HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը չհասցրեց կարդալ ճառը Վարդան Պետրոսյանի գործով

Մոտ 12 միլիոն դրամի պահանջ՝ ընդդեմ Վարդան Պետրոսյանի

Վարդան Պետրոսյանի վերաբերյալ գորրծով այսօր, ինչպես և նախատեսված էր, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում դատախազ Արթուր Սարգսյանը պիտի հնչեցներ մեղադրական ճառը: Սակայն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց, որ դատաքննությունը վերսկսվի, քանի որ իրենք քաղաքացիական հայց են ցանկանում ներկայացնել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, և Ռուբեն Բալոյանն ընթերցեց վնասի փոխհատուցման հայցը, ըստ որի` գումարային հաշվով Վարդան Պետրոսյանից պահանջեց մոտ 12 միլիոն դրամ: 

Այդ գումարի մեջ մտնում են տուժողներից Տաթևիկ Հակոբյանի 2 տարվա վերականգնողական ծախսերը՝ 7 միլիոն 830 հազար դրամ, տաքսի ծառայության համար՝ 1 միլիոն 444 հազար դրամ (Տաթևիկը դեռ չի կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից), դեղահաբերի, թերապիաների, հիվանդանոցային սենյակի, փաստաբանական ծառայությունների համար: Ընդհանուր հաշվով միայն Տաթևիկի համար հայցով պահանջվեց 10 միլիոն 165 հազար դրամ: 

Տուժող Արթուր Հակոբյանի համար հայցում նշված էր 1 միլիոն 145 հազար դրամ: Իսկ մյուս տուժողների պարագայում միայն փաստաբանական ծառայությունների գումարներ էին նշված՝ տուժողի իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և  Աննա Կարապետյանի համար 400.000-ական դրամ, իսկ Հայկ և Էմմա Հակոբյանների համար 250.000-ական դրամ: 

Դատարանին ու պաշտպանական կողմին ներկայացվեցին նաև հայցը հիմնավորող փաստաթղթեր ու ապացույցներ: 

«Երկու երեխա կորել են, կարծես՝ իմ տղան ու աղջիկը կորած լինեն». Վարդան Պետրոսյան

«Ի՞նչ թվերի մասին է խոսքը… ես կյանքս կտամ, եթե իմանամ, որ Տաթևիկը կարող է առողջ վազվզել։ Դուք մոռացել եք, որ իմ ընտանիքը փորձել է զբաղվել Տաթևիկի բուժման հարցերով դեռ փետրվարից։ Գործի քննությունը երբ նոր էր սկսում, քույրս  ասաց, որ ինչ էլ ուզում են` Վարդանին անեն, ինչքան դատեն, միևնույն է, մենք միշտ Տաթևիկի կողքին ենք լինելու… Տաթևիկի բուժումը պետք է սկսվեր դեռ փետրվարից, դա ձգձգվեց։ Հավատացե՛ք ինձ, երկու երեխա կորել են, կարծես՝ իմ տղան ու աղջիկը կորած լինեն։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ: Եթե Տաթևիկը հիվանդ է, հավատացե՛ք, իմ երեխան է հիվանդ, իմացեք իմ աղջիկն է։ Իմ խիղճը մի բան է ուզում, որ Տաթևիկը շուտափույթ առողջանա… Փետրվար ամսին իմ հնարավորություններն ավելի շատ էին։ Իսկ հիմա սուղ են, քանի որ փակված եմ, չունեմ աշխատելու հնարավորություն, դռներ թակելու հնարավորություն։ Ես այսօր պիտի անեմ այն, ինչ ուզել եմ անել վթարի առաջին օրվանից»,- ասաց Վարդան Պետրոսյանը։ 

Որքա՞ն գումար է փոխհատուցել տուժողներին ապահովագրական ընկերությունը

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը 15 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի նաև իր պաշտպանյալի մասնակցությամբ քննարկեն հայցի իրավական հարցերը: Ընդմիջումից հետո Պետրոսյանի փաստաբանները ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե Ռուբեն Բալոյանին վճարված ավելի քան 2 միլիոն դրամը որպես վնասի փոխհատուցում է նշված հայցում, թե որպես դատական ծախս: Հարցի ստույգ պատասխանն այդպես էլ չհնչեց:

«Ես փաստաբաններին ասացի, որ հրաժարվում եմ վճարել փաստաբաններին վճարվելիք գումարը: Միայն իմ բարի կամքն եմ արտահայտում: Ես արդեն 1 տարի 2 ամիս նստած եմ բանտում: Իմ խիղճը թելադրում է Տաթևիկի բուժման ծախսերը հոգալ: Իմ բոլոր քայլերը ուղղված են հաշտեցմանը: Հիշեք, որ այս ամենը ավարտվելու է, Դուք այլևս չեք տեսնելու Բալոյանին, Բաղդասարյանին, նրանք իրենց գործն են կատարում, հեռանալու են, մենք ենք մնալու իրար առջև կանգնած: Հասկացեք՝ Ձեր երեխաներն են, բայց նաև իմ երեխաներն են նրանք»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանը:

Պետրոսյանի փաստաբանները միջնորդեցին, որպեսզի դատարանը դիմի ԱՊՊԱ՝ «Ռոսգոստախ» ընկերություն պարզելու, թե որքան գումար է ապահովագրական ընկերությունը փոխհատուցել տուժողներից յուրաքանչյուրին: Ըստ պայմանագրի, այն պետք է փոխանցի յուրաքանչյուր տուժողի համար 3 միլիոն դրամ, բայց ոչ ավելի, քան 9 մլն դրամ: Արթուր Հակոբյանն ու Նաիրա Հայրապետյանը նշեցին, որ Տաթևիկի համար նախատեսված ողջ գումարը ընկերությունը փոխանցել է բուժման նպատակով՝ վիրահատություն և այլն: Իսկ վերջում Արթուր Հակոբյանին ընկերությունից բանավոր ասել են, որ Տաթևիկի համար նախատեսված գումարը սպառվել է:

Վարդան Պետրոսյանի փաստաբանները փորձում են պարզել՝ արդյոք ապահովագրական ընկերությունը յուրաքանչյուր տուժողի հաշվով փոխհատուցել է Հակոբյաններին, թե ոչ: Դրանից հետո պաշտպանական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը հայցի հետ կապված: Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ պարզել տուժողներին փոխհատուցվելիք գումարների շարժը:

Մեկնաբանություններ (1)

Հարութ
Էդ տուժողներն ինչու՞ չեն ասում, թե արդենիսկ քանի տասնյակ հազար դոլար են ստացել Վարդանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter