HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. հիշատակներով լի սնդուկի գաղտնիքը

Աննա Բաբաջանյան

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ, այն պանթեոնի, որտեղ մինչեւ իր կյանքի վերջը պահակ էր աշխատում Հայաստանի Առաջին հանրապետության զորավար, նշանավոր հայդուկապետ, Անդրանիկի անձնական քարտուղար եւ զինակից Սմբատ Բորոյանը` նույնը ինքը՝ Մախլուտոն: Պատմում են, թե այն տարիներին ոչ ոք նույնիսկ չի կռահել, որ այդ մարդը Մախլուտոն է, ով այգում հսկում էր մեր մեծերի եւ նրանց թվում նաեւ՝ իր զինակից  ընկերոջ, Սեւքարեցի Սաքոյի գերեզմանը: Բայց պատմությունը պատմություն չի լինի, եթե չմատուցի մեծագույն անակնկալներ: Ու հիմա այդ անակնկալներից մեկը հանգրվանել է «Զորավար Անդրանիկ» թանգարանում` պարզ ու հասարակ սնդուկի տեսքով, որն իրականում թաքցնում է թանկ ու նվիրական հիշատակներ հերոսական տարիների ու հերոսացած մարդկանց մասին: Իսկ պատմության շրջադարձը սկսվեց սովորական մի օր, երբ մի գրավաճառ   Մախլուտոյի մահվանից հետո հանգրվանեց նրա տանը` ինքն էլ չպատկերացնելով, թե ինչպիսի արժեքների անուղղակի տեր է դառնալու, իսկ հետեւողականությունն ու հոգատարությունը ինչպես են երկրորդ կյանք հաղորդելու թանկագին մասունքներին:

Երբ  տարիներ առաջ սովորականի պես նա ելել էր փողոց՝ թերթ ու լոտոներ վաճառելու, իրեն մոտեցել էր մի մարդ՝ ձեռքին գրքեր, դրանց թվում՝ հայդուկների մասին ստեղծագործությունը: Պարզվում է՝ այդ մարդը հենց գրքերի հեղինակն էր, եւ գրավաճառը հետաքրքրվել  էր՝ արդյոք  հայդուկների մասին գործի մեջ  նա անդրադարձել է Մախլուտոյին: Երբ ստացել էր դրական պատասխան, պատմել  էր, որ այն տանը , որտեղ ապրում է ինքը, բնակվել էր Մախլուտոն, եւ ինքը  խնամքով պահել է նրա անձնական իրերից մի քանիսը: Նա այդ մարդուն հրավիրել էր իր տուն, ցույց էր տվել նկուղում պահված սնդուկը, դրա մեջ՝ Մախլուտոյի իրերը՝ ձիու նալեր, ձայնասկավառակ, լամպ, ջրաման, շերեփ, կրակայրիչ ու էլի մի քանի առարկաներ: Հավանաբար, սրանք այն իրերն էին, որոնք հայդուկապետին ուղեկցել էին իր դեգերումների ու կռիվների ընթացքում, եւ դժվար չէ կռահել, որ դրանցից յուրաքանչյուրը զորավարի համար հիշողությունների ու հիշատակների մի աղբյուր էր եղել:

Իսկ իրերով հետաքրքրված անձը  ոչ ավել, ոչ պակաս՝  Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր-տնօրեն Իլյիչ Բեգլարյանն էր: Գրավաճառը, գիտակցելով պատմական նշանակության առարկաների արժեքը, դրանք սիրով փոխանցել էր գրողին: Ի դեպ, գրավաճառից առաջ այդ տանն ուրիշ մարդիկ էլ էին ապրել, սակայն Մախլուտոյի՝ ձեռքից ձեռք անցած իրերը ժողովելու պարտականությունը ստանձնել էր հենց գրավաճառը: Այդպիսով՝ պատմական սնդուկն ու Սմբատ զորավարի անձնական իրերը 2006-ից ցուցադրվում են «Զորավար Անդրանիկ» թանգարանում:

Ի դեպ, հենց այդ սնդուկի մասին, որի միջոցով զինամթերք էր տեղափոխվել, հիշատակվում է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքում. «Կարմիր իրիցու տան «Կոճղեզ» ավետարանը պահվում էր Արաբոյի տան տոհմական սնդուկի մեջ, Կուռթեր գյուղում. այնքան զորավոր էր, որ հին խութեցիները կռվի գնալուց առաջ նրա վրա երդվել էին: Սուրբ Կարապետի վանահոր առաջարկով Արաբոն այդ ավետարանը տանում է վանք, որ սուլթանի դեմ զենք վերցնող ռանչպարները աստվածաշնչի փոխարեն նրա վրա երդվեն»,-ասվում է  ստեղծագործության մեջ:

Այսօր վիպասքի ու իրականության միջեւ դրված է մի սնդուկ, որը մարմնավորում է մեր պատմության փոքրիկ մի դրվագ: Այն մեզ միայն թանգարանային տեղեկություններով չէ, որ սնում է: Դա վկայություն է նաեւ այն մասին, որ թեեւ պահակ դարձած Մախլուտոն կորցրել էր նախկին փառքը, սակայն չէր կորցրել արժանապատվությունն ու հիշողությունը փառավոր ժամանակների մասին:

Փաստական տեղեկությունները՝ Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրեն Ժորժետա Բեգլարյանի

Լուսանկարները՝ «Հետքի»

Մեկնաբանություններ (6)

Սարգիս
Ի լրացումն իմ վերջին գրառման,ասեմ,որ Բեյ-Մամիկոնյանի մայրը,որը ավելի ստույգ ապրել է մինչև 1946թ.Կիրովականում և որի անունը՝ըստ նրա մասին ինձ պատմողի, պետք է որ Նազան լինի,որին ասում էին նաև Նազլու Խաթուն:Ինձ պատմող անձը եղել է Բեյ-Մամիկոնյանի եբոր որդին,որի տատն է Նազլու Խաթունը:Այս անձը 1943թ. պատերազմում վիրավորվում է և զորացրվում:Նա շատ հաճախէ այցելում իր տատին Տավուշից ձիով նրա համար սննդամթերք տանում և այլն:Ամեն անգամ տատը իր մոտ պահված իրեր տալիս է իր թոռանը այն տեղափոխելու համար:Այն իրերը,որ ցույց է տրվում լուսանկարներում, սնդուկում մնացած ոչ այնքան արժեք ներկայացնող իրերն են: Այս սնդուկում եել է նաև իր չափերով ավելի շատ փոքր գեղեցիկ սնդուկ,որի մեջ պահվել են երկու կլոր զարդատուփեր՝ բավականին թանկարժեք զարդերով՝մատանիներ ագուցվաժ թանկարժեք քարերով,բազմաթիվ եզակի թանկարժեք կախիկներ և այլն:Իր տատին այցի գնացող թոռը բերված իրերի մի մասը տեափոխում է Թիֆլիս, որտեղ ապրում էր Բեյ -Մամիկոնյանի որդին՝վրաց նշանավոր պատմաբան Գեորգի(Գևորգ) Բեյ-Մամիկոնյանը,որը մահացել է 1968թ.:Հուսով եմ,որ այս փոքր սնդուկը և նրա մեջ գտնված երկու զարդատուփերը կգտնվեն և գուցե այդ մեծ սնդուկի և նրա պարունակության հետ միասին շատ գաղտնիքներ կբացահայտեն:
Sa8gis
Բոլորին քաջ հայտնի է հայդուկային պայքարի մասնակիցների կյանքն ու կենցաղը և պարզ է,որ նման մեծ սնդուկը չեր կարող հայդուկապետ Մախլուտոյին`նույն ինքը Սմբատ զորավարին ուղեկցել ողջ կյանքի ընթացքում:Այս սնդուկը իր ծագմամբ պետք է կապ ունենա Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանի մոր հետ,որը 1918թ.գաղթական տասնյակ հազարավոր մարդկանց հետ Բեյ-Մամիկոնյանի և Անդրանիկի ջոկատների ուղեկցությամբ հասել էր Ղարաքլիսա և հրաժարվել շարունակել գաղթի ճանապարհը:Նա ասել է.:Այս կինը մինչև իր կյանքի վերջը միայնակ ապրել է Կիրովականում և նրա մահից հետո է,որ այս սնդուկը անցել է Նրան ճանաչող Սմբատ զորավարի ձեռքը:Մամիկոնյան տան բազմահազար իրեր անհայտացել են գաղթի շրջանում,հատկապես Դիլիջան,Իջևան, մինչև նոյեմբերյան ընկած ճանապարհին 1918թ.մայիս ամսին:Այստեղ կատարված իրադարձություններին քաջատեղյակ է եղել Իլիչ Բեգլարյանը որի հետաքրքրությունների շրջանում էլ հայտնաբերվել է այս սնդուկը:Իլիչ Բեգլարյանը այս սնդուկը վերագրելով Սմբատ զորավարին,գիտակցաբար մեծ սխալ է թույլ տվել,քանզի Մամիկոնյան տան իրերի նշված տարածքում անհետանալու գործում իր նախնիները ևս մեղքի բաժին ունեն:Սնդուկի,նրա պարունակության նկարագրությունը ինձ ասել է մի անձ,որը ևս գաղթական է եղել և 1943թ. մինչև Բեյ -Մամիկոնյանի մոր մահը նրա տանը տեսել է սնդուկը և նրա պարունակությունը,որից շատ քիչ բան է մնացել:Սնդուկի Սմբատ զորավարին վերագրելը պատմության կեղծարարություն է:
Sargis
Այս սնդուկը կարող է ավելի մեծ գաղտնիք է պարունակում իր մեջ,քան ասված է:Սնդուկի բալանու նմանատիպ օրինակներ`փոքր ու մեծ, ինձ հայտնի են:Իմ կարծիքով այս սնդուկի ծագման և պատմության հետ կապ ունի Ալեկսանդր Բեյ-Մամիկոնյանը:Նույնիսկ կարող եմ ասել,թե այս սնդուկը որտեղ է պատրաստվել և այլն......:1918թ.-ին,երբ թուրքերը ուզում էին գրավել Ղարաքլիսան,այստեղ հանգրվանած Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանի մայրը ասաց..Սրանից հետո է,որ Բեյ-Մամիկօնյանը կազմակերպում է Ղարաքլիսայի հերոսական պաշտպանությունը:Կարող եմ ասել,որ այս սնդուկը իր պարունակությամբ ավելի շատ կապված է այս հերոս կնոջ անվան հետ,որը Կիրովականում ապրել է մինչև 1943թ,-ը որքանով հիշում եմ:Մախլուտոն հավանաբար Բեյ-Մամիկոնյանին մոտ մարդ է եղել:
mho
Մախլուտոն ապրել է կինո «Հայրենիքից» վեր, նախկին փականքների գործարանի դիմացի, մեկ հարկանի շենքում: Ժամանակին պատին հուշաքար էր դրված այդ մասին: Հիմա չգիտեմ տեղն ինչ է մնացել: Հիշում եմ, որ նրան ճանաչող հարեւաններից մեկը, մի անգամ ասաց որ անձամբ տեսել է նրա սուրն ու ատրճանակը սնդուկի մեջ, սակայն չեմ հիշում մահից հետո են գտել նրա հարեւանները, թե ինքն է վստահել ու ցույց տվել իրեն: Կարծեմ ասաց որ ԿԳԲ - ն տարել է: Թերեւս նետել են մի պահեստ ու մոռացության մատնել: Հարկավոր է փնտրել գտնել նրա նախկին հարեւաններին, գուցե դեռ կան ողջ մնացած մարդիկ ու կարելի է գտնել այդ անգին մասունքները:
Ռազմիկ Էվոյան
Ականատեսից պատմածով, նախքան Երևան տեղափոխվելը Սմբատ զորավարը համեստորեն, համարյա ծպտված վիճակով աշխատում էր Կիրովականի քիմգործարանի այգու պահակ, քանի դեռ պատահաբար նրան չէր ճանաչել Լենինյան շրջկոմի I քարտուղարը, երբեմնի եղեռնից փրկված և Մախլուտոյի օգնությամբ որբանոց հասցված ու հետագայում բարձր պաշտոնյա դարձած երախտապարտ հայը: Նրա օգնությամբ Երևանու Սմբատ զորավարին ներքին կարգով հատկացվում է այդ մեկ սենյականոց բնակարանը...
գօհար
Աննա Բաբաջանյան,գրագետ ,հետաքրքիր տեղեկություններով լի պատմւտիւն եք գրել,ապսօս,վօր ավելի կօնկրետ անւններ հասցե բացակաըւմ են․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter