HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. խնդրանք, որ կատարվեց մեկ բրնձահատիկի դիմաց

Աննա Բաբաջանյան 

Տասնամյակներ շարունակ մեր երկիրը ղեկավարած քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն իր պաշտոնավարման տարիներին հազարավոր նամակներ էր ստանում երկրի տարբեր անկյուններից:

Շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան չինովնիկ՝ նրան էին դիմում տարբեր խնդրանքներով` ակնկալելով օգնություն ու աջակցություն: Եվ հասկանալի է, որ դրանց ճնշող մասը հաջորդ օրն իսկ մոռացության գիրկն էր անցնում` անկախ հեղինակից կամ նամակում արծարծվող թեմաներից: Սակայն այդ նամակներից մեկը ոչ մի գնով հնարավոր չէր մոռացության տալ կամ ոչնչացնել: Եւ ոչ թե այն պատճառով, որ նամակի բովանդակությունը խիստ առանձնահատուկ ու կարևոր էր: Ամենևին, կամ, կարելի է ասել, ճիշտ հակառակը. դա կենցաղային խնդրով մի անձնական դիմում էր: Պարզապես այն ձևը, որ ընտրել էր դիմումատուն, նամակը դարձնում էր ոչ միայն անմոռանալի, այլև՝ չափազանց թանկագին: Իսկ նամակագիրը մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանն էր:

Նա, տարիներ առաջ  կարողանալով իր ստեղծած արվեստի նմուշները հասու դարձնել ողջ աշխարհին, դրանք Երևանում ցուցադրելու հնարավորություն չուներ: Եվ երբ իրեն համապատասխան շենք տրամադրելու խնդրանքով  վարպետը դիմել էր Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, վերջինս  պատասխանել էր. «Դիմում գրիր»: Գաղտնիք չէ, որ անսովոր ձիրքով օժտված արվեստագետը շատ սրամիտ ու կենսուրախ մարդ էր:  Նա Դեմիրճյանին պատասխանել  էր, որ արդեն գրել էր նամակը, որը նրա սեղանին էր: Կենտկոմի քարտուղարը փնտրել է, սակայն ոչինչ չէր գտել. զարմացել է: Էդուարդ Տեր-Ղազարյանն այդ ժամանակ ցույց է տվել մի անհավանական փոքրիկ առարկա. «Ախր դիմումս գրել էի բրնձի հատիկի մեկ քառորդի վրա: Կարդաց խոշորացույցով, ժպտաց ու ասաց. «Ափսոս, որ չեմ կարող ստորագրել, մարդավարի գրիր թղթի վրա»: Կարճ ասած, որոշ ժամանակ անց խնդրանքս կատարվեց»,-կարդում ենք վարպետի հուշերում: 

Եթե այսօր այցելեք Կարեն Դեմիրճյանի թանգարան, այնտեղ մանրադիտակի օգնությամբ ձեզ կհաջողվի  տեսնել բրնձահատիկն ու անձամբ  կարդալ վարպետի  հետևյալ գրությունը. «Глубоко увожаемый Карен Серопович, за 39 лет я создал 350 микроработ, которые видел почти весь мир, чтобы Ереванцы тоже могли видеть выставку „Мир чудес˝ нужно небольшое помещение, просим вас помочь в этом вопросе.

Э.Казарян, 1982 6/1»:

Այս պատմության հետ կապված հիշողություններ ունի նաև Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը: Նրա խոսքով՝ բյուրոկրատները ժամանակին ձգձգել էին վարպետին բնակարան տալու հարցը և երբ այդ մասին հաղորդել էին  Կարեն Դեմիրճյանին, նա շատ էր բարկացել՝ ասելով.  «Բա  կարելի՞ է թույլ տալ, որ այդպիսի մարդը երկու անգամ խնդրի»:

Այսպիսով, Կարեն Դեմիրճյանը ոչ միայն կատարել էր վարպետի՝ ցուցասրահ տրամադրելու խնդրանքը, այլեւ նրան ապահովել էր բնակարանով:

Ռիմա Դեմիրճյանը «Հետք»-ին փոխանցել է նաև, որ բացառիկ ցուցանմուշը, որ պահպանվել է Դեմիրճյանների արխիվում, բացման օրվանից ի վեր ցուցադրվում է Կարեն Դեմիրճյանի թանգարանում: Նրա խոսքով՝ Դեմիրճյանների ու վարպետի ընտանիքներն առավել մտերմացել են հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո:  

Փաստական տեղեկությունները՝ Ռիմա Դեմիրճյանի եւ Կարեն Դեմիրճյանի թանգարանի աշխատակից Անի Հովհաննիսյանի 

Լուսանկարները՝  Կարեն Դեմիրճյանի թանգարանի եւ «Հետք»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter