HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրեդի Մերքյուրի՝ The Show Must Go On

Նաիրա Հայրապետյան

 «The show must go on՝ Ներկայացումը պետք է շարունակվի» արտահայտությունը շատ տարածված է շոու-բիզնեսում: Այն նշանակում է`  ինչ էլ որ պատահի,  միևնույն է, շոուն պետք է շարունակվի բեմում ներկայացվել այնպես, ինչպես նախատեսված էր՝ քանի դեռ վերջին հանդիսատեսը սպասում է: Այս արտահայտությունը և սկզբունքը ավանդական է հատկապես թատրոնի համար՝ սկսած Մոլիերի ժամանակներից: Այն բնորոշում էր թատրոնի խիստ օրենքներից մեկը և պարտադիր գործում էր բոլորի համար՝ ներկայացումը մինչև վերջ տանել՝ ամեն գնով: Հետո այստեղից տեղափոխվեց նաև շոու-բիզնես: Սակայն 90-ականների սկզբին այն մեկ այլ իմաստով նշանավորվեց և մինչ օրս, շուտով արդեն 25 տարի, «The show must go on» արտահայտությունը լիովին ասոցացվում է լեգենդար Ֆրեդի Մերքյուրիի համանուն երգի հետ: Երգչի այս «ներկայացումը» նրա երկրպագուների կարծիքով իր իսկ կյանքն էր՝ ապրած ինչպես մի վառ շոու, որը շարունակվեց նաև մահվանից հետո՝ անկախ ամեն ինչից:

1990թ., երբ  լեգենդար «Queen» խումբը պատրաստվում էր ձայնագրել «The Show Must Go On» երգը, Մերքյուրին արդեն սկսել էր հանձնվել հիվանդությանը և նույնիսկ դժվարությամբ էր տեղաշարժվում: Խմբի կիթառահարը՝ Բրայըն Մեյը հետագայում պատմում է, որ ինքը սկսել էր մտահոգվել, թե արդյո՞ք նա ֆիզիկապես ի վիճակի էր կատարել այն. «Ես ասացի նրան՝ «Ֆրե՛դ, չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է այն երգել»: Նա վեր կացավ տեղից՝ ասելով «Գրողը տանի, ես դա կանեմ, թանկագինս»: Ապա մի բաժակ օղի խմեց, մտավ ու… պարզապես սպանեց այն, այդ վոկալը կարծես ամբողջովին պայթեցրեց երգը»:

Երգը կատարվեց և ձայնագրվեց ընդամենը մեկ դուբլով և մերքյուրիական անթերի ստորագրությամբ:

Բրայըն Մեյը այն քչերից մեկն էր, ով գիտեր Մերքյուրիին օրեցօր քայքայող հիվանդության մասին: Արդեն մի քանի տարի նա տառապում էր սպիդից, բայց չէր ասում հրապարակայնորեն (երգիչն այդ մասին հայտարարեց միայն իր մահվանից ուղիղ մեկ օր առաջ): Բեմում չափազանց ազատ ու համարձակ երգիչն իրականում փակ անձնավորություն էր և չէր սիրում իր անձնական կյանքը շահարկման նյութ դարձնել: Չնայած Ֆրեդիի կողմից անվերջանալի ժխտումներին՝ լրատվամիջոցները, հատկապես նրա կյանքի վերջին տարում, անխնա քննարկում ու վերլուծում էին խարիզմատիկ վոկալիստի առողջությունն ու կյանքը:

Վերջին տարիներին քննարկվում էր նրա բի-սեքսուալ լինելը, ապա սկսեցին նկատել, որ հանրությանը հազվադեպ է ներկայանում, իսկ ահա «These Are The Days of Our Lives»-ի տեսահոլովակում շատ հյուծված, գունատ ու, մի խոսքով, անառողջ տեսք ուներ: Դեղին մամուլը ոչ միայն ենթադրում, այլև գրեթե փաստում էր, որ երգիչը վարակված է և գաղտնի է պահում: Բայց հավատարիմ երկրպագուները լրագրողների այս ոչ պակաս հիվանդոտ հետաքրքրության մեջ ամեն օր հույսով փնտրում էին ՁԻԱՀ-ը հերքող բառեր, քանի որ դա առայժմ միակ հնարավորությունն էր դեռևս հավատալու, որ ողբերգական վերջը նորից հետաձգված է: Շրջապատված նաև այս ճնշող մթնոլորտով, այնուամենայնիվ, թեկուզ և հիվանդ, ներսում կրելով մահվան հետ հանդիպելու դաժան գիտակցությունը, Ֆրեդին շարունակում էր ստեղծագործել… Եվ ահա «The Show Must Go On»-ը: Այն հայտնվեց որպես պատասխան բոլոր հարցերին, հաստատում և միևնույն ժամանակ հերքում բոլոր ենթադրությունները, որովհետև ինչ էլ որ գրվեր, ինչ էլ որ ասվեր, Ֆրեդին մտադիր էր իր շոուն շարունակել նաև իրենից հետո:

«The Show Must Go On»-ը դարձավ ոչ միայն խմբի ամենասիրված և լավագույն երգերից մեկը, այլև ամենաճանաչվածը առհասարակ ռոք երաժշտության մեջ: Այն թողարկվեց խմբի «Innuendo» ալբոմի կազմում, որը վերջինն էր Ֆրեդիի կենդանության օրոք: Ըստ «All Music»-ի՝ այն «կարծես ներկայացվեց որպես իրական կյանքի դրամատիկ, սակայն միևնույն ժամանակ արժանի սաունդրեք», և այդ բազմազան լուրերի հոսքում ամենակարևոր տեղեկությունը երգչի մասին հաղորդեց երգը, «որի գեղեցկությունն ու դրաման արտացոլում էին Մերքյուրիի քաջությունը, մինչև վերջին պահը անձնատուր չլինելու ձգտումը»:

Տեքստը լի է փոխաբերություններով, ակնարկներով, երբեմն կարծես ընդհանուր կտորից դուրս մի մտքով, որը տեղ-տեղ անհասկանալի է դարձնում կապը նախորդ կամ հաջորդ մտքի հետ: Եվ այնուամենայնիվ, այն ամբողջովին ներծծված է ապրելու մեծ ցանկությամբ (I have to find the will to carry on with the show), պայքարելու անկոտրում կամքով՝

The show must go on!
I’ll face it with a grin!
I’m never giving in!
On with the show!

Այս երգում և այս տողերում ասես խտացված լինի Ֆրեդիի առավել հզոր և հուզական վոկալ աշխարհը: Երգի երաժշտությունը և բառերի հիմնական մասը գրել էր Բ. Մեյը, սակայն ամբողջական ստեղծմանը մասնակցել են խմբի բոլոր անդամները՝ Ֆրեդի Մերքյուրին, Ռոջեր Թեյլորը և Ջոն Դիկոնը: Հեղինակային իրավունքները ամրագրվեցին խմբի անվամբ՝ ողջ ալբոմի համար, այս հանգամանքը խորհրդանշում էր նաև նրանց միջև առկա ներքին համերաշխությունը: Երգի տեսահոլովակը հավաքվեց 1980-1991թթ. ընթացքում Ֆրեդիին և խմբին վերաբերող տարբեր կադրերից, քանի որ երգիչը ոչ միայն ի վիճակի չէր արդեն, այլև չէր ուզում հիվանդ տեսքով նկարվել այլևս: Երգը առանձին՝ սինգլ տարբերակով թողարկվեց միայն երգչի մահից մեկուկես ամիս առաջ՝ հոկտեմբերին, Մեծ Բրիտանիայում և ոչ «Innuendo» ալբոմից: Խումբն այդ ժամանակ որոշել էր թողարկել  լավագույն երգերի նոր հավաքածու՝ «Greatest Hits II»: Իսկ նոյեմբերի 24-ից հետո (Ֆ.Մերքյուրիի մահվան օրը) սինգլը կրկին ներխուժեց բրիտանական, այնուհետև համաշխարհային երաժշտական չարտերը՝ շաբաթներ շարունակ մնալով այնտեղ առաջատար դիրքերում:

2005թ. «Music Choice» երաժշտական հեռուստաալիքը 45 000 –ի հասնող եվրոպացի հեռուստադիտողներին հարցում հղեց, թե ինչ երգ կուզենային, որ հնչեր սեփական թաղման ժամանակ: Պատասխանողների մի հսկա բանակ նշել էր լեգենդար «The Show Must Go On»  երգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter