HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստատեսության թվայնացմանը մնացել է 6 ամիս, սակայն հեռուստադիտողը դրան տեղյակ չէ

Աննա Բաբաջանյան

Վեց ամսից՝ 2015-ի հուլիսի 1-ից Հայաստանն անցնելու է վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման, սակայն թվայնացման նախապատրաստական աշխատանքները ոչ միայն չեն ավարտվել, այլեւ դրանցում շատ բացթողումներ կան: Նման տեսակետ հնչեց դեկտեմբերի 16-ին «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի հրավիրած «Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ընթացքում:  Բանախոսները թվայնացման գործընթացին անդրադարձան 3 հիմնական ասպեկտով՝ օրենսդրական,  սոցիալական և տեխնիկական եւ իրավիճակը շտկելու  տարբերակներ առաջարկեցին:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն անկատար է

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» օրինագիծ է մշակել, որով առաջարկում է հիմնովին բարեփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Կոմիտեի  նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մենաշնորհացման տարրեր պարունակող այդ օրենքը 2010-ից ի վեր գրեթե փոփոխության չի ենթարկվել, ինչ փոփոխություն էլ մտցվել է՝ եղել է կոմերցիոն բնույթի:

Նրա համոզմամբ՝ գործող օրենքը թույլ չի տալիս ազատականացնել հեռարձակման ոլորտը, խթանել արդար և ազատ մրցակցությունը, բազմակարծությունն ու բազմազանությունը:

Օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս ՀՀ տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում: «Այս կերպ սահմանափակվում է և, առհասարակ, հաշվի չի առնվում տեխնոլոգիական զարգացումներով ուղեկցվող ներկայիս ժամանակահատվածը: Փաստորեն, մեր գնահատմամբ անարդար, թափանցիկ ու սուբյեկտիվ որոշումների, քաղաքական պատվերների  հիման վրա անցկացված մրցույթների հիման վրա բաժանված լիցենզիաները միակ օրինական հիմքն են, և նոր խաղացողների մուտքը  դաշտ մինչև մյուս մրցույթը բացառվում է»,-նկատեց Ա. Մելիքյանը:

Գործող օրենքում կարգավորված չէ նաև մասնավոր մուլտիպլեքսների մուտքը շուկա: Ընդամենը մի դրույթ կա, ըստ որի՝ 2015-ի հուլիսի 1-ից հետո կարող է ստեղծվել մասնավոր մուլտիպլեքս: «Բայց թե ով պետք է լինի լիցենզավորողը, ինչքան գումար պետք է ներդնի այդ սուբյեկտը հեռարձակման շուկայում՝ պարզ չէ: Ըստ մեր առաջարկած օրինագծի՝ մասնավոր մուլտիպլեքսի համար լիցենզավորող մարմին պետք է լինի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ)՝ պարզեցված ընթացակարգով»,-նշեց կոմիտեի նախագահը:

Օրենքում ոչ մի խոսք չկա նաև սեփականության թափանցիկության վերաբերյալ: «Հեռուստատեսությունը նաև բիզնես է, սակայն կոշիկի արտադրություն չէ, այն գործ ունի մարդկանց սրտի ու մտքի հետ, և հնարավոր չէ, որ շարժվի կոմերցիոն դաշտի նույն կանոններով, դա հարիր չէ ժողովրդավարության ձգտող երկրին»,-պարզաբանեց  Ա. Մելիքյանը:

Նա «Հետք»-ի հետ զրույցում հավելեց, որ լուծված չէ նաև լիցենզավորման ընթացքում պարտվողի համար հիմնավորում ապահովելու հարցը. «Հաղթողին հիմնավորում տրվում է, պարտվողին՝ ոչ: Նախ պետք է օրենսդրական փոփոխություն տեղի ունենա, ՀՌԱՀ-ը լիցենզավորման մրցույթ հայտարարելուց հետո պատճառաբանի եւ հիմնավորի մասնակիցների հաղթանակն ու պարտությունը, որպեսզի թե´ վերջիններիս, թե´ հանրության համար մութ տեղեր չմնան»:

Գործող օրենքում կան նաեւ խոցելի դրույթներ, որոնք առկա էին դեռեւս թվայնացման գործընթացից առաջ. խոսքը ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձևավորման կարգի մասին է, որոնք, Ա. Մելիքյանի խոսքով, միշտ վիճահարույց են եղել:

Բոլոր անապահով ընտանիքներին ապակոդավորիչ կհասնի՞, իսկ մարդիկ դրանցից օգտվել գիտե՞ն

Պակաս մտահոգիչ չէ թվայնացման գործընթացի սոցիալական բաղադրիչը:  Թվային ազդանշանն ընդունելու համար քաղաքացիները կամ պետք է ունենան նոր սերնդի հեռուստացույց, կամ իրենց ունեցած հեռուստացույցին միացնեն ապակոդավորիչ: Սա լրացուցիչ ծախս է քաղաքացու համար: Կառավարությունը նախապես հայտարարել էր, թե կհոգա 100.000 սոցիալապես անապահով ընտանիքների ապակոդավորիչներով ապահովելու հարցը: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» հարցմանն ի պատասխան` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցված է 130 հազար անապահով ընտանիք: Այսինքն, մեծ թվով անապահով ընտանիքներ, հնարավոր է, զրկվեն ապակոդավորիչ ստանալու հնարավորությունից:

Այս առիթով մարզային «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը նկատեց, որ, օրինակ, հասարակ գյուղացին, ով գոնե հողակտոր ունի, երբեք չի կարող համարվել անապահով խավի անդամ, ուստի  պետք է ինքը ձեռք բերի համապատասխան սարքավորումները, որոնք 100 ԱՄՆ դոլարից ավել արժեն. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ գյուղացին դրա փոխարեն կնախընտրի գնել արբանյակային ալեհավաք եւ դիտել 100-ից ավել ալիքներ»,-ասաց նա:

Բացի այդ՝ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք  է օգտվեն ապակոդավորիչ սարքից, թվային ազդանշանից, ուստի տեղին կլինի, եթե պետությունն այս թեմայով լայնածավալ ուսուցողական ծրագիր իրականացնի:

Բանախոսների առաջադրած հարցերին ի պատասխան՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Կապի և տեղեկատվայնացման վարչության պետ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություն, որով կկարգավորվեն բոլոր խնդիրները, իսկ ապակոդավորիչների հատկացման կարգը կդրվի հանրային քննարկման:

«Ես գիտեմ, որ հիմա նախարարությունում իսկապես քննարկվում են այդ չլուծված խնդիրները, սակայն ժամանակը քիչ է եւ պետք է քննարկումներից անցնել ռեալ եւ արագ գործողությունների»,- նախարարության աշխատակցի պատասխանը «Հետքի» հետ զրույցում մեկնաբանեց Ա.Մելիքյանը:

Թվայնացումն ու քաղաքական կամքը

Թվայնացման գործընթացի մասին խոսելիս հնարավոր չէ հաշվի չառնել դրա քաղաքական ենթատեքստը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ ամբողջ աշխարհում թվայնացման անցնելու գաղափարը ենթադրում է հանրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, իսկ մեր երկրի դեպքում՝ ոչ. «Որքան շատ լինեն հեռուստաընկերությունները, այնքան ավելի կդժվարանա դրանք վերահսկելը»,-նկատեց նա:

Բացի այդ՝ որքան շատ հեռարձակողներ լինեն, այնքան շատ տնտեսվարողներ  ի հայտ կգան, գովազդային գներն անկում կապրեն, իսկ դա ձեռտու չէ մենաշնորհային շուկային:

«Հետքի» հետ զրույցում Լ. Բարսեղյանն ընդգծեց, որ գերխնդիրը գրաքննությունն է, որի միջոցով պետությունը սահմանափակում է հնարավոր հեռարձակողների մուտքը շուկա:

Թվային հեռուստատեսությունը երկար կյանք չի ունենա

Խնդիրներով է ուղեկցվում նաև թվայնացման տեխնիկական իրականացումը: Փորձագետ Անդրանիկ Մարկոսյանի հավաստիացմամբ՝ այն ֆորմատով, որով ներդրվում է թվային հեռուստատեսությունը, երկար կյանք չի ունենա, քանի որ ուժեղ մրցակցության կհանդիպի ի դեմս կաբելային, ինտերնետային, արբանյակային հեռարձակողների,   և 10 տարի հետո Հայաստանում  թվային հեռուստատեսության գոյությունն անիմաստ կլինի:

Նրա խոսքով՝ վերջին 4 տարվա ընթացքում այդպես էլ չքննարկվեց այն հարցը, թե ինչպես են հեռուստաընկերություններին  բաշխվելու  հաճախականություններ:

Պարզ չէ նաև՝ «Էրիքսոնի» ներդրած ծրագիրը համատեղելի՞ է  հայերենի հետ, թե՝ ոչ, և արդյոք դրա հայալեզու տարբերակը նորմալ կարտացոլվի էկրանին:

Թվայնացման գործընթացը՝ Վրաստանի եւ Ուկրաինայի փորձով

Քննարկան ընթացքում հնարավոր եղավ ծանոթանալ թվայնացման գործընթացին  հարեւան Վրաստանի, նաեւ՝ Ուկրաինայի փորձով:

Վրաստանի «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» Մեդիա և հեռահաղորդակցության օրենսդրության փորձագետ Ուչա Սետուրին տեղեկացրեց, որ իրենց երկրի համար թվայնացման ամբողջ գործընթացն արժեցել է 10 միլիոն եվրո: Համեմատության համար նշենք, որ Հայաստանն արդեն 10,6 մլն դոլար է վճարել «Էրիքսոն» ընկերությանը թվայնացման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման եւ սարքերի տեղադրման աշխատանքների կատարման համար: Բայց դրանով չի ավարտվում թվայնացման գործընթացը: Պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, անապահով խավի համար ձեռք բերվեն ապակոդավորիչներ եւ այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են համակարգն ամբողջացնելու համար:   

 Ուչա Սետուրիի խոսքով՝ այդ պրոցեսը հաջողությամբ իրականացվել է ընդամենը երկու տարում, որից մեկ տարին անցել է  հատուկ  ռազմավարություն մշակելու վրա: 

Իսկ ահա Ուկրաինայի ներկայացուցիչը, ծանոթանալով թվայնացման գործընթացում հայաստանյան փորձին, նշեց, որ ինքը «դեժավյու»-ի զգացողություն ունի. «Թե´ Հայաստանում, թե´ Ուկրաինայում մենք գործ ունենք հանրության հետ, որը լավ չի պատկերացնում թվային հեռուստատեսությունը, ամեն իշխանության հետ գալիս է մի պաշտոնյա, և արդեն 10 տարի է՝ մեզ պատմում են նույն հեքիաթը, որին հավատալը հեշտ չէ»,-կարծիք հայտնեց Ուկրաինայի «Հեռուստառադիոհեռարձակողների անկախ ասոցիացիայի» Շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Օլգա Բոլշակովան: Նրա խոսքով՝  իրենց երկրում թվայնացման գործընթացին առնչվող՝ տարածում ունեցող միֆերից մեկն այն է, որ թվային հեռուստատեսությունը մաքուր բիզնես է, որով պետությունը չպետք է զբաղվի,  բիզնեսն ինքը պետք է լուծի իր խնդիրները: Այնինչ, Բոլշակովայի պատկերացմամբ, պետությունը պետք է իր ներդումն ունենա այդ հարցում:

«Բացի այդ՝ որոշ օլիգարխների թվում է, թե թվայնացումը մի գեղեցիկ նախագիծ է, խաղալիքի պես են վերաբերվում դրան, նրանք ստանում են հեռարձակման լիցենզիաները, հետո չեն կողմնորոշվում, թե դրանց հետ ինչպես վարվեն. չէ՞ որ դա ամենևին էլ պարզ բիզնես չէ»,-մեկնաբանեց  նա:

Օ. Բոլշակովայի խոսքով՝ Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ թվային հեռուստատեսությունը խելահեղ հնարավորություններ ընձեռում է  միայն հարուստ երկրներին, իսկ եթե երկիրն աղքատ է, այն թվայնացման արդյունքում ոչ մի բան գործնականում չի ստանալու:

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Ինչպես միշտ, այս հարցում էլ մեր համապատասխան մարմինները ցուցաբերում են ժամանակավրեպ, ոչ կոմպետենտ եւ գիշատիչ մոտեցումներ: Սակայն այս բոլոր մոտեցումները շախմատային մեծ վարպետությամբ ուղղորդվում են միայն մեկ բանի. անխնա լափել, փոշիացնել գումարները եւ ձեռքի հետ էլ տիրանալ ոլորտին: Արդեն հայտնի է, թե ում կոտոշներն երեւում թվային հեռարձակման ստվերում: Ե՞րբ եք խելքի գալու: P.S. Թերեւս պարզ է. երբեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter