HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որևէ պաշտոնյա ներողություն չի խնդրել քաղաքացիների խախտված իրավունքների համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի 10-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև վերջերս՝ նոյեմբերի 13-ին, ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ Հայաստանի կայացրած 3 վճիռներին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է պետական կարիքների դիմաց իրացված ներկայիս Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին, որով երեք ընտանիքներին միասին Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճարել 160.000 եվրո:  

 «Մենք դեմ չենք եղել բնակարաններ ստանալ». Սեդրակ Բաղդասարյան

 «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ով հրավիրված չէր համաժողովին և պատահաբար էր իմացել դրա մասին, ասաց, որ եկել է իր՝  «Բաղդասարյանն ու Զարիկյանցներն ընդդեմ ՀՀ-ի» գործով պարզաբանումներ տալու:

Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ 2011թ. նոյեմբերին իրենց հետ կոմունիկացիայից հետո ԵԴ-ն որոշում էր կայացրել 3 ընտանիքներին տալ բնակարան: «Մենք դեմ չենք եղել բնակարաններ ստանալ: Սակայն 2012թ. իմ ներկայացուցիչը նամակով դիմել է Գևորգ Կոստանյանին, թե ինչպես պիտի ստանանք այդ բնակարանները, սակայն առ այսօր նամակի պատասխանը չենք ստացել: Նախկին ԱՆ փոխնախարար Ռուբեն Մելիքյանն էլ բանավոր հայտարարեց, որ կառուցապատողի տված փոխհատուցումը ետ պիտի վերադարձնենք: Մենք դիմեցինք կադաստր և ստացանք տեղեկանք, որ մեզ տրվելիք բնակարանները վաճառված են, ունեն այլ սեփականատերեր»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:

Ի՞նչ է առաջարկել կառավարությունը պետության կարիքներից տուժածներին

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ցանկացել են բարեկամական կարգավորման գալ, այնինչ երեք ընտանիքները չեն համաձայնել:

«Կառավարությունը 55 քմ մետր վերցված տան դիմաց առաջարկել է 3 ընտանիքներին Բուզանդ-Կողբացի խաչմերուկում բնակարան 140 քմ մակերեսով և մինչև այդ շենքի շահագործման հանձնվելը ամսական 120.000 դրամ վարձ՝ բնակարան վարձելու համար: Բայց այդ առաջարկը մերժել են նրանք»,- պարզաբանեց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ ևս մեկ առաջարկ է արվել կառավարության կողմից՝ տրամադրել 117 քմ մակերեսով բնակարաններ Ամիրյան  փողոցում: «Երբ հաշտության չենք հանգում, կառավարությունն անում է միակողմանի հայտարարություն: ՄԻԵԴ-ը ասում է, որ կառուցապատողի տված նախկին փոխհատուցումը՝ 23.000  եվրոն, պիտի մնա դիմումատուներին: Էստեղ մենք արդեն դեմ ենք լինում և առաջարկում, որ վերսկսվի գործի քննությունը: Մենք գտնում ենք, որ դա կլինի ոչ արդարացի: Այդ դեպքում դատարանն ասում է, որ ես կսահմանեմ՝ որն է արդարացի, սահմանեց 44.000 եվրո»,-ասաց Գևորգ Կոստանյանը՝ հորդորելով լրագրողներին տալ 3 գործերի մասին տեղեկանքներ: Դրանք տեղադրված են նաև Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:  

Գլխավոր դատախազը չանդրադարձավ քաղաքացու հարցին, թե մինչ օրս չեն ստացել իրեն հասցեագրված նամակի պատասխանը: Ահա այն նամակը, որը 2012թ. փետրվարին Սեդրակ Բաղդասարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը հասցեագրել է Գևորգ Կոստանյանին: Նամակով փաստաբանը ցանկացել է տեղեկանալ, թե ինչպես կարող է իր ներկայացուցիչը 3 ամսվա ընթացքում ստանալ ԵԴ 2011թ. նոյեմբերին կայացրած որոշմամբ արձանագրված բնակարանը ստանալ:

 ԱՆ նախկին փոխնախարար, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը «Հետքին» տված հարցազրույցում պարզաբանեց, թե ինչու է Բաղդասարյանին ասել՝ ետ վերադարձրեք կառուցապատողի փոխհատուցած գումարը. «Ամենևին Արդարադատության նախարարը պարտավոր չէր հանդիպում կազմակերպել: Ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ հրավիրել նրանց: Այն, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ չկար փոխհատուցումը ետ վերադարձնելու նշում դա մեկնաբանման խնդիր էր:

Մենք տալիս ենք փոխհատուցում, դա նշանակում է, որ այլ փոխհատուցումն իր ուժը կորցնում է: Սա մեր մեկնաբանությունն էր: Հաշվի առնելով պետական պաշտոնյայի զսպվածության գործոնը՝ ես ուղղակի ձեռնպահ եմ մնում մեկնաբանել պարոն Բաղդասարյանի հայտարարությունը»:

Հարցին, թե կառավարության կողմից տրվելիք բնակարանների վաճառված լինելու հանգամանքը ինչպես է մեկնաբանում Ռուբեն Մելիքյանը, վերջինը նշեց. «Ես հավաստիացրել եմ, որ այդ բնակարանները կան: Երբ ներկայացվել են, հնարավոր է գնված եղել են, բայց կողքի

բնակարանները ևս նույն քառակուսիներով էին և կային, ես անձամբ եմ տեսել: Մարդիկ չգիտեմ ինչ պատճառներով ունեցել են ակնկալիք ստանալու հսկայական գումար: Բայց արդեն կար այս գործերով նախադեպ, թե ինչքան է սահմանում ԵԴ-ն»:

 Քաղաքացիներին առաջարկել են արդեն վաճառված բնակարաններ

 «Հետքի» հարցերին պատասխանելով՝ Սեդրակ Բաղդասարյանը նշեց. «Միայն ես չեմ, երեք ընտանիք: Սեդրակն էր, գիժ էր, բան չէր հասկանում: Բա, մյուսները ինչո՞ւ չէին վերցնում կառավարության առաջարկած բնակարանները: Առաջարկում էին 140 քմ մակերեսով բնակարան, համաձայնվել ենք, բայց ասել՝ ինչո՞ւ մեր տան տեղում պատրաստի շենքից չեք տալիս, այլ մի չիրացված տարածքից, որտեղ դեռ շենքի փոս էլ փորված չկա: Շենքը պիտի պատրաստ լիներ 2010-ին, չնայած 2013-ին հանձնվեց շահագործման: Բացի այդ դարձյալ ետ էին ուզում մեզ տրված 23.000 դոլարի փոխհատուցված գումարը: Մենք ասացինք՝ ինչու եք ուզում տալ ուրիշ ենթադրյալ շենքում, այն դեպքում, երբ մեր տան տեղում արդեն պատրաստի շենքը կար: Ինչու մենք ևս մի քանի տարի պիտի ապրենք վարձով: Հետո առաջակեցին 117 քմ մակերեսով բնակարաններ (63, 31, 40 բնակարանները): Նորից համաձայն եմ եղել, բայց հետո պարզել ենք որ մեզ արդեն վաճառված բնակարաններ են տալիս: Գնացել- տեսել ենք իրենց առաջարկած բնակարանները Ամիրյանի 4/6 շենքում ՝ բետոնից հատակով, նույնիսկ հոսանք դեռ չկար: Ասացի 31 համարի բնակարանը կարո՞ղ եք բացել, այն, որը ինձ պիտի տային, ըստ ԵԴ ուղարկված նյութերի: «Գրիարի» ներկայացուցիչը պատասխանեց, որ դա վաճառված է: Քիչ անց տեսա մի մարդ դուրս եկավ 31 բնակարանից, դուռը փակեց ու գնաց: Մեզ տիպարային բնակարան էին ցույց տալիս՝ ասելով, որ մյուսները նույնատիպ են: Մենք կասկածեցինք, բայց համաձայնեցիք: Եղավ որոշումը՝ տալ բնակարան: Փոխարենը լսեցի՝ փող տվեք, բնակարանը տանք»:

Սեդրակ Բաղդասարյանը շեշտեց, որ պետությունը խախտել է իրենց իրավունքները, ինչը հաստատել է և՛ Սահմանադրական դատարանը և՛ ԵԴ-ն. «Սակայն առ այսօր ներողություն չեն խնդրել: Գոնե ասեին՝ կներեք, որ Ձեզ ինը տարի գցել ենք փողոցները, կներեք, որ Ձեր երեխաները մանկություն չունեցան: 2015 թ-ին լրանում է հայոց Ցեղասպանության 100 տարին, որ թուրքերը մորթեցին միլիոն ու կես հայ: Հիմնական նպատակներից էր տիրանալ հայի գույքին: Նույնը կրկնվում է ՀՀ-ում, որը կատարում է պետական ապարատը իր ժողովրդի նատմամբ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter