HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հայաստանցի կանայք գերադասում են աշխատել թուրքերի մոտ

Աշխատանք որոնելու նպատակով Հայաստանից Ստամբուլ մեկնած հայ կանայք ավելի շատ գերադասում են աշխատել թուրքերի, քան պոլսահայերի համար:

«Նոր գնացածները սկզբից աշխատում են պոլսահայի մոտ, որովհետև լեզվի խնդիր կա, բայց հենց լեզուն սովորում են՝ թողնում ու գնում են թուրքերի մոտ»,- «Հետքին» պատմում է Հերիքնազ Ավագյանը, որ Թուրքիայում է արդեն 12 տարի:

Ավագյանն ասում է, որ դրա հիմնական պատճառն այն է, որ աշխատանքային պարտականությունների մասին պայմանավորվելիս՝ խոսում են մի բանի մասին, բայց գործն անելիս՝ պահանջում մեկ այլ բան:

«Օրինակ, դու պայմանավորվում ես երեխա պահելու, բայց մեկ շաբաթ հետո տան հետ կապված մեկ այլ գործ են հանձնարարում, հետո մեկ ուրիշը, հետո դա արդեն դառնում է պարտականություն, ու ստացվում է, որ դու գործի ընդունվել ես երեխա պահելու համար, բայց դրա հետ միասին անում ես տան մնացած գործերը, որի համար, բնականաբար, լրացուցիչ չես վարձատրվում,- մեկնաբանում է նա,- ու չես էլ ուզում թողնել այդ տունը, որովհետև վախենում ես աշխատանքդ կորցնել»:

Ավագյանի խոսքով՝ ինքը ժամանակին վախեցել է գործից դուրս գալ ու ձեռնունայն մնալ. «Իսկ այսօր, երբ լսում եմ, որ մեկն այդ պատճառով թողել է գործը՝ ողջունում եմ»:

Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած՝ Ռուսաստան, Եվրոպա և այլ ուղղություններին զուգահեռ, մարդիկ սկսեցին աշխատանք որոնել հարևան Թուրքիայում` հիմնականում Ստամբուլում, որտեղ զբաղվում են տան մաքրությամբ, երեխայի խնամքով և կոշիկի, կաշվե ֆաբրիկաներում բանվորությամբ: Հայաստանի Վիճակագրական վարչությունում որևէ տվյալ չկա Թուրքիա մեկնողների վերաբերյալ, սակայն ըստ 2009թ. Ալին Օզինյանի հետազոտության՝ Ստամբուլում աշխատում են մոտ 15 000 հայաստանցի հայ, որից 94 տոկոսը կանայք են: Նրանց շրջանում կան բազմաթիվ բարձրագույն կրթությամբ անձինք, որոնք տնտեսական սուղ պայմանների պատճառով հարկադրվել են թողնել իրենց աշխատանքն ու գնալ Թուրքիա՝ տուն մաքրելու կամ երեխա պահելու: Նրանցից մեկն էլ Ավագյանն էր, որ, լինելով մանկավարժ, թողել էր դպրոցն ու 2002թ. եկել Ստամբուլ: Այն ժամանակ ամսական միջին վաստակը կազմում էր 250 դոլար, իսկ հիմա՝ 600 դոլար:

Ավագյանը պոլսահայերի շրջանում նույնիսկ նկատել է բարի կամեցողության բացակայություն. «Երբ փորձում էինք մի բան սովորել թուրքերենի հետ կապված, փորձում էին չպատասխանել կամ այնպիսի ձևով էին պատասխանում, որ հաջորդ հարցը չտաս, ու այդ վերաբերմունքը համատարած էր, ու չէին ուզում, որ թուրքերեն սովորեինք»:

Պոլսեցիների տանն աշխատած կանայք ասում են, որ գերադասում են աշխատել թուրքերի մոտ, քանի որ վերջիններս առատաձեռն լինելուց բացի՝ տանն այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ աշխատողն իրեն անկաշկանդ զգա: Կանանց մեծ մասը՝ տներում աշխատելով, նաև ապրում են այնտեղ, այսպիսով դառնալով այդ ընտանիքի մի անդամը:

Ավագյանը շեշտում է, որ թուրքերի հետ համեմատած՝ պոլսահայերն ավելի պահանջկոտ են ու ավելի քիչ են վճարում. «Շատ մաքրասեր են պոլսեցի հայերն ու պահանջկոտ, բայց կալարեն իրենք իրենց համար մի բաժակ ջուր բերեն»:

Բացի նյութական խնդիրներից` Ավագյանն առանձնացնում է մշակութային լայն տարբերությունները, որոնց մեջ նա տեսնում է և լավ, և վատ կողմեր:

«Մի օր իմ տանտիրուհին իր հյուրերի ներկայությամբ ինձ՝ իբրև հաճոյախություն արեց՝ ասելով, թե Հերիքնազն անոնց նման չէ,- հիշում է Ավագյանը,- իրենք մեզ այնպես են նայում, ասես մենք գյուղից ենք եկել, նրանց համար Հայաստանը գյուղ է»:

Անոնց՝ հայաստանցիներին, Ավագյանը բնութագրում է որպես ավելի անմիջական, որոնք ինչ-որ բան դուր չգալու պարագայում կարող են, օրինակ, բարձրաձայնել, թե ինչ են մտածում այս կամ այն հարցի շուրջը:

«Իսկ իրենց շփման մշակույթն այլ է, շատ կիրթ են ու իրենց միմիկայից հնարավոր չէ հասկանալ, թե ինչ են մտածում քո մասին, ամեն ինչին ժպիտով ու շնորհակալաբար են մոտենում, բայց հաջորդ օրը կարող են զանգել ու ասել, որ էլ չգաս, մեկ այլ մարդ են գտել այդ աշխատանքի համար, ու չես հասկանա, թե որն էր պատճառը»,- ասում է նա:

Ավագյանն այս արտաքուստ բարեկիրթ վարվեցողությունն այնքան էլ դրական չի գնահատում, ասելով, թե դրա տակ տաք սիրտ չկա: «Նրանք, օրինակ, կարող են ասել, թե մեր վիճակը չգիտեի՞ք, ինչո՞ւ եկաք Պոլիս,- հիշում է Ավագյանը,- նկատի ունեն, որ ապրում են մի պետության մեջ, որտեղ ունեն սահմանափակ իրավունքներ, այսինքն շատ բան մեզանից չսպասեք: Բայց եթե ես եկել եմ, ուրեմն իմ վիճակն ավելի վատ էր, ու մեր համար էլ շատ բաներ հասկանալի ու ընդունելի չէին, բայց ստիպված էինք»:

Սակայն դա այնպես չէ, որ թուրք գործատերերը բոլորն են այդչափ առատաձեռն ու ազնիվ: Արմինե Գրիգորյանը, որ Ստամբուլում է արդեն 13 տարի, պատմում է, որ առաջին տարիներին որոշ ժամանակով երկու հարկանի տուն է մաքրել՝ ամիսը 500 դոլարով և 80 լիրա ճանապարհածախսով, որտեղ երկու թուրք քույրեր այլազգիների հետ թուրքերեն էին պարապում: «Մի անգամ տունը մաքրել ու գնացել էի, իսկ անձրևից հետո ուսանողները եկել ու հատակի վրա հետք էին թողել, իսկ իրենք զանգել ու բղավում էին, թե ինչպե՞ս ես մաքրել,- պատմում է նա,- կամ երկու քույրով տղաների հետ լինելուց հետո այդպես օգտագործված պահպանակները գետնին էին թողնում, ու ես էլ չհավաքեցի ու ինձ վրա բղավեցին, թե բա քեզ ինչի՞ համար ենք վարձել, որ չպիտի հավաքես»:

33-ամյա Ալվինա Բաղդասարյանն էլ պատմում է, որ մի անգամ մի թուրք կնոջ մոտ է աշխատել, որի տանը նաև մնում էր, ու այդ տիկինը նրան անձրևի ժամանակ հինգ անգամ լուսամուտները մաքրել է տվել, որից հետո նրան ասել է հաջողություն: «Հիմա էլի իր տունն եմ ապրում ու վարձ եմ տալիս, բայց իր տունը չեմ մաքրում, իսկ եղել է, որ մի մոլդովացու տանն եմ աշխատել, որ ինքն էլ իմ հետ հավասար տունը մաքրում էր»,- ասում է նա:

Պոլսահայ կինոռեժիսոր Սիբիլ Չեքմենը, որ ֆիլմ է նկարում Ստամբուլում աշխատող հայաստանցի կանանց մասին, ասում է, որ իր կարծիքով խնդիրն այստեղ ակնկալիքների դաշտում է:

«Հավանաբար, հայաստանցիները պոլսեցիներից ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել, քանի որ նրանք հայեր էին, ու սպասում էին, որ իրենց պիտի օգնեին, իսկ թուրքերից շատ քիչ բան են սպասել, քանի որ թշնամիներ են,- մեկնաբանում է նա,- ու երբ թուրքը լավ է նրանց վերաբերվում, դա լայն դրական ռեզոնանս է առաջացնում, իսկ երբ պոլսեցին է վատ վերաբերվում՝ դա լայն բացասական վերաբերմունք է առաջացնում»:

Ավագյանն ասում է, որ հետագայում շփվել է այլ պոլսահայերի հետ, ու սկսել այլ հայացքով նայել նրանց: «Որովհետև ես հիմա շփվում եմ կրթված մարդկանց հետ, որոնք ընդունում են, որ Հայաստանից եկած մարդիկ էլ կարող են խելացի ու կիրթ լինել»,- մեկնաբանում է նա:

Ստամբուլում Հերիքնազը տեսել է նաև այլ տարբերություններ. «Դու կարող է մտնես խանութ ու տեսնես մի մարդ հատակն է մաքրում ու գլխի չընկնես, որ այդ մարդը խանութի տերն է, մինչդեռ Հայաստան մտնելիս՝ հենց միայն մարդու կեցվածքից կհասկանաս, թե ինքն ով է»:

Ավագյանի կարծիքով ճիշտ չէ հայաստանցի ու պոլսեցի բաժանումը, որովհետև բոլորս էլ հայ ենք, ու պոլսահայերի մեջ էլ կան մարդիկ, որոնք ամբողջականություն են տեսնում:  «Դա պիտի բոլորիս սրտերի ու մտքերի մեջ լինի, բայց երբ իրենք տարբերություն են դնում, դու էլ նույնկերպ ես վարվում,- ասում է նա,- Երբ ես գնացի ճամբար, թեպետ այնտեղ բոլորն էլ հայ երեխաներ էին, բայց աչքերս մեր երեխաներին էին փնտրում, որովհետև իրենց երեխաներին ավելի պաշտպանված էի տեսնում»:

Ավագյանը մեկ-երկու տարի տուն մաքրելուց հետո հիմնադրել է Հայաստանից եկած հայերի երեխաների համար դպրոց, որն էլ ղեկավարում է արդեն տասը տարի:

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Հետքին» ասում է, որ ոչ միայն հայերը, այլև աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն մեկը մյուսին միմյանցից զանազանելու ախտ:

«1915թ. ի վեր այս քաղաքին մեջ նույնպես եղած է քաղաքացի-գավառցի տարակարծություն, ու Պլոսո հայերը Թուրքիո գավառներից եկածներին արհամարհած, նրանց գավառացի անվանած ու իրենց ավելի բարձ ու ազնվական դասած էին՝ անոնց վերաբերվելով որպես լեռնցի ու նիստուկաց չիմացող,- մեկնաբանում է Էստուկյանը,- բայց այն ատեն գավառացի ըլլալով քննադատվածներն ու մեղադրվածներն այսօր նույն ոճով նույն բանը կընեն ուրիշների նկատմամբ»:

Նա նաև նշում է, որ մինչև երկաթյա վարագույրը կբացվեր՝ Պոլսո հայերը հայաստանցիների մասին սրբի պատկերացումներ ունեին, սակայն, երբ նրանք եկան Ստամբուլ աշխատելու՝ խոշոր գողության և սպանության դեպքեր եղան, որը նպաստեց երկու համայնքների միջև գոյացած անջրպետի խորացմանը:

«Բայց երբ ճանապարհը բացվեցավ՝ տեսնվեցավ, որ այնտեղից եկած մարդկերանց կերպարը մարդուց մարդ տարբեր է»,- ասում է Էստուկյանը:

Թուրք հետազոտող Լուլուֆեր Քորուքմեզը, որ Ստամբուլում աշխատող կանանց շրջանում հետազոտություն է արել, մեջբերում է իրեն ասված հայաստանցի կանանց խոսքերը, որոնց աչքում ստամբուլահայ կանայք դադարել են լինել դասական հայ կին:

«Նրանք ասացին, որ ստամբուլահայ կանայք ճաշ չեն պատրաստում, որն անընդունելի է նրանց համար,- ասում է նա,- բացի այդ` կան նաև մշակութային խնդիրներ, ու մի պոլսեցի կին իր տան աշխատող հայաստանցի կնոջն անվանել է հոմոսովետիկուս՝ ասելով, որ իրենց հետ կապ չունեն»:

Թուրք մշակութային մարդաբան Այկութ Օզթուրքը, որը Ստամբուլում ապրող երկու հայ համայնքների մասին հետազոտություն է անում, «Հետքին» ասում է, որ ստամբուլահայերն իրենց չեն ասոցիացնում հայաստանցիների հետ, իրենք կարծում են, որ ամբողջովին միմյանցից տարբեր են:

«Շատ պարադոքսալ է, բայց քեմալական հեղափոխությունը թուրքահայերին ամբողջովին տրանսֆորմացրեց՝ նրանց վերածելով Թուրքիայի քաղաքացիների, որոնք գրեթե թուրքացված են, ու լինելով կրոնական փոքրամասնություն՝ հավատում են, որ մահմեդականների հետ ունեն հավասար իրավունքներ,- մեկնաբանում է  նա,- խոսքը, հիմնականում վերաբերվում է միջին դասի մարդկանց, նրանք այլ օրակարգ ունեն իրենց տեսլականում, և դա բոլորովին էլ հայկական ինքնությունը չէ»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայի/հայաստանցու ամենամեծ սխալը հենց այն է,որ ասում է՝ «ճիշտ չէ հայաստանցի ու պոլսեցի բաժանումը, որովհետև բոլորս էլ հայ ենք»: Ոչ, պիտի՛ բաժանես,որ ամեն մեկն իր իսկակա՛ն տեղն իմանա: Հայաստանի ներսում էլ պիտի բաժանել. օրինակ՝ սյունեցին ու երևանցին նույն ազգի՞ն են պատկանում կամ նու՞յնն են. շա՜տ եմ կասկածում:........................................................ Ամբողջ աշխարհը ման գաս, պոլսահայերի պես «լավ» հայ չես գտնի,եթե, իհարկե, իրենք իրականու՛մ հայեր են («ոչ միս,ոչ ձուկ»): Պոլսահայի մոտ փորձիր հանկարծ Թուրքիայի մասին մի վատ բան ասել. քիչ է մնում մատները կոխեն- աչքդ հանեն: ««Վատ» թուրք,«լավ» հայը» վաղուց շատերն (այդ թվում ես) արդեն չեն գնում: Ինչ վերաբերում է գենոցիդին. նախ՝ ասացվածք՝ «ոչխարին իր սրունքից են կախում», երկրորդ՝ 6 տարիկանից գենոցիդ-գենոցիդ եմ լսում. ես ՀՈԳՆԵԼ եմ դրանից. կա՛մ ՎՃՌԱԿԱՆ քայլով լուծե՛ք ձեր պրոբլեմը, կամ ԼՌԵՔ վերջապես. ի՛մ պապերը գենոցիդի չեն ենթարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter