HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Եվրասիական ընտրությունն արդարացնելու միֆերը-2

սկիզբը 

Միֆ N2

ԵՏՄ-ին անդամակցությունը լավագույն լուծումն է Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար  

Սա ԵՏՄ անդամակցության պայմանագիրը վավերացնելու քաղաքական որոշման, կամ ավելի ճիշտ` այդ որոշման ընդունումն արդարացնելու մեխն է: Իրականում, սակայն, ԵՏՄ-ն բացարձակապես չի երաշխավորում ո́չ Հայաստանի և ո́չ էլ առավելևս Արցախի անվտանգությունը: Եվ խնդիրը բացարձակապես այն չէ, որ ԵՏՄ-ն անվտանգության խնդիրներով զբաղվելու որևէ ուղղակի մանդատ չունի, հետևաբար ինքնին այս կառույցին անդամակցությունն անմիջականորեն նման երաշխիքներ չի կարող տալ:

Դրա ներքո հասկացվում է բացառապես Ռուասաստանին չհակադրվելու մղման զուգորդումը Ուկրաինայի օրը չընկնելու մտավախության հետ: Այս միֆը զարգացնողներն անուղղակիորեն հաստատում են, որ ԵՏՄ-ին անդամակցությունը բնույթով Հայաստանի բռնակցում է, այն էլ ոչ թե ԵՏՄ-ին, այլ միայն Ռուսաստանին՝ անվտանգության երաշխավորման իրավապայմանագրային հանձնառություններից ու պարտավորություններից վերջինիս հրաժարվելու բացահայտ սպառնալիքի ներքո:

Եվ այնքանով, որքանով սա բնույթով բռնակցում է, արդեն իսկ ոչ մի կերպ հնարավոր չէ համարել Հայաստանի իրական կամարտահայտման կամ սուվերեն որոշման արդյունք: Սա մոտավորապես նման է նրան, որ մարդուն հասցնում են ինքնասպանության, բայց առաջնորդվում ինքնասպանի ձեռքում մնացած՝ սեփական կամքով կյանքին վերջ տալու մասին գրությամբ: Բայց արդյո՞ք անգամ այդ պարագայում Ռուսաստանը մնում է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը:

«Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն ասում է, թե Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է գնալ ցանկացած զիջման՝ հանուն իր շահի: Այսինքն՝ եթե այդ շահը թելադրի Ադրբեջանին զիջել Լեռնային Ղարաբաղը, Մոսկվան կանի դա՝ նորից Հայաստանին այլընտրանք չթողնելու փաստի առաջ կանգնեցնելով: Եվ այստեղ որևէ նշանակություն չի ունենալու Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամ լինելը: Դրանում համոզվելու համար, ի դեպ, պարտադիր չէ հղում կատարել քաղաքագետներին: Բավական է միայն Ռուսաստանի պահվածքը և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը վերլուծել հենց անվտանգության ապահովման մանդատ ունեցող կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Մոսկվան չի արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի որևէ դեպքի: Հյաաստանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալուց հետո Մոսկվան երբևէ չի հայտարարել ԼՂՀ-ի ճակատում պատերազմի վերսկսման և դրանում Հայաստանի անխուսափելի ներգրավման պարագայում վերջինիս օգնություն ցուցաբերելու պատրաստակամության կամ պարտավորության մասին, ինչը հզոր զսպող ազդակ կարող էր լինել Ադրբեջանի և Թուրքիայի համար:

Ռուսաստանն, իհարկե, Հայաստանին զենք է վաճառում իր ներքին սպառման կամ գործարանային գներով: Բայց փորձենք համեմատել այդ զենքի մաշվածության աստիճանը Ադրբեջանին վաճառվող գերժամանակակից հարձակողական զինտեխնիկայի հետ: Իրականում համեմատության որևէ եզր չկա: Ինչ վերաբերում է սպառազինմանը, ապա իրականում Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռությունը պահպանելու համար զինում է ոչ թե կամ ոչ այնքան Հայաստանին, որքան Հայաստանում տեղակայված և օր-օրի ընդլայնվող սեփական ռազմաբազան: Զինտեխնիկայի հիմնական մասը, որը մտնում է Հայաստան, նստում է ոչ թե Հայաստանի զինուժի, այլ ռուսական ռազմաբազայի հաշվեկշռին: Մինչդեռ ինքնին ԵՏՄ-ն լրջագույն խոչընդոտներ կարող է ստեղծել Հայաստանի համար այլ աղբյուրներից և մատակարարներից զենք-զինամթերք ներկրելու հարցում, եթե նկատի ունենանք, որ այդ դեպքում Հայաստանը ստիպված է լինելու շատ ավելի բարձր մաքսատուրքեր վճարել: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին անդամակցությունն ավելի շատ կարող է դառնալ Հայաստանին ռուսական մաշված, կիրառությունից հանելու ենթակա զինտեխնիկայից կախվածության մեջ գցելու սեղմօղակ:

Միակ բանը, որը կարելի է ակնկալել Ռուսաստանից, և որը Հայաստանում նույնացվում է անվտանգության երաշխիքների հետ, վստահությունն է, որ Ռուսաստանը երբեք ստրատեգիական նախապատվությունը Ադրբեջանին կամ Թուրքիային չի տա կամ անգամ տալու պարագայում այս տարածաշրջանում պատերազմի վերսկսում թույլ չի տա: Այսինքն` անվտանգության իրական երաշխիքի դերը հայաստանյան իշխանության համար կատարում են ոչ թե այդ երաշխիքն առարկայացնող գործոնները, այլ կույր հավատը հյուսիսային մեծ եղբոր հավասարակշիռ քաղաքականության նկատմամբ: Թե որքան ամուր կարող է լինել այդ վստահությունը, հարկավոր է ընդամենը թերթել Հարավայի Կովկասի 1918-1922թթ. պատմությունը:

Հետաքրքրականն այն է, որ սեփական ընտրությունն արդարացնելու համար Հայաստանի իշխանությունը անվտանգություն հասկացությունը նեղացնում և համապատասխանեցնում է բացառապես ռազմականի սահմաններին:  Լեզվամշակութային, քաղաքական և տնտեսական գործոններն անտեսվել են այն աստիճան, կարծես նման վտանգներ առհասարակ գոյություն չունեն: Մինչդեռ եղունգի արժեք անգամ չունի որևէ ռազմական երաշխավորություն, եթե տնտեսությունը կարող է փլուզվել որևէ երկրորդ երկրում տնտեսական համակարգի անգամ թեթև ցնցումներից, և որի արդյունքում կարող է պետությունը դառնալ բացարձակ անմրցունակ, զրկվել ներքին դիմադրողականությունից և վերածվել տարածաշրջանային կույր աղիքի:

Բելառուսի և Ղազախստանի հետ խնդիրներ չունենալու նախապատվությունից ելնելով` Ռուսաստանը ստիպեց Հայաստանին համաձայնել ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետեր տեղակայելու հեռանկարին: Մինչև վերջերս թվում էր, թե ԵՏՄ անդամները տվել են բավարար երաշխքներ, որ այդ սահմանին դրվելիք մաքսակետը ձևական բնույթ է ունենալու: Սակայն երկու շաբաթ առաջ Երևանում Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը հայտարարեց, որ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետերի տեղակայման հարցը դեռ լուծված չէ, և այն քննարկվելու է 2015թ. արտգործնախարարների, կառավարության ղեկավարների մակարդակով կազմակերպվելիք ինչ-որ հանդիպման ընթացքում: Այսինքն` ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պարզապես սառեցրել են այդ խնդիրը` մինչև Հայաստանը, ԵՏՄ-ի լիարժեք անդամ լինելով և ստանձնած լինելով այդ աանդամակցությունից բխող բոլոր պարտավորությունները, չի ունենա  այդ հեռանկարից խուսանավելու իրավական որևէ լծակ: Եվ եթե այդ հանդիպման ժամանակ, օրինակ, Ալիևի նամակների սիրահար Ղազախստանի նախագահը կամ այդ երկրի արտգործնախարարը պնդեն, որ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետը պետք է գործի ամբողջ ծավալով և կատարի իր գործառույթը, ինչպես ԵՏՄ սահմանների մնացած բոլոր մաքսակետերը, Հայաստանը փաստացի ոչինչ չի ունենալու հակադրելու, իսկ Մոսկվան կրկին լռելու է, որովհետև Աստանայի հետ իր հարաբերությունները շատ ավելի կարևոր են և որովհետև Հայաստանին միշտ կարելի է ծնկի բերել Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու, տրանսֆերտները կտրելու միջոցով բնակչությանը սովի մատնելու սպառնալիքներով, ինչպես արեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացումը ստանալու համար: Այս առումով Հայաստանը ԵՏՄ-ում դառնալու է իսկական պատանդ՝ մշտապես կախված Նազարբաևի, Պուտինի, Լուկաշենկոյի փոխադարձ հարաբերություններից, նրանց օրվա տրամադրություններից:

Շատերը հիմա փորձում են հասկանալ՝ կա՞ր սրա այլընտրանքը: Գուցե այն կարող էր լինել, եթե Արևմուտքը կարողանար կամ ցանկանար առաջարկել Հայաստանի համար իրական անվտանգության գործուն և վստահելի այլընտրանքային համակարգ, որը կարելի կլիներ հակադրել ռուսական անվտանգության ֆիկցիային և գոնե զսպել պուտինյան կայսրության մասը դառնալու հայաստանյան իշխանությունների ձգտումները:  

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բայց Արևմուտքը ինչպե՞ս կարող է(ր) «Հայաստանի համար իրական անվտանգության գործուն և վստահելի այլընտրանքային համակարգ» ստեղծել, եթե Հայաստանը մինչև 2044 թ.-ը իր տարածքը ՁՐԻ տվել է (այսինքն՝ նվիրել է) Ռուսաստանին: Ո՞ր երկիրն է այսպիսի բան անում: Հոդվածի մնացած մասին համաձայն եմ:.................................................. Բոլորն արդեն հասկացել են,որ Հայաստանի (ու Արցախի) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ փրկությունը/լինելը ինչ որ ձևով կցվելն է (անունը կարևոր չէ) ԱՄՆ-ին ու դոլարին: Ռուսաստանը ատամներո՛վ սա թույլ չի տալիս: Բայց որպեսզի ԱՄՆ-ն հային կարողանա օգնի, հայը սկզբից ինքն իրե՛ն պիտի օգնի. ձրի իրեն չտա ռուսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter