HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի Հագվի համայնքում շուրջ 122 ընտանիքի ալյուր է բաշխվել

Էմմա Պետրոսայան

2011թ. Լոռու մարզի Հագվի համայնքը պետական բյուջեից բնապահպանական վճարներ է ստանում: 2011 և 2012 թվականներին բնապահպանական վճարները կազմել են 8 մլն դրամ, 2013 թվականին այն միանգամից աճել է՝ հասնելով մինչև 50 մլն դրամի: Իսկ 2014 թվականի համար համայնքը ստացել է 30 մլն դրամ, որից 25մլն-ն ուղղվել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանը, իսկ 5 մլն դրամով ներկայում իրականացվում է մի ծրագիր, որով գյուղացիներին ալյուր է հատկացվում:

Հագվու գյուղապետ Հայկազ Մայիլյանի խոսքով՝ բնապահպանական սուբվենցիաների հաշվին իրականացվող այս ծրագիրը պատահական չէ. սա մեծ աջակցություն է գյուղացիներին, քանի որ գյուղի 109 հեկտար վարելահողերն անջրդի են, գյուղում մշակվում է շուրջ 3 հա հող միայն, հետևաբար գյուղացիները հացահատիկի ու ալյուրի պակաս են ունենում:

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ բնապահպանական մասհանումների մի մասը նպատակահարմար է գտնվել ուղղել այս ծրագրի իրականացմանը: Հագվիում արդեն երկրորդ տարին է, ինչ բնապահպանական վճարների հաշվին գյուղացիներն ալյուր են ստանում:

«Ցորեն չենք ցանում,  ես, օրինակ, 3 հա հողամաս ունեմ, վարելահող ունեմ, բայց ոչ մի հարմարություն չունեմ, որ կարողանամ ցանեմ: Ապրանք, անասուն առա՝ չկարողացա պահեմ, խոտ չի ըլում, բնության տված ա՝ գալիս ա կարկուտն ա ջարդում, փշրում, գելը մի կողմից, հմի էլ շակալներն են լցվել սաղ գյուղը, հավերն են տանում: Գյուղում ապրելու ձևը մի քիչ ծանրացել ա, առաջվանը չի: Ու որ մենք տենց ցորենը չունենք, էլի թե գյուղապետն ա, թե նախարարությունն ա, թե ով ա՝ օգնում ա մեզ, ինչ-որ մի հարցով օգնում ա, մի կերպ գոյություններուս պաշտպանում ենք»,- ասում է Հագվի գյուղի բնակիչ Ավետիք Միքայելյանը:

Ձեռք է բերվել 18 տոննա այլյուր, որը բաշխվել է 122 ընտանիքների՝ ընդհանուր թվով 461 անձի, ովքեր Հագվի գյուղի մշտական գրանցում ունեն:

«5 մլն դրամ ընկավ բնապահպանական ծրագրով, յուրաքանչյուր անձին 41կգ ալյուր է տրվում: Կարելի ա ասել՝ բնակչությունը իրա ձմեռվա հացի հարցը լուծում է»,- ասում է գյուղապետը: Գյուղացիներն էլ նշում են, որ իրենց համար դա իսկապես մեծ օգնություն է:

Սիմիզար Օնանյանի ընտանիքը մեծ է, ծախսերն էլ բնականաբար՝ շատ, ասում է՝ նման օգնությունն իրենց ու բոլոր հագվեցի ընտանիքների համար կարևոր է: «Թոշակը կբավարարի բա՞, այ բալա, մչա էլ թանկացրել են էլածը, ոչ մի բան էլ չի բավարարի»,- ասում է Սիմիզար Օնանյանը:

Համայնքին հատկացված բնապահպանական միջոցների 25 մլն դրամով, ինչպես նաև 2013 թվականի միջոցներով գյուղի ճանապարհները ասֆալտապատել են: Բնապահպանական միջոցների հաշվին գյուղում նաև հակակարկտային կայան է տեղադրվել: Գյուղապետ Հայկազ Մայիլյանը ափսոսանքով նշում է, որ 2015 թվականին Հագվի համայնքը բնապահպանական մասհանումներ չի ստանլու, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի հնարավոր չի լինի գյուղում մեծածավալ շինարարական կամ գյուղացիներին աջակցության նմանօրինակ ծրագրեր իրականացնել: 

Մեկնաբանություններ (1)

Վարդան
Ասֆալտապատումը արդեն բնապահպանական ծրագիր է,հետաքրքիր է իմանալ՝այդ երբվանից,շատ հանգիստ էլ գրում եք 25մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter