HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Երեւանում բացվեց առաջին հայ կին օդաչուի և պարաշյուտիստի հուշատախտակը

Առաջին հայ կին օդաչու և պարաշյուտիստ Նինել Ղարաջյանն իր առաջին թռիչքը կատարել է 1935թ. ապրիլի 29-ին Երևանի օդանավակայանում` 600 մ բարձրությունից: Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 25-ին, նա կատարում է իր առաջին ինքնուրույն օդաչուական թռիչքը: Ընդհանուր առմամբ Նինել Ղարաջյանը կատարել է 14 պարաշյուտային և օդանավի 25 ինքնուրույն թռիչք:

Այսօր Երևանում` Խորենացի 26 հասցեում, բացվեց Նինել Ղարաջյանի անվան հուշատախտակը այն տան պատին, որտեղ նա ապրել է 1960 թվականից մինչև իր կյանքի վերջ՝ 2001 թվականը:

Նինել Ղարաջյանի որդին՝ Վալերի Պողոսյանը, հիշում է, որ 1960-ականների սկզբին թերթերից մեկը հոդված էր տպագրել, որտեղ որպես հայ առաջին կին պարաշյուտիստ այլ կին էր ներկայացվել: Ն. Ղարաջյանը վրդովվել էր՝ խմբագրությունից պահանջելով հերքում տպագրել: Հերքմանը փոխարինում է հայ առաջին կին օդաչու և պարաշյուտիստ Նինել Ղարաջյանի մասին պատմող հոդվածը: Վ. Պողոսյանը ժպիտով հիշում է, որ դրանից հետո լրագրողները հաճախ էին այցելում իր մորը՝ խնդրելով պատմել իր թռիչքների մասին:

Վալերի Պողոսյան

«Բայց նա շատ չէր սիրում խոսել դրա մասին, միայն նման առիթների ժամանակ, - ասում է Վ. Պողոսյանը: - Երևի չէր ուզում գլուխ գովել»:

Որպես հայ առաջին կին պարաշյուտիստ և օդաչու Նինել Ղարաջյանի մասին գրվել է նաև 1937թ. հրատարակված «День Мира» (Աշխարհի մեկ օրը) գրքում, որի խմբագիրներն են Մաքսիմ Գորկին և Միխայիլ Կոլցովը:  

Չնայած Նինել Ղարաջյանն ավելի շատ հայտնի է իր կատարած թռիչքներով, սակայն իր կյանքի մեծ մասը նա զբաղվել է մանկավարժությամբ: 1947թ.-ից նա աշխատել է Մանկավարժական ինստիտուտում, եղել է ՍՄԿԿ պատմության կաբինետի վարիչ, դասավանդել է: Մանկավարժական գործունեության սկիզբը նույնպես եղել է հատկանշական: Երբ Նինել Ղարաջյանին և նրա ամուսնուն գործուղում են Սիսիան՝ այնտեղ աշխատելու որպես ուսուցիչ, պարզվում է, որ աէրոակումբում տեղյակ չեն դրա մասին: Այդ պատճառով կոմերիտմիության Երևանի քաղաքային կոմիտեն նրան հեռացնում է կոմսոմոլից, սակայն ՀԼԿԵՄ կենտկոմը դա չի հաստատում:

28 տարեկանում կորցնելով ամուսուն` Նինելը միայնակ է մեծացնում երեք որդիներին: Վալերի Պողոսյանի համոզմամբ՝ մայրը, ում աշխատանքային տարբեր առաջարկներ էին անում, չի հեռացել Մանկավարժական ինստիտուտից, որպեսզի մոտ լինի իր որդիներին. իրենք բնակվում էին ինստիտուտի հանրակացարանում, որը ինստիտուտի շենքի վերեւի հարկում էր:

«Գուցե նրա մասնագիտությունները տարբեր էին: Բայց ուսուցչի աշխատանքը ամենապատվավոր աշխատանքն էր այն ժամանակ, - ասում է Վ. Պողոսյանը: - Մյուս կողմից էլ կար երիտասարդական ավյունը, եռանդը, սխրանք գործելու ցանկությունը»:

Տաթևիկ Պողոսյան

Նինել Ղարաջյանի թոռնուհու՝ Տաթևիկ Պողոսյանի համար նա կին էր, ով ապացուցեց, որ կարելի է համատեղել մասնագիտությունը և ընտանիքը, միաժամանակ լինել պրոֆեսիոնալ և կանացի:

«Նա ինձ համար հերոսուհու կերպար էր, մի կերպար, որին պետք է ձգտեինք: Տատիկս տնային տնտեսուհու կերպար չուներ», - ասում է նա:

Տաթևիկը մասնագիտությամբ տնտեսագետ է: Երևանում սովորելուց հետո կրթությունը շարունակել է Ճապոնիայում, այժմ սովորում է Մաստրիխտի համալսարանի ասպիրանտուրայում: Այն, որ կինն իր դերը պետք է ունենա հասարակության մեջ, կրթություն և մասնագիտություն ստանա, լինի անհատ, ոչ թե պարզապես ընտանիքի մի անդամ, Տաթևիկը տեսել և սովորել է իր տատիկից:

«Ես մեծացել եմ նման տատիկի հետ, ով արդեն այդպիսին էր: Ես ապրում եմ Եվրոպայում, որտեղ նման կերպարներ շատ կան, բայց Հայաստանում քչերն են այդպիսին, հիմա է միայն նրանց թիվն աճում»:

Չնայած Նինել Ղարաջյանն ուժեղ բնավորություն ուներ, կազմակերպված կին էր, բայց թոռնուհու համոզմամբ` նրա վրա մեծ ազդեցություն է թողել հատկապես ամուսինը: Վերջինս է նրան քաջալերել ստանալ բարձրագույն կրթություն, չնայած նա այդ ժամանակ արդեն կատարել էր իր թռիչքները և սովորել օդաչուական դպրոցում:

«Այդ կերպարով եմ առաջնորդվել, որ կարելի է կանացիությունն ու աշխատանքը համատեղել: Զարմանալի է, որ այն ժամանակ կային նման հարաբերություններ, երբ երկու կողմերն էլ հավասար են: Իդեալական ընտանիքի մոդել էին ստեղծել»:

«Երբ խոսում էր պապիկի մասին, երևում էր, որ դեռ սիրում է: Միասեր էր: Այնքան ջերմությամբ էր պատմում ամուսնու և իր ապրումների մասին: Ես հասկացա, որ նրանք շատ մեծ սեր են ունեցել, եղել է մեծ ներդաշնակություն և համախոհներ են եղել», - ասում է Տաթևիկ Պողոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter