավյանն էլ հայտարարեց, որ նախագիծը դրված է եղել քաղաքապետարանի կայքում եւ շահագրգիռ անձինք կարող էին ծանոթանալ, բացի այդ` իրենք աշխատում են «բաց ու թափանցիկ, կարիք չկար նման քննարկումների»:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի բոյկոտն, այնուամենայնիվ, չխանգարեց ավագանու մյուս անդամներին միաձայն հաստատել Գյումրի քաղաքի 3 մլրդ 334 մլն 729 հազար դրամ կազմող 2015թ. բյուջեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter