HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգ, որը պայքարեց ալբոմում հայտնվելու համար. «Dust in the Wind»

Նաիրա Հայրապետյան

1977թ. ամերիկյան «Քենզըս» (Kansas) պրոգրեսիվ ռոք խումբը թողարկեց իր հինգերորդ ալբոմը՝ «Point of Know Return» խորագրով: Այն առավել ամրապնդեց խմբի աստղային կարգավիճակը, որում հայտնվել էր մեկ տարի առաջ՝շնորհիվ «Leftoverture» ալբոմի: Շատերի համոզմաբ, սակայն, հաջողությունների շարքը համալրող ալբոմը միևնույն ժամանակ համարվում է ավարտի սկիզբը: Բայց, ինչպես արդեն գիտենք, ավարտվող բազմաթիվ պատմություններ այդպես էլ չեն ջնջվում:

Վերջին պահին «Point of Know Return» ձայնագրությունների արդեն համակարգված շարքում տեղադրելով ևս մեկ նոր երգ՝ խմբի անդամներից թերևս ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ հենց նա էլ դառնալու է ալբոմի մեծագույն հաջողություններից մեկը:

«Dust in the Wind». 70-ականների ամենաճանաչված երգերից մեկը, որը մինչ օրս այցեքարտային է «Kansas» խմբի համար: Հեղինակը Քերի Լիվգրենն է՝ խմբի հիմնադիրը, կիթառահարն ու երգահանը: Երգը ջերմությամբ ընդունվեց և արդեն ապրիլ ամսին «Billboard Hot 100»-ում հասավ 6-րդ հորիզոնականին: Հիթային դարձած սինգլ տարբերակը «ոսկե» անունը ստացավ՝ հատելով վաճառքի մեկ միլիոնի հասնող սահմանը: Քամու մեջ հայտնված այս փոշեհատիկը ծնվեց շատ պատահականորեն՝ առանց նման հաջողություների ակնկալիքի (թեև տարբերվող ոճից  ենթադրում էին, որ անպայման ուշադրություն կգրավի): Երաժշտասերները «Dust in the Wind»-ի համար պարտական են Լիվգրենի կնոջը: Երգի մեղեդին իրականում երաժիշտը հորինել էր ակուստիկ կիթառով նվագելու համար՝ զուտ որպես մատները տեխնիկապես վարժեցելու միջոց: Եվ հերթական պարապմունքի ժամանակ կինը նրան ասաց, որ մեղեդին շատ գեղեցիկ է ու արժե նրա համար բառեր գրել: «Ես ասացի նրան «Չէ՜, ի՞նչ ես ասում, սիրելիս, ես ընդամենը փորձում եմ սովորել նվագել,- պատմում է Լիվգրենը հարցազրույցներից մեկում,- բայց նա շարունակեց պնդել՝ ասելով «Ո՛չ, ո՛չ, այն իսկապես գեղեցիկ է, անպայման նկատի ունեցիր»:

Նա ուղղակի պոկ չէր գալիս այդ մտքից և համոզում էր Լիվգրենին անպայման մեղեդին երգ դարձնել: Տեղի տալով կնոջ համառ պնդումներին՝ երաժիշտը այնուամենայնիվ տեքստը գրեց, սակայն վարանում էր երգը ցույց տալ խմբի անդամներին: Լիվգրենը վստահ չէր, որ նրանք կհավանեին երգը, քանի որ այն բացահայտ շեղում էր խմբի՝ արդեն հաստատված ոճային ուղուց. մի խոսքով, ինչպես ինքն է բնորոշում, «Kansas չէր»: Այդ ընթացքում խումբը զբաղված էր ալբոմի աշխատանքներով, որոնք վերջնական փուլում էին արդեն: Երբ նա ասաց նոր երգի մասին, անմիջապես հետաքրքրվեցին ու առաջարկեցին երգել այն: Եվ մինչ նրանք սպասում էին, Լիվգրենը դեռ տատանվում էր. չէ՞ որ դա բոլորովին այլ բան էր, և ոչ «Kansas»: Այլընտրանք չկար,  նա վերցրեց ակուստիկ կիթառն ու երգեց:  Ի զարմանս Լիվգրենի՝ ներկաները միաձայն որոշեցին այն ընդգրկել թողարկվող ալբոմի կազմում: «Ես ապշած էի,- ասում է Լիվգրենը,- ես դեմ էի այդ գաղափարին և փաստորեն սկսեցի վիճել խմբի անդամների հետ՝ փորձելով ետ պահել այդ մտքից: Ես մտածում էի՝ ախր այդ մենք չէինք»:

 Բարեբախտաբար Լիվգրենին դա չհաջողվեց . ստեղծագործական խմբի անդամներն անդրդվելի էին իրենց որոշման մեջ: Իսկ արդյունքը կարճ ժամանակ անց տեսանելի էր՝ «Dust in the Wind»-ը խմբի երբևէ ունեցած «ամենամեծ» հիթը դարձավ:

Երգի հաջողությանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ հնչում էր ոճային տարբեր լսարաններ ընդգրկող ռադիոկայանների կողմից՝ ռոք, փոփ, քանթրի և այլն:

Կյանքի ու մահվան, մարդկային անցողիկ գոյությանն առնչվող խոհափիլիսոփայական տեքստը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել: «Dust in the Wind» արտահայտության հիմքը ոմանք տեսնում են  աստվածաշնչյան «որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» տողում (Գիրք Ծննդոց, 3.19): Ոմանք այն բացահայտում են ճապոնական հերոսապատում-էպոսի էջերում, տարբեր երաժիշտների երգերում, որտեղ օգտագործվել է նույն արտահայտությունը: Այդ փնտրտուքներն ու բազմազան եզրահանգումներն ամփոփում է ինքը հեղինակը՝ միաժամանակ նշելով տեքստի ներշնչման աղբյուրը: «Dust in the Wind» –ը նրա մտքում մեխվեց մի օր, երբ կարդում էր ամերիկյան բնիկների՝ հնդկացիների պոեզիա: 

«Այնտեղ հանդիպեցի «մենք ամենքս պարզապես փոշի ենք քամու մեջ» տողերին: Ես մտածեցի՝ իրոք որ այդպես է:… ես հասել եմ նյութական հաջողությունների, ես ունեի նպատակ, որին հասել եմ իմ կյանքի այս փուլում՝ ես կայացած  մարդ եմ, բայց արի ու տես, որ պատրաստվում եմ հողի տակն անցնել…  ուրեմն ի՞նչ է սա նշանակում և իրականում ո՞րն է այս ամենի իմաստը: Սա է երգի հաղորդագրությունը և ինձ համար զարմանալիորեն հաճելի է, որ մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ բացահայտել է այն»:

Երգի համերգային տարբերակը «Kansas»-ը ձայնագրեց և թողարկեց «Two for the Show» ալբոմի կազմում՝ 1978թ., իսկ 20 տարի անց այն հնչեց սիմֆոնիկ համադրությամբ «Always Never the Same» ալբոմում (Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ):

Մեկնաբանություններ (1)

Կարապետ
Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter