HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր կարող են պայմանական ազատվել. Յուրի Վարդանյանի որդին ազատազրկման վայրում չէ

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ 30-ամյա Դավիթ Վարդանյանը, ազատության մեջ է: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատություն: Մամուլում տարածած այս լուրը «Հետքի» հետ զրույցում հաստատեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Դավիթ Վարդանյանը պատիժ է կրել «Գորիս» ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Դավիթ Վարդանյանին օգտագործելու նպատակով հաշիշ ձեռքբերելու և մաքսանենգություն կատարելու մեջ` դատապարտելով 4 տարվա ազատազրկման (ՔՕ հոդված 215 մաս 2, հոդված 268  մաս 3): Դավիթն այդ ժամանակ արդեն մեկ տարի կալանքի տակ էր:

Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել Իրանում առանց իրացնելու նպատակի 106 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց ձեռքբերելու համար, որից 7 գրամ թմրամիջոցը նա փաթաթել էր ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել էր ձեռքի պայուսակում և 2013-ի հոկտեմբերի 12-ին մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով՝ Հայաստանի պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել էր Հայաստան:

Հարցին, թե ինչ հիմքով է Դավիթ Վարդանյանի նկատմամբ կիրառվել պայմանական ազատում, արդյոք նա մասնակցել է որևէ միջոցառման, սովորել բուհում, աշխատել, մասնակցել կրթական, ստեղծագործական ծրագրերի, ստացել խրախուսանքներ, ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ Դավիթ Վարդանյանը դրական է բնութագրվել:

Մինչդեռ քրեակատարողական հիմնարկներից պարբերական են դատապարտյալների բողոքները, որոնք պնդում են, որ պայմանական  վաղաժամկետ չեն կարողանում ազատվել: «Հետքին» դիմած դատապարտյալ Արամ Գասոյանն, օրինակ, ամուսնացել էր բանտում, կին, երեխաներ, հիվանդ մայր ունի: Սակայն Արամն արդեն 7 անգամ մերժում է ստանում ու չի կարողանում ազատվել: Արամի նման շատերը կան բանտերում, ում նկատմամբ համառորեն ու անհասկանալի կերպով չի կիրառվում պայմանական ազատումը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ վաղաժամկետ ազատություն էր վերադարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիսը, ով 2004 թ.-ին մեղադրվել է իր համաքաղաքացի, 2 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանի դիտավորյալ սպանության մեջ (դանակի 12 հարվածով), որը կատարել է իր մյուս հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ: Մայիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 7 տարի անց՝ 2011 թ.-ին, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ Էյները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Սպանության մոտիվը եղել է այն, որ Հովհաննեսը, մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյներ Խաչատրյանին, կպել է նրա ուսին, ինչից էլ վեճ է սկսվել, երիտասարդը գազանաբար սպանվել է դանակի 12 հարվածով 2004 թ.-ի փետրվարի 29-ի գիշերը:

Մեկնաբանություններ (5)

hasmik
Մուսոլինին էլ էր սերժ սարգսյանի նման, իր շրջապատին թույլատրում էր ամեն ինչ, իսկ մյուսներին օրենքի ամենադաժան ձևով էր պատժում, տեսանք ինչ եղավ
ՀԱՅՈՒՀԻ
Ես էն գլխից հպարտացել եմ Յուրիկ Վարդանյանով որպես շտանգիստ (հայերեն ինչպես են ասում՝ ծանրաբարձ՞), բայց ինչ անենք, որ նրա որդին է, օրենքի առաջ բոլորը պիտի հավասար լինեն, եթե նրա տղան թմրադեղերի գործում բռնվել է, ուրեմն պիտի պատիժը կրի, ինչպես կկրեր յուրաքանչյուր ուրիշ մեկը։ Իսկ եթե մեր արդարադատությունը մարդուն դրական բնութագիր տալու շնորհիվ կարող է բաց թողնել, ապա միթե՞ դրական բնութագիր չեն կարող տալ Վարդան Պետրոսյանի, Սողոմոն Քոչարյանի, Մհեր Ենոքյանի և շատ ուրիշների համար, ի՞նչ անենք, որ նրանց հայրերը աշխարհի չեմպիոն չեն։ Հայաստանից մի օր վերանալու է՞ այս ջոկովի արդարադատությունը։
Հակոբ Զաքարյան
Հարգելի ՀԱՅՈՒՀԻ, հայերեն շտանգիստին ասում են ծանրորդ կամ ծանրամարտիկ։ Ափսոս, որ այս կեղտոտ բիծը հավերժ պիտի մնա հայ ազգի պարծանք Յուրի Վարդանյանի կենսագրության վրա, լավ զավակ չի կարողացել դաստիարակել ամերիկաներում, շատ էլ որ չնստեց տղան, դա նրան չի փրկի վարկաբեկվելուց։
բոբո ձաձա
Մեկնաայ սենց այլանդակ կիսակենդանակերպների պատճառով էլ ժամանակին ցեղասպանություն տեղի ունեցավ,-հիմա բացատրեմ... բա դուք կարծում եք սրանց նման հայհոյանքի արժանի կերպարներ չկային էն ժամանակ? կային, էն էլ ինչքան կային, այ սրանք շան թուլի պես գզել են, գզում են ու գզելու են մեր խեղճ ու կրակ ժողովրդին, բա թուրքն էլ տեսավ , որ մի բուռ ազգի կեսից ավելին տականք են, դրեց ու խզզարեց (նենց չի որ արդարացնում եմ թրքերին, ամենեվին) , վատն էն ա ,որ թե սենց շարունակվեց, մի փոր էլ են մեզ խզզարելու, բայց էս անգամ թարս յանից.....բանությունը...
Վեհարի
Գազանաբար սպանող և սեպի պես իշխանության մեջ խրված տկարամիտ գազաններին նույն սեպով է անհրաժեշտ հանել կամ ոչնչացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter