HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը պարգևատրել է Մաքսիմ Հակոբյանին ու Վալերի Մեջլումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանում, զրուցել աշխատակիցների, այդ թվում՝ հարևան համայնքներից ընկերությունում ներգրավված աշխատակիցների հետ, այնուհետև մասնակցել Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը պետական պարգևներ է հանձնել. տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, նախագահ Հրանտ Վարդանյանը՝ հետմահու, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչի՞ համար: Շրջակա միջավայրը թունավորելու՞ համար: Ու՞մ են պետք այդ հանքերը,եթե եկամուտների առյուծի բաժինը «կորում» է օֆշորներում: ՀԳ. Հայաստանում մեդալ ու պատվոգիր տալու աննախադեպ բիզնե՛ս է:
Հակոբ Զաքարյան
Նախագահը պարգևատրել է Մաքսիմ Հակոբյանին ու Վալերի Մեջլումյանին՝ գերազանց կերպով Հայաստանի բնության հերը անիծելու համար
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես համաձայն եմ գործարար Սիլվա Համբարձումյանի այն մտքին,որ Հայաստանում պիտի ստեղծվի «Գունավոր մետաղների նախարարություն»,որը (բոլոր կարևոր հանքերում) առնվազն 50% բաժնեմաս պիտի ունենա: Ես էլ սա արդեն տարիներ ասում եմ: Բացարձակ չե՛մ հասկանում, թե այս մեծ հանքերը ինչու է միայն մասնավոր:
Լևոն
Միայն Քաջարանի հանքավայրից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2013 թ.-ին արդյունահանել է` Պղինձ - 45 000 տոննա - 329 մլն ԱՄՆ դոլար Մոլիբդեն - 8 000 տոննա - 212 մլն ԱՄՆ դոլար Ոսկի - 546 կգ - 25 մլն ԱՄՆ դոլար Արծաթ - 31 տոննա - 24 մլն ԱՄՆ դոլար ______________________________________________ Այսինքն 590 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության մեզ բոլորիս պատկանող ընդերքի հարստություն, ինչի օգտագործումը մեր պետությունը 100 տոկոսով հանձնել է մասնավոր ընկերություններին` դրա դիմաց ստանալով նվազագույն հարկեր և տուրքեր, իսկ հետագա սերունդներին ժառանգելով թունավոր պոչամբարներ, աղտոտված հող և ջուր ու խաթարված առողջություն: Նույնը լինելու է Թեղուտում: ԴԵՌ ԵՐԿԱ՞Ր ԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter