Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հարստության ավազաններ. Հայաստանի ջրամբարները



Հայաստանը հայտնի է իր քաղցրահամ ջրի պաշարներով (Սեւան, 100-ից ավելի համեմատաբար փոքր լճեր, շուրջ 9480 գետ, 80-ից ավելի ջրամբար, ստորգետնյա ջրեր), սակայն միաժամանակ տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղից բարձր դիրքի պատճառով մակերեսային ջրերը միայն հեռանում են (եթե հաշվի չառնենք սահմանային Արաքսի ու Ախուրյանի՝ այլ երկրներից եկող վտակները, որոնք չեն մտնում ՀՀ): Արաքսի ու Կուրի ավազաններին պատկանող մեր գետերի ջրերը վերջնարդյունքում հայտնվում են մեզ ոչ բարեկամ արեւելյան հարեւանի տարածքում:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության՝ Հայաստանի ջրային ոլորտի հոսքի բալանսն այսպիսին է: Միջին տարեկան մուտքը 19,7 մլրդ խմ է (տեղումներ, սահմանային ջրեր, ստորգետնյա հոսք, այդ թվում՝ ներծծված ջրեր): Ելքի մեջ, որը նույնպես 19,7 մլրդ է, մեծ թիվ է կազմում գոլորշիացումը, ավելի քան 6 մլրդ խմ ջուր ՀՀ-ից դուրս է գալիս գետերով, որոնք ծնվում են տեղումներից ու ստորգետնյա ջրերի մի մասից, սահմանային ջրերը ինչպես գալիս, այնպես գնում են: Ստորգետնյա ջրերի մնացած մասն էլ արտահոսում է այն բանից հետո, երբ բնական կամ արհեստական ձեւով դուրս է գալիս մակերես՝ մարդու կարիքների համար:

Ստորգետնյա ջրերի մեր պաշարները գնահատվում են 4 մլրդ-ից մի փոքր ավելի: Իսկ մակերեսային պաշարների մեջ խոշորագույն աղբյուրը Սեւանա լիճն է, որը շուրջ 33 մլրդ խմ ծավալ ունի:

Ջրի հոսքի կարգավորման լավագույն միջոցները՝ ջրամբարներ 

Ինչպես երեւում է վերը բերված աղյուսակում, սահմանային ջրերից ու գոլորշիացումից զատ, Հայաստանը տարեկան ունի 7,3 մլրդ ջուր օգտագործելու հնարավորություն (գետային եւ ստորգետնյա ջրերի ելք): Սակայն մասնագետները (ճարտարագետ Գեորգի Գեւորգյան, «Հայջրնախագծի» ղեկավար Յուրի Ջավադյան) նշում են, որ կարողանում ենք օգտագործել առավելագույնը 2-2,3 մլրդ-ը: Մնացածը հեռանում է:

Սեւանի ռազմավարական նշանակության ջուրը եւ ընդհանրապես մեր երկրի մակերեսային ջրերը հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար Հայաստանում դեռ խորհրդային տարիներից ինտենսիվորեն կառուցել են կուտակման համակարգեր՝ ջրամբարներ: Այսօր մեր երկրում դրանց ընդհանուր տարողությունը շուրջ 1,4 մլրդ խմ է:

Բայց իրականում ջրամբարաշինությունը Հայաստանում սկսվել է ոչ թե խորհրդային տարիներին, այլ շատ ավելի վաղ: Ջրամբարի կարեւորագույն բաղադրիչը պատվարն է, որի միջոցով պատնեշվում է ջրի հոսքը՝ այդպես կուտակվելով թասի մեջ: Սովետական հանրագիտարանի համաձայն՝ մեր երկրում պատվարներ կառուցվել են դեռեւս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: 3 պատվարներ հայտնաբերվել են Էջմիածնի շրջանում, որոնց բարձրությունը 2-3 մ է, երկարությունը՝ 150-300 մ: 336-343-ին կառուցված պատվարի հետքեր են հայտնաբերվել Աբովյանի տարածաշրջանում՝ Գողթ գետի վտակ Կիզիլ-Չայի վրա, որի բարձրությունը եղել է 9 մ, երկարությունը՝ 560 մ: Հետաքրքիր է, որ այս վերջին ջրամբարը մինչ օրս օգտագործվում է: Խոսքը Գեղարդավանքից արեւելք գտնվող Վիշապալճի կամ Վանքի լճի մասին է, որը նաեւ հայտնի է իբրեւ Գեղարդալճի ջրամբար:  

Գեղարդալճի ջրամբարը (Վիշապալիճ)

Վերջնական կառուցված քանի՞ ջրամբար կա Հայաստանում: Այս հարցին ոլորտի մասնագետները տարբեր թվերով են պատասխանում. 72, 74, 76, 80, 87: Քարտեզագրելու ընթացքում հասկացանք, որ դրանք, այդուհանդերձ, 80-ից ավելին են (կառուցված ու անավարտ ջրամբարներին կանդրադառնանք մեկ այլ հոդվածում): Սրանցից 6-ը (Սպանդարյան, Տոլորս, Անգեղակոթ, Շամբ, Ախպարա, Արգել) էներգետիկ նշանակության են (առաջին 4-ն օգտագործվում են Որոտանի կասկադի, իսկ մյուս 2-ը՝ Սեւան-Հրազդան կասկադի կազմում), մյուսները՝ ոռոգման:

Հայաստանի 10 ամենամեծ ջրամբարները

Ինչպես ասվեց, կառուցված ջրամբարների ընդհանուր ծավալը 1,4 մլրդ խմ է, սակայն այս թիվը վերապահումով պետք է ընդունել: Պատճառն այն է, որ ՀՀ ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը (525 մլն խմ), որի կառուցման մասին ԽՍՀՄ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել 1973-ին, կիսում է ջրերը ՀՀ-ի ու Թուրքիայի միջեւ: Այսինքն՝ ամեն մեկին բաժին է հասնում 262,5 մլն խմ ջուր: ՀՀ տարածքում գտնվող մի շարք համեմատաբար խոշոր (10 մլն խմ-ից ավելի) ջրամբարներ չեն շահագործվում տարբեր պատճառներով:

Ախուրյանի ջրամբարը` երկնքից

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի հարեւանությամբ գտնվող Ջողազի ջրամբարը (45 մլն խմ), որով ժամանակին ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի շրջանները, նաեւ ադրբեջանական հողեր, այժմ հակառակորդի գերիշխող դիրքերի շնորհիվ գտնվում է նրա վերահսկողության տակ: Ջրամբարի դիրքն ավելի ցածր է, եւ ջուրն օգտագործելու համար ժամանակին պոմպակայան էր գործում: ՀՀ ջրային պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի ճարտարագետ-հիդրոտեխնիկ Համլետ Հարությունյանն ասում է, որ հիմա ուզում են հիդրոմեքենա դնել՝ գոնե 10 տոկոս ջուրը բարձրացնելու համար, քանի որ Իջեւանում, օրինակ, որոշ գյուղեր իսկապես շատ վատ վիճակում են: Իջեւանում ու Նոյեմբերյանում, ըստ Հարությունյանի 4800 հա հող կա, որ Ջողազի ջրերի կարիքն ունի:

Ջողազի ջրամբարը. առաջին պլանում` Բերքաբեր գյուղը, հեռվում` ադրբեջանական Մեզեմ բնակավայրը

Սակայն Ջողազ մտնող ջրերի մի մասը մեզ մոտ պահելու տարբերակ կա: Խոսքը Ոսկեպար համայնքից 18 կմ հեռավորության վրա գտնվող Կարմիր գյուղի ջրամբարի մասին է, որը նախագծվել է Ջողազ թափվող Ոսկեպար գետի հունում: Ըստ Հ. Հարությունյանի՝ կառուցված են ջրամբարին մոտեցնող ճանապարհները, ելքերը, որոնցով պետք է ջուրը հեռանա: Ջրամբարի տարածքը մաքրված է: Այն ունենալու է 8,5 մլն խմ ծավալ: Չնայած ժամանակին պատվարի 6 մետրը կառուցվել է (ըստ նախագծի՝ 54 մ պիտի լինի), Հարությունյանի համոզմամբ, այն պիտի քանդվի. «Երկրաշարժից հետո սեյսմիկ ուժերը մեծացել են, նոր հաշվարկներ ենք անում, իսկ 6 մետրը կոպեկ է ջրամբարի գնի համեմատ: Քանի անգամ բարձր տեղերում ասել եմ, որ դա միակ հնարավորությունն է, որ մենք Ջողազի ջրի գոնե 10 մլն-ը պահենք էստեղ, իսկ դա թույլ կտա մեզ ջրել Նոյեմբերյանի բոլոր հողերը»: Մասնագետն ասում է, որ Ջողազ թափվող մյուս գետի՝ Կիրանցի (Քարահան) վրա էլ կարելի է ջրամբար կառուցել, բայց պետք է հաշվի առնել էկոլոգիան, քանի որ տարածքն անտառապատ է: Բայց մյուս կողմից էլ, հավելում է, ուրիշ տարբերակ չկա: Օրինակ՝ անտառների մեջ ժամանակին այդպես կառուցվել է Այգեձորի (Խնձորուտի, Քոլագիրի) ջրամբարը, որը հայտնի է նաեւ Ծիլի-ծով անունով:   

Իջեւանի տարածաշրջանի հողերը ոռոգելու համար նախագծվել է Պաղջրի ջրամբարը՝ 14 մլն խմ ծավալով: Դեռ միայն տարածքն է մաքրված, շինարարություն չի սկսվել: «Եթե սարքենք այդ ջրամբարը,- ասում է Համլետ Հարությունյանը,- հնարավորություն կտա Իջեւանի հողերը ջրել ինքնահոս եղանակով: Հիմա դրանք ինքնահոս եւ մեխանիկական են ջրվում՝ մեխանիկական ջրի 1 խմ-ի ծախսը կարող է հասնել 100 դրամի, իսկ ինքնահոսը՝ 7, մաքսիմում՝ 10 դրամ: Հսկայական տարբերություն կա»:

ՀՀ ջրամբարներից ներկայում չի լցվում, մասնավորապես, Արագածոտնի մարզի Հալավարի ջրամբարը (5,5 մլն խմ): Քանի որ  թասի երկրաբանական անբարենպաստ պայմանների պատճառով տեղի է ունենում ջրերի զգալի կորուստ, ըստ Հ. Հարությունյանի, որոշվել է ջրերը բաց թողնել Քասաղ գետ, այնտեղից էլ՝ Ապարանի ջրամբար: Կառավարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի ճարտարագետ Գեորգի Գեւորգյանն իր հոդվածներից մեկում նշել է, որ չի օգտագործվում 26 մլն խմ ծավալ ունեցող Հերհերի ջրամբարի ջուրը, որը Արփայով հոսում է դեպի Նախիջեւան: Իսկ պատճառը պոմպակայանի չաշխատելն է: Ըստ Գեւորգյանի՝ 25-30 մլն դոլար ներդնելու դեպքում կարելի է 29 կմ-ոց ջրագիծ կառուցել ու ինքնահոս եղանակով ոռոգել Եղեգնաձորի գյուղերի զգալի մասը՝ 2700 հա: 

Հայաստանի ոռոգման ցանցը ողբալի վիճակում է. մասնագետներն են ասում

 Տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը մեր ջրատար համակարգի ներկա վիճակը ողբալի է գնահատում՝ շեշտելով, որ ջրի արտահոսքը շատ է: «Եթե մենք խելոք կառավարենք մեր ջրերը, մեզ բոլ ու բոլ է: Սովետի ժամանակ ջրատար արդյունաբերություն ունեինք, խմելու ջուրը կոպեկներ արժեր, երկու անգամ ավելի մակերես էինք ոռոգում»,- ասում է նա: Նմանատիպ տեսակետ է հայտնել Գ. Գեւորգյանը՝ նշելով, որ եթե այսօր մոտ 2 մլրդ ջուր ենք օգտագործում, 25-30 տարի առաջ այդ թիվը մոտ 4 մլրդ էր: «Հիմա չոռոգելու պատճառով ունենք հողերի աղակալում, Արարատյան դաշտավայրի՝ կամաց-կամաց անապատացման տեսարան, անգամ եթե բուսականությունը նայեք, կտեսեք, որ անապատին բնորոշ է, հողի մակերեւույթին երեւում է: Դա միայն ջրամբարներից չէ, ոռոգման ցանցի անսարքության հետեւանք է, որ այդքան ջրի կորուստ ենք ունենում»,- հավելում է Ք. Հովհաննիսյանը: Բայց, իհարկե, ջրամբարներն էլ խնդիրներ ունեն: Խոսքը, մասնավորապես, դրանց թասերում առաջացող ճեղքերի, խոռոչների մասին է, որոնք կոչվում են հարամիներ, եւ որոնցով ջուրը «փախչում է»: Ք. Հովհաննիսյանն ու Հ. Հարությունյանը իբրեւ հարամիներով հայտնի առաջնահերթ նշում են Ապարանի ջրամբարը: Նման խնդիրներ ունեն նաեւ Վարդաքարի (Հոռոմի) ու Կառնուտի ջրամբարները: Հովհաննիսյանը հոռետես է խորշերը փակելու կամ կալմատացիա անելու հարցում, ասում է, որ դրա համար անհրաժեշտ ցեմենտը կարելի է վաճառել:


Ապարանի ջրամբարը

Այնինչ Հարությունյանը շեշտում է, որ պարբերաբար շահագործողների կողմից (ջրամբարները եւ մյուս համակարգերը պետական սեփականություն են ու կցված են ՀՀ ջրային պետական կոմիտեին, սակայն անհատույց օգտագործման են տրվում շահագործողներին. մելիորատիվ ջրամբարներն օգտագործում են «Սեւան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ները, որոնք կոմիտեի համակարգում են, ջրօգտագործող ընկերությունները՝ ՋՕԸ-ները) աշխատանքներ են կատարվում` քարով, բետոնով անցքերը խցանելու համար, քանի որ հատկապես երբ ջուրը շատ է լինում ջրամբարում, ուժեղ ճնշում է գոյանում, ու կորուստներն էլ մեծ են լինում: Այս աշխատանքների համար բյուջեում գումար է նախատեսված:   

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի ճարտարագետ Գեորգի Գեւորգյանն ավելի կտրուկ է արտահայտվում. «Ցանկացած ՋՕԸ-ի մասնագետի հարցնում ես` քանի հա ես ոռոգել, ինչքան նորոգում կամ կապիտալ նորոգում ես արել, բոլոր տեղերում նույն պատասխանն է հնչում` «այսքան փող ենք հավաքել»: Իսկ դա նշանակում է, որ ոլորտը շահագործողը չի պատկերացնում իր աշխատանքը: Նա մտածում է, որ փականը բացելիս ոչ թե պետք է ջուրը հոսի, այլ փողը գա: Այսկերպ հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել: Դրա արդյունքում է, որ ավելի քան 1-1,5 մլրդ խմ ջուր պակաս ենք օգտագործում: Ոռոգման մակերեսների նվազման հաջորդ հիմնական պատճառը ոռոգման ցանցերի շարքից դուրս գալն է, դրանց չգոյությունը, որի ուղղությամբ ոչինչ չի արվում: Ինչ վերաբերում է պոմպակայանների չգործելուն, միակ պատճառը էլեկտրական հոսանքի թանկ լինելն է: Բայց հասկանանք եւ ընդունենք, որ հոսանքը մեր ունեցած ջրից թանկ չէ: Մինչդեռ դրանց չաշխատելու հետեւանքով մեր պետական, ազգային հարստություն ջուրը հոսում է հանրապետությունից դուրս, ոռոգում այլոց այգիները»: 

Սեւանի՝ 170 մլն խմ ամրագրված ջրառը փոփոխվել է 4 անգամ 

Հայտնի է, որ ՀՀ գյուղատնտեսության ու կոնկրետ Արարատյան դաշտավայրի գլխավոր ջրատուն Սեւանա լիճն է, առանց որի ջրի անհնար է պատկերացնել, մասնավորապես, ոռոգման ոլորտը մեր երկրում:

Սեւանա լճից ջրի տարեկան բացթողումների առավելագույն քանակը սահմանվում է օրենքով: Ամրագրող օրենքը, որ կոչվում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տերական ու համալիր ծրագրերը հաստատելու մասին», ընդունվել է 2001-ին եւ ուժի մեջ մտել 2002-ի հունվարի 1-ից: Օրենքով Սեւանից տարեկան ջրառի առավելագույն շեմ է ամրագրված 170 մլն խմ-ն: Ակտում, սակայն, նաեւ նշվում է, որ «տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ»:

Սեւանա լիճը

2002-ից ի վեր ջրառի մասին կետը փոփոխվել է 4 անգամ: 2008-ի հունիսին նախ որոշվեց 170 մլն-ն դարձնել 240 մլն խմ: Նույն տարվա օգոստոսին, հիմնավոր համարելով պնդումները, որ 240 մլն-ն էլ է քիչ, կառավարության առաջարկով ԱԺ-ն թույլատրեց մինչեւ այդ տարվա վերջ վերցնել առավելագույնը 360 մլն խմ: Երրորդ անգամ 2012-ին փոփոխվեց 170 մլն խմ չափաքանակը: Այդ տարի, որը նույնպես հայտարարվեց սակավաջուր, Սեւանից վերցվեց 320 մլն խմ: Չորրորդ փոփոխությունը կատարվեց այս տարվա հունիսին. Սեւանից մինչեւ տարեվերջ թույլատրվեց վերցնել 270 մլն խմ ջուր: Ընդ որում՝ սկզբում առաջարկվում էր 240 մլն, սակայն այդ թիվը հետո մեծացվեց: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սեւան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի (մտնում է ՀՀ ջրային պետական կոմիտեի կառուցվածքի մեջ) տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասել էր, որ իրենք են դիմել՝ 240-ը 270 դարձնելու համար, քանի որ հունիսին՝ ԱԺ-ում օրինագծի երրորդ ընթերցման ժամանակ, պարզվել էր, որ ոռոգման համար նախատեսված ջուրը շատ ավելի քիչ է: Գլխավոր պատճառները սրանք էին. Արարատյան դաշտավայրը սնող Սեւջուր, Հրազդան գետերը, Ապարանի ու Ազատի ջրամբարները սակավաջուր են, ստորգետնյա ջրերի մակարդակն իջել է, ինչի հետեւանքով շատ հորեր ու աղբյուրներ այլեւս չեն ինքնաշատրվանում: Ջրի սակավությունը խնդիրների է հանգեցրել ջրանցքներում ու պոմպակայաններում: Նշվում էր, որ ջրի խնդիր կա նաեւ Սեւան-Հրազդան էներգետիկ կասկադում: Բնապահպաններն ահազանգում էին, որ Սեւանի ջրի 80 տոկոսը ոռոգման համակարգի մաշվածության պատճառով գյուղացուն չի հասնում, սակայն Ս. Հովհաննիսյանը նշել էր 30-40 տոկոս (270 մլն խմ-ից), այսինքն՝ 81-108 մլն խմ ջուր:      

Ինչու՞ ջրամբարներով հարուստ Հայաստանը նորից հույսը դրեց Սեւանի վրա

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը չի կիսում այն տեսակետը, որ անցնող տարին խիստ չորային էր. «Իմ գնահատմամբ միջին տարի էր Հայաստանի համար, երաշտ չասենք, կարող է մի քիչ չորային էր, բայց ոչ երաշտ: Եվ դա չի նշանակում, որ Սեւանը պետք էր բաց թողնել»: Ըստ Հովհաննիսյանի` ջրամբարների ջուրն այս տարի կբավականացներ մեզ, սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ քիչ են լցվել: Ջրաբանն ասում է, որ ոչ թե եղանակից, այլ ջրամբարները սխալ շահագործելուց եղավ դա: Որպես գլխավոր պատճառ նշում է հէկերի ինտենսիվ կառուցումը ջրամբարներից դուրս եկող գետերի վրա, որոնք, փաստորեն, յուրացնում են գյուղացուն հասանելիք ջուրը: Մյուս կողմից, Հովհաննիսյանի փոխանցմամբ, հէկերի բիզնեսը շատ ձեռնտու է, քանի որ ներդրումը բավականին արագ է վերադարձնում:

«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանն էլ նշում է, որ ջրամբարից դուրս եկող ջրի վրա հէկ թույլատրվում է կառուցել այն կետից ցածր, որտեղից սկսվում է ոռոգման գիծը: Սակայն իրականում դժվար է ասել, թե այս նորմը որքանով է պահպանվում:

«Սեւանից բաց թողնված ջուրն իբր ուղղվել է դաշտերը, բայց ես միշտ խոսել եմ գյուղացիների հետ, ովքեր ասում են, որ արտեզյանով են ջրել: Համոզված եմ, որ այս տարվա աժիոտաժը պատրվակ էր»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը, ով Սեւանից 170 մլն խմ-ից շատ ջուր վերցնելու մի քանի իրական պատճառ է պատկերացնում: Առաջին. լճի ջուրը բարձրանում է ավելի արագ տեմպերով, քան պատկան մարմինները նախատեսել էին: Իշխանավորները, նրա բնորոշմամբ, վախենում են, որ իրենց առափնյա առանձնատները կմնան ջրի տակ: Երկրորդ. ճանապարհների ու հեռահաղորդակցության միջոցների` ջրի տակ մնալը նույնպես ֆինանսական ծախս է ենթադրում, չնայած հավելում է, որ եթե Որոտան-Արփա-Սեւան  թունելով տարեկան մոտ 400 մլն խմ ջուր պիտի լցվի լիճ, այս տարի Արփան բերել է 140 մլն խմ: «Ամենամեծ պատճառը՝ լրացուցիչ ջուրը բաց է թողնվում հէկերով, որից ստանում են մաքուր շահույթ, որն ուղիղ օլիգարխների, պատգամավորների գրպանն է գնում»,- եզրափակում է մասնագետը:

Ջրամբարների ջուրը հատել է մեռյալ հորիզոնը

Ինչպես վերը նշվեց, այս տարի մեր ջրամբարները քիչ են լցվել: Բանը հասել է նրան, որ ջրօգտագործողները սկսել են վերցնել նաեւ դրանց մեռյալ մակարդակի ջուրը:

Ջրամբարների ընդհանուր ծավալը, 
որպես կանոն, բաժանվում է
երկու մասի.
օգտակար, որը
օգտագործման ենթակա
ջրի ծավալն է,
եւ մեռյալ, որը ենթակա չէ օգտագործման: 
Մեռյալ ծավալը, որն ընդգրկում է
թասի ստորին`
հատակամերձ հատվածը,
տեսականորեն համարվում է
անօգտագործելի,
քանի որ այն
ժամանակի ընթացքում
լցվում է ջրի բերած
տիղմով, ավազով, քարերով:

Ըստ Ք. Հովհաննիսյանի` այս տարի մեր շատ ջրամբարներում ջրի մակարդակն իջել է մեռյալ հորիզոնից, ինչն անհանգստացնում է նրան: Ասում է, որ դա արվել է թե հէկերի, թե ոռոգման համար ջուր բաց թողնելու արդյունքում: Նույն Ապարանի ջրամբարում, որն 91 մլն խմ ընդհանուր ծավալ ունի (81-ը` օգտակար, 10-ը` մեռյալ), ջրաբանի ասելով, անցնող տարում մնացել էր 5-7 մլն խմ, այսինքն՝ մեռյալ հորիզոնից իջել էր:

Սակայն ՀՀ ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ի աշխատակից Համլետ Հարությունյանը այստեղ ողբերգություն չի տեսնում: Ճարտարագետ-հիդրոտեխնիկը շեշտում է, որ ջրամբարները նախագծվում են 75 տոկոս ապահովությամբ: Այսինքն` եթե կոնկրետ ջրամբարը շահագործվելու է, ասենք, 100 տարի, պետք է նկատի ունենալ, որ գումարային հաշվարկով 25 տարի այն լցվելու խնդիր կունենա: Հարությունյանը համաձայն չէ Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե այս տարի մեր ջրամբարները լցվել են 30 տոկոսով: «Մոնիտորինգի տվյալներով՝ այդքան քիչ չի եղել: Ախուրյանն է շատ քիչ լցվել՝ 525 մլն-ի փոխարեն՝ 220 մլն»,- ասում է նա:   

«Մենք՝ հայերս, ջրամբարի մեռյալ մակարդակն օգտագործում ենք, քանի չի մեռել: Հատուկ սարքեր ենք տարել՝ Ապարանում էլ կա, Ազատում էլ կա. գալիս է ոռոգման սեզոնը, ջուր է պետք, բայց մեռյալ հորիզոնին է հասել: Վտանգ չկա դրա մեջ, դա պիտի լցվեր, բայց չի լցվել (նկատի ունի մեռյալ ծավալը տիղմով, ավազով ծածկվելը- հեղ.): Ինչքան հնարավոր է, վերցնում ենք: Օրինակ` Ապարանի ջրամբարի մեռյալ հորիզոնն ասում են օգտագործիր, որ Սեւանից ջուր բաց չթողնեն: Դա հիմնականում օգտագործվում է աշնանացանին եւ խաղողը թաղելուն, պետք է ջրեն, որ խաղողները ծածկեն»,- բացատրում է Հ. Հարությունյանը:

Ջրամբարներում անօրինական կերպով են ձուկ պահում

Համլետ Հարությունյանը շեշտում է, որ ջրամբարներում ձուկ աճեցնել չի թույլատրվում շատ պարզ պատճառով. դրանց ջուրը օգտագործվում է ոռոգման կամ էներգետիկ նպատակներով, եւ, մասնավորապես, մելիորատիվների պարագայում չորային սեզոնի ժամանակ ամենեւին էլ չի բացառվում նաեւ մեռյալ ծավալի օգտագործումը, ինչը նշանակում է ձկան ոչնչացում: Մյուս կողմից, ըստ Հարությունյանի, ձուկ աճեցնողներն իրենց արտադրական լճակներում ձուկը հավաքելու համար իջեցնում են ջրի մակարդակը, ինչը ջրամբարում անելն ուղղակի անթույլատրելի կլինի:   

Գեղիի ջրամբարը

Սակայն այս տարվա ապրիլին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ժամանակին Գեղիի ջրամբարում 300.000 ձկնիկներ էր լցրել, որոնք հեռացել էին 2009-ի վթարի ժամանակ: Հակոբյանն ասել էր, որ նախատեսում են թե իրենց, թե անհատների կողմից ձկան աճեցում ջրամբարում: Ահա մի օրինակ, թե ինչպես են անտեսվում ջրամբարի շահագործման կանոնները:

Գեղիի ջրամբարի մասին Համլետ Հարությունյանն ասում է, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի նախագծած այս կառույցը պետք է էներգետիկ նշանակության լիներ, սակայն հետո սկսեց շահագործվել իբրեւ մելիորատիվ, եւ այսօր ոռոգում է Կապանի տարածաշրջանի հողերը: Այդուհանդերձ, պատահական չէ, որ տեղացիներից շատերը այս կառույցը գիտեն իբրեւ ԶՊՄԿ-ի ջրամբար: Բանն այն է, որ կոմբինատն այստեղից ջուր եւ հոսանք է ստանում: Ջրամբարից շատ ավելի վեր` Գեղիի նույն ձորում, այսօր գործում է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի կոմբինատը, որին շահագործման իրավունքով պատկանում է Հանքասարի հանքավայրը: Նշված ընկերության 100 տոկոսի փայատերը հենց ԶՊՄԿ-ն է: Մինչեւ վերջերս «Լեռ-Էքս»-ի արտանետած ջրերը թափվում էին Գեղի` ջրի հոսանքով հասնելով ջրամբար, այնտեղից էլ` ոռոգվող հողերին: Արտանետումը կանխելու համար ԶՊՄԿ-ն խողովակաշար անցկացրեց կիրճով, որով «Լեռ-Էքս»-ի ջրերը պիտի հասնեն մինչեւ ԶՊՄԿ-ի պոչատար, դրանով էլ` Արծվանիկի պոչամբար: Շեշտենք, որ արդյունաբերական այս հսկան է նաեւ Գեղիի ջրամբարից դուրս եկող ջրերով աշխատող «Գեղի փհէկ-1» փոքր հէկի տերը:     

Հ.Գ. Թե ներկայում ինչ ջրամբարներ են կառուցվում Հայաստանում, որն է դրանց նպատակը, որոնք են մեր երկրի կառուցված եւ անավարտ ջրամբարները, ինչ ապագա ծրագրեր կան ջրամբարաշինության ասպարեզում, կանդրադանանք առաջիկայում:

Առաջին լուսանկարում` Կեչուտի ջրամբարը «մարգարիտկա» ջրթափով

Շարունակելի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ