HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվերսանտի դիմագիծ. Հասան Հասանով-1

Ստեփան Սաֆարյան, Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

«Կրկին քարվաճառյան դիվերսանտների մասին» և «Շրջադա՞րձ Քարվաճառի դիվերսանտների գործում» հետաքննական շարքում անդրադարձել էինք մի շարք պահերի ու փաստերի, որոնք աներկբա ցուցանում են քարվաճառյան դիվերսանտների ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների կապը` հերքելով նրանց «կարոտաբաղձ ազերի քաղաքացիականներ» ներկայացնելու բոլոր ջանքերը, որ գործադրում է  պաշտոնական Բաքուն:

Թերևս քարվաճառյան դիվերսանտների դիմագծի շարքը սկսենք Հասան Հասանովից, ում ԼՂՀ ոստիկանության և զինված ուժերը համատեղ վնասազերծեցին հուլիսի 11-ին՝ Քարվաճառից դեպի Ադրբեջան փախուստի ճանապարհին: Մինչև սպանվելը նա հասցրեց հրազենով սպանել մայոր Սարգիս Աբրահամյանին ու ծանր վիրավորել նրա ավտոմեքենայում գտնվող Կարինե Դավթյանին: Քարվաճառյան մյուս երկու դիվերսաանտների ցուցմունքների համաձայն` Հասան Հասանովը գործուն մասնակցություն է ունեցել նաև խմբի կողմից առևանգված 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության գործում:

Հասան Հասանովի անձի վերաբերյալ Բաքվի հարկադրված լռությունը 

Հասան Հասանովին ու խմբին վնասազերծելուց հետո պաշտոնական Երևանը եւ Ստեփանակերտը իրենց ամենաառաջին հաղորդագրություններում և պարզաբանումներում մի քանի օր շարունակ չէին նշում նրա անունը՝ ի տարբերություն Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի: Լեռնային Ղարաբաղի ՊԲ և իրավապահ մարմիները հայտարարեցին, թե սպանվածի մարմինը ադրբեջանական կողմին կվերադարձվի միայն անհրաժեշտ փորձաքննություններից ու նրա անձի նույնականացումից հետո:

Հասան Հասանովի նկարը նախ հայկական, ապա ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվեց հուլիսի 12-ին՝ առանց անունի, նրանից և Շահբազ Գուլիևից առգրավված զինատեսակների լուսանկարի հետ միասին (օրինակ, http://haqqin.az/news/26052):

Դրա նախորդ օրը` երեկոյան, մինչ վնասազերծումը կատարած հանցագործությունների, ապա քիչ անց՝ նրան ոչնչացնելու փաստերը հասատել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հուլիսի 14-ին, երբ ձերբակալվեց նաև խմբի երրորդ անդամը՝ Դիլհամ Ասկերովը, այդ օրը երեկոյան www.yerkir.am կայքում տեղադրվեց դիվերսանտների քարվաճառյան պիկնիկի տեսանյութը, որտեղ կադրերում տեսանելի էր նաև գոտկատեղին ատրճանակ կրող, խորովածի համար գողացված հորթի ազդրը մշակող Հասանը, որն անմիջապես տարածվեց նաև ադրբեջանական լրատվամիջոցներով:

Տեսանյութում հնչում է նաև Հասանի անունը և ձայնը: Ակնհայտ է, որ հայկական կողմը արդեն գիտեր նրա անունը: Արցախի իրավապահներին Հասանի ու Դիլհամի  մասին մինչ այդ էլ պատմած կլիներ ավելի վաղ ձերբակալված Շահբազը, սակայն Երևանն ու Ստեփանակերտը սպասում էին, որպեսզի նրա անձի նույնականացումը առաջինը կատարի ադրբեջանական կողմը: Բացառված է, որ նրան հենց այդ ժամանակ ճանաչած չլինեին նաև Ադրբեջանում:

Տեսանյութի տեղադրումը կոպիտ սխալ էր հայկական կողմից, քանի որ այն իրականում միանգամայն լրացնում էր արդեն հուլիսի 11-ից Ադրբեջանում զարգացվող թեզը, թե ձերբակալված ադրբեջանցիները իրենց «հարազատների գերեզմանին այցելած անմեղ ադրբեջանցի քաղքացիականներ են, ովքեր պարբերաբար զմայլվում են հայրենի եզերքներով»:

Մինչև հուլիսի 16-ը ադրբեջանական կողմը ոչ մի հստակություն չմտցրեց Հասանի ինքնության հարցում: Լրատվությունը ամբողջությամբ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի մասին էր, որոնց անուն-ազգանունները հայկական կողմն արդեն բարձրաձայնել էր:

Նրանց ճանաչողներն էլ բացառապես հարազատներն էին, ովքեր «հարկ էին համարում» ընդգծել, թե չեն իմացել ո՛չ այդ ժամանակ նրանց Արցախ գնալու, ո՛չ էլ խմբի այլ անդամների հետ կապերի մասին, իսկ Արցախում ձերբակալվելու մասին էլ իմացել են համացանցից ու լրահոսից: Այս նույն գիծը օրեր անց պահեց նաև Հասանի ընտանիքը:

Ի տարբերություն առաջին երկուսի, որոնց հարազատները դա արեցին ամենաուշը մեկ օր անց, Հասանի ընտանիքը մի քանի օր շարունակ լռություն էր պահում:

Ադրբեջանի իշխանությունները հենց հուլիսի 12-ից նախ Շահբազ Գուլիևի, ապա հուլիսի 15-ից՝ Դիլհամ Ակերովի համար դիմեցին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակին՝ «ձերբակալվածների ու նրանց ընտանիքների միջև կապ հաստատելու»,«հարցը միջազգային հումանիտար իրավական նորմերի շրջանակներում քննելու և բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը կիրառելու» խնդրանքով:

Որքան էլ հուլիսի 11-ի երեկոյան պարզ էր դարձել, որ սպանվել է խմբի ևս մեկ անդամ, ում լուսանկարը տարածվել էր հաջորդ օրը առավոտյան, հաջորդած օրերին ադրբեջանական կողմի հաղորդագրություններում, առաջին հերթին՝ Կարմիր խաչի միջագային կոմիտեին դիմելու մասին, ինչպես նաև դրանց վերաբերյալ հայկական կողմի արձագանքներում Հասան Հասանովի անվան հիշատակում չկար:

Նրա անձի դեպքում այդքան ու այդպիսի լռություն պահպանելը բացատրություն ունի. հուլիսի 14-ին Հայաստանի ՊՆ-ն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել էր տեղանքը լավ իմացող հանցավոր անձանց և խմբին իր հետախուզադիվերսիոն գործողություններում օգտագործելու մեջ:  Ադրբեջանի ՊՆ-ն երկու օր անց «հերքել էր դա»` նշելով, թե «Ադրբեջանի զինված ուժերը ցանկացած մարտական առաջադրանք և գործողություն կատարելու բոլոր հնարավորություններն  ունի՝ առանց ներգրավելու քաղաքացիական անձանց ու ոչ պրոֆեսիոնալների»:

Անշուշտ, Բաքուն Հասան Հասանովին էլ պետք է նեկայացներ «քաղաքացիական գծի» մեջ, ինչի քարոզչությունը սկսել էր անել հուլիսի 11-ից՝ նախ Շահբազ Գուլիևի, ապա հուլիս 15-ից` Դիլհամ Ասկերովի դեպքում: Սակայն Հասանի դեպքում իրավիճակը ավելի բարդ էր. համաձայն հայկական կողմի հաղորդումների` նա ոչնչացվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակ բացելուց, նրանում գտնվող հայ զինվորականին սպանելուց, ուղեկցող կնոջը վիրավորելուց հետո, և վերջապես՝ զինված դիմադրություն ցույց տալիս: Այսինքն` հանցագործության փաստերը շատ էին:

Հետևաբար, մինչև հուլիսի 16-ը Ադրբեջանի իշխանություններն ավելի շատ զբաղվեցին Շահբազ Գուլիևով ու Դիլհամ Ասկերովով, որոնց՝ Ադրբեջանի հետախուզության հետ կապերի մասին փաստերը այդ շրջանում ավելի թույլ էին, իսկ համացանցում առկա տեսանյութերն էլ «քաղաքացիական ճամփորդների» մասին լայնածավալ քարոզչության հրաշալի ապացույցներ էին դառնում: Հատկապես, երբ հայկական կողմն էլ անզգուշություն էր ունեցել իր հերթին դա «ապացուցող» տեսանյութ հրապարակել, ինչը ձերբակալվածների մասին կասկածների տեղիք էր տվել ընդհուպ Հայաստանում:

Ուստի, Ադրբեջանի իշխանությունները հույս էին փայփայում, որ հաշված օրերի ընթացքում կհասնեն կենդանի մնացածների համար ռազմագերու կարգավիճակ ձեռք բերելուն, իսկ Հասանի մարմնի վերադարձի հարցը մեխանիկորեն կլուծվի:

Սակայն, ինչպես արդեն նշել ենք, ՀՀ ՊՆ-ն հուլիսի 14-ի իր հայտարարությամբ փակեց նաև այդ պատուհանը. հասկանալի դարձվեց, որ ձերբակալվածները դատվելու են գործած և քրեորեն պատժելի հանցանքների համար, որոնց կապակցությամբ անառարկելի ապացույցներ ունի, ու դրանք կարող է տրամադրել միջազգային կառույցներին, որի պատճառով էլ նրանց ռազմագերու կարգավիճակ չի տրվելու: Դրան ի պատասխան՝ հուլիսի 16-ին արձագանքեց թե՛ Ադրբեջանի ՊՆ-ն, թե՛ նաև այդ օրվանից հարկադրված սկսեց Հասանին «ներկայացնելու» քարոզչությունը, որին ավելի հանգամանորեն կանդրադառնանք քիչ անց: 

Հուլիսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի՝ լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Իլահա Հուսեյնովան APA գործակալությանը հայտնեց, որ սպանված անձի նկարը ցույց է տրվել ԼՂՀ-ում այդ կոմիտեի ներկայացուցիչին: «Այդ նկարը ցույց է տրվել նաև նրա ընտանիքին և նրանք ճանաչել են նրան»,- նշել էր նա:

Ինչպես կնկատենք ստորև, խոսքը վերաբերում է Հասան Հասանովի մարմնի լուսանկարին, որը ԼՂՀ իրավապահ մարմինները փոխանցել էին ԿԽՄԿ Ստեփանակերտի գերասնյակին, այնտեղից էլ՝ Բաքվի գրասենյակին: Հուսեյնովան հավելել էր, որ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, առաջարկել է նրա մարմինը հանձնել ընտանիքին, ինչպես նաև՝ ձերբակալված անձանց այցելելու ու սպանվածի մարմինը վերադարձնելու շուրջ քննարկումները ընթացքի մեջ են: (ԿԽՄԿ-ի վրա Ալիևի իշխանությունների գործադրած անբնական ճնշումներին կանդրադառնանք շարքի վերջում՝ իբրև դիվերսանտների անձի հանդեպ շահագրգռության ու հովանավորության ևս մեկ դրսևորում):

Նույն օրը Հասան Հասանովի ավագ եղբայրը՝ Նայիլ Հասանովը APA գործակալությամբ հաստատեց, որ ընտանիքի անդամները մի քանի օր առաջ ԿԽՄԿ գրասենյակում արդեն լուսանկարում ճանաչել են նրա մարմինը. «Մենք եղբորս մարմնի լուսանկարը նայել են ԿԽՄԿ գրասենյակում: Ես ճանաչեցի եղբորս: Բայց որոշ անհայտ պահեր կան և դրանք պարզ կդառնան Ադրբեջանում նրա մարմնի փորձաքննությունից հետո»: 

Բաքվի հեքիաթները`  Հասան Հասանովի՝ «խանութպան», «տաքսու վարորդ» լինելու մասին

Ինչպես նկատեցինք վերը, հուլիսի 16-ին ադրբեջանական APA գործակալությունը փոխանցել էր Հասան Հասանովի եղբոր՝ Նայիլ Հասանովի խոսքերը, ով հաղորդել էր, թե նախօրեին ընտանիքի անունից եղբոր մարմնի վերադարձի համար դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ու Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովին:

Ձախից՝ Հասան և Նայիլ Հասանովները Նայիլ Հասանով. լուսանկարները` Հասանի և Նայիլի օդնոկլասնիկյան էջերից

Նայիլը փոխանցել էր Հասանի մասին առաջին տեղեկությունները` մասնավորապես շեշտելով, թե նա ծնվել է 1978թ. Ջաբրայիլի Մեհդիլի գյուղում: «Մենք չգիտեինք, որ նա գնացել է Քելբաջար: Նա մեզ ասել էր, թե Թուրքիա է գնում: Հետո մենք լրատվամիջոցներից իմացանք, որ հայերի կողմից սպանված անձը եղբայրս՝ Հասան Հասանովն է: Իմ եղբայրը պատերազմից հետո առաջին անգամ է գնացել Քելբաջար: Դա կապված է նրա հետ, որ նա հայրենասեր է: Հասանը տաքսու վարորդ է և խանութ ունի Բինագադի թաղամասում, որտեղ ապրում է: Մենք չգիտեինք, որ նա կապ ունի Դիլհամի ու Շահբազի հետ, ում հետ Քելբաջար է գնացել»:

Ինչպես արդեն նկատել ենք, քարվաճառյան բոլոր դիվերսանտների ընտանիքների անդամները հերթականությամբ բացառել են, թե տեղյակ են եղել իրենց հարազատի «հայրենաբաղձ ճամփորդությունից», խմբի մյուս անդամների հետ կապին` նաև հավելելով, թե իրենց հարազատը շատ սովորական ադրբեջանցի է: Նայիլի մի քանի նախադասություն պարունակող խոսքում նկատելի է հնարավոր կասկածները ցրելու անհաջող փորձ:

Նայիլը նախ առաջինը ստել էր, թե իր եղբայրը առաջին անգամ է «այցելում» ԼՂՀ տարածք: Հասանի սպանությունից քիչ անց ադրբեջանցիները youtube-ում սկսեցին լայնորեն տարածել նրա՝ նախկինում դեպի Ջաբրայիլ ավտոմեքենայով ճամփորդության տեսանյութը: Դժվար թե Հասանի եղբայրը և ընտանիքը չիմանային դրա գոյության մասին: Ինչպես պարզ կդառնա մի փոքր անց, ավելին, հենց Նայիլը դրա առաջին տարածողներից մեկն էր:

 

Տեսանյութում երևում է, որ Հասանը (առնվազն մեկ այլ ադրբեջացու հետ) արտասահմանյան մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով (ամենայն հավանականությամբ՝ Mercedes) ճամփորդում է Ջաբրայիլում՝ ճանապարհին տեսանկարահանելով ճամփեզրյա լքված ադրբեջանական գյուղերը, տներն ու բնաշխարհը: Այնուհետև, գյուղերից մեկում ավոտմեքենան կանգնում է լքված տներից մեկի մոտ. Հասանը իջնում է և ձեռքերով ցույց տալիս թե՛ քանդված տունը, թե՛ նրան հարակից այգու ճամփեզրյա նռան ծառը, որից հասած նուռ է քաղում, կիսում եւ ցուցադրաբար ուտում է՝ գովաբանելով Ջաբրայիլի նուռը: Այնուհետև, ձեռքերը թափ տալով` ցույց է տալիս հարակից ևս մեկ լքված տուն: Տպավորություն է, որ Հասանը հայրենի գյուղի իրենց թաղում է, իսկ ցույց տրված տներից մեկը ժամանակին պատկանել է իրենց: Կարճ տեսանյութում լսվում է ոչ միայն Հասանի ձայնը, այլև նրա ուղեկցինը, իսկ վերջում տեսանելի է ընդհուպ ավտոմեքենան, դեպի ուր շարժվում է Հասանը:

Թե ովքե՞ր են Հասանի այդ ժամանակվա ուղեկիցները, և երբ է կատարվել այդ այցելությունն ու տեսանկարահանումը, կփորձենք քիչ անց վերլուծել: Այդուհանդերձ, տպավորություն է, որ նրանք երեքով են (հաստատապես երկուսով), քանի որ սկզբում Հասանին նկարում են ավտոմեքենայից կամ այդ ուղղությունից, իսկ վերջում՝ բնակավայրի կողմից, երբ Հասանը թիկունքով է և ետ է գնում դեպի ավտոմեքենան:

Տեսանյութում նռան հասած լինելը վկայում է, որ տեղանքում աշուն է: Եթե ըստ եղբոր՝ Նայիլի, Հասանը առաջին անգամ 2014-ի հուլիսի սկզբինէր «գնացել» հայրենի գյուղ, ապա նա այդ ամսին հասած նուռ չէր կարող գտնել և ուտել: Առավել ևս, Հասանը մի դեպքում աշնանը Ջաբրայիլում է, մյուս դեպքում՝ ամռանը, Քարվաճառում: Հետևաբար, նկարահանումը կատարվել է նրա նախորդ այցելություններից մեկի ժամանակ: Ու Հասանի ընտանիքում` ծնողներից սկսած ու ավագ եղբորով վերջացրած, դժվար թե կարոտով առաջինը դիտած չլինեին հայրենի գյուղի, տան ու այգու կադրերը:

Պարզ է դառնում նաև, թե ինչու տեսանյութը տարածվեց Հասանի վնասազերծումից հետո: Օրինակ` վերը բերված տեսանյութը youtube-ում ներբեռնվել է հուլիսի 28-ին՝ Հասանի սպանվելուց 17 օր անց: Կրկին հիշենք, որ հուլիսի 16-ին սկսվել էր Հասանի ներկայացումն իբրև «հայրենասեր ջաբրայիլցի», մինչև հուլիսի 24-ը ճանաչվել էր նրա մարմինն ու հայտարարվել էր, թե ԿԽՄԿ-ի միջոցով մարմնի վերադարձի հարցը քննարկումների փուլում է:

Ավելին, այդ նույն օրը հիշյալ տեսանյութն իր օդնոկլասնիկյան էջում տարածողներից մեկը եղել է հենց Նայիլ Հասանովը, ինչը նշանակում է, որ ընտանիքն իսկապես աջակցել է այդ կադրերի տարածմանը, և անշուշտ` ոչ ինքնագլուխ, այլ իշխանությունների հավանությամբ ու խորհրդով: Պատճառը հստակ է՝ քարոզչական դաշտում պետք էր ավելի ամրապնդել այն թեզը, թե Հասանը Ղարաբաղ է գնացել «հայրենասիարկան մղումներով». այդ կերպ ստվերում էր մնում նրա՝ ադրբեջանական ԶՈւ և հետախուզական ծառայություններին պատկանելն ու նրանց առաջադրանքով գնալը:

Դրա համար էլ Նայիլ Հասանովին «հանձնարարվել էր» իր բոլոր հարցազրույցներում Հասանի ծննդյան վայրն ու թիվը շեշտելուց հետո անմիջապես կապ ստեղծել ծննդավայրի հանդեպ նրա «կարոտաբաղձության» և այցելության միջև, նաև հայտնելով, թե «տեղյակ չի եղել» Քարվաճառ գնալու և Շահբազի ու Դիլհամի հետ կապերի մասին:

Բավական է ասել, որ Նայիլը դիվերսանտ եղբոր նման հատուկ սեր է տածել նախկինում Արցախում Դիլհամի և խմբի կատարված նկարահանումների, Հայաստան ներթափանցող ու այնտեղ զվարճանող ադրբեջանցիների սիրողական տեսանյութերի հանդեպ: Այսպես, դեռևս հունիսի 11-ին (երբ Հասանը դեռևս խմբի հետ Արցախ չէր ներթափանցել), Նայիլն իր օդնոկլասնիկյան էջում տարածել է Դիլհամ Ասկերովի ու իր խմբի՝ 2012-ի «այցելության» ժամանակ Քարվաճառի նկարահանումների հիման վրա էմոցիոնալ, սրտաճմլիկ ուղեկցող տեքստով պատրաստված տեսանյութ: Ինչպես կնկատենք հաջորդ մասերում, «գերեզմաններ այցելող տուրիստների» ընտանիքներում նրանցից լուր չի եղել հունիսի 18-ից սկսյալ, ինչպես Շահբազ Գուլիևի եղբայրն է խոստովանել հուլիսի 11-ին:

Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նախկին այցելությունների տեսանյութերը ավելի վաղվանից են թափառում համացանցում, նրանք տարիներ շարունակ բավական հայտնի դեմքեր են եղել Ադրբեջանում (անգամ գիրք է գրվել Դիլհամ Ասկերովի այցելության մոտիվներով ու նրա լուսանկարներով, ինչին դեռևս կանդրադառնանք), հետևաբար Նայիլը իր եղբոր Հասանի նման այդ մասին իմացողների շարքում են եղել:

Դրանից զատ, Նայիլը օգոստոսի 30-ին էլ ֆեյսբուքյան իր էջում հիացական գրառումով (ИРАНСКИЕ АЗЕРЫ ТАНЦУЮТ С АРМЯНКАМИ В АРМЕНИИ../՛İRAN AZƏRİLƏRİ ERMƏNİ QIZLARI İLƏ ERMƏNİSTANDA RƏQS EDİRLƏR!!!) տարածել է youtube-յան մեկ այլ տեսանյութ, որտեղ Իրանի ադրբեջանցիները Սևանի ափին զվարճանում և պարում են հայուհիների հետ: Youtube-ում այն ներբեռնվել է 2013թ. հոկտեմբերի 11-ին: Նայիլ Հասանովի ու նրանց շրջապատի նմանօրինակ վարքագծի նպատակն էր ցույց տալ, թե Հայաստան ներթափանցելը ադրբեջացիների համար (Պարսկաստանի կամ Ադրբեջանի) ամենևին նորություն չէ, մինչդեռ դա մյու կողմից փաստում է, որ նա իմացել է այլոց և իր եղբոր՝ նախկինում Ղարաբաղ ներթափանցումների մասին:

Ինչպես կնկատենք Դիլհամ Ասկերովին նվիրված հետաքննությունից, Նայիլը նաև ստում է, թե լրատվամիջոցներից է իմացել, որ Հասանը սպանվել է: Առաջ անցնելով նշենք, որ Հասանի սպանվելու մասին մինչև հայկական կողմից պաշտոնական հաղորդագրություն տարածելը Դիլհամն է իր մոտ գտնվող հեռախոսով Ադրբեջանում ինչ-որ «բաժանորդների» հայտնել է անցանկալի և շրջադարձային զարգացումների մասին:

Հուլիսյան այդ օրերին խմբի վնասազերծման պատմությանը նվիրված մեր շարքում, երբ Շահբազ Գուլիևը ձերբակալվել էր, Հասան Հասանովը՝ սպանվել, իսկ Դիլհամ Ասկերովը դեռևս փախուստի մեջ էր, ուշադրություն էինք հրավիրել նրան, որ Ադրբեջանի ՊՆ-ն «չէր հավատացել» պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի այն մամլո հաղորդագրություններին, թե խումբը ամբողջությամբ վնասազերծված է. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լեզվի սայթաքում էր ունեցել` հայտարարելով, թե հայկական լրատվամիջոցների հաղորդումներն ու պաշտոնական հաղորդագրությունները հակասում են իրար, և իրենք իրենց աղբյուրներով են ճշտում իրավիճակը: Իսկ նրանց թիվ մեկ աղբյուրը, ինչպես հստակ դարձավ, Դիլհամ Ասկերովն էր, ով հասցրել էր Ադրբեջան հաղորդել վատ լուրը՝ Շահբազը ձերբակալվել է, Հասանը՝ սպանվել:

Ի դեպ, Ադրբեջանում հենց այս հեռախոսազանգերը համարեցին պատճառը, որ հայկական կողմին հաջողվել է ձերբակալել Սոթքի շրջանում Ադրբեջան անցնելու համար հայ-ադրբեջանական սահմանին այդչափ մոտեցած Դիլհամ Ասկերովին:

Ադրբեջանում անգամ մեղադրանքներ հնչեցին Ռուսաստանի հասցեին, թե իբր Մոսկվան այդ զանգերի միջոցով օգնել է հայկական կողմին լոկալիզացնել Դիլհամի գտնվելու վայրը, քանի որ վերջինս Քարվաճառի տարածքում օգտվելիս է եղել շարժական հեռախոսակապի ռուսական օպերատորի ծառայություններից…

Ադպիսով, փաստենք, որ Նայիլը տեղյակ է եղել թե՛ Հասանի՝ նախկինում Արցախ «այցելություններից», թե՛ ավելի վաղ է իմացել իր եղբոր սպանվելու մասին, թե՛ վստահաբար տեղյակ է եղել խմբի մյուս անդամների հետ Հասանի կապի մասին: Պարզապես Բաքվին պետք էր թաքցնել Հասանի մասնագիտությունն ու առաջադրանքը, և նրան ներկայացնել Բաքվում տաքսի քշող վարորդ, ով նաև խանութ ունի մայրաքաղաքի Բինագադի թաղամասում և այդ խանութի համար ժամանակ առ ժամանակ Թուրքիա է այցելում՝ ապրանք բերելու:

Իսկ Հասանի (հաճախակի ճամփորդությունները Ադրբեջանով մեկ, Իրան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, ինչը հավաստող բազում լուսանկարներ նա տարածել է սոցիալական ցանցերում), կենսակերպը (խնջույքներ գեղատեսիլ վայրերում, էլ. փոստում հայտաբերված թանկարժեք սիրուհիներն ու նրանց հետ կապը), երկհարկանի առանձնատունը, իր և եղբայրների տարատեսակ ավտոմեքենանները ամենևին չարքաշ եղանակով ապրելու վկայությունը չեն, շրջապատն էլ՝ տաքսու վարորդի կամ առևտրականի շրջապատ չէ:

Հասանը` զինվորական համազգեստով, իր տան բակում և ավտոմեքենայի մոտ

Դժվար թե նա խանութով ու տաքսի քշելով նման հաճույքների մեջ լիներ: Հարյուրավոր նկարների մեջ այդպես էլ չհաջողվեց գտնել գեթ մեկը, որտեղ նա տաքսու ղեկին է կամ իր խանութում: Նաև հավելենք Ադրբեջանի իշխանությունների նկատելի հոգածությունը նրա և ընտանիքի հանդեպ:

Ավելին, սոցիալական ցանցերում առկա որոշ լուսանկարներ, փաստերի համընկնումներ նույնիսկ թույլ են տալիս թեպետ ռիսկային, բայց որոշակի տրամաբանության ենթարկվող ենթադրություն անել, թե Հասանն ինչպե՞ս, ե՞րբ և ինչո՞վ է հայտնվել Ջաբրայիլում ու կատարել վերը նշված տեսանկարահանումը, որը տարածվեց նրա ընտանիքի միջոցով ու աջակցությամբ: Իսկ դա, համաձայնեք, կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է աշխատում Ադրբեջանի հետախուզությունը:

շարունակություն

  

Մեկնաբանություններ (4)

Ստեփան Սաֆարյան
Հարգարժան Կարեն, իմ նպատակներից մեկն էլ դա է: Ինչպես կնկատեք հաջորդ մասերից, ցավոք այսպիսի բաները Իլհամ Ալիեւին թեւ են տվել, որից լկտիացած էլ մտածեց, որ եթե արդեն ազատ ներթափանցում է հայոց թիկունք, ուրեմն պատերազմ սկսելու ժամանակն է:
Karen
Ստեփան, Նման հոդվածները շատերին կհետաքրքրի: Կարծում եմ նաև այս հոդվածների շարքը կնպաստի, որ ազատագրված տարածքներում ապրողները և տարբեր նպատակներով այնտեղ այցելողները ավելի ուշադիր լինեն անծանոթ մարդկանց տեսնելու պարագայում և անհապաղ կդիմեն զինվորականներին և ոստիկանությանը: Ջաբրաիլում ավտոմեքենայով ադրբեջանցու հայտնվելը շատ բանի մասին է խոսում ցավոք սրտի: Հարգանքով,
Ստեփան Սաֆարյան
Շնորհակալ եմ Կարեն, որ այն ձեզ հետաքրքրել է: Ուրեմն անիմաստ գործ չեմ արել:
Karen
Լավ հոդված է: Շնորհակալություն: Սպասում եմ մնացած մասերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter