HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանին 6 տարի անց չեղյալ համարեց Քիմիագործների այգին վերակառուցելու պայմանագրերը

Կանաչապատված ու գեղեցիկ ծաղկանոցներով զբոսայգում հանգստանալը վերջին 16 տարիներին վանաձորցիների համար դարձել է երազանք:

Վանաձորի Քիմիագործների այգում քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեռեւս 6 տարի առաջ նախաձեռնած կառուցապատման աշխատանքների անփառունակ ավարտը փաստում է, որ զբոսայգիների հարցում վանաձորցիների բախտը չի բերում:

Համայնքի ավագանու 2014թ. նոյեմբերի 18-ի 64-Ա որոշումով չեղյալ են համարվել Սամվել Դարբինյանի եւ «Կառավար-Դան» ՍՊԸ-ի միջեւ Քիմիագործների այգու կառուցապատման վերաբերյալ 2009թ. կնքված թվով 4 պայմանագրերը:

Ավագանու նույն որոշումով որպես այգում կատարված 3,4 մլն դրամ ներդրման  փոխհատուցում մարվել է համայնքի բյուջեին ընկերության 3,3 մլն դրամ  վարձակալության պարտքը: Այս որոշումը ավագանին ընդունել է 14 կողմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ, սակայն անտեղյակ է մնացել քաղաքապետի կնքած պայմանագրերի բովանդակությանը: «Իրենք պայմանագրերը մեզ չէին ներկայացրել, բացի այդ, այգում կատարված աշխատանքների ծավալները հարմարեցվել էին վարձակալության վճարների պարտքին»,- ձեռնպահ քվեարկելու իր պատճառը բացատրեց ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

«Էդ պահին ես քվեարկել եմ բիզնեսի շահերից ելնելով: Պայմանագրերին էդպես ծանոթ չեմ: Չեմ հիշում պայմանագրերի հետ կապված ավագանու որոշում եղե՞լ է, թե՞ ոչ»,- բացատրեց նույնպես ձեռնպահ քվեարկած ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը: Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը, թեեւ կողմ էր քվեարկել որոշմանը, սակայն նույնպես տեղյակ չէր լուծարվող պայմանագրերի մասին: «Այդ նիստում կենտրոնացված էի 2015թ. բյուջեի վրա: Որ ասեմ նախագիծը լուրջ ուսումնասիրել եմ՝ չէ: Ինչ-որ տեղ մեր սխալն էլ կա»,- խոստովանեց նա:

Այսուհանդերձ, Արամ Խաչատրյանը երեկ քաղաքապետարանում պարզեց,  որ  Սամվել Դարբինյանը «Կառավար-Դան» ՍՊԸ-ի հետ Քիմիագործների այգու հողերի վարձակալության պայմանագրերը կնքել է առանց ավագանու որոշման: «Ս. Դարբինյանն առաջնորդվել է ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ կետով, ըստ որի` համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքերի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են համայնքապետերը»,- հայտնեց Ա. Խաչատրյանը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետի համաձայն՝ ավագանուն է վերապահվում համայնքի սեփականությունը համարվող գույքը վարձակալության հանձնելու եւ վարձավճարների չափերի որոշման ընդունումը: «Համայնքի ղեկավարը պարտավոր է ավագանու սահմանած կարգով կնքել համայնքի սեփականությունը վարձակալության հանձնելու պայմանագրերը»,- հայտնում է ՏԻՄ օրենքը, որը, սակայն, ուղեցույց չի եղել Սամվել Դարբինյանի համար:

«Կառավար-Դան» ՍՊԸ-ն Պետռեգիստրում գրանցված է Լոռու մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Նունիկ Ասրյանի եւ Դավիթ ու Աշոտ Խումարյանների անունով: «Ես «Կառավար-Դան» ՍՊԸ-ի հիմնադիրն եմ, բայց ոչ սեփականատերը: Ես  4 տարի առաջ իմ իրավունքները հանձնել  եմ կառավարչին»,- ասաց տկն Ասրյանը: Պարզվեց, որ «Կառավար-Դան» ՍՊԸ-ի կառավարիչ Արարատ Կարապետյանը Նունիկ Ասրյանի ամուսինն է: «Մենք 2012-ից դադարի մեջ ենք: Այս տարվա գարնան վերջին ավարտեցինք այգու հարավային` Վարդանանց փողոցին զուգահեռ հատվածի պարիսպների նորոգումը: Իրենք էլ մեզ ասացին` էս գործն էլ, էն գործն էլ արեք: Բանը հասավ նրան, որ որոշեցինք գործը կամ էս կողմ, կամ էն կողմ գցենք»,- հայտնեց կառավարիչը:

Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը 2009թ. փետրվարի 2-ին կնքած թիվ 8 պայմանագրով Քիմիագործների այգու Տիգրան Մեծի պողոտայի հարավարեւմտյան մասում 5265.0 քմ հողամաս է տրամադրել «Կառավար-Դան» ՍՊԸ-ին: Հողամասի ամսական վարձակալության վճարի չափը սահմանվել է 126,025 դրամ: Կողմերի միջեւ նույն օրը կնքված թիվ 9 պայմանագրով Վանաձորի քաղաքապետն այգու տարածքից «Կառավար-Դան» ՍՊԸ-ին տրամադրել է նաեւ 23,665 քմ հողամաս, որի ամսական վճարի չափը սահմանվել է 155,365 դրամ: Երկու պայմանագրերով էլ կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվել է 2007թ. մարտի 6-ից մինչեւ 2057թ. մարտի 6-ը: ՍՊԸ-ն պայմանագրով թեեւ պարտավորվել է յուրաքանչյուր ամսվա վճարի մուծումը կատարել մինչեւ այդ ամսվա վերջին օրը, սակայն խախտել է իր պարտավորությունը:

Վճարի ժամկետների էական խախտման դեպքում (երկու եւ ավելի ամսվա չվճարում) սեփականատերը` հանձինս Սամվել Դարբինյանի, պետք է պայմանագրով սահմանված կարգով «Կառավար-Դան» ՍՊԸ-ից պահանջեր վաղաժամկետ վճարել առաջիկա 4 ամսվա վարձավճարը կամ վաղաժամկետ լուծել պայմանագիրը: Դրա փոխարեն Ս. Դարբինյանը 2009-ի օգոստոսի 1-ի պայմանագիրը լրացնելու մասին թիվ 311 համաձայնագրով վարձավճարների հաշվարկման եւ վճարման ժամկետը 2009թ. հուլիսի 1-ից հետաձգել է 2012թ. հուլիսի 1-ը` ընկերության սեփական ներդրումներով համայնքի գույքի վերականգնման համար: Թե որ գույքի մասին է խոսքը՝ համաձայնագրում նշված չէ:

Ընկերության վարձակալության վճարների պարտքերը շարունակվել են կուտակվել նաեւ 2012թ. հուլիսի 1-ից հետո, եւ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 3,3 մլն դրամ: «Կառավար-Դան» ՍՊԸ-ն թիվ 8 պայմանագրով պարտավորվել է այգուց իրեն հատկացված 5265.0 քմ հողամասում 2009-2012թթ. կատարել 24,3 մլն դրամի աշխատանք, իսկ թիվ 9 պայմանագրով հատկացված 23,665 քմ հողամասում նույն ժամանակահատվածում իրականացնել  73,2 մլն դրամի աշխատանք: «Կառավար-Դան» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Խումարյանը 2014թ. հունիսի 26-ի 079 գրությամբ Ս. Դարբինյանին հայտնել է, որ այգու՝ իրենց հատկացված տարածքում 10 մլն դրամի աշխատանք է կատարվել: Ս. Դարբինյանի հանձնարարությամբ էլ «Մար-Մոս» ՍՊԸ-ն կատարված ներդրումները գնահատել է 3,4 մլն դրամ:

Ս· Դարբինյանի Քիմիագործների այգու կառուցապատման նպատակով կնքած պայմանագրերից 6 տարի անց Վանաձորի Քիմիագործների այգին    ջախջախված կարուսելներով անխնամ վայր է: Կարուսելներից անդին երբեմնի սրճարանի ուրվականն է:  Այգու նստարաններից որպես հիշողություն մնացել են երկաթե ձողերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter