Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Միլիոնների հարկային պարտքեր կուտակածներին հնազանդեցնելու միջոցը ԴԱՀԿ-ով բռնագանձումներն են



Փարաքարի համայնքապետարանը 2014թ.-ի ընթացքում 17 վարչական վարույթ է հարուցել համայնքի հարկատուների դեմ: Համայնքապետարանի իրավաբան Գեղամ  Գասպարյանը հայտնեց, որ դրանց մի մասով գումարները գանձվել են` վարույթ հարուցելուց հետո պարտատերերի մի մասը կամովին գումարը վճարել է, մյուս մասն ուղարկվել է ԴԱՀԿ` կատարման, եւ որոշ վարույթներով արդեն բռնագանձում կատարվել է:

Համայնքի ղեկավարի որոշումներով վարչական վարույթներ են հարուցվել հիմնականում այն բնակիչների դեմ, ովքեր 2008-2013թթ. կամ 2014թ.-ը չեն վճարել իրենց գույքահարկն ու հողի հարկը: Դրանց չափերը, որոշ դեպքերում, գերազանցում են միլիոնի սահմանագիծը: Օրինակ, համայնքի տարածքում գործող «Ջուլիանա» ՍՊԸ-ի շենք-շինությունների գույքահարկը 2008-2013թ.-ի համար կազմել է 1 մլն 147,952 դրամ, նշված տարիներին պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկվել են տույժեր, որը կազմել է 702,189 դրամ: Դրանց հանրագումարի արդյունքում`որոշում է կայացվել համայնքի բյուջե գանձել 1,850,141 դրամ:

Ոչ միայն «Ջուլիանա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, այլեւ բազմաթիվ վարչական վարույթներով պարտապանները չեն մասնակցել վարույթի քննությանը: Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը հավաստիացնում է, որ բոլոր վարույթներով պատշած ծանուցումն ապահովում են: Նա գործերից մեկը թերթելով ցույց է տալիս փոստային անդորրագիրը, որով պարտապան քաղաքացուն իրազեկել են վարույթի քննության մասին, սակայն նա չի մասնակցել: Չմասնակցելը, համայնքի ղեկավարի աշխատակազմում բացատրում են ասելիք չունենալով` «պարտք է, պետք է վճարի»:

Թե ինչու են հարկերը կուտակվել 6 եւ ավելի տարի, համայնքապետարանն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել անցնող տարիներին հարկերը գանձելու համար եւ զգուշացվե՞լ են, արդյոք, բնակիչները, որ չվճարելու դեպքում տույժեր ու տուգանքներ էլ են ավելանում մայր գումարին, համայնքի ղեկավարը պատասխանում է. «Տարին երկու անգամ հիշեցնում ենք ծանուցագրերով, հեռախոսազանգով, իսկ վարչական վարույթ հարուցելու դեպքում` հրավիրում ենք նիստին, որպեսզի բացատրություններ տան: Մասնակցողներին առաջարկում ենք ժամանակացույց կազմել եւ 6 ամսվա ընթացքում վճարումը կատարել, հակառակ դեպքում` բռնագանձումը կկատարվի ԴԱՀԿ-ի միջոցով»:

Համայնքապետի ասելով` ովքեր պատրաստակամ են հարկերը վճարելու իրենք նույնպես ընդառաջում են` ավագանու որոշումով նրանք ազատվում են տույժերից: Մյուսներին զգուշացնում են, որ որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո, եռամսյա ժամկետում այն ենթակա է հարկադիր կատարման` ԴԱՀԿ ծառայության միջոցով:

Վարույթներից ոչ մեկը, ինչպես հայտնեց համայնքապետարանի իրավաբան Գ. Գասպարյանը, չի բողոքարկվել, միաժամանակ, բոլորը չէ, որ պատրաստակամ են եղել վճարելու հարկերը:

Փարաքար համայնքի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ Ժորա Հարությունյանը հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու երեք պատճառ է նշում` բնակիչները վճարունակ չեն, համաձայն չեն գույքի կադաստրային արժեքի հետ, ոմանք «լավ կապերով» կարողանում են տեխզննումն անցկացնել առանց մեքենայի գույքահարկը վճարելու: «Մենք էլ մեկ-երկու տարի սպասում ենք, որ կվճարեն, երբ չի ստացվում` վարույթ ենք կազմում»,- ասաց Ժ. Հարությունյանը:

Գույքի կադաստրային արժեքի հետ կապված անհամաձայնությունները, նրա ասելով` «մշտնջենական պայքար է կադաստրի եւ քաղաքացիների միջեւ»: Նա հարկային մեծ ապառքներ կուտակած համագյուղացիներից մեկի օրինակը ներկայացրեց, ով նախկինում ջերմոց է ունեցել, բայց փաստացի 25 տարի չունի այդ ջերմոցը: Սեփականատերը պետք է մեծ գումարներ ծախսի` կադաստրային վերագնահատում կատարելու եւ գույքի համար նոր արժեք ստանալու համար, սակայն չի դիմում կադաստր, գնահատված արժեքով էլ հրաժարվում է հարկ վճարել: «Համայնքապետարանը չի կարող հարկադրել նրան այդ քայլերը կատարելու, եւ ստիպված է հարկը հաշվարկել գնահատված գումարով»,- ասում է ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետը:

Համայնքապետարանի աշխատակազմում չէին ողջունում օրերս Ազգային ժողովում կրկին «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, համաձայն որի` մինչեւ 200 հազար դրամը բռնագանձվելու է ԴԱՀԿ-ի միջոցով, 200 հազար դրամից ավելիի դեպքում գանձումը պետք է կատարվի դատական ընթացակարգով:

Հիշյալ օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ նրանց հաջողվել էր հնազանդեցնել կամայականություն դրսեւորող, միլիոնների հարկային պարտքեր կուտակած հարկատուներին: Նրանցից մեկին, օրինակ, չէր հաջողվել հեռանալ երկրից, որովհետեւ օդակայանում հայտնել էին, որ հարուցված վարչական վարույթի արդյունքում իր բանկային հաշիվները կալանքի են վերցվել, եւ նա հարկադրված է եղել վճարել հարկերը: «Հիմա, երբ վարույթ է հարուցվել, ոմանք կամովին եկել վճարել են, քանի որ հաշիվների վրա կալանք է դրվել: Այս դեպքում արդեն գույքի կադաստրային արժեքն էլ են շատ արագ ճշտում»,- ասում է Ժ. Հարությունյանը` շեշտելով, որ համայնքի սեփական եկամուտների մեջ տեսակարար կշիռ է կազմում փոխադրամիջոցների եւ շենք-շինությունների գույքահարկը:

ԴԱՀԿ-ի միջոցով հարկեր հավաքագրելը համայնքներում խարխլում է ավանդույթային նորմերը

Մեկ տարի առաջ, հիշյալ օրենսդրական փոփոխությունները կատարելու Կառավարության նպատակներից մեկն էլ տեղական ինքնակառավարման մարմիններում հարկերի հավաքագրման մակարդակը բարձրացնելն էր: Հարկերը գանձելու այս կարճ ճանապարհն ընտրելով, Կառավարությունն ընդառաջեց համայնքների ղեկավարների մեծ մասին, ովքեր բյուջեի թերակատարարումը բացատրում էին անպարտաճանաչ հարկատուներ ունենալով, նրանց վրա ներազդելու լծակներ չունենալով, նաեւ` դատարան դիմելու համար ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Օրենքի ընդունումը համայնքների ղեկավարների մեծ մասին չուրախացրեց, քանի որ հարկերի հավաքագրման ցածր մակարդակը միայն թվարկած երեւույթներով չէր պայմանավորված, այլեւ իրենց անհետեւողականությամբ ու անգործությամբ, որի պատճառով ԱԺ-ն հարկադրված եղավ մինչեւ 2008թ.-ը համաներել տասնամյակների չհավաքագրված հարկերը: Սակայն դրանից հետո հարկային ապառքները շարունակեցին կուտակվել, եւ համայնքապետերից շատերը խոստովանեցին, որ հարկերը չգանձելու հիմնական պատճառը համայնքի ներսում ձեւավորված ավանդույթներն են` հատկապես գյուղական համայնքներում չի խրախուսվում դատական կարգով հարկեր հավաքագրելը:

Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ օրենսդրական այս հնարավորությունն անցած 11 ամիսներին փոքրաթիվ համայնքներ են կիրառել հարկերը հավաքագրելու համար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են, որ 2014 թվականի 11 ամիսների ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններից ԴԱՀԿ ծառայություն է ուղարկվել՝ մարզային քաղաքներից՝ 230 որոշում, որոնց օգտին բռնագանձվել է՝ 10.908.966 ՀՀ դրամ, գյուղապետարաններից՝ 47 որոշում, որոնց օգտին բռնագանձվել է  397.021 ՀՀ դրամ:  

«Եկեք վերականգնենք դատական ընթացակարգը»

Օրեր առաջ Ազգային ժողովը կրկին փոփոխություններ կատարեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում, քանի որ կիրառությունը վերհանեց այն կանխատեսելի բացասական երեւույթները, որոնք խախտում էին քաղաքացու իրավունքները, օրինակ պատշաճ ծանուցման հարցը: Դժգոհությունների ալիքը գնալով մեծանում էր, որովհետեւ քաղաքացին զրկված է հակափաստարկ ներկայացնելու հնարավորությունից, ԴԱՀԿ-ը կալանք էր դնում ոչ թե գանձման ենթակա գումարի չափով, այլ քաղաքացիների ամբողջական հաշիվների վրա:

Վարչական վարույթ հարուցողները թեպետ վստահեցնում են, որ պահպանում են պատշաճ ընթացակարգը եւ պարտապան քաղաքացիներին իրազեկում են վարույթի քննության մասին: Սակայն, երաշխիքներ չկան, որ իրական պարտապանը, տեղեկացված չլինի կամ` համաձայն չլինի իրեն ներկայացվող պահանջների հետ, բայց նրան հնարավորություն չի տրվել արտահայտելու իր տեսակետը:

«Եկեք վերականգնենք դատական ընթացակարգը եւ անձին հնարավորություն տանք ներկայացնելու իր դիրքորոշումը, փաստարկներ ներկայացնել: Այսօր մենք բեռը դրել ենք քաղաքացու վրա, դա արդար չէ»,- ԱԺ-ում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում առաջարկվող վերջին փոփոխությունները քննարկելու ժամանակ ամբիոնից օրեսդիրներին կոչ էր անում մասնագիտությամբ իրավաբան, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ նոր փոփոխություններով ԴԱՀԿ-ին տրվում է նոր լիազորություն, նա ստանալով արդեն անբողոքարկելի վարչական ակտը պետք է որոշի` վարչական մարմինը ճի՞շտ է ծանուցել քաղաքացուն, թե` ոչ: «ԴԱՀԿ-ը կատարող մարմին է, նա չպետք է հարցնի` ճի՞շտ են ծանուցել, թե` ոչ: Այս կիսակարգավորումները խնդրահարույց են»,- հայտնեց նա:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ