HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտորիտար պետությունների քարոզչական սխեմաները

Էդգար Վարդանյան

Յուրաքանչյուր ավտորիտար պետության վարչախումբ պետական մակարդակով իրականացնում է սեփական վարչակարգի քարոզչությունը։ Առանց այդ քարոզչության առկայության ավտորիտար պետության հիմքերը կարող են խարխլվել։ Թեեւ աշխարհի յուրաքանչյուր ավտորիտար պետություն ունի քարոզչության սեփական, ուրույն զինանոցը, սակայն, վերջիններս համեմատելու դեպքում դժվար չէ տեսնել, որ այդ զինանոցները չափից շատ ընդհանուր տարրեր ունեն։ Այնպիսի տպավորություն է, որ տարբեր ավտորիտար վարչախմբերի քարոզչական ծրագրերը մշակվել են մեկ կենտրոնում, թարգմանվել են տարբեր լեզուներով եւ տարածվել։

Խնդիրն այն է, որ այդ նմանությունը պարտադրված է ավտորիտար պետությունների բնույթով։ Որքան էլ որ պետությունները տարբեր են, ըստ իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների տիպի, նրանց կարելի է բաժանել ընդամենը երկու տեսակի՝ դեմոկրատական եւ ոչ դեմոկրատական երկրների։ Բնական է, որ ոչ դեմոկրատական պետությունները սեփական ժողովրդի եւ այլ պետությունների հետ հարաբերվելիս կանգնում են գրեթե միեւնույն խնդիրների առջեւ եւ դրանք լուծելու համար դիմում են ունիվերսալ միջոցների, այդ թվում քարոզչության ոլորտում։

Փորձը ցույց է տալիս, որ ավտորիտար երկրների պետական քարոզչությունը ժողովրդավարեցման հիմնական խոչընդոտներից է եւ ժողովրդավարական ուժերը պետք է հաշվի առնեն դա եւ մշակեն այդ քարոզչությունը չեզոքացնելու ունակ լուրջ տեղեկատվական-կրթական համակարգ։

Այս առումով վատ չէր լինի, որ դեմոկրատական ուժերը մշակեն որոշակի նյութեր, որոնցում ներկայացված կլինեն հիմնական քարոզչական սխեմաները եւ դրանց չեզոքացնող փաստարկները։ Հարկ է նշել նաեւ, որ, իրականում, այդ սխեմաները շատ չեն, ավելի ճիշտ կլինի ասել, որ, ընդամենը, մի քանիսն են, որոնք ուղղակի, ժամանակ առ ժամանակ, հարստանում են ինչ-որ նոր «օրինակներով»։

Ստորեւ ներկայացնենք ամենից շատ տարածված քարոզչական մի քանի սխեմա։  

  • ԶԼՄ-ներով եւ այլ միջոցներով քարոզիչները վարկաբեկում են «արեւմտյան արժեքներ», «մարդու իրավունքներ» հասկացությունները։ Նրանք նշում են, որ թեեւ վերոնշյալի մեջ կան որոշակի դրական կետեր, սակայն դրանցում «շատ են մեր ազգին խորթ տարրեր»։ Որպես կանոն չի նշվում, թե որոնք են դրանք, ուղղակի ասվում է, որ, օրինակ, կան այնպիսի իրավունքներ, որոնք հանգեցնում են տարբեր տեսակի այլասերվածությունների առաջացմանն ու տարածմանը եւ ի վնաս ընտանիքի, համայնքի անձի գերարժեւորմանը։ Ամենից հաճախ հղում է արվում համասեռականների, կրոնական կազմակերպությունների, երեխաների իրավունքների հետ կապված ինչ-որ պատմությունների, որոնք կամ շինծու են լինում, կամ էլ կոնտեքստից կտրված։ Արդյունքում, արվում է եզրակացություն, որ արեւմտյան երկրները այդ արժեքները, իրավունքները տարածում են, որպեսզի «քանդեն մեր ընտանիքը, համայնքը, բարոյականությունը» ու դրանով «թուլացնեն մեր պետությունը» կամ «նվաճեն այն, ենթարկեցնեն իրենց»։ Այս ամենից հետո էլ հայտարարվում է, որ «եթե չեք ուզում, որ այդ այլասերվածությունները տարածվեն, սատարեք հայրենի իշխանություններին»։
  • Հայտարարվում է, որ մարդու իրավունքների մասին խոսող պետությունները հենց իրենք են ոտնահարում այդ արժեքները եւ չկա աշխարհում գեթ մեկ երկիր, որում հարգվում են մարդու իրավունքները։ Ամենի հաճախ բերվող օրինակներից են՝ «տեսեք, թե Արեւմուտքը ինչպես առանց ՄԱԿ-ի համաձայնության ռմբակոծեց եւ ավիրեց Սերբիան, Իրաքը եւ այլն»։ Կամ, «տեսեք, թե ինչպես են ԱՄՆ-ում (Եվրոպայում) ոստիկանները դաժանորեն ցրում ցույցերը»։ Այստեղ էլ, ավելի շատ փորձ է կատարվում ամրագրել մարդկանց գիտակցության մեջ այն գաղափարը, որ «մարդու իրավունքներ», «արեւմտյան, կամ համամարդկային արժեքներ» հասկացությունները արհեստական են եւ հենց Արեւմուտքում գոյություն չունեն։ «Ուստի պետք է այլ, բնական, արդար արժեքների հիման վրա ապրել եւ քանի որ մեր վարչախումբը դեմ է արեւմտյան այդ արհեստական արժեքներին, ուրեմն սատարելով նրան մենք կապրենք ճիշտ արժեքների համաձայն։»։ 
  • Կատարվում են զանազան մանիպուլյացիաներ տարբեր ցուցանիշների, վարկանիշների, հարցումների հետ։ Օրինակ, ավտորիտար երկիրը կարող է կոռուպցիայի համաթվով զբաղեցնել վերջին տեղերը, սակայն քանի որ նախորդ տարվա համեմատ մեկ կետով բարձրացել է ցուցակում, քարոզիչները հայտարարելու են, թե «ակնհայտ է, որ մեր պետությունը հաջող պայքար է մղում կոռուպցիայի դեմ, բայց, դե, կոռուպցիան համաշխարհային երեւույթ է, ամբողջությամբ չենք կարող արմատախիլ անել»։   

Հարկ է նշել, որ նման սխեմաները աշխատում են, քանի դեռ դեմոկրատական փոքրամասնությունը մեծամասնության համար համոզիչ եւ մատչելի կերպով չի բացահայտել դրանք։

Լուսանկարը՝ vedomosti.ru-ից

Մեկնաբանություններ (1)

մարգար
Լավ էլ ավտորիտար տղերք են, քարոզ-մարոզի էլ կարիք շատ չունեն: Իսկ դրություն լարողն ու ջուր պղտորողն իսկապես ավելի շուտ արեւմուտքն է: Լավն այն կլիներ եթե ամեն մեկը քիթն իր երկրից դուրս չհաներ ու մյուսների գլխին քարոզիչ չդառնար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter