HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցարի քմահաճույքը

Էդգար Վարդանյան

Սեփական հասցեին հնչող մեղադրանքներին ի պատասխան` ավտորիտար երկրների իշխանությունները հաճախ նշում են, որ քննադատությունների հիմքում չկան կոնկրետ փաստեր։ Պետք է խոստովանել, որ երբեմն նրանք իրավացի են լինում։ Բայց փաստեր չներկայացնելու հիմնական պատճառներից մեկը ոչ թե դրանց բացակայությունն է, այլ քննադատողի կողմից փաստեր հայտնաբերելու անկարողությունը։

Շատ դեպքերում էլ քննադատությունը չի ամրագրվում փաստերով քննադատողի՝ «հենց այնպես էլ ամեն ինչ պարզ է», «բոլորի համար էլ ակնհայտ է, որ դա այդպես է» մոտեցման պատճառով։ Իհարկե, հաճախ օբյեկտիվորեն շատ դժվար է լինում արձանագրել փաստերը, քանի որ շատ ապօրինություններ քողարկված են իրականացվում, կամ էլ, վախի գործոնի հետեւանքով, ականատեսները տեղեկություններ չեն հաղորդում փաստեր հավաքողներին։ Սակայն, հաճախ էլ փաստերն ընկած են լինում հատակին, եւ ընդամենը պետք է ուշադիր լինել եւ վերցնել դրանք։

Նշենք մեկ այդպիսի թարմ փաստ Ռուսաստանի իրականությունից։ Ռուսաստանի դաշնության ռեգիոններից մեկի՝ Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, անդրադառնալով Գրոզնի քաղաքի վրա վերջին հարձակման դեպքին, «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նշել էր՝ «Եթե Չեչնիայում գրոհայինը ոստիկանության աշխատակցի կամ այլ մարդու սպանի, ապա գրոհայինի ընտանիքը անհապահաղ, առանց վերադառնալու իրավունքի վտարվելու է Չեչնիայի սահմաններից, իսկ տունը հիմքից քանվելու է»։ Հայտարարությունից անմիջապես հետո գրոհայինների բարեկամների տները հրդեհվել են, եւ մինչ օրս այդ արարքի համար որեւէ մեկը չի ձերբակալվել։ Ոմանք կարող են ասել, որ արդարացված է Կադիրովի դիրքորոշումը, որ ահաբեկչությունը կանգնեցնելու համար ստիպված պետք է նման քայլերի դիմել։

Նախ` նշենք, որ չկա որեւէ գիտական ապացույց առ այն, որ նման քայլերը արդյունավետ են գրոհայինների դեմ պայքարում։ Սակայն, մի պահ չբացառենք, որ ՌԴ տարածքային սուբյեկտներից մեկի՝ Չեչնիայի ղեկավարի նման հայտարարությունները կարող են որոշակիորեն զսպել ահաբեկչության աճը։ Բայց հարցն այն է, որ նման հայտարարություններն ակնհայտորեն հակասահմանադրական են եւ հակաօրինական։ Ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքի, առնվազն` ինչ-որ մասի վրա չեն տարածվում ՌԴ Սահմանադրությունը եւ օրենքները, իսկ դա նշանակում է, որ ՌԴ-ի սուվերենությունը փաստացի չի ներառում Չեչնիայի տարածքը, ինչպես, օրինակ, Վրաստանի սուվերենությունը դե ֆակտո չի տարածվում Աբխազիայի վրա։ Բայց Աբխազիայի պարագայում դրա պատճառն այն է, որ վերջինս դե ֆակտո չի վերահսկվում պաշտոնական Թբիլիսիի կողմից։

Իսկ Չեչնիան ամբողջովին վերահսկվում է պաշտոնական Մոսկվայի կողմից, ավելին՝ Չեչնիային հատկացվում են հսկայական դոտացիաներ։ Չեչնիայի նախագահն իր հերթին տարբեր կերպ ցույց է տալիս իր գերհավատարմությունը ՌԴ նախագահին։ ՌԴ կենտրոնական իշխանությունները որեէ կերպ չեն պատժել Չեչնիայի ղեկավարին վերոնշյալ հակասահմանադրական հայտարարությունների համար։ Դեկտեմբերի 18-ի մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն ասել է, որ Կադիրովը նման հայտարարություն անելու իրավունք չուներ։ Սակայն, միեւնույն ժամանակ, Պուտինը նաեւ նշել է, որ Կադիրովը էմոցիոնալ հայտարարություն է արել, եւ համոզված է, որ այն ամբողջապես համապատասխանել է մարդկանց սպասումներին։ Ու ոչ մի խոսք Կադիրովին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։

Այսինքն` ստացվում է, որ Կադիրովը կատարում է մի բան, որի իրավունքը չունի, խախտում է ՌԴ Սահմանադրությունը, ուղղակիորեն կամ առնվազն անուղղակիորեն դրդում քրեական հանցագործություններ կատարելուն: Եվ դրանից հետո ՌԴ Սահմանադրության գարանտը՝ ՌԴ նախագահը, ընդունելով, որ Կադիրովը նման բան ասելու իրավունք չուներ, որեւէ բան չի ձեռնարկում նրան պատժելու ուղղությամբ, դեռ մի բան էլ ուղիղ տեքստով մարդկանց համոզում է, թե հիմնավոր են Կադիրովի էմոցիաները։ Բացի այդ, ՌԴ նախագահի այդ դիրքորոշումը ՌԴ որեւէ այլ պետական ինստիտուտ անգամ չի քննադատում։ Նշանակում է, որ ՌԴ կենտրոնական իշխանությունները նույնպես չեն հարգում սեփական երկրի սահմանադրությունը, այսինքն` սեփական պետականությունը։

Իրականում, Չեչնիայի ղեկավարը հավատարիմ է ոչ թե ՌԴ-ին, այլ կոնկրետ Պուտինին։ Պուտինն էլ հավատարիմ է ոչ թե ՌԴ Սահմանադրությանը, այլ սեփական կամքին։

Այսինքն, միայն վերոնշյալ օրինակը բավարար է` պնդելու, որ ՌԴ-ում չի գործում ՌԴ Սահմանադրությունը, որ ՌԴ-ն իրավական պետություն չէ։ Դա, իհարկե, դեռեւս չի նշանակում, որ ՌԴ Սահմանադրության եւ օրենքների որեւէ դրույթ չի գործում, եւ Ռուսաստանում ամենաթողություն է։ Հաճախ, առանձին ոլորտներում օրենքներն ավելի լավ են գործում, քան որոշ դեմոկրատական երկրներում։ Ուղղակի միայն վերնախավից եւ առաջին հերթին դրա ղեկավարի կամքից, քմահաճույքից է կախված, թե Սահմանադրության եւ օրենքների ո՞ր դրույթները կաշխատեն, որոնք՝ ոչ։ Պետք է նշել, որ, առաջին հերթին, հենց այսպիսի երեւույթի առկայությամբ է ոչ իրավական պետությունը տարբերվում իրավականից։ Վերջինում ամեն ինչի տերն ու տիրակալը հանրային պայմանագիրն է, այսինքն` Սահմանադրությունը կամ սահմանադրական օրենքները եւ դրանից բխող օրենքները, մինչդեռ առաջինում՝ մեկ անձի կամ մարդկանց մի փոքր խմբի կամքը, քմահաճույքը։ 

Մեկնաբանություններ (2)

Cevorg
Որ կադիրը մտավոր կարողություններով չի փայլում ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այն որ օրենք ու սահմանադրություն կոչվողները գրված են մեծի մասամբ գրված լինելու համար միայն, էլի գաղտնիք չէ: Դրա փայլուն օրինակներից մեկն էլ հենց մեր երկիրն է, շատ հեռու գնալու կարիք չկա: Դեմոկրատիայի կենտրոն համարվող համարվող հայտի երկրում նույնիսկ այսպես է հայտարարվել՝ «էս ինչը սրիկա է անկասկած, բայց նա մեր սրիկան է!» Պուտինն ավելի կարգին ղեկավար է իր երկրի ու ժողովրդի համար քան շատ-շատ այլ երեսպաշտներ ու կեղծավորներ: Իսկ տականքներն ու սրիկաները ամեն տեղ պահանջված են ցավոք, որպես հարկավոր գործիքներ, տարբեր նպատակներ իրականացնելու համար - գլխավոր խնդիրը հենց դրված նպատակներն են, որով էլ որոշվում է տվյալ ղեկավարի արժեքն իր երկրի համար:
Արմեն
Պուտինի` դեկտեմբերի 18-ի ասուլիսի մեկ այլ ուշագրավ դրվագ է Ռուսաստանի արտասահմանյան ռազմական բազաներին վերաբերվող հատվածը: Խոսելով դրանց մասին, Պուտինն ասաց բառացիորեն հետևյալը. Ռուսաստանն արտասահմանում ունի միայն երկու բազա. Տաջիկստանում և Ղրղզստանում; տես http://sputniknews.com/russia/20141218/1015985110.html: Դժվար է հավատալ, որ Պուտինը պարզապես մոռացել էր Հայաստանի բազայի մասին, և այս պարագայում զարմանալի է Հայաստանի քաղաքական վերնախավի լռությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter