HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղ, թե ուշ լուրերի թողարկումներում հնչելու է այս նախադասությունը

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Այսօր ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»

Հավատում եմ, որ մի օր լուրերի թողարկումներում հնչելու է այս նախադասությունը. «Այսօր ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ապացույցների անբավարարության հիմքով»: Հավատում եմ, պայքարում, սպասում, մոտեցնում Օրը:

«Հետքից» ուղարկված քաղվածքներում կարդում եմ, թե արտերկրում ինչպես են ծանրագույն հանցանքների մեջ մեղադրված դատապարտյալներ ազատություն վերադառնում տասնյակ տարիներ անց գործերի վերանայումների շնորհիվ: Ոգևորվում եմ այդ պատմություններով: Դրանք ինձ ուժ են տալիս առաջ գնալու:

19 տարի առաջ քննված քրեական գործում այնքան չփարատված կասկածներ կան, որոնք պետք է մեկնաբանվեին հօգուտ ինձ: Այդպես է սահմանված օրենքով: Իմ վերաբերյալ մահապատժի դատավճիռը մինչ օրս կասկածելի է մնում փաստաբանների, մասնագետների ու քրեական գործին քաջատեղյակների համար: Սակայն մինչ օրս, արդեն 19 տարի համապատասխան պաշտոնատար անձինք խուսափում են պաշտոնապես իրավական գնահատական տալ այս դատավճռին: Կարծես դրանով ուզում են ասել, որ դատաիրավական համակարգը չի կարող սխալվել, որ անմեղը չի կարող հայտնվել բանտում, իսկ հանցագործը՝ մնալ ազատության մեջ: Սա այն դեպքում, երբ իմ գործով հիմք է ընդունվել գործի ելքով շահագրգիռ անձի, մյուս մեղադրյալ, իրական մարդասպանի՝ Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինը: Նա 3 տարի է՝ վայելում է ազատությունը:

Միակ խնդրանքը, որ ունեմ, գործի վերանայումն է: 19 տարի դրա մասին եմ բարձրաձայնում: Եթե չկա թաքցնելու որևէ բան, որն իր մեջ պետական գաղտնիք պարունակի, ինչու՞ չվերանայել այս քրեական գործը, որով այժմ արդեն հանգուցյալ դատավոր Զինավոր Ղուկասյանն ինձ՝ 20-ամյա երիտասարդիս, դատապարտեց մահապատժի՝ չունենալով որևէ ապացույց: Դատական սխալի շտկմամբ համակարգը կշահի հանրության վստահությունը, մարդիկ կտեսնեն, որ արդարությունը մեր երկրում էլ կարող է հաղթել: Իսկ այժմ վստահ եմ, որ քաղաքացիները տեսնում են, որ օրենքը օգնում է իշխանական «թիկունք» ունեցողներին, եթե անգամ նրանք ակնհայտ հանցանք են գործել, փոխարենը դաժան պատժում «անտերներին», եթե անգամ ոչ մի հանցանք էլ չեն գործել (պարզապես իրավապահները բացահայտված գործերի ցուցանիշ են ապահովում):

Իմ խնդիրը բարձրացնելով՝ ես բարձրացնում եմ համակարգային խնդիր: Մասնավորից դեպի ընդհանուրն եմ տանում մտքիս թելը, քանի որ ես միակը չեմ, ով դատական սխալի հետևանքով է բանտում: Վստահ եմ՝ էլի մարդիկ կան, ովքեր չարած հանցանքի համար են այստեղ: Բայց նրանցից շատերը միգուցե չեն գտնում պայքարելու ռեսուրս կամ չեն հավատում, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, հիասթափվում են՝ տեսնելով, թե ինչպես է մեր երկրում օրենքը ընտրովի գործում ու անընդհատ կրկնում են. «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին հայկական ասացվածքը:

Բայց թե՛ այստեղ, թե՛ կլոր գերեզմանոցից դուրս՝ ֆիզիկական ազատության մեջ կան եզակի պայքարողներ, ովքեր անկախ ամեն ինչից՝ չեն ընկճվում անհաջողություններից, շարունակում են դռներ թակել, եթե բացող չկա, իրենք են ելքեր փնտրում, նոր դռներ ստեղծում կամ եղունգներով քերում անտարբերության պատերը: Ես ինձ տեսնում եմ նրանց մեջ:

Հ.Գ. Հիշո՞ւմ եք՝ այս ասացվածքի մասին հոդված էի գրել, նաև հարցրել էի լեզվի մասնագետներին, թե կա՞, արդյոք, մեկ այլ լեզու, որտեղ լինի «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» ասացվածքի համարժեքը: Եվ ահա բանասեր, կինոգետ Արծվի Բախչինյանն ինձ է ուղարկել «Անգլերեն առածներ ու ասացվածքներ» գրքույկը: Մի լավ ուսումնասիրեցի, բայց չգտա մեր ասացվածքի համարժեքը, չգտա նաև անարդարության մասին ասացվածքներ: 

Մեկնաբանություններ (8)

Մարի
Սիրելի Մհեր, իմացած եղիր, որ քո ճակատագրով մտահոգված բազմաթիվ մարդիկ կան, ովքեր միշտ չէ, որ արտահայտվում են և նկատվում: Վստահ եմ, որ նրանցից շատերը եթե անգամ չի հավատում արդարության կայացմանը քո գործում, ապա վստահ եմ, որ ՓԱՓԱԳՈՒՄ են քո ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ, դրանց թվում եմ և ես արդեն այն օրվանից, ինչ համակարգիչ ունեմ, և որի շնորհիվ պատահաբար ցանցում տեղեկացա քո ապշեցնող ցավալի ճակատագրին և նրա անհասկանալի մանրամասներին /նկատի ունեմ դատավարություն/: Քեզ ուժ, լավատեսություն, առողջություն, որոնք դու ունես, միացնում եմ և մերը: Դու վեհ անձ ես և վստահ եմ, որ հրաշալի ուժեղ մարդու օրինակ ես շատեին: ՊԻնդ կաց և քայլ առ քայլ, համառորեն մոտեցրու օրը: Ես էլ եմ սպասում, որ այդ օրը գալու է:
ՀԱՅՈՒՀԻ
արդարությունը մեր երկրում էլ կարող է հաղթել - ինչ այս իշխանություններն են, նման բան կլինի՞, տղա ջան։ Շա^տ եմ ուզում որ լինի, ասեք ես ինչ անեմ, ես էլ իմ եղունգներով քերեմ անտարբերության պատերը
ՀԱՅՈՒՀԻ
Զարուհի Մեջլումյան ջան, ինչ անենք որ իրավաբանական կրթություն չունեք, փոխարեն շատ իրավաբաններից ավելի լավ եք տիրապետում դաշտին։ Մի քիչ առողջականս լավանա, մի օր գալու եմ ձեր ճակատը պաչեմ
Հակոբ Զաքարյան
Ես վաղուց հետևում եմ Մհեր Ենոքյանի գրածներին, միշտ ուզել եմ արձագանքել, բայց միշտ մի բան խանգարել է, նախ հայկական կլավիատուրա չունենալը, հետո ուզում էի հարյուր տոկոս համոզվել, որ այս երիտասարդի հետ իսկապես անարդար են վարվել։ Եվ վերջին խայտառակ դեպքերի ֆոնին ես համոզվեցի, որ այո, մի երկրում, որտեղ մարզպանի որդին կարող է մարդ սպանել ու մի օր չնստել, մարդ առևանգածին կալանքից ազատել, իսկ ավտովթարի մեջ ընկած ընդիմադիր դերասանին տարուց ավել բանտում պահել, որտեղ մարդուն կարող են ծառից կախել ու գործը կոծկել, որտեղ ազատամարտիկներին կարող են բանտարկել և այլն, և այլն, ուրեմն նման երկիրը շատ հեշտ ու հանգիստ կարող է մեկ հոգու ցուցմունքով մարդու ցմահ բանտ նստացնել։ Շնորհակալություն Հետքին, որ բաց է անում մեր աչքերը։
Զարուհի
Հարգելի ՀԱՅՈՒՀԻ, միշտ կարդում եմ Ձեր մեկնաբանությունները, ուրախ եմ, որ կարդում եք մեր հոդվածները: Շնորհակալ եմ գնահատանքի համար: Մեր հոդվածներով ցանկանում ենք հանրության ու պետական մարմինների ուշադրությունը բևեռել վաղուց լուծման սպասող շատ խնդիրների: Համառում ենք, որ իրավիճակ փոխվի:
Զարուհի
Հարգելի Լևոն Բաղդասարյան, զգացված եմ բարձր գնահատանքի համար: Ես իրավաբանական կրթություն չունեմ: Ես լրագրող եմ, ով բարձրացնում է իրավական խնդիրներ: Եզակի իրավաբաններից եք, ով արձագանքել է արդարադատությանը առնչվող, վաղուց լուծումներ պահանջող այս խնդիրներին, իմ հրապարակումներին: Շնորհակալ եմ...
Լևոն Բաղդասարյանwww.levgroup.am
Այսօր լրագրող Զարուհի Մեժլումյանի ծննդյան տարեդարձն է,որն իր մասնագիտական ուրույն լուման է ներդնում ենթադրյալ անօրինական դատապարվածների,այդ թվում՝Մհերի խախտված իրավունքների պաշտպանության գործում:Ծնունդդ շնորհավոր,հրաշալի մարդ,բարձրակարգ մասնագետ:
Գագիկ
Բայց թե՛ այստեղ, թե՛ կլոր գերեզմանոցից դուրս՝ ֆիզիկական ազատության մեջ կան եզակի պայքարողներ, ովքեր անկախ ամեն ինչից՝ չեն ընկճվում անհաջողություններից, շարունակում են դռներ թակել, եթե բացող չկա, իրենք են ելքեր փնտրում, նոր դռներ ստեղծում կամ եղունգներով քերում անտարբերության պատերը: Ես ինձ տեսնում եմ նրանց մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter