HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես չեմ սպասում պետության կողմից գնահատականի»

Ղարաբաղի Ակնաբերդ գյուղի կաթնագույն, ավազի նմանվող ճանապարհով քայլում ենք: «Եղնիկների» Զարզանդ Մարտիրոսյանի տուն ենք գնում: Մեզ ուղեկցում է նրա կինը՝ Վիոլետա Հակոբյանը: Նա գյուղի մանկապարտեզի տնօրենն է: Ճանապարհին հարցուփորձ է անում մեզ, նախապես ասում, որ եթե մնալու տեղ չունենք, իրենց տանը մնանք: Խոսակցությունը կրճատում է դեպի նրանց տուն տանող ճանապարհը: Մենք հասնում ենք այն տան մոտ, որը նախկինում եղել է «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի շտաբը: Դարպասի դուռն առանց ճռռոցի բացվում է: Բակում հավերը գույնզգույն կետերի պես ցիրուցան են եղել: Լուսանկարիչ Հակոբին տեսնելով՝ ազատամարտիկի դեմքի գծերը ձգվում են, աչքերի մոտ հավաքվում է մանր կնճիռների փունջ: Ժպտում է:

Բակում դրված սեղանի շուրջ էլ սկսում ենք զրուցել: Հակոբն ասում է, որ դիմանկարների շարք ենք անում ազատամարտիկների մասին, թե 20 տարի անց ինչ է փոխվել իրենց կյանքում: Զարզանդը չի պատասխանում, կնոջը խնդրում է սեղանը բացել, մի կոտր հաց դնել: «Ես խոսող չեմ, Հակոբ»,- քիչ անց պատասխանում է նա: Հակոբը շարունակում է, թե գիտի, որ իրենք խոսել չեն սիրում: Ու ես մտածում եմ, թե նա որերորդ ազատամարտիկն է, որ նույն պատասխանն է տալիս, ինչո՞ւ են կռված տղերքն այդքան քչախոս: Դա` լավագույն դեպքում:

Մինչ մեր զրույցը տիկին Վիոլետան սուրճ է պատրաստում, աստիճաններով բարձրանում եմ տուն՝ մի բաժակ ջուր խմելու: Հյուրասենյակի պատին Մռավ լեռան նկարն է և «Եղնիկների» հրամանատար Շահեն Մեղրյանի լուսանկարը: «Զարզանդն է դրել»,- խոհանոցից ավելացնում է նրա կինը:

Երբ փողը կարևոր չէ

Մեր խոսակցությունը կամաց-կամաց սկսվում է հավաքվել մի թելի վրա: Հարցնում եմ՝ ո՞նց է ստացվել, որ մասնակցել է պատերազմին: «Ո՞նց կարելի է բացատրել դա: Մարդու մեջ բնականություն պիտի լինի»,- ասում է «Եղնիկների» նախկին զինվորը: Ես լռում եմ, որովհետև նրա սակավախոսության մեջ ասելիքը գնալով խտանում է: «Էն ժամանակ վիճակը վատ էր, եկա, ուղարկեցին կուրսերի «ԲՄ-21»-ի վրա՝ «Գրադ» կոչվող կայանի: Ուղարկեցին Լաչինի միջանցք, 1992 թիվն էր, հետո երբ հետ եկա տուն (Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից է- հեղ.), տեսա ընտանիքս շատ վատ վիճակում է, վերցրեցի, 93-ին 3 ամսով գնացինք Մոսկվա: Փողի համը տեսա: Ընենց միջավայրում էի, որտեղ սաղ շահումյանցիներ էին»,- պատմում է նա:

Ասում է՝ լավ փող էր աշխատում, բայց խեղդվում էր ներսում՝ իմանալով, որ պատերազմը շարունակվում է: 1993 թ.-ի ապրիլին գնում է «Եղնիկներ»: Սերգեյ Չալյանը նրան ծանոթացնում է Զինավորիչի հետ (այդպես էին դիմում Շահեն Մեղրյանին): Վերջինս էլ նրան ասել էր, որ «Գրադը» պիտի օգտագործի ինքը: Այդ ժամանակ էլ ծրագրում էին Գյուլիստանը հետ վերցնելու գործողությունը: Սակայն ապրիլի 17-ին ուղղաթիռի խոցվելու արդյունքում Շահեն Մեղրյանը զոհվեց:

«Եղնիկների» վրեժը

«Եղնիկների» հիմնական գործը դիվերսիաներ անելն էր: Հետախուզութունը միշտ շրջանաձև էին անում, որպեսզի շփոթության մեջ գցեին հակառակորդին: Զարզանդ Մարտիրոսյանի համար լայնամասշտաբ մարտական գործողություններից ամենահիշվողը Ադրբեջանում հայտնի Գերանբոյի գումարտակի ոչնչացումն էր: Զրուցակիցս ասում է, որ այդ գումարտակի շտաբը գրավելուց հետո են իմացել, որ Գերանբոյի գումարտակն է եղել: Դա արել են Շահումյանի անկումից ուղիղ մեկ տարի անց՝ 1993-ին հունիսի 12-ի գիշերը:

Ազատամարտիկը պատմում է, որ ադրբեջանցիներն օրեցօր հենակետեր էին ավելացնում, խրամուղիներ, կրակակետեր («դզօտ»՝ деревоземляная огневая точка) պատրաստում Դաստագիրում: 

«Մենք գրոհայիններով 24 հոգի էինք, որ պիտի մի գումարտակի դեմ դուրս գայինք: Երբ գործի մեջ մտանք, շատ ծանր էր: «Դզօտ»-ները չէինք կարողանում վերցնել, գնդացիրներով կրակում էին մեզ վրա: Եթե մի վայրկյան կանգնեինք, իրենք հասկանալու էին, որ շատ քիչ էինք թվով: Վերջն ի՞նչ ասեմ՝ սկսեցինք կրակ տալ, Վահեն (ազատամարտիկ Վահե Բաղդասարյանը- հեղ.) էդ ընթացքում մոտեցավ առաջին բլինդաժին, պուլեմյոտչիկին խփեց, պուլեմյոտչիկը լռեց, որ լռեց, մենք սկսեցինք հարձակվել»,- հիշում է Զարզանդը՝ ավելացնելով, որ Դաստագիրում ադրբեջանցիները մի խրամատ էին սարքել, որի վրա գնդացիրները տարբեր ուղղություններով էին դրել՝ շրջանաձև: Ասում է՝ իրենք այն եզրակացության եկան, որ հակառակորդն ամեն կողմից վտանգ էր սպասում:

«Այդ օրը մենք տվել ենք 3 վիրավոր և մեկ զոհ՝ Վահեն: Իսկ թուրքերը… Չգիտեմ, 40-քանի դիակ եմ հաշվել, բայց հնարավոր չէր հաշվել, հետո մենք չէինք կարող մեր տեղափոխած զինամթերքով գործ անել իրենց վրա, ստիպված պիտի վերցնեինք իրենց զենքերը»,- նշում է զրուցակիցս, հետո ասում, որ հետագայում է իմացել է, որ Գերանբոյի գումարտակից մոտ 20 հոգու հերոսի կոչում են տվել:

Ադրբեջանցիները մինչև Մատաղիս էին նահանջել: Զարզանդն ասում է, որ իրենք ստիպված էին խփել այդ ուղղությամբ: 93 թ. հունիսի 16-ին հարձակվել են Մատաղիսի վրա՝ ընկնելով օղակի մեջ. «Ամեն տեղից խփում էին, բայց չէինք նահանջում մինչև երկու ամիս, երբ Ղարաբաղի բանակը հասավ մեզ, իրենց տվեցինք մեր դիրքերն ու անցանք ուրիշ գործողությունների»: 

1994-ի մայիսի 12-ի հրադադարի մասին Զ. Մարտիրոսյանն իմացել է Չայլուի դիրքերում: Նրա խոսքով՝ պատերազմի վտանգ միշտ էլ լինելու է, քանի դեռ ապրում է թուրքը: Հետո շեշտում է, որ եթե ինքն ուրիշ բան սպասի թուրքից, սխալ կլինի:

Մարդ, ում նմանին այլևս չի հանդիպի

Մեր զրույցի ընթացքում նշում եմ, որ իր տան հյուրասենյակում տեսա Մռավ սարի և «Եղնիկների» հրամանատարի լուսանկարը: Հարց չեմ փորձում տալ, ուղիղ նայում եմ նրան: Մեղմ ժպտում է: Ասում՝ Մեղրյանի պես մարդ դժվար թե հանդիպի էլի: Եթե իրենց հրամանատարը ողջ մնար, ոչ միայն Շահումյանը, այլև Գանձակը (Գյանջան) հետ կվերցնեին: «Նա լայնամասշտաբ էր մտածում, ոնց որ հետևին էլ աչքեր ունենար: Նա իմ հոգեբանությունից դուրս չի գա... Երբեք»,- ասում է «Եղնիկների» նշանառուն: Թեև 10 օր է տեսել Զինավորիչին, բայց դա էլ բավական էր նրա պես հրամանատարին գնահատելու համար:

Պատերազմից 20 տարի անց

Թե ինչ է փոխվել պատերազմից այսքան տարի անց, ասում է՝ 20 տարի անց իրար հետ նստել-զրուցում ենք: Հրադադարից հետո՝ մայիսի 27-ին, ընտանիքի հետ տեղափոխվել է Ղարաբաղ: Այդ ժամանակ երեխաները փոքր էին՝ 3 և 7 տարեկան: Գյուղում դպրոց են գնացել, հիմա բնակվում են Երևանում, արդեն ամուսնացել են: «Հիմա թոշակառու եմ, խաղող եմ աճեցնում, մուսկատ գինի եմ պատրաստում, հոկտեմբերին կլինի»,- նշում է նա:

Ղարաբաղ գալուց առաջ Զարզանդը Երևանում էր ապրում, որտեղ տեղափոխվել էր Հերհերից. «Չէի պատկերացնում, որ պատերազմը վերջանալուց հետո էլի պիտի գնայի քաղաք: Ես քաղաքի տեղ չեմ տվել, հեր չեմ ունեցել, ստիպված եմ տեղափոխվել Երևան, հիմա էստեղ ավելի լավ եմ զգում ինձ, քան Երևանի իմ բնակարանում»:

Զարզանդի մեջ մի տեսակ դառնություն կա, որ միայն մեր զրույցի վերջում հասկացա: Երբ հարցնում եմ, թե այսօր ինչ առավելություններ է տալիս պատերազմին մասնակցելը, նեղանում է և ասում. «Ես փող աշխատելուց եմ եղել, որ եկա, ո՞նց կարող է առավելություն սպասեի: Ցավալի է, որ էդպիսի հարց եք տալիս ինձ: Ես չեմ սպասում պետության կողմից գնահատականի: Այդ գնահատականները ոչ մի տեղ պետք չեն»: Նա մինչ օրս էլ չի հասկանում, թե իր գործի նույնիսկ կեսի չափը չարած մարդիկ ինչպես են գնահատվում, շքանշաններ ստանում: Երբեմն չի հաշտվում այդ իրողության հետ: «Հակոբ, իսկ ինչո՞ւ էին տվել կենտրոնական բազան ինձ: Որովհետև ամենավտանգավոր տեղն էր»,- սա լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ուղղված հարցն էր:

Խնդիրն այստեղ նույնիսկ շքանշանները չեն: Զարզանդի պես կռված տղաները մնում են ստվերում, որովհետև հիմա ինքնահռչակ հերոսների ժամանակն է, որոնց անցյալի մասին առայժմ լռում են իրական հերոսները:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Karen
Դու իսկական ԶՒՆՎՈՐ ես եղբայր: Դրանից մեծ էլ ինչ կոչում? Գլուխդ բարձր պահիր.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter