Շաբաթ, 22 սեպտեմբերի

Վարկային օրագիր. պարտք են վերցնում՝ վարկ են փակում, վարկ են վերցնում՝ պարտք են փակում



Լոռու մարզի Շնող գյուղը 4125 բնակիչ ունի՝ 932 ընտանիք, որից 50-ը գյուղից բացակայում է: «Շնողից 220 մարդ է աշխատում «Թեղուտ» ՓԲԸ-ում, բայց Շնողը մեծ համայնք է, ով աշխատանք չունի, հիմնականում վարկառու է»,- ասում է Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը: Համայնքապետարանի տվյալներով՝ 110 ընտանիք գյուղատնտեսական վարկերի վարկառու է, այլ վարկեր է վերցրել մոտ 380 ընտանիք: Համայնքապետարանում մեր գտնվելու ժամանակ բազմաթիվ շնողցիներ նոր վարկերի համար տեղեկանք էին վերցնում: Հովիկ Սահակյանի ասելով՝ վերցրած գյուղատնտեսական վարկերով գյուղացիների մի մասը վերականգնում է գյուղի «Դուզ» հանդամասի իր այգիները:

Ինչպես մարզի մյուս գյուղերում, այնպես էլ Շնողում կան մարդիկ, ովքեր վարկեր են վերցնում իրենց օրախնդիր հարցերը լուծելու համար: «Մարդ կա՝ վարկ է վերցնում ավտոմեքենա առնելու համար: Նրանք իրենց համար արհեստական ֆինանսական դժվարություններ են ստեղծում: Բոլոր դեպքերում, Շնողում գյուղացիների մեծ մասը վարկերը խելացի չի օգտագործում»,- ասում է համայնքապետը:

Շնողցի Լյովա Ալիխանյանն ասում է, որ նախկինում շատ է վարկ վերցրել, իսկ հիմա բանկային համակարգին չի վստահում: «Գիքորի տեղն են դնում, եթե ես շատ գրագետ չեմ, դա բանկին իրավունք չի տալիս ինձ խաբելու: Եթե ես մտածում եմ, որ վարկ եմ վերցնում 18%-ով, վերջում պարզվում է վարկս 20%-ով են տվել»,- ասում է նա: Լյովայի ասելով՝ մանավանդ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար վարկից, էն էլ` կարճաժամկետ, օգուտ չկա: Նա գյուղատնտեսական վարկերի մասին իր հաշվարկներն ունի: «Նստենք ինձ համար բիզնես ծրագիր կազմենք, վերցնենք իքս գումար: էդ մի տարվա կտրվածքով ի՞նչ անեմ ես, որ 10% շահույթ տամ իրենց, ես էլ գոնե 3% օգուտ ունենամ: Գյուղում ապրող մարդիկ ենք, այգի գցեմ, մեկ է` երեք տարվա մեջ բերք չի տալու: Այգին 5 տարի հետո փոքր քանակի բերք է տալիս, բայց դա չի կարող վարկ փակել: Անասուն սկսեմ պահել՝  էլի 3 տարվա ընթացքում որեւէ բան չի գալիս, որ սկսի շահույթ բերել:  Այսինքն՝ գյուղատնտեսական վարկով բիզնես ծրագիր անելու համար, որը սկսում ենք զրոյից, շահույթ ստանալու համար 3 տարի ժամկետը քիչ է»,- ասում է Լյովան: Նրա ասելով՝ գյուղացու համար ռիսկային է նաեւ 6%-ից ավելի վարկ վերցնելը: «Իմ հաշվարկով՝  էդ 10%-ն էլ միամիտ չեն, որ գրել են: Գցել, բռնել են, որ 10%-ը կարա գա: Այսինքն՝ լրիվ տալու ես իրենց»,- բացատրում է Լյովան:

Շնողում կան գյուղացիներ, ովքեր վարկային ռիսկերի ռեկորդներ են սահմանել: Օրինակ՝ ամուսիններ Ռիմա Բարսեղյանը եւ Ժորա Ասլիզադյանը: Նրանք համարյա 4 մլն դրամ վարկ ունեն: Արդեն բոլոր բանկերին ծանոթ են: Էս պահին վարկ ունեն «Կամուրջ» եւ «Արեգակ» կազմակերպություններից: «Ամենքիցը 1,5 մլն դրամ վարկ ունենք: Ոսկի ունենք դրած: Երեկ չէ առաջին օրն եմ գնացել փակել` թանկ դոլարով: Բարձրացած կուրսով ենք փակել, 411 դրամով մուծել էի, հիմա 469 դրամով հաշվեցին: Դոլարով էինք վերցրել, որ մթամ էժան` 14%-ով լինի»,- բացատրեց  Ռիման:

Սկզբում ամուսինները գյուղատնտեսական վարկ են վերցրել Վանաձորից: «2000թ.-ից դեսը, էտա տհե վարկ վերունելով, գալիս ենք, էլի: Մեկից պարտք եմ վերցնում՝ վարկը փակում, հետո վարկը վերցնում` պարտքը փակում»,- ասում  է Ռիման եւ հավելում, որ այդ ընթացքում «Արդշինինվեստ» բանկի «Նուռ» վարկային գծից էլ է քարտ վերցրել: Ամուսինները «Նուռ» վարկային գծի վարկերն այս աշնանն են փակել: Այս բանկից մի օր զանգել են Ռիմային, թե  տոկոսը պակաս ես մուծել: «Բայց լրիվ էի մուծել: Դրանք էլ ապացույցը չեն ընդունում, ինչ ուզում ես՝ արա: Ստիպված էդ մեծ գումարը ճարեցի, տարա նորից փակեցի: Վերջին գումարը, որ «Նուռ»-ից վերցրել եմ, 800 հազար դրամ է:  Իրենք վարկառուի հաշվի վրա փող են նստեցնում, բոլոր պայմանները ստեղծում են, որ մարդուն քաշեն, գցեն մեջը»,- բացատրեց  Ռիման:

Ռիման «Նուռ» վարկային գծի հետ հաշիվներն այս տարվա սեպտեմբերի 30-ին է փակել: ««Նուռը» տնաքանդ է անում, 3% են ասում մուծի, բայց ավել են վերցնում, քարտիցդ փող ա կորչում, գնում ա էդ գումարը, չես կարող իմանալ՝ ոնց ա կորչում: «Նուռ» արհավիրքից էտա պրծել ենք»,- ասաց Ռիմա Բարսեղյանը:  

«Ինչպե՞ս եք փակելու այդքան վարկերը»,- հարցրի տիկին Ռիմային: «Աշխատեցնում ենք, էլի, գիշեր-ցերեկ էս մարդն աշխատում է: Տուններս տեսնում ես, ոչ ռեմոնտ ունենք, ոչ մի բան չենք կարողանում անել»,- պատասխանեց նա: Այսքանից հետո ամուսինները գյուղատնտեսական վարկ  էլ են փորձել վերցնել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից, բայց բանկը մերժել է:

Ռիմայի ամուսինը` Ժորա Ասլիզադյանն էլ ասում է, թե վարկը ստիպված են վերցնում, որովհետեւ ապրելու հնար չունեն: «39 հազար դրամ թոշակ ես եմ ստանում, 34 հազար դրամ Ռիման, էդդար փողով կապրվի՞»,- հարցրեց նա: Հետո ասաց, որ նաեւ հող է մշակում, ցորեն, գարի է ցանում:

Ռիման գովեց ամուսնուն: «Սեզոնին 4-5 ամսում 1,5 մլն դրամ է աշխատում»: «Ձեռով խոտ եմ հնձում, բանվորություն եմ անում, ամեն գործ էլ անում եմ»,- բացատրեց Ժորան: «Բայց տանջվում ենք` ասելու չի ինչքան»,- հավելեց Ռիման: Մեր զրույցի վերջում Ժորան ասաց, որ որոշել է սեփական հողերը վաճառել վարկերը փակելու համար: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ