HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը ներողություն է խնդրել իր ճակատագրական սխալի համար

18-ամյա չին ուսանող Հուգջիլդը (լուսանկարում), ով 1996թ.-ին մեղադրվել էր երիտասարդ կնոջ բռնաբարության ու սպանության մեջ՝ դատապարտվելով մահապատժի, 18 տարի անց հետմահու ճանաչվել է անմեղ: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի»-ն:  

Ներքին Մոնղոլիայի ժողովրդական գերագույն դատարանի նախագահի տեղակալ Չժաո Ցզյամպին արցունքն աչքերին ներողություն է խնդրել 18-ամյա չին ուսանող Հուգջիլդի ծնողներից ու խոնհարվել նրանց առաջ: «Սա մեծ դաս էր բոլորիս համար: Ես ներողություն եմ խնդրում»,- ասել է դատավորը: Նա նաև նշանակել է 30.000 իեն (4.000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում իր կողմից: Սակայն Հուգջիլդի փաստաբան Մյաո Լին լրագրողներին հայտնել է` կհասնի նրան, որ Չինաստանի կառավարությունից երիտասարդի ծնողներին փոխհատուցում տան:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ 1996թ. ապրիլի 9-ին Չինաստանի Հուհ-Հոտո քաղաքում ուսանող Հուգջիլդն իր ընկերոջ՝  Յան Ֆենի հետ անցնելիս էր եղել հասարակական զուգարանի մոտով, երբ լսել էին կնոջ ձայն, ով օգնություն էր կանչել: Մի քանի վայրկյան անց ընկերները մտել էին ներս օգնելու նպատակով, բայց կինն արդեն մահացած էր եղել: Յանը դատարանում ու լրագրողներին հայտնել էր, որ դեմ է եղել, որ ընկերը՝ Հուգջիլդը, գնա ու հայտնի ոստիկանությանը տեղի ունեցածի մասին: Բայց ընկերը նրան չի լսել: Իսկ դատարանում հաշվի չեն առել Յան Ֆենի այս վկայությունները: Այդպես Հուգջիլդը վկայից դարձել է մեղադրյալ ու հատուցել կյանքով: Ընդամենը 3 ամիս տևած դատավարությամբ 18 տարեկան երիտասարդը դատապարտվել է մահապատժի, որը իրագործվել է դատավճռի հրապարակումից 3 ամիս անց՝ գնդակահարության միջոցով:

Հուգջիլդի վերաբերյալ քրեական գործի վերանայման նոր հիմքեր են առաջ եկել միայն 2005 թ.-ին, երբ սպանության ու բռնաբարության կասկածանքով  ձերբակալվել է Չժաո Չժիխուն: Մինչ նրա փոխարեն մահապատժի է դատապարտվել անմեղը, ազատության մեջ սերիական մարդասպանը խլել է ևս 9 մարդու կյանք: Այսինքն՝ դատական սխալը բերել է նոր հանցագործությունների: Սերիական մարդասպանը խոստովանել է, որ 1996թ.-ին հանրային զուգարանում կատարված բռնաբարություն ու սպանությունը ևս իր ձեռքի գործն է:

Գործի վերաբացման արդյունքում Հուգջիլդը հետմահու ճանաչվել է անմեղ: Արդարացման դատավճռի մեջ գրված է. «Ապացույցների ոչ բավարար լինելու հիմքով Հուգջիլդին ճանաչել անմեղ»: Այս դատավճիռը երիտասարդի ծնողները (լուսանկարում) այրել են որդու գերեզմանի վրա ի նշան իրենց տառապանքների ավարտի:

Նշենք, որ աշխարհում 139 երկիր այլևս չի կիրառում մահապատիժը, սակայն դեռ 58 երկրներում այն գործում է: Չինաստանն այն երկիրն է, որտեղ մահապատժի ամենամեծ տոկոսն է իրագործվում մնացած բոլոր 57 երկրների ցուցանիշներն իրար գումարած: Օրինակ՝ անցյալ տարի Չինաստանում մահապատժի է դատապարտվել 2400 մարդ:

Սակայն մահապատժից հրաժարվելու առաջին ու կարևորագույն հիմնավորումն այն է, որ անգամ պարբերաբար կատարելագործվող, դատաիրավական համակարգերի աշխատանքի 100-ամյակների փորձ ունեցող երկրները չեն կարողանում խուսափել դատական սխալից: Իսկ մահապատժի կիրառման դեպքում հետևանքներն անդառնալի են լինում: Դատապարտվում է անմեղը, իսկ մեղավորները դատական սխալների հետևանքով մնում են ազատության մեջ: Հաճախ անմեղ մարդիկ  Չինաստանում ոստիկանների բռնությունների տակ տալիս են ինքնախոստովանական ցուցմունքներ: Այս մասին պարբերաբար բարձրաձայնում են փաստաբանները: «Դատական սխալները պիտի դառնան հիմք, որ պետական համակարգերը ստեղծեն քրեական գործերի վերանայման ավելի ճկուն մեխանիզմներ»,- ասել է փաստաբան Մյաո Լին:

Հուգջիլդի պատմությունը միակը չէ Չինաստանում: Նմանատիպ դեպք է գրանցվել 21-ամյա Նի Շուբինի հետ, ով դատապարտվել է մահապատժի 1995 թ.-ին դարձյալ սպանության ու բռնաբարության մեղադրանքով, սակայն հետագայում իրավապահները ձերբակալել են իրական հանցագործին, ով խոստովանել է, որ 1995 թ-ի դեպքը ևս ինքն է կատարել: Նի Շուբինի հարազատները սպասում են իրենց տղայի հետմահու արդարացմանը:

2005 թ.-ին մահապատժի է դատապարտվել Շի Հիանգլին, ով մեղադրվել է կնոջ առևանգման ու սպանության մեջ: Սակայն մահապատժի իրագործումից հետո կինը հայտնվել է:

Լուսանկարները՝ iFeng.com-ի

Մեկնաբանություններ (1)

Նունե
ի օր, երբ Բահլուլը նստած էր Բաղդադի դատավորի աշխատասենյակում, գրիչն ընկնում է դատավորի ձեռքից: Բահլուլն ասում է. - Մե՛ծն դատավոր, քլունգդ ընկավ, վերցրո՛ւ այն գետնից: Դատավորը, քմծիծաղ տալով, պատասխանում է. - Որ ասում են խենթ ես, հո իզուր չե՞ն ասում: Ախր, սա գրիչ է, ոչ թե քլունգ: - Խենթը դու ես, որ մինչ այսօր գլխի չես ընկել` այս գրչով գրվող դատավճիռները կործանում են մարդկանց տները: Դե, հիմա ինձ ասա` սա գրի՞չ է, թե՞ քլունգ,- պատասխանում է Բահլուլը: - Ի դեպ Բահլուլը ապրել է յոթերորդ դարում, Արաբական խալիֆայությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter