HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարպետ-մանկավարժը հավատում է, որ նրանք հանճարեղ են…

Լենա Հովսեփյան

Գորիսում, էն որ մեծ քաղաքներում ամեն քայլի լինում են` մի «սանր կտավ» մարդիկ, չկան: Էստեղ յուրովի են ամենքը, յուրովի` գենետիկ փակ ծրարի արտոնած… քաշով, դեմք-դիմագծերի  կոդ-մանրաշտրիխներով, աշխարհն իրենցով անելու չափ ու երանգով, գլուխը ձիգ, ասես, քանոնած կամ մայթեզրի պատերը ուսով մաշող հետագծերով, մարդկանց հետ հատումների կայծ ու պաղությամբ…

Էս ֆոնին Մարտուն Զաքարյանն ընդհանրապես միայն ինքն իրեն է նման: Նկարիչ է` գեղանկարիչ, ու` միշտ ուղիղ է` քայլվածքում, պահվածքում, մտածումներում, խոսք ու զրույցում: Իր ասած` ուղիղ, դիք խոսք ունի, էդ դիք խոսքից ինքը տուժում է, «կակուղ»` ծակ ու ծուկ սահող-խուժողներն էլ իր մասին իրենց…դոնդող «պառնասից» են խոսում…Բայց Մարտունը Մարտուն էլ մնում է…

Աբստրակտի մեջ անգամ հստակ է, իր գորշ գույների մեջ էլ լույս ունի` շա՜տ…Պիտի տեսնես, պիտի ուզես` տեսնես…«Պողը»` կրակը, գորշ մոխրի տակ ո՞նց է լինում. կրակն իր ծոցում է պահում, երկար է պահում, իր ձևով է պահում, լեզուն աջ ու ձախ չի ձգում, բայց և` հորդոր ունի իրեն ծոցվորած մոխիրը շա՜տ հարգելու` ներբանով մոխրի համբերությունը չփորձարկելու…Տապ է անում ու կրակ է` հանդարտ, իր զորությունն իմացող…

Մարտունի մտքի` կտավ դարձած պիրկ գալարումներն ու զսպած ճիչերը նրա` իր հետ չմեծացող` միշտ մանկան զարմանքն է: Մանուկը մեջը նստած է, նստած է ու պլշած աչքերով հա՜ զարմանում է…

Արտաքինը, ալեխառն բեղ-մորուսը, առողջական տեղատվությունները, թվագրված տարիքը հե՜չ նշան չեն` նրա մեջ պինդ նստած  մանուկը իր հեքիաթի տունն ունի, իր քարայր-քըրատակն ունի, իր ճերմակ դղյակն ունի, իր ծառի խեչակի պինդ ճոճքն ունի,  տնե՜ր, որտեղ մեծերիս սոցիումի ախմախ պարագիծը չկա՜, չկա, ու միտքն ազա՜տ է, փեշից քաշող չկա՜, որկորի ձեն-ձուն չկա՜, տեղը` զարմանքի ճիչը կա, մանկան խորունկ միամտությունը կա …

«Ժողովուրդ ջան, հիմա կասե՞ք` ո՞րն եմ ես, որը` իրենք…»

Մարտունն այս 4 տասնամյակների ընթացքում անհամրանք ցուցահանդեսներ է ունեցել: Չնայած, հիմնականում նույնն են սրահները, հավերժորեն ասես նույնն են հյուր-այցելուները, խոսք, կարծիք ասողները, խոսք-կարծիքները, կատարումներում, գույներում էլ անգամ նույն բաները կան, բայց տարբեր են դրանք, տարբեր` շա՜տ, որովհետև Մարտունի համար դրանք անասելի՜ տարբեր ասելիքներ են, տարբեր աշխարհներից բերված գույներ են, տարբեր զարմանքներ են…Հա, շա՜տ տարբեր են, որովհետև դրանք երեխաների տեսած-հասկացած-երազած աշխարհների թրթիռներն են…

Իր հերթական` «Աշնանային խոհեր»  ցուցահանդեսին իր, իր ասելով, ընկերների հետ է`  պստլիկ նկարիչ-ընկերների հետ: Ու պատահական չէ, որ նա, քաղաքի պատկերասրահի զուգահեռ ցուցադրությունները` իր և իր սաների, մատնացույց է անում ու հավատում է իր հնչեցրած հարցին. «Ժողովուրդ ջան, հիմա կասե՞ք` ո՞րն եմ ես, որը` իրենք…»

Մարդը ձև չի անում, չի երևակայում, մարդը հավատում է, որ նրանք  հանճարեղ են, հանճարեղ են, որովհետև նրանք երկնքում, ասենք, միանգամից ոչ թե մեկ, այլ չորս արև են տեսնում` մաման, պապան, երեխեքը…Մարտունը տեսնում է նրանց տեսածը…Տեսնում է ու դրա համար էլ մի հավերժություն` նաև մանկավարժ է` Վարպետ-մանկավարժ…

Մարտունը անսահման արձնագրումներ ունի` աշխարհի տարբեր ծերերում` Ճապոնիայից մինչ ամերիկաներ, փայլուն հաջողություններ, բայց դրանց մասին պատմողներից չէ, ծոցից նկար-նկարիկ հանող, պատեհ պահի նվիրողներից չէ…Դրսի` մերժված,  գայթակղիչ հրավերքներով լոպազացողներից չէ…Էլի հե՜չ ձև չի անում, երբ կտավ գնելու ցանկություն ուեցողին մերժելուց հետո, խոժոռ դեմքով նեղանում է. «Այ մարդ, ես էդ շան հային ո՜նց հասկացնեմ, որ դրանք բոլորն իմ երեխեքն են, որ դրանք ծախելու համար չե՜ն…»…

Կտավները երեխեքի պես է փայփայում, դրա համար էլ, էն`   դար հեծած ճարպիկները կամ ընդհանրապես ձախողվածները, մեկ-մեկ շեղ քմծիծաղում են` չտեսնելով-չհասկանալով Մարտունի բանականության «սարթ» արհամարհանքը…

Նա ընթացքի մարդ է. էլի երեխեքի պես է… Նա երեխու պես ցավով է հիշում, որ ասենք,մի մայրիկ, տղեկի թևից կոպիտ քաշելով, նկարչականից տարավ, իսկ մի այլ մայրիկի ասածից` որ դստրիկն արձակուրդներին իրեն կարոտում է, թևավորվում է…

Մարտունն իր աշխարհում է, ու միշտ այնտեղ է, եթե դրանից անգամ իր կենցաղն է տուժում, եթե դրա համար ինքը այնքան  էլ չի հասկացվում, չի ներվում էլ…

Իր աշխարհում, եթե էլ…պաշտոն չունի, պաշտոն չունի, որովհետև ճարպիկ չէ` «դասական» իմաստով…

Ախր, Մարտունը պաշտոնում էլ ծառա էր` մանուկների ծառան…

Իր աշխարհում է, եթե իրեն չեն…ընկալում կամ` շա՜տ ընկալելուց սարսռում են…

Այս` դեռ ամենավերջին ցուցահանդեսում էլ, էլի հիմնականում նույն հյուրերն ուներ` կյորեսյան` մտքերի մեջ մոլորված` արվեստի ու… պակասի խաչմերուկում լռված արվեստագետ-արվեստասերներ…Բայց լուսատիտիկ-հրեշտակներ էլ կային` Մարտունի երեխեքը (քաղաքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզի,  Ակ. բակունցի անվան դպրոցի)`  իրենց արևոտ նկարներով, իրենց տունիկներով ու իրենց հեքիաթոտ աշխարհով… Նրանց ծնողներով, համայնքային իշխանության ներկայացուցիչներով…

Շրջեցին պատկերասրահում, տեսան-նկատեցին, խոսեցին-լռեցին-խոսեցին…

Հաճելի էր լսել քաղաքապետ Վ.Ադունցի անպաճույճ, անկեղծ խոսքն ու արդյունավետ ցուցադրության համար ճիշտ տարածքի ապահովման մտահոգությունը…Նաև` փոքրիկ նկարիչներին համապատասխան պիտույքների ու ամանորյա նվերների փոխանցման հանձնառությունը:

Արվեստակից ընկերներն էլ խոսք ասացին…Մարտունն էլի մեծերին թողած` իր…ընկերների` երեխաների` Նարեի, Սառայի, Լիլյայի, Արմինեի մասին հիացական խոսք ասաց…

Փոխվել են Մարտունի գույները. Տաքը, Տապը, Խլրտյունը կտավների վրայից են նայում…Մի թվացյալ փական տեղի է տվել…Գուցե ա՞յն, որ Մարտունն այլևս չունի ադմինիստրատիվ…«ճիտին պարտք»…Զուր չեն ասում, որ  երբեմն վատությունը…լավություն է դառնում…Մանավանդ, երբ այն մոգոնած են լինում չարի …նաժիշտները

Մեկնաբանություններ (2)

Լեան Հովսեփյան
Շնորհակալ եմ, Անահիտ ջան...ՀՈՂՆ իր լեզուն է թելադրում...
Անահիտ
Շնորհակալ եմ, շատ լավ եք գրում, Կյորեսի շնչով, Բակունցի ոգով...բայց յուրովի գեղեցիկ, տաղանդաշատ Գորիսը միշտ զարմացնում է...կարոտեցի, ինչպես է երեւում տարբերությունը... Սյունիքը հարթավայր չէ ու հանճարեղ մարդիկ այնքան իրական են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter