HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Նորքի 7-րդ զանգվածի հարակից ձորակի բնակիչներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. հարուցվել է քրեական գործ

Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի հարակից ձորակում այգիներ ու տներ ունեցող 12 ընտանիք, որոնք դատի էին տվել Երևանի քաղաքապետարանին, այժմ էլ շահել են քաղաքապետարանի աշխատակիցների անգործությունը վիճարկող մեկ այլ դատական գործընթաց:

Այդ հասցեի բնակիչներից Սոնա Գզողյանը և Նարինե Եսայանը «Հետքի» հետ զրույցում պատմեցին, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը բավարարել է իրենց հայցը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների անգործությունը ճանաչելու վերաբերյալ: Հարուցվել է քրեական գործ, այժմ էլ քննություն է ընթանում:

Միաժամանակ Վարչական դատարանում ընթացքի մեջ է Երևանի քաղաքապետարանի դեմ իրենց սկսած դատական գործընթացը: Դատական նիստը, սակայն, հետաձգվել է մինչև գալիք գարուն: Հիշեցնենք՝ բնակիչները պնդում են, որ որպես տարածքի բարեխիղճ օգտագործողներ քաղաքապետարանն իրենց զրկել է այդ տարածքները սեփականաշնորհելու իրավունքից: Փոխարենը տարածքը ապօրինի գործարքներով տրամադրել է «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ին, որը և փորձում է վտարել արդեն քարե տներ և մշակովի հողամասեր ունեցող վաղեմի բարեխիղճ օգտագործողներին:

«Համայնք և իրավունք» ՀԿ-ի իրավաբան Սամվել Մկրտչյանը, ով զբաղվում է սեփականության ոլորտում բնակիչների շահերի պաշտպանությամբ, մեզ հետ զրույցում նշեց, որ «Ագրոհոլդինգի» և բնակիչների միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ հաշտության եզրեր գտնելու հարցում:

Իրավաբանը նշեց, որ «Ագրոհոլդինգին» տարածքը տրամադրելու հիմքեր քաղաքապետարանը չի ունեցել, օրենքի կոպիտ խախտումներ է թույլ տվել:

«Այսօր գործընթացների լավագույն տարբերակն այն է, որ պետք է կայացնել քաղաքական որոշում: Այսինքն՝ «Ագրոհոլդինգը», իր սահմանների ճշգրտմամբ, իր սահմաններից դուրս թողնելով բնակիչների զբաղեցրած տարածքները, մնացած հողամասին տեր կանգնի, քանի որ մնացյալ հողամասի նկատմամբ բնակիչները հավակնություններ չուեն,-նշում է իրավապաշտպանը,- պետք է տարանջատել երկու հատվածները, այնուհետև բնակիչներին հնարավորություն տալ օրինականացնել իրենց շենք-շինությունները»:

Ս.Մկրտչյանը կարծում է, որ իշխանությունները հասկացել են, որ կոպիտ սխալներ են թույլ տվել տվյալ դեպքում, ուստի իրենք փորձել են զսպել «Ագրոհոլդինգի» նկրտումները և ուշքի բերել՝ ստիպելով հաշվի նստել բնակիչների հետ:

«Ագրոհոլդինգ» ընկերությունը երեկ պարզաբանում է տարածել՝ նշելով, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ-Բեկի փողոցի բնակիչների բնակեցվածության խնդիրը դեռևս մնում է չլուծված:

Ընկերությունը նշել է, որ իրենց ծրագրով նախատեսվում էր ինչպես տարածքի ամբողջական բարեկարգում՝ ասֆալտապատում, կանաչապատում, այնպես էլ ավելի քան 240 աշխատատեղերի ստեղծում: Սակայն երբ ընկերության ֆինանսական կայունացումը հնարավորություն է ընձեռել մեկնարկելու ներդրումային ծրագրի իրականացումը, ընկերությունը բախվել է այլ խնդրի. «Պարզվեց, որ մեր որոշ հայրենակիցներ տարածքում իրականացրել են ապօրինի շինարարական աշխատանքներ, որոշներն անգամ՝ հաստատել բնակություն: Քաղաքացիներին ներկայացվել է պրոբլեմը, առաջարկվել Ընկերության հնարավորությունների շրջանակներում աջակցելու, ինչը, սակայն, մերժվել է, և ցավոք, ստիպված ենք եղել մեր իրավունքները պաշտպանել դատական կարգով: Անգամ 2014 թ.-ի մարտին, երբ կայացվեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որի արդյունքում քաղաքացիները ստիպված էին ազատել տարածքն ու սեփական միջոցներով ապամոնտաժել շինությունները, կրկին Ընկերության կողմից առաջարկվել է աջակցելու մեր հայրենակիցներին, անգամ նրանց, ովքեր որևէ շինություն չեն կառուցել: Ցավոք, կրկին ապարդյուն: Դատարանի որոշումից 4 ամիս անց ստիպված ենք եղել դիմել ԴԱՀԿ՝ ապահովելու Դատարանի որոշման կատարումը»:

«Ագրոհոլդինգը» նշում է, որ հաշվի առնելով, որ տարվա այս եղանակին բնակարանից տեղափոխումը կարող է առաջացնել խնդիրներ, համաձայնել են մինչև գարուն որևէ քայլ չձեռնարկել, դեռ ավելին, շարունակելով հավատարիմ մնալ ընկերության աշխատաոճին, անգամ այս պարագայում պատրաստակամ են նշյալ խնդրի լուծման հարցում ընկերության հնարավորությունների սահմաններում աջակցելու քաղաքացիներին:

«Քաջ գիտակցում ենք մեր քաղաքացիներին հուզող հարցերն ու կիսում մտահոգությունները, սակայն մյուս կողմից էլ ընկերությունը տարիներ շարունակ չունի  հնարավորություն իրականացնելու ծրագիրը, ինչն իր հերթին նպաստելու է քաղաքի բարեկարգմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,-հայտարարում է ընկերությունը:

«Ագրոհոլդինգը» կոչ է արել ցուցաբերել կառուցողական մոտեցում և համակողմանի քննարկման արդյունքում գտնել պրոբլեմի լուծման օպտիմալ լավագույն տարբերակը շահագրգիռ բոլոր կողմերի համար:

Հարցի վերաբերյալ քննարկումներ և բանակցություններ են ընթանում: Սամվել Մկրտչյանը նշում է, որ եթե «Ագրոհոլդինգը» մոտ 3000 քմ տարածք իր 4.5 հա-ից տրամադրի բնակիչներին, մնացյալն օգտագործի իր հայեցողությամբ, բնակիչները կմնան իրենց տներում, հարցն էլ կլուծվի: Այլ պարագայում բնակիչները մինչև վերջ շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter