
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Տաթևի անապատը»
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Տաթևի անապատ» ՍՊԸ-ում, որը երկու փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցում Տաթև և Տանձատափ համայնքների տարածքում:
«Անապատ-1» կոչվող հէկը սնվելու է Որոտան գետի Աղանձու և Քարահունց վտակներից: Չնայած նախագծում նշվում է, որ այս հէկի կառուցմամբ շրջակա միջավայրին որևէ վնաս չի հասցվելու և հէկի կառուցման տարածքում կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ չկան, այդուհանդերձ, դեռևս 2013թ. Տանձատափի բնակիչներն իրենց գյուղում հէկ կառուցելու հարցով նամակներ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին, այն ժամանակ պաշտոնավարող վարչապետ Տիգրան Սարգսյանին և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նրանք ահազանգել են, որ հէկի կառուցմամբ կվերանա գետերում առկա ձկնատեսակը, այն է՝ կարմրախայտը, իսկ առնչվող երեք գյուղերի սակավաթիվ բնակչությունը ոռոգման ջուր չունենալու պատճառով ստիպված պետք է հեռանա օտար ափեր:
«Տաթևի անապատ» ՍՊԸ-ն արդեն իսկ իրականցրել է որոշ շինարարական աշխատանքներ և բնապահպանության նախարարություն է ներկայացրել վերափոխված նախագծային փաստաթղթերի նախնական գնահատման հայտը: Դեկտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Տանձատափի գյուղապետարանում նախատեսված էր «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի նախաձեռնած «Անապատ-1» ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը:
«Երիտասարդությունը առավել ևս համաձայն է, որ հէկն աշխատի, տարիքով մասը մի քիչ մտավախություն ունի, որ կարող է ոռոգման խնդիր առաջանա, կառուցապատողն էր եկել և հավաստիացրեց, որ նման խնդիր չի լինի»,- վստահ է Տանձատափ համայնքի ղեկավար Ռոբերտ Մուշեղյանը:
Գյուղապետը «Հետքի» հետք զրույցում ասաց, որ տեղի ունեցած հանրային քննարկմանը գյուղացիները հիմնականում կողմ են արտահայտվել հէկի կառուցմանը պայմանով, որ ամռանը հէկը պիտի աշխատի սահմանափակումներով և չխոչընդոտի ոռոգման սեզոնին գյուղացիների աշխատանքին: Հէկի պատասխանատուները խոստացել են հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին՝ ցերեկային ժամերին՝ հէկի խողովակաշարից առավոտյան ժամը 6-ին ջուրը բաց թողնել դեպի գյուղ, որպեսզի գյուղացիները ոռոգեն իրենց արտերը, իսկ երեկոյան 8-ին՝ փակել և ուղղեն դեպի հէկը:
«Կարծում եմ՝ որևիցե խնդիր չպիտի առաջանա, եթե երեք ամիս պայմանավորվածության համաձայն մեզ ոռոգման ջրով ապահովում են, և նվազագույնը համայնքից 6 աշխատող կաշխատի վերևի հէկում, նաև սոցիալական խնդիր կլուծի: Ներքևինը մեզ հարմար չի, հեռու է»,- ասում է գյուղապետը:
Ներկայացված նախագծից երևում է, որ ընկերությունը փոփոխել է այն, «հնարավոր վթարային իրավիճակից խուսափելու նպատակով»: Փոփոխվել են կայանների նիշերը և խողովակների ճնշումը: Նախկին 1527 մ բարձրության կայանն իջեցվելու է 1305 մ-ի: Չորսի փոխարեն աշխատելու է 6 հիդրոագրեգատ՝ տալով 8616.7 ԿՎտ դրվածքային հզորություն:
Ըստ նոր նախագծի՝ 1305 մ բարձրության վրա տեղակայվելու է կայանային հանգույց, իսկ հանգույցի շենքին կից նախատեսվում է կառուցել ջրընդունիչ ավազան, որտեղից վայրկյանում 2 խմ հաշվարկային ելքը 1490 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով տեղափոխվելու է 980 մ բացարձակ նիշում արդեն կառուցված 2-րդ կայանային հանգույց: Այսինքն՝ երկու հէկ է կառուցվելու: Նույն ջուրը վերևի նիշից գնալու է դեպի ներքևի նիշ, որտեղ աշխատելու է երկրորդ ենթակայանը:
Նախատեսված է հէկը գործարկել գալիք գարնանը:
Ովքեր են Սուրիկ Խաչատրյանի գործընկերները
Որպես կառուցապատող գյուղացիները ճանաչում են ծնունդով տաթևցի Սպարտակ Սանթրոսյանին: Վերջինս, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Տաթևի անապատ» ընկերության մնացյալ 50 տոկոսը հավասարապես կիսում է ոմն Արսեն Սարգսյանի հետ: Սպարտակ Սանթրոսյանը նաև ընկերության տնօրենն է:
Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն էլ վստահ է, որ հէկը չի վնասի նաև իրենց համայնքին, քանի որ միայն ջրընդունիչ կայանն է իրենց վարչական տարածքում: Ավելին, Սպարտակ Սանթրոսյանը խոստացել է կառուցումից հետո ներդրումներ կատարել համայնքում: Գյուղապետը դժգոհելու առիթ չունի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել