HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետ մատակարարող «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, որ առողջանա

Հայաստան ինտերնետ մատակարարող «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ընկերությունը սնանկ է ճանաչվել: Այս տարվա հոկտեմբերին «ՎՏԲ-Հայաստան բանկը» դիմել է դատարան «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու հայցով՝ ընկերության ունեցած շուրջ 4 մլն դոլար վարկային պարտավորության և տույժ-տուգանքների համար: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, բավարարել է հայցը և նոյեմբերի 28-ի վճռով ADC-ին սնանկ ճանաչել:

Ընկերության վիճակի մասին զրուցել ենք «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանի հետ:

Դատարանը սնանկ է ճանաչել «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ընկերությանը: Դուք ասում եք՝ առողջացման ծրագիր եք սկսել: Ի՞նչ է իրականում տեղի ունենում ընկերությունում:

Մեր օրենսդրությամբ այդ երկու գործընթացները միաժամանակ են տեղի ունենում: Այսինքն՝ որպեսզի իրականացվի առողջացման ծրագիր, պարտավոր եք գնալ դատարան և ճանաչվել սնանկ այն իմաստով, որ որոշ ժամանակով սառեցվում են ֆինանսական պատասխանատվությունները: Բանկի հետ համաձայնեցնելով՝ գնացինք այդ ճանապարհով: Որոշեցինք, որ դա ամենաճիշտ տարբերակն է, որովհետև մոդելը, որով կառուցվում էր ADC-ին 2006-ից սկսած, նախատեսված էր եվրոպական տիպի տնտեսության համար: Պրոբլեմներ սկսվեցին ճգնաժամից հետո, երբ մենք գնացինք ոչ թե եվրոպական ճանապարհով, այլ մեր ուղով, որն ավելի շատ դեպի Մաքսային միություն էր գնում՝ տնտեսական զարգացումները, կառուցվածքն ամբողջությամբ, ֆինանսական հոսքերի կառուցվածքն ու ներդրումային քաղաքականությունն ընդհանրապես: Այսինքն՝ զարգացումները, որով գնում էր ADC-ն, լինելով որոշ ոլորտներում առաջատար, սկսեցին նրանից, որ 2006-2007թթ. առաջին անգամ լայնաշերտ օպտիկա տվեց, հետո դուրս եկավ մանրածախ շուկա, այնուհետև էլի ծրագրեր իրականացվեցին: Բայց պահանջվում էր ինչ-որ մի ուղի, որը չպետք է փոփոխվեր, որովհետև ՏՀՏ ոլորտում, երբ դու ներդրում ես անում, նախատեսվում է 8-10 տարվա զարգացում ստաբիլ՝ մեկ ընդունված ուղով: Եթե արագ է փոխվում իրավիճակը, ստացվում է, որ դու այդ ամենին պատրաստ չես:

Հաշվի առնելով, որ մեր հարաբերությունները կառուցվում են նաև բանկերի հետ (մենք բոլոր բանկերի հետ աշխատում ենք, բայց այս ծրագիրը «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ էր), իրավիճակի փոփոխվելուց հետո մենք բանկի հետ միասին ինչ-որ ճանապարհ գտանք` հաշվի առնելով և՛ վերջին երկու տարիների զարգացումները, և՛ մեր օրենսդրական հնարավորությունները, և՛ մեր գործընկերային հարաբերությունները: Թե՛ ADC-ի բաժնետերերը, թե՛ «ՎՏԲ-Հայաստան»-ը եկան մեկ որոշման, մեկ ճանապարհ մշակվեց, որի իրականացման փուլում ենք հիմա:

 Ի՞նչ փոփոխություններ են լինելու ընկերությունում առողջացման ծրագրով:

Ոչինչ չի փոխվելու: Պարզապես մի փոքր փոփոխություն կլինի ռազմավարական մասով: Այսինքն՝ եթե մեզ մոտ կային ծրագրեր, որոնք պետք է իրականացվեին 6-8 տարիների ընթացքում, այլևս չեն լինի: Այդ ծրագրերը կտրոհենք ավելի փոքր կոմպոնենտների: Կփոփոխվի նաև ծառայությունների բովանդակությունը: Օրինակ՝ եթե մենք այս տարի Հանրային հեռուստաընկերության հետ իրականացրեցինք «վեբ սթրիմինգ» կոչվածը, և հիմա Հանրայինը միակն է տարածաշրջանում, որը ուղիղ եթերով կարող է հեռարձակվել թե՛ հեռախոսի, թե՛ համակարգչի, նույնիսկ «փլեյ սթեյշն» կամ «սմարթ թիվի» ամբողջ աշխարհով, հիմա նմանատիպ ծրագրերի համար ազատում ենք ինչ-որ ռեսուրսներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային, որովհետև կան ինչ-որ «օվերդրաֆտներ» կամ վարկային գծեր, որոնք, փաստացի, իրենց չեն արդարացրել, և իրենցից ստացվող եկամուտ չկա: Բանկի հետ մեր հարաբերությունները հիմա ինչ-որ չափով վերակազմավորվում են այդ իմաստով: Բայց ամեն ինչ իր հունով շարունակվելու է. ո՛չ մեր բաժանորդների, ո՛չ դրսի գործընկերների վրա դա չի ազդում: Իրականում դա նորմալ գործընթաց է, արևմուտքում շատ ընդունված: Վախը գալիս է նրանից, որ մարդիկ անգրագետ են, և մարդու համար սնանկացումը ինչ-որ մի բան է, բայց դա հասարակ գործընթաց է, շուկայական հարաբերություններ են: Մենք ունենք ներդրողներ և բաժնետերեր Նորվեգիայից և Արաբական Էմիրություններից, իրենց համար դա նորմալ գործընթաց է:

Հնարավոր չէ՞ր առողջացումն առանց սնանկացման իրականացնել:

Մեր օրենսդրությամբ դա հնարավոր չէ:

Իսկ ինչպե՞ս է վերակազմավորումն իրականացվելու. ընկերությունը փակվելո՞ւ է, նո՞րն է գրանցվելու, թե՞ այլ բան եք նախատեսել:

Այդքան խորքային փոփոխություններ երևի չլինեն, բրենդը մնում է, ծառայությունները մնում են: Մենք ինչ ունենք, ոչինչ չի փոխվելու: Այս պահին նմանատիպ ինֆորմացիա չունեմ: Այս պահին նման բան չի նախատեսվում:

Փոխարժեքի վերջին ամսվա տատանումներն ինչպե՞ս են անդրադառնում ADC-ի վրա: Ներդրումների վրա ազդեցություն ունենո՞ւմ է:

Մենք ստիպված ենք դիմադրել այդ գործընթացներին, որովհետև մեր տնտեսություններն իրականում խիստ կապված են՝ թե՛ բնակչության մոտ մեկ երրորդն անմիջական տրանսֆերտներով, թե՛ շուկայի ընդհանուր վիճակով, թե՛ պատմականորեն: Մենք ստիպված ենք լիենելու այս ճգնաժամից դուրս գալ: Մեր վրա անդրադառնալու է այնպես, ինչպես տնտեսվարող այլ սուբյեկտի, որն աշխատում է ազատ շուկայում: Բոլորի վրա հավասար պայմաններով է ազդում: Մեր վրա գուցե մի փոքր առավել, որովհետև ինտերնետ գնելու գործարքները մեզ մոտ կամ դոլարով կամ եվրոյով է, ակնհայտորեն մեր համար կուրսի տատանումները մի քիչ ավելի վտանգավոր են: Մենք ի վերջո ունենք սեփական ինֆրաստրուկտուրա, բավականին մեծ սարքավորումներ, Հայաստանի պայմաններում մենք տրամադրում ենք ծառայություններ, որոնք էլ ոչ ոք չի կարող տրամադրել: Դրա հետ կապված մենք ունենք պատասխանատվություն թե՛ պետության, թե՛ բիզնեսի, թե՛ հասարակության առջև, որը պետք է կատարենք: Լուծումներ ենք փնտրում, կգտնենք, որովհետև քիչ թե շատ մասնագիտական կազմը՝ թե՛ ղեկավարության, թե՛ դրսի, ծանոթ են նման իրավիճակներին, դուրս կգանք: Խնդիր է, որն ունի լուծումներ, այս պահին արդեն ունենք լուծումներ, բայց ավելի արդյունավետ լուծումներ ենք փնտրում. այնպես, որ շատ ուժեղ չանդրադառնա գների կամ այլնի վրա:

Որտեղի՞ց եք ինտերնետը բերում և ի՞նչ ճանապարհով:

Չեմ բացելու ես այդ ինֆորմացիան: Մեր բաժանորդները, որոնք խոշոր ինտերնետ գնող են կամ նրանց համար անվտանգությունը կարևոր է, կետ առ կետ գիտեն:

Իսկ ի՞նչն է գաղտնիք, որ չեք հրապարակում:

Մենք Ադրբեջանով չենք աշխատում: Դա հանրայնորեն մատչելի ինֆորմացիա չէ: Մենք Հայաստանի սահմաններից դուրս ենք գալիս մեր ինֆրաստրուկտուրայով: Հայաստանի տարածքում մենք ունենք մեր սեփական ինֆրաստրուկտուրան, որը դուրս է գալիս դեպի Վրաստան: Ես լիազորված չեմ այլ մանրամասներ հայտնելու:

Ինչո՞վ է ADC-ն տարբերվելու մյուս ինտերնետ մատակարարողներից:

Մեր հիմնական ուղղվածությունը կորպորատիվ շուկայի վրա է: Մենք լավ հասկանում ենք, թե կորպորատիվ շուկային ինչ է պետք, և այդ ծառայությունները լավագույնս մատուցում ենք, հարմարվում ենք յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդի պահանջարկին: Մենք ունենք ֆիզիկական բաժանորդներ, բայց դրանք մի ուղղություն են, և այդտեղ առանձնապես գործողություններ չեն լինում: Այստեղ մենք հնարավորություն ենք տալիս բաժանորդին, սկսած «դատաքոմից», երբ դու ունես երեք գրասենյակ, երեքը միաժամանակ կապել իրար, ընդ որում՝ անվտանգ, որ այդ տվյալները միայն քոնը լինեն, «քլաուդ քամփյութինգ», «վեբ հոսթինգ» և այլն: Այսինքն՝ լավ հասկանալով, թե կորպորատիվ շուկային ինչ է պետք, մենք դա տալիս ենք:

Իսկ, ասենք, «Ռոստելեկոմը» կամ «Յուքոմը» դա չե՞ն տալիս:

Ասեմ՝ «Ռոստելեկոմը» կամ «Յուքոմը» մանրածախ շուկայից են եկել կորպորատիվ, ընդ որում՝  ինչ-որ սահմանափակումներով: Մենք, հիմնականում, ինչ որ կարող ենք տալ, չի կարող տալ ոչ մեկ: Ասենք՝  կա պրոֆեսիոնալ և սիրողական ֆուտբոլի լիգաներ, բոլորն էլ կարող են ֆուտբոլ խաղալ, մեկը դա պրոֆեսիոնալ է անում, մյուսը՝ սիրողական: Բոլորն էլ կարող են ինչ-որ բան տալ, բայց կան բաներ, որ ADC-ն կարող է բարձրակարգ անել: Կոպիտ ասած՝ ինչ-որ բաներ կան, որ մեր մոտ մեխանիկորեն ստացվում է, կամ գրեթե ռեֆլեքս է, իսկ մրցակիցները դրա համար ինչ-որ գործողություններ պետք է անեն: Կորպորատիվ շուկայում աշխատելը մեզ համար հաճույք է: Մեր բաժանորդներն էլ գիտեն, որ դա այդպես է:

Չե՞ք ուզում ֆիզիկական բաժանորդների ցանցը զարգացնել:

Դա կապված է մեծ ներդրումների և առողջացման ծրագրի հետ: Շուկան գերծանրաբեռնված է քաղաքներում: Այն ժամանակահատվածը, երբ դու կարող էիր ինչ-որ ներդրում անել և մտնել քաղաքում ծառայություններ մատուցելու, չի արվել: Այս պահին նպանատիպ ծրագրեր չունենք:

Յուրաքանչյուր ոլորտ իր թերություններն ու խնդիրներն ունի, ինտերնետի մատակարարման ոլորտի առաջնային խնդիրը ո՞րն է՝ ըստ Ձեզ:

Այս ոլորտը շատ ավելին է զարգացել, քան հասարակությունը և նրա պահանջարկներն այդ ոլորտում: Այժմ յուրաքանչյուր փոքր գյուղում, ով հասնում է 14 տարեկանի, կարող է հասանելի ճանապարհով ինտերնետ վերցնել, տարրական ծրագրավորման հիմունքներ սովորել, օնլայն կրթություն ստանալ և դառնալ ծրագրավորման միջոցով իր ընտանիքի համար գումար վաստակող: Ցավոք, մեզ մոտ ինտերնետ տրաֆիկը զբաղեցնում են odnoklassniki.ru, Facebook.com, լավագույն դեպքում սերիալներ, որոնք նաև հեռուստացույցով են հեռարձակում, և մարդիկ նույնը նայում են նաև օնլայն: Եթե ժամանակին ծառայության խնդիր կար, այժմ որակը բարձր է: Մենք ստեղծել ենք շատ լուրջ առաջարկ: Դա պետք է յուրացվի, և հենց յուրացվի, մենք կարող ենք խոսել այն մասին, որ երկիրը ճիշտ ճանապարհով է զարգանում, երբ ինֆորմացիայի տեղափոխումը դառնում է հիմնականը: Մենք այժմ կարող ենք տրամադրել թե «ֆորեքսի» վրա գործ անող մարդկանց, ով կարող է նույնիսկ տնային պայմաններում ինտերնետ վերցնել և հանգիստ աշխատել արտաքին ֆինանսական շուկաների հետ: Հրաշալի հնարավորություն է ստեղծված մարդու համար՝ ինտեգրված լինելու աշխարհին: Ցավոք, նորից եմ ասում, մեր ինտեգրումը գնում է դեպի Օdnoklassniki, Facebook: Սա արդեն հանրային խնդիր է, և մենք չենք կարող լուծել:

Ի՞նչ պետք է անել:

Առաջինը հասանելի ինֆորմացիան հայերեն դարձնելն է: Պետք է հասանելի դարձնել օնլայն ռեսուրսները, որտեղ, ասենք, PHP 5-ի հիմնական դրույթները հայերեն լինեն: Այնուհետև փորձել անել դրանք, հավելյան ինֆորմացիա կարդալ: Նայել միջազգային բուհերը, բոլորն ունեն կուրսեր, գրանցվել և ստանալ նորմալ կրթություն: Այսինքն՝ հերթական տնտեսագետ կամ իրավաբան պատրաստելուց պետք է կրթությունը փոխել դեպի այն ոլորտ, որը հնարավորություն կտա մարդուն ինտերնետային այս ծավալի միջոցով (որը մենք բերում ենք Հայաստան) այլընտրանքային կրթություն ստանալ: Մենք մնացել ենք 17-րդ դարի մակարդակում: 

Լուսանկարը՝ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter