HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնձորեսկի դպրոցում հիշում են համայնքի բոլոր նվիրյալներին

Մարիամ Մաթեւոսյան

Խնձորեսկի Գարեգին Սեւունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը պատմում է, որ տարիներ առաջ համայնքապետարանից անապահով ընտանիքների մասին տեղեկանք վերցնելու համար աշակերտներից մեկին խնդրել է գնալ աշխատակազմի քարտուղարի տուն, ով այդ օրը աշխատանքի չէր գնացել: Աշակերտին ասել է՝ «Սանոյենց տունն է», չմտածելով, որ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկին չի ճանաչի: Աշակերտը, սակայն, հարցուփորձ անելով է գտել ազատամարտիկի տունը:

«Այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Պատերազմի տարիներից դեռ շատ չէր անցել ու նոր սերունդը չգիտե՞ր Սանոյին»,- պատմում է նա:

Շատ չանցած դպրոցում Փառքի սրահ ստեղծվեց, որտեղ ներկայացվեցին  արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների լուսանկարներ, անձնական իրեր, նրանց մասին պատմող նյութեր: Որոշվեց պարբերաբար միջոցառումներ կազմակերպել եւ 2001 թ.-ից առ այսօր, ամեն տարվա դեկտեմբերի 11-ին դպրոցում Արիության դաս է անցկացվում: Առաջին դասը նվիրվել է զոհված ազատամարտիկներին, երկրորդը՝ ապրողներին: Այսպես հերթականությամբ դպրոցը հիշում եւ մեծարում է խնձորեսկցի նվիրյալներին: «Մեր ավանդական  արիության դասերն էլ ավելի են սերտացնում կապը համայնքի, գյուղից դուրս ապրող համագյուղացիների ու դպրոցի միջեւ, քանի որ այդ դասերի հերոսները հենց համայնքի բնակիչներն են»,- ասում է տնօրենը:

Տարվա ընթացքում դպրոցում կազմակերպվում են արտադասարանական, համադպրոցական 100-ից ավելի միջոցառումներ:

Դպրոցում սովորում է 310 աշակերտ: Վ. Բալայանը ցավով է նշում, որ գնալով զույգ դասարանների թիվը կրճատվում է, բայց հպարտությամբ է պատմում դպրոցի հաջողությունների մասին, ասելով, որ դպրոցի սաներն իրենց գիտելիքներով լուրջ մրցակիցներ են հանրապետությունում անցկացվող բոլոր մրցույթների եւ օլիմպիադաների մասնակիցներին: Նրանք հաղթանակներով են վերադարձել Հայ Ասպետ, Կենգուրու հեղինակային, կրթական մրցաշարերից: Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա հանրապետական ամփոփիչ մրցույթում «Հայրենասիրական եւ գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգում Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Բալայանն արժանացել է նախարարի շնորհակալագրին:

2001թ.-ից Խնձորեսկի միջնակարգ դպրոցն անցել է 12-ամյա համակարգի: Բարեփոխումների լավ ու վատ կողմերի մասին խոսելիս` Վ. Բալայանը նշում է, որ թեեւ նոր համակարգը նպատակ ուներ աշակերտներին դպրոցական   ծրագրերը յուրացնելով նախապատրաստել բուհական քննություններին, բայց աշակերտները շարունակում են «հույսները կապել» մասնավոր պարապմունքների հետ: 

«Այսօրվա աշակերտն ավելի զարգացած է, ավելի շատ է հետաքրքված գիտությամբ, քան նախկինում էր: Միակ թերություն այն է, որ ավարտական  դասարաններում, երբ սկսում են պարապել երկու-երեք առարկա, մնացած  առարկաները չեն  սովորում»,- ասում է տնօրենը: Նա ցավով է փաստում,  որ  այսօր  մանկավարժական  բուհեր  դիմում  են  դպրոցների  միջակ  եւ  միջակից  էլ  ցածր  կարողությամբ շրջանավարտները: Մեղավորության իր բաժինն ունի նաեւ պետությունը, քանի որ միջակ աշակերտը հետագայում կլինի միջակ ուսուցիչ:

Տնօրենի խոսքով՝ դպրոցի հաջողություններն ավելին կլինեն, եթե հնարավոր լինի բարեկարգել շենքը: 1999թ.-ին, որպես հրետակոծված դպրոց, ՄԱԿ-ի զարգացման ծրագրով վերանորոգվել է միայն ուսումնական մասնաշենքը: Այսօր, խիստ անմխիթար վիճակում են տարբեր մասնաշենքերն իրար կապող միջանցքները, արհեստանոցները, լաբորատորիաները, պատուհանները, տանիքը:  «Դպրոցի մի հատվածը չի ջեռուցվում: Ուսուցիչներն ու աշակերտները վերարկուներով են շրջում դպրոցում»,- ասում է դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը:

Խնձորեսկի դպրոցին աջակցում են համագյուղացիները

Ռազմիկ Ղադունց, Մուշեղ Մարտիրոսյան, Սենիկ Ջուլհակյան եւ էլի ուրիշներն են խնձորեսկցի բարերարները, ովքեր աջակցել ու շարունակում են աջակցել իրենց հայրենի գյուղի դպրոցին: Հետպատերազմյան շրջանում, երբ երկիրը ճգնաժամի մեջ էր, ու պետությունը դպրոցներին միայն վառելիք էր կարողանում տրամադրել` Խնձորեսկի միջնակարգ դպրոցում դասասենյակները գազով էին տաքացնում: Երեք տարի անընդմեջ, օգտագործված գազի դիմաց վճարում էր դպրոցի շրջանավարտ, արտերկրում բնակվող Ռ. Ղադունցը:  Մուշեղ Մարտիրոսյանի աջակցությամբ վերանորոգել են մի քանի դասասենյակներ: Արիության դասերից մեկն էլ նվիրվել է հենց նրան: Սենիկ Ջուլհակյանի ջանքերով եվս մի քանի դասասենյակ վերանորոգվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter