HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաթեր համայնք. փոքր բյուջե

Էմմա Պետրոսյան

Լոռու մարզի Ծաթեր համայնքի ամենատարեց բնակչի՝ 90-ամյա Կառլեն Արսենյանի երեխաները շատերի նման մեկնել են արտագնա աշխատանքի:

«Երիտասարդ ա, ուզում ա լավ ապրի, չի կարում, գնում ա Ռուսաստան, որ ընդեղ ապրի: Ոչ մեկին էլ չենք մեղադրում, ամեն մարդ չարչարվում ա` իրա գլուխը մի կերպ պահի: Տղես գնացել ա` ընդեղ ա ապրում, ամուսնացել ա, ընդեղ էլ ապրում ա: Փեսեն գնացել ա իր համար աշխատում ա, փողը ուղարկում ա, չի ուղարկում` չգիտեմ, իրեն երեխեքն էլ ինձ մոտ են, ես էլ թոշակ եմ ստանում, յոլա ենք գնում էլի»,- ասում է Կառլեն Արսենյանը:

Գյուղապետարանի տվյալներով՝ Ծաթեր գյուղը հաշվառված 393 բնակիչ ունի, գյուղապետի տեղակալ Սամվել Վիրաբյանի խոսքով` բնակիչների թվի նվազում անընդհատ է նկատվում: Տարեկան 3 ծնունդի դիմաց ամենաքիչը 5-6 մահ է արձանագրվում գյուղում, մահացողների թիվը հասնում է անգամ 10-ի: Նախորդ տարվա համեմատ` այս տարի բնակիչների թիվը նվազել է 5-ով, այդ թվում արտագնա աշխատանքի մեկնողներն են, որոնք արդեն պատրաստվում են նաև իրենց ընտանիքներին տեղափոխել Ռուսաստան մշտական բնակության:

«Էս վերջերս էդքան համատարած հեռացողներ չկան, բայց մի քանի տարի առաջ անգամ ընտանիքներով ահագին մարդ է դուրս եկել, էսօր արդեն Ռուսաստանում են, կայացած մարդիկ են, իրանց սեփական բիզնեսով: Նույնիսկ գյուղում եթե ինչ-որ մի հատ ծրագիր է ընթանում, փողի անհրաժեշտություն է լինում ներդնելու, օգնում էլ են, ֆինանսապես ներդրումներ են անում»,- ասում է գյուղապետի տեղակալը:

Ծաթերի բնակիչ Ալբերտ Պողոսյանի խոսքով՝ գյուղացին այնքան շահույթ չի ստանում, որ կարողանա ընտանիք պահել:  «Դե, աշխատանք չկա, էդ ա էլի հիմնականում: Գյուղատնտեսությունովն են զբաղվում գեղացիք, ուրիշ ի՞նչ տեն անի: Գյուղացու գործն էդ ա: Եթե ապրուստին նայեն, ապա երիտասարդները երբեք էլ ընտանիք չեն կազմի»,- ասում է Ա. Պողոսյանը

Վերջին շրջանում նվազել է նաև Ծաթերի հիմնական դպրոցի աշակերտների թիվը: Դպրոցը 36 աշակերտ ունի: Դասարանների մեծ մասը կոմպլետկտ է, 5-րդ և 9-րդ դասարաններ ընդհանրապես չունեն: Դպրոցի տնօրեն Իրինա Դավթյանն այդ հանգամանքը վերագրում է Ծաթերում ծնելիության մակարդակի նվազմանը, ինչպես նաև գյուղից երիտասարդ  ընտանիքների արտահոսքին: Այս տարի դպրոցը 3 առաջինդասարանցի է ակնկալում, սակայն դպրոցի տնօրենը վստահ չէ, որ մինչև  նոր ուսումնական տարվա սկիզբ այդ թիվը կպահպանվի: «Անցյալ տարի տեղափոխվել են քաղաք էդ ընտանիքները, ու դժվար է ասելը՝ առաջին դասարանցիներ կունենա՞նք, թե՞ ոչ: Երիտասարդությունը շատ է, բայց աշխատանք չլինելու պատճառով չեն ամուսնանում: Հետո մեծ մասը Ռուսաստան են գնացել, տենց ընտանիքներ էլ ունենք, որ դպրոցական երեխեք ունեն, բայց արդեն Ռուսաստան են»,- ասում է տնօրենը:

Ծաթեր համայնքում աշխատատեղեր գրեթե չկան: Գյուղապետարանի վարչական կազմում 6 աշխատող կա, որոնց աշխատավարձերի վրա էլ ծախսվում է բյուջեի մեծ մասը: Համայնքի բյուջեն մոտ 10 մլն դրամ է: Գյուղի բյուջեն այնպիսին է, որ Ծաթերում մեծ աշխատանքներ իրականացնել չի հաջողվում: Դեռևս գարնանը համայնքում սկսվել են հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները: Գյուղի հին բաղնիքի շենքը հիմնանորոգվել է «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության միջոցներով: Ըստ պայմանագրի՝ հանդիսությունների սրահի ստեղծման ծախսերի մի մասը հոգալու էր «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ը, մյուս մասը՝ համայնքապետարանը: Կազմակերպությունը պայմանագրի իր մասը կատարել է, 10 մլն դրամ է տրամադրել, որով էլ հիմնանորոգվել է շենքն ու անհրաժեշտ գույք ձեռք բերվել: Հանդիսությունների սրահի կառուցումն ամբողջությամբ պետք է արդեն ավարտված լիներ, սակայն համայնքապետարանը պայմանագրի իր մասը դեռևս  չի կարողանում իրագործել. պատճառը համապատասխան միջոցների բացակայությունն է:  

«Խնդիրն այն է, որ «Քաունթերփարթ»-ն իր բոլոր պարտավորությունները կատարել է, իսկ մեր ներդրումը շատ մեծ գումար էր կազմում՝ մոտ 12մլն դրամ: Համայնքը դա ի վիճակի չի վճարի: Էսօրվա դրությամբ մենք ունենք մարզպետի երաշխիք-նամակը այդ կազմակերպությանը, որ մարզպետարանը կներդնի էդ գումարը»,- ասում է Ծաթերի գյուղապետի տեղակալ Սամվել Վիրաբյանը:

Գյուղի բյուջեն անգամ չի բավարարում, որպեսզի ամեն տարի ներհամայնքային ճանապարհների փոսային նորոգումներն իրականացվի:

Մեկնաբանություններ (1)

․․․․
Դպրոցի տնօրենի անունը Աննա է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter