HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնակային պայմաններում ապրողների համար ձմեռը աշնանն է գալիս

Հերմինե Վիրաբյան

Ցուրտ ձմեռը Գորիսում ավելի շուտ է գալիս, հատկապես տնակային պայմաններում ապրողների համար: Խնդիրն ավելի է բարդանում 20 տարուց ավելի շահագործվող տնակներում ապրողների համար. դրանք կիսաքանդ են, հազիվ են հողի վրա մնում:

53-ամյա Թերեզա Հակոբյանը տնակային սուղ պայմաններում ապրողներից մեկն է: Պատերազմի պատճառով 1991-ին տեղափոխվել է Գորիս: Հիշում է՝ պայմաններ չկային, ոչ մի աջակցություն: Տնակն էլ ինքն է գտել: «Ազնավուրի նվերն է փախստականներին, իրենք չցանկացան այստեղ ապրել, տարբեր տեղերում ապաստան գտան` մինչ տուն ստացան, իսկ ես եկա իմ ձեռքերով դուռը բացեցի ու մինչ օրս ապրում եմ»:

Տիկին Թերեզան բնակվում է իր 3 երեխաների, ամուսնու և մոր հետ: Ընտանիքի բյուջեն բաղկացած է 2 անչափահաս երեխաների 29.000 դրամ պետական նպաստից, տիկին Լյուդմիլայի 22.000 դրամ թոշակից եւ տիկին Թերեզայի աշխատավարձից: Աշխատում է Քաշաթաղի շրջանի համայնքային հաշվապահ, աշխատանքը կեսդրույքով է, աշխատավարձը՝ 31.000 դրամ: Ընտանիքի բյուջեն մեծ չէ, բայց մեծ են ծախսերը, բացի ամենօրյա անհրաժեշտ ծախսերից` տիկին Թերեզայի որդին` 12-ամյա Սուրենը, ունի առողջական խնդիրներ. սիրտն են վիրահատել: Երեխային մարզում և առողջ ապրելակերպ է հարկավոր: 10-ամյա դուստրը՝ Նանեն, սովորում է 4-րդ դասարանում, դպրոց հաճախելու համար գրենական պիտույքներ են հարկավոր, որոնք թանկ են: Պահանջները շատ են, իսկ միջոցները՝ քիչ:

Տան հոգսը շատ հաճախ 75-ամյա Լյուդմիլա Հակոբյանի ուսերին է: Օգնում է աղջկան ձմռան համար վառելափայտ նախապատրաստելով, գուլպաներ գործելով: Տիկին Լյուդմիլան, չնայած երկար տարիների ոչ ապահով կյանքին, միևնույն է` չի կորցնում լավ օրվա հույսը: Համոզված է` տուն, վերջիվերջո, կստանան. «Մեզ առաջարկում էին 1 սենյականոց բնակարան, բայց 9 հոգի գրանցված ենք, տեղ չէինք անի: Հիմա սպասում ենք 4 սենյականոց բնակարանի»:

Թերեզայի ամուսինն էլ  առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ ընտանիքին չի կարողանում օգնել: Թերեզան նույնպես չի վհատվում, բայց բարկությունը չի  թաքցնում: Նեղսրտում է՝ հասարակ քաղաքացին չունի բավարար պայմաններ արժանապատիվ ապրելու համար. «Ոչ մի պաշտոնյա չի մտածում մեր մասին, ուրիշ ընտանիքներ էլ կան տնակային պայմաններում ապրող, ավելի վատ է իրենց վիճակը: Չի կարելի մարդկանց հետ էսպես վարվել»:

Տիկին Թերեզան հիշում է` երբ նոր էր տեղափոխվել, իրեն փորձում էին հանել տնակից, որոշ ժամանակ անց փորձերը դադարեցին. «Դոմիկից դուրս եկող չեմ, կմեռնեմ, բայց դուրս չեմ գա, մինչեւ տուն չստանամ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter