HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպան նոր տեր ունի, կամ Եվրամիության ու եվրոյի ստեղծման գաղտնի պատճառները

Վերջին շրջանում Հայաստանում կրքերը բավականին թեժ են՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության կապակցությամբ: Այս հոդվածում չեմ անդրադառնա ԵՏՄ-ին. դա քիչ թե շատ քննարկվել է հայկական մամուլում:

Հոդվածիս նպատակը  Եվրամիության (ԵՄ) ու եվրոյի ստեղծման չհրապարակված (այսինքն՝ գաղտնի)  պատճառների վերլուծությունն ու բացահայտումն է, որպեսզի  ընթերցողը ճիշտ հասկանա ԱՄՆ-ԵՄ-ԵՏՄ խորքային փոխհարաբերություններն ու դրանց (հնարավոր) ազդեցությունը Հայաստանի ու Արցախի վրա: Առանց այս վերլուծության  հնարավոր չէ  ճիշտ հասկանալ  տարածաշրջանային զարգացումների դինամիկան: Վերլուծությունս սկսելու համար  մոտ  150 տարի հետ պիտի գնամ. 

1. Նոր ուժը 

Գերմանական (ներ)ուժը դարերով սահմանափակ էր, որովհետև երկիրը բաժանված էր փոքր իշխանապետությունների: Մինչև 1870թ. ցամաքային Եվրոպայում միակ գերուժը Ֆրանսիան էր: 1871թ.-ին սա փոխվեց, երբ ֆրանս-գերմանական պատերազմի ժամանակ  (1870-1871թթ.)  Գերմանիան ջախջախեց Ֆրանսիային ու, միավորվելով, մեկ երկիր դարձավ: Հենց այս պահից սկսվեց գերմանական ազգի վերելքն  ու այն դարձավ այդ ժամանակվա Եվրոպայի ամենահաջողակ երկիրը. իսկ Ֆրանսիան, վերոհիշյալ պատերազմից հետո, այդպես էլ լիովին չվերականգնվեց: 

1907 թ.-ին անգլիացիները, ֆրանսիացիներն ու ռուսները միավորվեցին «Անտանտում» (Triple Entente), որպեսզի հակաուժ կազմեն միավորված Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի բլոկին: Հետագա տարիներին կրքերն այնքան  թեժացան, որ այն  (1914 թ.-ին)  հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին, որում Գերմանիան ամբողջությամբ պարտվեց: 

1919 թ.-ի Վերսալյան  պայմանագրով  (Treaty of Versailles) որոշվեց, որ Գերմանիան, որպես պարտված երկիր, հսկայական գումարներ պիտի վճարի ֆրանսիացիներին ու անգլիացիներին: 

Ինչքան էլ որ տարօրինակ թվա, Մեծ պատերազմում (1914-1918 թթ.) միակ ստրատեգիական  հաղթողը հենց նույն Գերմանիան դուրս եկավ, որովհետև Գերմանիայի դեմ մնաց միայն Ֆրանսիան. ամերիկացիները փոշմանեցին  Առաջին համաշխարհային պատերազմին իրենց մասնակցությունից. Անգլիան որոշեց կենտրոնանալ իր գաղութների (Բրիտանական կայսրության) վրա. իսկ Ռուսաստանում նախ հեղափոխություն, ապա քաղաքացիական պատերազմ բռնկվեց: 

Ֆրանսիան, այսպիսով, մեն-մենակ մնաց  Գերմանիայի դեմ, որը (դեռ) ուներ ավելի ժամանակակից արդյունաբերություն ու ավելի շատ բնակչություն, քան Ֆրանսիան: Գերմանիայի համար Եվրոպան գրավելու նոր փորձի գայթակղությունը մեծ էր. մնում էր հարմար ժամանակն  ու  այն «խելագարը», որը  նորից  կհանդգներ փորձել: 

2. Սառը պատերազմը 

1929 թ.-ի ֆինանսական կոլապսը ( stock market crash  of 1929) ողբերգական եղավ Գերմանիայի համար: Սրա պատճառով (հատկապես հրեական ծագման) ամերիկացիներն  ամբողջ Եվրոպայում հետ վերցրին իրենց (կարճաժամկետ) վարկերը, որի հետևանքով Գերմանիան հայտնվեց խորը տնտեսական ճգնաժամի ու մասսայական գործազրկության մեջ, որին  հաջորդեցին մի քանի «կարճատև»  ընտրություններ: 

Ադոլֆ Հիտլերի «NSDAP» կուսակցությունը, որը  երկար ժամանակ փոքր ու անկարևոր էր, ամենաշատը օգտվեց երկրի տնտեսական  ճգնաժամից: Հիտլերը՝ օգտագործելով իր խարիզման ու հռետորական արվեստը, հաջող ու բավականին արդյունավետ ընտրարշավ կազմակերպեց ողջ Գերմանիայով: 

1932 թ.-ի վերջին նա հնարավորություն ստացավ մաս կազմել կառավարությանը, իսկ դրանից քիչ հետո գրավեց ողջ իշխանությունը, որն էլ  նրան հնարավորություն տվեց Առաջին համաշխարհային պատերազմը «նորից անել»:  Գերմանիան,այս անգամ էլ, վստահ էր իր հաղթանակի վրա, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմում էլ այն ջախջախվեց: 

1945 թ.-ին երկիրը փոշի ու քարակույտ էր՝ բաժանված  2 մասի: Երկրի այս ողբերգական վիճակը դեռ երկար կարող էր տևել, եթե  ԱՄՆ-ն՝ սառը պատերազմի պատճառով,  չմտածեր, որ Արևմտյան Գերմանիան արդյունավետ կարող էր լինել՝ Կարմիր բանակի դեմ (հնարավոր կոնֆլիկտի դեպքում): Ամերիկացիները ցանկացան գերմանական բանակը նորից օգտագործել՝ այս անգամ իրենց շահերի համար, որն էլ նշանակեց Գերմանիայի վերակառուցում: 

Ֆրանսիան մտահոգ էր սրանից: Այս մտահոգությունն ավելի ուժեղացավ,երբ ֆրանսիացիները տեսան, թե ինչպես է դանդաղորեն նորից հառնում Գերմանիայի ծանր արդյունաբերությունն ու տնտեսությունը: Հենց սրա համար 1951 թ.-ին ստեղծվեց «Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը» (ՔՊԵՀ) / The European Coal and Steel Community (ECSC): 

Սա ֆրանսիական պլան էր, որի նպատակը Գերմանիայի  արդյունաբերության վերականգնումը սահմանների մեջ պահելն էր մի հաստատությունում, որտեղ ֆրանսիացիները նույնպես ասելիք կունենային: ՔՊԵՀ-ով սկսված գործընթացը, ի վերջո, ավարտվեց  1993 թ.-ին՝  Եվրամիության  (European Union-EU) ստեղծմամբ, որի հիմնադիր պայմանագիրը ստորագրվեց  1992 թ. փետրվարի  7-ին ( Մաաստրիխտի պայմանագիր / Treaty of Maastricht, Նիդերլանդներ) : 

Հետաքրքիրն այն է, որ ԵՄ-ի ստեղծման հիմնական նպատակն էլ  Գերմանիային սահմանների մեջ պահելն է(ր) : 

3. 1989-ը 

Չնայած համագործակցությանը՝ Գերմանիայի նկատմամբ վախը շարունակեց մնալ:Սա պարզ կերպով երևաց  հատկապես 1989 թ.-ին, երբ ամեն ինչ միանգամից  փոխվեց: 

Բեռլինի պատի քանդումից հետո գերմանացիները նորից սկսեցին մտածել վերամիավորման մասին: Այդ ժամանակվա Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոհլը ( Helmut Kohl)  2 ձեռքով բռնեց պահի հնարավորությունը. նա ուղղակի գնաց Գորբաչովի մոտ ու գնեց Արևելյան Գերմանիան (DDR)՝  35- 40 միլիարդ գերմանական մարկով (պաշտոնապես  սա ձևակերպվեց որպես «ֆինանսական օգնություն ԽՍՀՄ-ին»): 

Այսպիսով՝  1990 թ.-ի սեպտեմբերին Գերմանիան նորից միավորված երկիր էր.  բայց  ոչ բոլորն էին ուրախ սրա համար,  չնայած համարյա կես դար Եվրոպայում արդեն խաղաղություն էր տիրում: 

Շատերը վերամիավորված Գերմանիան տեսան  որպես նոր վտանգ: Անգլիայի վարչապետ  Մարգարեթ Թեթչերը  ( Margaret Thatcher) բավականին մտահոգ էր և այս հարցին նվիրված մեծ կոնֆերանս հրավիրեց: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը  ( François Mitterrand) ապարդյուն կերպով փորձեց համոզել Գորբաչովին՝ վերամիավորման պլանին չհամաձայնվելու համար: Վերամիավորմանը դեմ էր նաև Նիդերլանդների վարչապետ Ռուուդ Լուբերսը (Ruud Lubbers), ինչը  որոշ ժամանակ սառեցրեց գերմանա-հոլանդական հարաբերությունները: 

Եվրոպայի առաջնորդներին չհաջողվեց կասեցնել Գերմանիայի վերամիավորումը: Հելմուտ Կոհլը հասավ իր ուզածին, բայց գերմանացիները սրա համար հսկայական գին պիտի վճարեին: Գերմանիայի վերամիավորումը ավելի քան  հազար միլիարդ գերմանական մարկ արժեցավ. մինչև հիմա  գերմանացիները լրացուցիչ 7.5 տոկոս եկամտահարկ են վճարում սրա համար: 

Փողի մեծ մասը ներդրվեց Արևելյան Գերմանիայի ենթակառուցվածքների  զարգացման վրա, որը,  1945 թ.-ից հետո,  համարյա նույնն էր մնացել: Թեև սա  որոշ ժամանակով դանդաղեցրել Գերմանիայի տնտեսական աճն ու էքսպորտը, բայց  երկիրը  հիմա  ունի բավականին լավ տնտեսություն: 

4. Եվրոն 

Բեռլինի պատի քանդման ժամանակ  արդեն եվրոպական առաջնորդները վաղուց մտահոգված էին իրենց ազգային արժույթների վերաբերյալ: 1970-ականներին արդեն դադարել էր գործել Bretton Woods-ի համակարգի (ՄԱԿ և այլն)  մաս կազմող 1944 թ.-ի այն պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան դոլարի հանդեպ ազգային արժույթները փոխանակվում էին ֆիքսված կուրսով: 

Այդ պահից սկսած՝ Եվրոպայի վալյուտային համակարգը քաոս էր,որը վատ էր առևտրի համար: Փոխանակման անհստակ կուրսերը անորոշություն էին ստեղծում, որի համար էլ սկսեցին մտածել մեկ եվրոպական դրամ ստեղծելու մասին: 

Գերմանացիները դեմ էին այս պլանին, քանի որ ուժեղ գերմանական մարկը  (deutsche mark) իշխում էր եվրոպական վալյուտային համակարգը: Հոլանդական գուլդենը, օրինակ, լիովին կցված էր գերմանական մարկին: Բայց Հելմուտ Կոհլը  ցանկացավ ցույց տալ, որ միավորված Գերմանիան վտանգ չէ Եվրոպային ու երկիրը հիմա «եվրոպական» էր դարձել: Հենց սրա համար Գերմանիան համաձայնվեց մեկ միասնական դրամ ստեղծելու գաղափարին. ու  ծնվեց «եվրոն»: 

Ֆրանսիացիները հույս ունեին մեծ ազդեցություն ունենալ եվրոյի վրա, բայց դա նրանց չհաջողվեց: Իրականում՝ եվրոն գերմանական մարկի շարունակությունն է՝ նոր անվան տակ: 

5. Մերկելի մտրակը 

Վերջին ֆինանսական ճգնաժամը (credit crisis) հստակ կերպով ցույց տվեց, որ միասնական եվրոպական արժույթի ստեղծման ժամանակ սխալներ են  թույլ տրվել:  

Եվրամիությունը թեև ուներ միասնական դրամ, բայց չուներ միասնական բյուջետային ու ֆիսկալ հստակ քաղաքականություն: Սա դրամատիկ ազդեցություն ունեցավ, որովհետև հարավ-եվրոպական երկրներն էլ, որպես մեկ միասնական համակարգի (եվրագոտի) մաս, շատ էժան (նույն ցածր տոկոսադրույքներով)  վարկեր կարողացան վերցնել ու ներդրեցին  հիմնականում անարդյունավետ  պետական- ցուցադրական նախագծերում (prestige projects): Երբ այս  վարկերը չկարողացան հետ վճարել, հյուսիս-եվրոպական բանկերը հայտնվեցին դժվարին կացության մեջ՝ որպես վերոհիշյալ երկրներին վարկ տրամադրած բանկեր: 

Ճգնաժամի ժամանակ առանցքային հարց առաջացավ ՝ փրկե՞լ եվրոն, թե՞ թողնել, որ այն «պայթի»: Որոշվեց փրկել այն. ու դա հիմնականում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհիվ էր: Նախ՝ Մերկելը չցանկացավ պատմության դասագրքերում մնալ որպես «եվրոն չփրկած առաջնորդ», և երկրորդ՝ հյուսիս-եվրոպական (այդ թվում՝ գերմանական)  բանկերի համար ավելի շահավետ էր եվրոյի փրկումը: 

Այսպիսով՝ Գերմանիան փրկեց եվրոն, բայց Մերկելը դեռ պրոբլեմ ուներ. ինչպե՞ս սա «վաճառել» գերմանացի ընտրողներին: Վերջիններիս գոհացնելու համար տիկին կանցլերը խոստացավ «ծույլ» հարավցիներին «մտրակի տակ» պահել՝ եվրոյի փրկության դիմաց: Հարավցիները, իհարկե,  բնավ էլ «ծույլ» չեն ու հյուսիսցիներից ավելի շատ են աշխատում ( շատ ավելի ցածր աշխատավարձերով), բայց Մերկելը և՛ նորից ընտրվեց, և՛ եվրոն փրկ(վ)եց:

6. Իսկ հիմա՞ 

Եվրոպան ներկայումս գտնվում է  պարադոքսալ վիճակում: Այն  նոր տեր ունի. դա   (150 տարի փորձելուց հետո)  Գերմանիան է: «Գերմանական վագրին» չհաջողվեց փակել վանդակի մեջ. այն դուրս է եկել վանդակից, կրկին (շատերի կարծիքով) դարձել վտանգավոր ու սկսել  խժռել ամեն ինչ: Ֆինլանդիան, Նիդերլանդները, Բելգիան ու հատկապես Ավստրիան այսօր Գերմանիայի պրովինցիաներ հանգիստ կարելի է համարել: 

Բայց Գերմանիան խնդիր ունի. այն մեծ է եվրոպական կտրվածքով, բայց փոքր՝ աշխարհի կտրվածքով: Գերմանիան մեկ այլ խնդիր էլ ունի. ամերիկացիները այդքան էլ երջանիկ չեն (ամերիկյան փողերով վերակառուցված) Գերմանիայի նորօրյա ուժով ու դերով: 

ԱՄՆ-ն  արդեն  իսկ  սկսել է Բալթիկ ծովից  Սև ծով նոր պատի կառուցումն ու  թույլ չի տա, որ Պեկին-Մոսկվա-Բեռլին առանցք ձևավորվի ու  քանդի  այն: 

Չնայած խոսքերին՝ Չինաստանը  դոլարի  հսկայածավալ պաշարներ է գնել:

Սադամն ու Քադաֆին էլ փորձեցին «պոկվել» դոլարից: Այդ ո՞վ է Պուտինի ականջին շշնջացել, որ նա «Սադամ կամ Քադաֆի չէ»: 

ԱՄՆ-ն Գերմանիայի հարցը կլուծի. բայց նախ ՝ Ռուսաստանն ու ռուբլին ( first things first): 

Հ.Գ. Հայկական հա՞րցը... ա՜խ, այն վաղուց արդեն «երկաթե շերեփով» անգամ չես լուծի: Թաղել է պետք «հայկական հարցը»… բայց հայկակա՛ն հողում, որպեսզի սրանից «հայկական պատասխան» ծնվի: 

Վարազ Սյունի

Ամստերդամ, 15. 12. 2014

Լուսանկարը` REUTERS

Մեկնաբանություններ (4)

Քեզ խելացու տեղ ես դրե՞լ
սյունաց վառավածիկ, էս ու՞մ ջրաղացին ես նրբորեն ջուր լցնում: Քեզ խելացու տեղ ես դրել, բայց.....: Դու հագիստ եղիր, երբ ժամանակը հասունանա և ,,Հայկական հարցը,, թեկուզ երկաթե շերեփով լուծվի, հաստատ քո նմանների կարիքը չի զգացվի: ----------,,,Հայկական հա՞րցը... ա՜խ, այն վաղուց արդեն «երկաթե շերեփով» անգամ չես լուծի: Թաղել է պետք «հայկական հարցը»… բայց հայկակա՛ն հողում, որպեսզի սրանից «հայկական պատասխան» ծնվի:,,, ------------Ձյուն գա խելքիդ:
Hayk
I will also answer in English Really very nice article, very impressed!! Would the author to the similar research for Armenia, during these 20 years. Like how we were at 1990 and now, what are the main factors that affect us, our economy and our society thinking. What was done and what was wrong. I think after knowing that, we can predict what declensions we will made in future. Also for me it is very interesting to compare the Germany and Armenia, why Germany could survive after WorldWar2 and become so powerful, but we could not till now
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(4) - Եթե քո խելքին «ձյուն չի եկել», միգուցե մեզ լուսավորես ու ասես, թե «հայկական հարցի» լուծման ի՞նչ ԿՈՆԿՐԵՏ տարբերակ ես դու՛ կամ քո նմանները ազգին առաջարկում: ՀԳ. Կոմենտ գրելուց առաջ գոնե հոդվածը մի անգամ կարդա:
M.K.
հետաքրքիր էր.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter