HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու 6-րդ թեկնածուն խոստացել է վերադարձնել ընտրագրավը

Սյունիքի մարզի Անտառաշատ համայնքի ավագանու ընտրություններում 5 տեղի համար 6 թեկնածու էր առաջադրվել: «Մարզպետարանից ասացին՝ թող գոնե վեցն առաջադրվի: Մեկի ընտրական գրավն էլ ես եմ տվել, խոստացել է թոշակն ստանալուց վերադարձնի, չի տա՝ հալալ լինի իրեն»,- ասում է համայնքի ղեկավար Արսեն Դավթյանը: Առաջադրվածներից մեկը կին է, երեքը նախկինում եւս ավագանու անդամ էին:

«Ավագանու դերը շատ կարեւոր է, եթե տեղը-տեղին իրենց պարտականությունները կատարեն»,- ասում է քվեարկության եկած Մարտին Բաղդասարյանը: «Ավագանու անդամները պիտի ժողովներ հրավիրեն, փոքր գյուղ է, մեկը մյուսին ճանաչում են, հալներից հարցնեն, եթե կարիքը կա՝ օգնեն: Մեծ գերդաստաններ կան, որ մեր գյուղի բնակչությանը հավասար են, մի գյուղն ի՞նչ ա, որ գյուղապետով, ավագանիով չկարան ձեռի հետ պահեն»,- շարունակում է նա:

Արսեն Դավթյան Մարտին Բաղդասարյան

Համայնքապետը, սակայն, կարծում է, որ ավագանու դերը փոքր գյուղում չի կարեւորվում: «Ավագանու անդամ լինի, թե չէ, որ մի գործ ա լինում, գեղովի անում ենք, քննարկում: Հաճախ հանդիպում ենք մշակույթի տանը, որը «Վորլդ Վիժնի» աջակցությամբ է նորոգվել, կահավորվել եւ տոնական օրերին իսկապես մի տան նման հավաքվում ենք»,- ասում է համայնքի ղեկավարը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Ժամը 15-ի դրությամբ ավագանու ընտրությանը մասնակցել էր ընտրողների կեսը: «Կգան, դեռ ժամանակ կա, զանգում էլ ենք, հիշեցնում, նաեւ ընտրողներ կան, ովքեր Կապանում են ապրում, կեսից ավելին հաստատ կմասնակցի»,- ասում է համայնքի ղեկավարը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Ստեփանյանը նշում է, որ սկզբում ընտրողներն առանձնապես ակտիվ չէին, բայց օրվա երկրորդ կեսին ընտրության մասնակիցների թիվն սկսել է ավելանալ: Նրա խոսքով՝ չնայած ինքն առաջին անգամ է հանձնաժողովը նախագահում, բայց համոզված է, որ գյուղական համայնքներում ավագանու ընտրություններին մարդիկ առանձնապես ակտիվ չեն լինում:

2014 թ·-ին 23 տնտեսություն ունեցող Անտառաշատում երկու երեխա է ծնվել, ինչն ըստ համայնքապետի, քիչ չի ծերացող գյուղի համար. յոթ երեխա ամեն օր գնում է 4 կմ հեռավորության վրա գտնվող Օխտարի դպրոց: «Երթուղային ավտոբուսով գնում են, ոտքով՝ գալիս, շատ վտանգավոր է, որովհետեւ գյուղի տարածքում արջերը մինչեւ մեր տնամերձեր են հասնում: Պատահել է, որ մեկի այգում տանտիրուհին ու արջը իրարից մի քանի մետր հեռու լոբի են քաղել»,- ասում է Արսեն Դավթյանը: Այդուհանդերձ, նշում է, որ սեփական տրասնպորտային միջոց չեն կարող գնել:

«Մարդ կա տարեկան 1500 դրամ հողի հարկ է վճարում, դրանով մեր բյուջեն ի՞նչ մուտքեր պիտի ունենա, որ կարողանանք երեխեքի տեղափոխման հարց լուծել»,- նշում է համայնքի ղեկավարը: Վերջինիս կարծիքով՝ որքան էլ ավագանին ակտիվ լինի, միեւնույնն է, բնակիչների խնդիրները չեն նվազի, գյուղն էլ շարունակում է մեռնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter