HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ է Շնողի ամբաստանյալ նախկին գյուղապետը «ենթարկվել» ավագանու որոշմանը

Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա մարտին մեկնարկել է ընդամենը 4 դրվագով:

Հ. Քոչինյանի` ենթադրյալ խոշոր չափերի յուրացման դրվագների մեծ մասը Լոռու մարզի դատախազությունը փակել է ապացույցներ չլինելու պատճառով: «Թումանյանի քննչական բաժնից ինձ հայտնել են, որ ժամանակի մեջ չեն տեղավորվում և 4 դրվագներով ավարտած քրգործ են ուղարկում դատարան, մնացածների նախաքննությունը շարունակվելու է»,- ասում է Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը, ով քրգործում ներգրավված է որպես տուժողի ներկայացուցիչ: Վերջինիս պաշտպան, փաստաբան Աշոտ Սաֆարյանի ասելով` եթե օբյեկտիվ քննություն կատարվեր, ապա Հայկազ Քոչինյանի դեմ այսօր դատարանում կլինեին ոչ թե 4, այլ բազմադրվագ մեղադրանքեր:

Պաշտպանը փաստեց, որ դատարան ներկայացված մեղադրականում որևէ խոսք չկա Շնողի` Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի, գյուղի գերեզմանատան բարեկարգման, ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների բետոնապատման և Հ. Քոչինյանի այլ խոշոր յուրացումների մասին: Չնայած նախաքննության մարմինը գյուղապետ Հովիկ Սահակյանին հայտնել է, որ գործից մաս է անջատվել, և առանձին քննություն է գնում, բայց տուժող կողմին այդպես էլ պարզ չէ, թե քրգործից որ մասն է անջատվել, որ էպիզոդներն են դեռևս քննության ենթակա, որ էպիզոդներն են ընդհանրապես դուրս մնացել:

«Նախաքննության նյութերով Շնողի երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Խառատյանի կողմից համայնքի բյուջետային միջոցները տնօրինվել են ապօրինաբար: Չձևակերպված աշխատողների աշխատավարձ է վճարվել: Աշխատավարձի ցուցակներում կատարվել են ստորագության կեղծիքներ, երկու տարով Թուրքիա մեկնած աշխատողի ազգանուն է պահպանել աշխատավարձի ցուցակում, որ ստաժը չկորչի»,- հայտնեց Աշոտ Սաֆարյանը: Ըստ վերջինիս` երաժշտական դպրոցի տնօրենը և աշխատողները նախաքննական մարմնին գրավոր դիմում են գրել և խնդրել են Խառատյանի դեմ չկիրառել քրեական հետապնդում: Հիմք ընդունելով զուտ այդ դիմումը` նախաքննական մարմինը դադարեցրել է քրեական հետապնդումը: «Ընդ որում` մենք հստակ դիրքորոշում ունենք, որ այդ դիմումը թելադրել է հենց քննիչը»,- ասում է Ա. Սաֆարյանը:

Պաշտպանը կասկածներ հայտնեց նաև դատավոր Աղասի Մկոյանի դատավարական օբյեկտիվության վերաբերյալ. «Դատավոր Մկոյանի կողմից չի պահպանվում դատավարության կողմերի հավասարությունը: Եթե կողմը ապացույց է ներկայացնում դատարանին, պարտավոր է դրա մեկ օրինակը ներկայացնել նաև տուժող կողմին: Դատավորի թողտվությամբ ամբաստանյալ Հայկազ Քոչինյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը դա մեզ ընդհանրապես չի տրամադրում»,- ասում է Ա. Սաֆարյանը: Փաստաբան Արտակ Ոսկանյանը դատարանում իր պաշտպանական մարտավարությամբ փորձում է ապացուցել, որ նախաքննող մարմնի կողմից իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը սխալ է հասցեագրվել, քանի որ, ըստ նրա, համայնքի բյուջեի պատասխանատուն ոչ թե համայնքապետը, այլ ավագանին է: Բանն այն է, որ Հայկազ Քոչինյանը 2007 թ.-ին անսարք և մինչև օրս գյուղապետարանին չծառայած «Մերսեդես Բենց-S-500» մակնիշի ավտոմեքենան 4.9 մլն դրամով իր որդուց` Էդգար Քոչինյանից, գնել է Շնողի համայնքի ավագանու որոշմամբ:

Պաշտպան Ոսկանյանի տրամաբանությամբ` եթե Շնողի ավագանին որոշել է, որ Հայկազ Քոչինյանը «Մերսեդես Բենց» անսարք մեքենան որդուց պետք է գնի 4,9 մլն դրամով, Հայկազ Քոչինյանը չէր կարող չկատարել ավագանու որոշումը:

Դեկտեմբերի 22-ի դատական նիստում Ա. Ոսկանյանը մի քանի անգամ Հովիկ Սահակյանին հարցրեց. «Որպես համայնքի ղեկավար իրավունք ունե՞ք չկատարել համայնքի ավագանու որոշումը»: «Ես կարող եմ համաձայն չլինել այդ որոշման հետ և չընդունել որոշումը` հիմնավորելով: Կարող է և ավագանին այնպիսի որոշում կայացնի, որ իրավական հետևանքեր առաջացնի: Ես պետք է կատարե՞մ նրա որոշումը»,- պատասխանեց Հ. Սահակյանը: «Եթե ավագանին որոշում է, որ բյուջեի միջոցներով համայնքի փողոցները պետք է ասֆալտապատվեն, չե՞ք կատարելու այդ որոշումը»,- կրկին գործող գյուղապետին հարցրեց Արտակ Ոսկանյանը:

Տուժող կողմը, սակայն, Ա. Ոսկանյանին չհարցրեց, որ եթե իր պաշտպանյալը ավագնու որոշման պատճառով որդու ավտոմեքենան ճարահատյալ է գնել, ինչու օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ավագանու նիստ չի հրավիրել և առարկել որոշմանը կամ ինչու այն չի բողոքարկել դատական կարգով: Այնուհետև դուրս գալով քրեական գործի շրջանակներից` Արտակ Ոսկանյանը սկսեց պարզել Հովիկ Սահակյանի իմացությունը մրցույթի և աճուրդի տարբերության շուրջ, տուժողի ներկայացուցչին սկսեց հարցաքննել, թե որ իրավունքով է գյուղապետարանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնում Երևան և ինչ գործերով է գնում Երևան: «Հարգելի դատարան, սկզբունքորեն տուժողի իրավահաջորդին ուղղված հարցերը մեղադրանքի հետ հետ հեչ կապ չունեն»,- մի քանի անգամ դատավորին բողոքեց մեղադրող Մ. Մովսիսյանը: Դատավոր Ա. Մկոյանը այդպես էլ չընդհատեց պաշտպան Արտակ Ոսկանյանին: 

Մեկնաբանություններ (5)

Անդո
Ես էլ կուզենայի իմանալ թե ինչու է գյուղապետն ընդհանրապես լքում գյուղի տարածքը, ինչ իրավունքով: էնել ուր՝ Երևան....ծծծծծ, չի կարելի չէ, ինչպիսի ապօրինություններ, ինչու պատկան մարմինները չեն արձագանքում......խեղճ գյուղապետարանի ,,նիվա,, մակնիշի ավտոմեքենա....մանկապարտեզ...
Լոռեցի
Սեդրակ,աշխատի հիշել,որ Քոչինյան Հենրիկից ու Նալբանդյան Արտուրից բացի,ոչ մի մարզպետ այդքան աշխատանք չի տարել Թումանյանի տարածաշրջանի համար,ու որ քո հիշատակած Կյօռի օրոք Շնողի մանկապարտեզը անվճար էր,հիմա վարձավճարով,Կյօռի օրոք գյուղը լուսավոր եր,իսկ Սահակյանը հրահանգով անջատվել են այն թաղի փողոցի լույսերը,որտեղ իրեն չեն ընտրել.........ես անձամբ Հայկազին չեմ ճանաչում,ոչ ել Հովիկին,բայց Հայկազին հալալ ա,որպես իսկական շնօղնեցի.....Հ.Գ. գյուղապետը պետք է աշխատի գյուղի համար,ոչ թե ամեն օր քննիչների դուռը ծեծի......
անդո
մանկապարտեզն անվճար էր, որովհետև հանքերը հովանավորում էին , իսկ հովանավորում էին որովհոտև ....................................ներկայիս գյուղապետնել իրանց ձեռ չի տալիս ինչի պիտի նրա հաշվին իզուր միավորներ գրանցեն.....իսկ քեզել ճիշտ են ասում մյուս ընտրություններին կընտրես քո ,,Հայկազին,, կարողա մանակպարտեզն էլի ձրի լինի...........
շնողնեցի
լոռեցի ջան գյուղի համար աշխատելն ինչն ի նկատի ունես, գյուղի բյուջեն սեփական կարիքների համար օգտագործելը, եթե էտ խելքին ես ուրեմը ճիշտա էն արտահայտությունը, թե ժողովուրդն արժանիա էն իշխանություններին ինչն ունի, մյուս ընտրություններին խորհուրդ եմ տալիս ընտրես Քոչինյանին , որովհետև արժանի ես դրան.....
ՍԷԴՐԱԿ
ԱՆԴՈ, Քոչինյաննին ցարի բոգն են, հա՞: Մինը մարզը թլանեց, մինը անտառը, Կյոռն էլ ամբողջ Շնողը թլանեց, իակ Սահակյան Հովիկին Երևան էլ չի կարելի գնա՞լ: Արդար դատե, Կյոռ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter