HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումն ազդում է գյուղատնտեսության զարգացման վրա

Էմմա Պետրոսյան

«Ապրել գյուղում և չզբաղվել գյուղատնտեսությամբ, նույնն է թե անգործ մնալ»,- ասում է ծաթերեցի Ավետիք Ավետյանը, բայց նաև ավելացնում, որ ներկայիս պայմաններն ամեն կերպ խոչընդոտում են գյուղատնտեսության զարգացմանը:

Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչներից քչերն են հող մշակում, քանի որ գյուղում ոռոջգման ջուր չկա: Դա առաջին լուրջ խոչընդոտն է, բայց նաև շատ այլ հանգամանքներ են խանգարում գյուղացուն զարգացնելու իր տնտեսությունը:

«Մեր գյուղում առաջին լուրջ թերությունը, այսինքն՝ պակասությունը, ոռոգման ջրի հարցն ա հիմնականում: Եթե էդ հարցը լուծվի, գյուղատնտեսությամբ կարելի է զբաղվել, բայց բոլորս էլ գիտենք՝ մենակ ջրով չի հարցը. վառելիքն ա թանկ, պարարտանյութերի ձեռք բերումն ա ժողովրդի մոտ մի քիչ անհնարին, վարկերի էդ տոկոսներն էլ մի կողմից են ժողովրդին խեխդել, դրանում ոչ ոք ոչ մի կասկած չունի ամբողջ հանրապետությունում, մեր գյուղում էլ՝ առավել ևս»,- ասում է գյուղատնտես Ավետիք Ավետյանն ու նաև ավելացնում, որ Ծաթերում մարդ չկա, ով գյուղատնտեսական վարկերից օգտված չլինի:

Հարցն այն է, թե արդյոք այդ վարկերն իրենց նպատակին ծառայել են: Վերջին շրջանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումներն էլ իրենց հերթին գյուղացիների շրջանում խուճապի պատճառ են դարձել:

Ավետիք Ավետյան

«Տուն չկա, որ մի քանի հատ վարկ չունենա, էնա մինը վեր են ունում, որ էն մի վարկը փակեն. տոկոսն էնքան շատ ա: Ինքնըստինքյան տենց ա ըլում՝ ինչքան դոլարի կուրսը բարձրանում ա, էնքան ժողովուրդը տուժում ա: Եթե հնարավորություն ունենան էդ վարկերը մարելու, իգիթ կլեն, եթե հնարավորություն ունենան գոնե տոկոսը մարելու»,- ասում է գյուղատնտեսը:

Մյուս կողմից էլ շուկայական գներն են, որոնց հետ գյուղացիները ստիպված են հաշտվել. վաղուց արդեն գինը ոչ թե ապրանքի տերը, այլ վերավաճառողն է որոշում:

«Շուկան գյուղացունը չի, տանում ես տալի իրանց, վերավաճառք ա: Բազարը ոնց գնա, գինն էլ տենց կլի, խու՞ իրանց ասածից ավել գնով չենք տալիս, չենք կարա, կարող ա մի բան էլ էժան տանք: Հմի տենց ա»,- ասում է Ծաթերի բնակիչ Ալբերտ Պողոսյանը:

Երիտասարդ անասնապահ Սուրեն Ավետյանի անասուններից մի քանիսն էլ այս ամիս գայլերի բաժին են դարձել, մյուսներն էլ չի վաճառել, քանի որ շուկայում ապրանքի դիմաց իր ուզած գինը չեն տալիս:

 «32 գլուխ անասուն ունենք, պահում ենք, որ մի օգուտ անենք, էն էլ չեն կարում անենք. միսը էժան ա, չի ծախվում, էնա պահել ենք, որ հմի էլի տանենք սարը»,- ասում է 20-ամյա Սուրեն Ավետյանը:

Սամվել Վիրաբյան

Ծաթերի գյուղապետի տեղակալ Սամվել Վիրաբյանն էլ նշում է, որ թեպետ կառավարությունն աջակցում է գյուղացիներին՝ սուբսիդավորված պարարտանյութեր տրամարդրելով ու նաև դիզելային վառելիքը համեմատաբար էժան գներով վաճառելով, այնումանայնիվ գյուղամթերքների ներկայիս գները թույլ չեն տալիս գյուղացուն շահույթով դուրս գալ:

«Շահույթ չունի, չի կարողանում օգուտ ունենա, վարկերի, բանկերի հաշվին ա մեր մոտ գյուղատնտեսությունը, էդ վարկերի օգնությամբ են կարում մեր գյուղացիք անասնապահությամբ ու իրենց տնտեսություններով զբաղվեն, դուք էլ լավ հասկանում եք, որ էսօրվա դրությամբ դոլարի կուրսի տատանումների հաշվին գյուղացիք տուժում են. մեծամասամբ դոլարային վարկեր ունեն, բայց 400 դրամով վերցրել են էդ դոլարը, հիմա արդեն 450 դոլար ա, իսկ գյուղատնտեսական մթերքի գինն էլ նույնն ա մնացել»,- նշում է Ծաթերի գյուղապետի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter