HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարստացվող ալյուր. օրենքը չընդունված` սարքավորումները ներկրել են

սկիզբը

Կառավարության հավանության արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը դեռևս քննարկման չի դրվել Ազգային ժողովում, մինչդեռ հարստացման համար նախատեսված սարքավորումներն արդեն ձեռք են բերվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան ասել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը: «Ներկա պահին ձեռք են բերվել ալրաղացներին տրամադրվելիք սարքերը, որոնք գերմանական արտադրության են, իսկ հավելանյութերի հարցը դեռևս քննարկվում է»,- նշված է ԱՆ-ի գրավոր պատասխանի մեջ: ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ԱՆ-ն սարքավորումներ չի ստացել, սակայն հավելեց, որ 2012-ին ՅՈւՆԻՍԵՖ-ը ներկրել է դրանք:

Քուշկյանը «քնեցրել է» ծրագիրը

Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման մասին քննարկումները հիմնականում սկսվել են 2010 թ.-ին: 2011-ի փետրվարի 17-ին կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Արձանագրային նախագծին հավանություն էր տվել ԱՆ նախկին նախարար Հարություն Քուշկյանը (նախարարի պաշտոնում եղել է 2007-2012 թթ.): Սակայն արյունաբաններից մեկը, ով չցանկացավ հրապարակել անունը, մեզ հայտնել է, որ նախկին նախարարը չի ցանկացել ընկնել դրա պատասխանատվության բեռի տակ: Ըստ այդմ՝ Քուշկյանն ասել է, որ ինքը հանձն չի առնի ծրագրի կատարումը: Ոչ հրապարակային քննարկումների ժամանակ այդ ծրագրին դեմ են եղել նաև արյունաբանները: 4 տարի անց այդ արյունաբաններից ոմանք հրապարակային այլ կարծիք են հայտնում, թեև նեղ շրջանակներում շարունակում են խոսել հարստացված ալյուրի ռիսկերի մասին: «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ այս ծրագրի քարոզչությամբ նախարարությունից զբաղվում են երկու հոգի՝ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և ԱՆ-ի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Օրինագծի հիմքում 9 տարվա վաղեմության հետազոտությունն է

Ալյուրի հարստացման ծրագրի հիմքերից մեկը 2005-ին անցկացված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունն է (ՀԺԱՀՀ), որն անցկացվել է նաև 2000 ու 2010 թթ.: Հետազոտություններն անցկացրել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու առողջապահության նախարարությունը: Տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ամերիկյան «ORC Macro» (2009-ից ` «ICF International») ընկերությունը, իսկ ֆինանսավորողը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն է (USAID):

ՀԺԱՀՀ-ի նպատակն էր հավաքագրել ազգային և տարածաշրջանային մակարդակով ծնելիության և հակաբեղմնավորման մեթոդների իմացության և օգտագործման, մոր և մանկան, չափահասների առողջության, ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հետազոտության տվյալները հավաքագրվել են 13 թիմերի կողմից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է եղել 4 կին և մեկ տղամարդ հարցազրուցավարներից, դաշտային խմբագրից և թիմի վերահսկողից (խմբավարից): Յուրաքանչյուր թիմին կցված է եղել անտրոպոմետրիկ չափումների և սակավարյունության ստուգման համար անհրաժեշտ ուսուցում ստացած բուժաշխատող, որը պետք է տվյալներ հավաքագրեր հասակի, քաշի և սակավարյունության մակարդակի վերաբերյալ:

Կանանց և մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունության մակարդակն ստուգելը եղել է այդ հետազոտության բաղադրիչներից մեկը: Այն որոշվել է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը չափելով, ինչի համար «Հեմոքյու» սարքի միջոցով մատից արյուն են վերցրել:

2000 թ. հեմոգլոբինը չափել են 1334 երեխայի մոտ: Նրանցից 24 տոկոսի (այսինքն` 320 հոգու) մոտ գրանցվել է սակավարյունություն: 15-49 տարեկան 6137 կանանցից 12,4 տոկոսի (761 հոգու) մոտ նույնպես հայտնաբերվել է սակավարյունություն:

2005-ին սակավարյունություն է ունեցել ստուգված 1106 երեխաներից 36,5 տոկոսը (404 հոգի): 6080 կանանցից էլ` 24,6 տոկոսը (1496 հոգի):

Եթե նախորդ երկու հետազոտություններում որպես առանձին բաղադրիչ կարող ենք գտնել սակավարյունության տարածվածության արդյունքները, ապա 2010-ին դրանք բացակայում են:

Հատկանշական է, որ վերը նշված անձինք` Սերգեյ Խաչատրյանն ու Կարինե Սարիբեկյանը, մասնակցություն են ունեցել այս հետազոտություններում: 2010-ին երկուսն էլ եղել են ծրագրի բժշկական հարցերով ազգային տնօրեններ: Սարիբեկյանը նաև մասնակցել է 2000, 2005 թթ. ծրագրերին, ընդ որում` 2000-ին եղել է ծրագրի բժշկական տնօրեն:

Թե ինչու 2010-ին չի կատարվել հեմոգլոբինի չափում, փոխնախարար Խաչատրյանն ասում է, որ այդ տարի USAID-ի ֆինանսավորումը չի բավականացրել: Ըստ նրա` USAID-ն այդ նպատակով դիմել էր ՅՈւՆԻՍԵՖ-ին, սակայն վերջինս նույնպես չի կարողացել հովանավորել:

Փոխնախարարը չի համաձայնում, որ իրենք հին, վաղեմություն ունեցող ցուցանիշներով են կառուցել օրինագիծը. «2005-ը հին տվյալ չէ: Մենք ոչ մի միջոցառում չենք իրականացրել հանրության մեջ սակավարյունությունն իջեցնելու նպատակով, անհնար է, որ իջնի. դա մեկ, որովհետև գիտականորեն ապացուցված է՝ երկու խոշոր հետազոտությունները խոսում են այդ մասին: Երկրորդ՝ 2010 թ. արված հետազոտության ժամանակ կան որոշ ցուցանիշներ, օրինակ, անհաս երեխաներ, զարգացման արատներ, որոնք անմիջականորեն խոսում են այդ նույն երևույթի մասին (նկատի ունի սակավարյունությունը- հեղ.)»:

Նկատենք, որ 2010-ի հետազոտության մասնակից մայրերին հարցրել են, թե արդյոք վերջին 1 օրվա, շաբաթվա ու 6 ամսվա ընթացքում երեխան ստացել է երկաթով ու վիտամին A-ով հարուստ սնունդ: Սակայն դժվար է ասել, թե նման հարցումից կոնկրետ եզրակացություն անելը որքանով է ճիշտ:

Փոխնախարար Խաչատրյանը «չգիտի», թե որքան գումար է ստացել ԱՆ-ն

Փոխնախարարը նաև նշում է, որ նշյալ 3 հետազոտությունների համար նախարարությունը ոչ մի ֆինասնավորում, դրամաշնորհ չի ստացել ՅՈւՆԻՍԵՖ-ից: Իսկ հարցին, թե որքան է եղել USAID-ի ֆինանսավորումը, հավելում է. «Չեմ կարող ասել, չգիտեմ, մենք մասնակցում ենք որպես նախարարություն և վիճծառայությունը: Ինչ-որ աշխատանքի համար որոշ վճարումներ եղել են, բայց ընդհանուր հետազոտության համար չի եղել»: Խաչատրյանը, շեշտենք, 2010-ին բժշկական հարցերով ազգային տնօրեն էր ու այդ տարվա նոյեմբերին նշանակվել էր փոխնախարար, այնպես որ չէր կարող տեղյակ չլինել ֆինանսավորման չափից: Ավելին` 2010-ի զեկույցում «Խոսք երախտիքի» վերնագրով առանձին բաժին է նվիրվել աջակիցներին, առաջնահերթ` Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակին` «ՀԺԱՀՀ 2010-ի կազմակերպման նպատակով անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար»:

Պրեմիքսները կբերվեն Կոպենհագենի պահեստից

Ս. Խաչատրյանը նշում է, որ ինքը ալյուրի հարստացման ծրագրում ռիսկեր չի տեսնում, թերություն չկա, որ դա հանրության առողջության համար կարևորագույն ծրագրերից է: Նա ասում է, որ իրականում սակավարյունությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Իսկ թե ինչու են պարտադրում հանրությանն այդ ծրագիրը, ալյուր արտադրողների 85 տոկոսին ներգրավվելով դրանում, փոխնախարարի խոսքով՝ 85 տոկոսը նվազագույն թիվն է, որ կարող են ներառել ծրագրում: Նրա կարծիքով՝ լավ կլիներ, որ 100 տոկոսով հարստացնեին ալյուրը, քանի որ դա միայն հանրության առողջության համար է արվում:

Փոխնախարարին հարցրեցինք, թե որ երկրներից, որ ընկերություններից են ձեռք բերելու հավելանյութերը, ինչ չափաքանակով են դրանք ավելացվելու ալյուրի մեջ: Նա դժվարացավ նշել կոնկրետ չափաքանակները, բայցև ավելացրեց, որ ալյուրի մեջ երկաթի ու ֆոլաթթվի պարունակությունը պետք է քննարկվի ԵՏՄ գործընկերների հետ (ԱՆ-ն հավաստիացնում է, որ նախատեսում է ավելացնել միայն երկաթ ու ֆոլաթթու, չնայած արդեն գրել ենք, որ այս ծրագրի նախաձեռնության կայքում՝ Հայաստանի բաժնում, նշված էր նաև ցինկը): Այս պահին ԵՏՄ երկրներից միայն Ղազախստանում են պարտադիր կերպով հարստացնում ալյուրը, իսկ Ռուսաստանում, Բելառուսում նման կարգ չկա:

Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերն ու պրեմիքսները պահեստավորում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: «Դրանք հազարավոր քառակուսի մետրեր են, որտեղ իրենք ձեռք են բերում իրենց գնումների համակարգով վակցինաներ, նյութեր, պարագաներ, այդ թվում նաև` պրեմիքսներ: ՅՈւՆԻՍԵՖ-ը հսկայական զեղչերով դրանք ձեռք է բերում արտադրողներից և այդ նույն գնով տալիս է երկրներին: Մենք մեր վակցինաները նույնպես ձեռք ենք բերում ՅՈւՆԻՍԵՖ-ից»:

Դեկտեմբերի 21-22-ին ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ առողջապահության նախարարությունը սեմինար էր կազմակերպել լրագրողների համար: ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը, սեմինարում իր ելույթի ժամանակ խոսելով հարստացված ալյուրի մասին, նշեց Հայաստանում աղի պարտադիր յոդացման հաջողված փորձը: Նրա կարծիքով՝ այդ ծրագիրը լուծեց բնակչության շրջանում յոդի պակասի խնդիրը: Սակայն իրականությունը խոսում է հակառակի մասին, ինչին մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք:

ԱՆ-ն օրինագծում չի նշել սակավարյունության իր ունեցած ցուցանիշները

Ինչպես նշվեց, ալյուրի հարստացման մասին օրինագծում հիմք են ընդունվել ՀԺԱՀՀ-2005-ի տվյալները: Սակայն առողջապահության նախարարությունը նույնպես ունի մի շարք թվեր, որոնք չեն հիշատակված օրենքի նախագծում, փոխարենը 2005-ի հետազոտության տվյալներին հղում անելով, նշում է, որ, օրինակ, այդ տարի հղիների մոտ եղել է 39 տոկոս սակավարյունություն: Իհարկե, ԱՆ-ն չի ասում, թե քանի հոգու տվյալներով է որոշվել այս 39 տոկոսը: Պարզաբանենք. 2005-ի հետազոտությանը մասնակցել է ընդամենը 176 հղի, որոնցից 39 տոկոսի կամ 68-ի մոտ սակավարյունություն է հայտնաբերվել: Եվ այսօր օրինագծի ջատագովները 68 հոգու 9 տարվա վաղեմության տվյալները բերում են իբրև ալյուրի հարստացման անհրաժեշտության հիմքերից մեկը:

Բերենք ԱՆ-ի՝ այս տարի հրապարակված տարեգրքի տվյալները անցած տարիներին հղիների սակավարյունության վերաբերյալ:

Տոկոսները, ինչպես երևում է, շատ ավելի փոքր են, քան օրինագծում ներկայացվածը: Ինչո՞ւ է ԱՆ-ն նախընտրել ոչ իր սեփական ցուցանիշները, այլ ընտրանքային հետազոտությունը: Նախարար Մուրադյանն ասում է, որ իրենք հիմնվել են ոչ թե հիվանդացության, այլ տարածվության թվերի վրա:

Հիվանդացությունը կոնկրետ ժամանակահատվածում գրանցված հիվանդանալու դեպքերի թիվն է (կարող է արտահայտվել բացարձակ թվով կամ հարաբերական, օրինակ՝ 100.000 մարդու հաշվով): Ասենք՝ ՁԻԱՀ-ով հիվանդանալու դեպքերի թիվը 2014 թ. ընթացքում: 

Տարածվածությունը որոշակի պահի տվյալ հիվանդությունն ունեցողների ընդհանուր թիվն է (կարող է արտահայտվել բացարձակ թվով կամ տոկոսով): Օրինակ՝ ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը 2014 թ. վերջում:

Ստացվում է, որ ԱՆ-ն նախընտրել է հիմնվել 9 տարվա (շուտով՝ 10) հնության տվյալների վրա, որոնք վերցված են ընտրանքային հետազոտությունից, չնայած կարող էր հաշվի առնել ընթացիկ միտումները, որոնք արտահայտվում են հիվանդացության ցուցանիշներով ամեն տարի: Նույն հղիների մասով ասենք, որ ԱՆ-ի տվյալները բացարձակ թվեր են՝ հավաքագրված առողջապահության ոլորտից, իսկ 2005-ի հետազոտությունը զուտ տոկոսային է՝ հարաբերական՝ հիմնված փոքր խմբի ցուցանիշների վրա:   

Ինչպես վերը նշեցինք, 2005-ի հետազոտության ժամանակ սակավարյունություն է ունեցել ստուգված 1106 երեխաներից 36,5 տոկոսը (404 հոգի): 6080 կանանցից էլ` 24,6 տոկոսը (1496 հոգի): ՀԺԱՀՀ-2005-ում Հայաստանի ընդհանուր բնակչության թիվը ներկայացված է 2001-ի մարդահամարի տվյալներով՝ 3,2 մլն: Ստացվում է, որ ալյուրի հարստացման օրինագծի հիմքում դրվել են 7186 քաղաքացու կամ բնակչության 0,2 տոկոսի ցուցանիշները:    

ԱՆ-ի կազմակերպած սեմինարի մասնակիցներից արյունաբան Երվանդ Հակոբյանի խոսքով՝ ալյուրի հարստացումը նպատակ ունի կանխարգելել որոշակի խմբերի մոտ անեմիայի (սակավարյունության) առաջացումը, ինչի խորացումն իրենք տեսնում են կլինիկաներում: Հարցին, թե բացի 2005-ի հետազոտությունից, կան արդյոք այլ ցուցանիշներ ՀՀ-ում սակավարյունության վերաբերյալ, նա ասում է. «Դուք շատ եք շեշտը դնում, որ 2005 թ.-ին է արվել, բայց երբ ինչ-որ տեղ լավ հետազոտություն է լինում ավելի մեծ մասշտաբներով, այդ տվյալները կարող են օգտագործվել: Ես արյունաբան եմ, բուժում եմ լեյկոզով հիվանդների և ամեն մի հիվանդության համար չեմ կարող հետազոտություն անել Հայաստանում ու չեմ էլ անում: Ես բուժում եմ այն ծրագրերով, որոնք եվրոպական, ամերիկյան երկրներում ապացուցվել են և արդյունավետություն ունեն»: Հակոբյանը հավելում է, որ ինքն ունի սակավարյունության ցուցանիշներ, որոնք ավելի բարձր են մեծահասակների, հղիների, խրոնիկ հիվանդների մոտ, բայց թվեր չի կարող ասել:

Քայքայվող ֆոլաթթվի մասին լռում են   

Առողջապահության նախարարության պաշտոնյաներն ու ալյուրի հարստացման կողմնակիցները լռում են ավելացվելիք ֆոլաթթվի արդյունավետության մասին: Բանն այն է, որ ֆոլաթթուն կամ B9 վիտամինը ջերմային մշակման ժամանակ քայքայվում է 50-90 տոկոսով: Մասնավորապես, բանջարեղենի ու մսի եփման ժամանակ ֆոլաթթվի կորուստը 70-90 տոկոս է, միսը տապակելիս՝ 95 տոկոս, ձու խաշելիս՝ 50 տոկոս: Հացաթխման պրոցեսում, երբ խմորը եփվում է, ֆոլաթթվի էական կորուստն անխուսափելի է: Այսինքն՝ ֆոլաթթվով ալյուրի հարստացումը ինչ-որ առումով նման է աղի յոդացմանը:  

Առողջ մարդու օրգանիզմում կա 5-20 մգ ֆոլաթթու: Ֆոլաթթվի՝ հասուն մարդու օրական չափաբաժինը 0,4 մգ է, իսկ հղիների ու կերակրող մայրերի դեպքում՝ մինչև 0,8 մգ: Սակայն սուր դեֆիցիտի դեպքում կնոջ օրապահանջը կտրուկ աճում է և կարող է հասնել մինչև 5 մգ-ի: Բժշկի դեղատոմսով հատկապես հղիության ու կերակրելու շրջանում կանայք ընդունում են հաբեր՝ վիտամինային կոմպլեքսներ, որոնց մեջ կա ֆոլաթթու: Տարբեր հաբեր ունեն տարբեր դոզաներ:

Ֆոլաթթուն պարունակվում է շատ մթերքներում: Բուսատեսակներից՝ հատկապես ընդավորներում, իսկ կենդանական ծագման մթերքից՝ լյարդում: Քանի որ տարբեր աղյուսակներում ֆոլաթթվի պարունակության թվերը խիստ տարբեր են, ներկայացնում ենք միայն դրանց անունները: Եթե հաշվի առնենք ջերմային պատրաստման ժամանակ ֆոլաթթվի կորուստները, կարող ենք փաստել, որ լավագույն տարբերակը թարմ բանջարեղեն շատ օգտագործելն է:

Ինչ վերաբերում է երկաթին, որի քանակությունը առողջ մարդու օրգանիզմում 4-5 գր է, պետք է ասել, որ այս տարրի օրապահանջը տարբեր է. եթե հասուն տղամարդուն անհրաժեշտ է 10 մգ, ապա կնոջը՝ 20 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝ 30-35 մգ, երեխաներին՝ մինչև 18 մգ: Երկաթի տոքսիկ չափը օրական 200 մգ-ն է, իսկ մահաբերը՝ 3-35 գ-ն (տարբեր է՝ կախված տարիքից, քաշից, սեռից):

Երկաթը նույնպես պարունակվում է թե բուսական, թե կենդանական ծագման մթերքներում: Եթե բուսականներից առավել օգտակար են տարբեր չրերը, կաղամբի տեսակները, կանաչիներն ու շոկոլադը, ապա կենդանականներից առաջատարը կարմիր միսն է ու լյարդը:

Ի մի բերելով ասենք, որ ալյուրը չհարստացնող եվրոպական երկրների ու Հայաստանի գլխավոր տարբերությունն այս հարցում, ըստ էության, կենսամակարդակն է: Առողջ ապրելակերպ ու կարգին սննդակարգ ունեցող բնակչությունը ալյուրի հարստացման կարիք չի ունենա: Իսկ եվրոպացիների ու ամերիկացիների տարբերությունը, թերեւս, ոչ թե կենսամակարդակի, այլ կենսակերպի, առողջ ու տարբեր հավելանյութերից զերծ սննդի մեջ է:

Օրինագծի ընդունումից հետո ՀՀ ԱՆ-ն, ՅՈւՆԻՍԵՖ-ն ու USAID-ն գուցե մի հետազոտություն էլ անեն սակավարյունության վերաբերյալ: Եվ չի բացառվում, որ ալյուրի հարստացումից մեկ տարի անց նրանք Հայաստանը ճանաչեն երկաթի ու ֆոլաթթվի դեֆիցիտը հաղթահարած երկիր, ինչպես ժամանակին եղավ յոդի պարագայում՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:  

Շարունակելի

Գլխավոր նկարում` փոխնախարար Ս. Խաչատրյանն ու նախարար Ա. Մուրադյանը

Մեկնաբանություններ (11)

string
Բոլոր այն անձինք, որոնք աշխատում են հավելումները ալյուրի մեջ դարձնել պարտադիր հայերի թշնամիներն են և խստագույնս պետք է պատժվեն:
Հայուհի
Սա աշխառհի կառավարության ծրագիրն է, իսկ հայ իրագործողները ազգի դավաճաններ են, ամոթ.. հարգանքներս բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են ազգակործան ծրագիրը, բոլորս ենք հասկանում որ հացը ամենաառաջնային մթերքն է հայի համար...
mho
Խոզի գրիպ, հավի գրիպ, բադի խոլերա, հիմա էլ եբոլա, նորանոր վարակներ ու վիրուսներ եւ համապատասխան «հայտնագործություններ» ու բուժամիջոցներ, այսինքն միլիարդներով բիզնես եկամուտներ: Հիմա հասել են աստծու տված հացին: Թունավորում են, որպիսզի «փափուկ» ձեւով երկիրը թեթեացնեն միլիոնավոր ավելորդ ռեսուրս սպառողներից, մյուս կողմից էլ «հրաշալի» պլան է՝ թե մրցակիցներին շարքից հանելու թե հարստանալու համար: Որ նման նպատակն ու պատճառաբանությունը էշություն ու հանցագործություն են, ոչ մի կասկած չպիտի լինի: Բավական է մտածել - լավ ենթադրենք երկաթով պակասներին այն ինչ որ ժամանակավոր օգուտ տվեց, իսկ առողջներն ինչու այդ քիմիան ուտեն, չէ որ նրանք ավելի շատ են? Եթե լավ բան է, թող հնարողներն իրենք ուտեն, իսկ մենք կարող ենք համբերել ու սպասել, ինչպես դարերով արել ենք: Ով - ով, գոնե ՀԱՅՆ իրավունք չունի այդ աստիճան կույր ու ախմախ լինելու: Հերիք ու բոլ եղավ բութ ու ագահ տավարների կամայականությունները!
Դավիթ Գյուլզադյան
Սրանք չե՞ն հասկանում, որ իրենք էլ, իրենց զավակներն էլ են զխտկվելու այդ հացից, որ միայն ուրիշներին չէ, որ սպանելու են, իրե՛նք էլ կարող են սատկել։
Վեհարի
https://www.youtube.com/watch?v=iXi_QHO0USI 2:42 րոպեում` Հացից հանեցին վիտամին ի-ն, լեցիտինը և այլ 17 վիտամիններ և ստացան ուշ փչացող սպիտակ հացը: Սակայն արագորեն սկսեցին ավելանալ սրտային հիվանդությունները, կաթվածները և արյան շրջանառության խնդիրները ...:
elf
Մահաբեր ծրագրերի փոխարեն ինչու մի իսկապես հրաշալի ծրագիր չանել՞, ավելի դժվար է, թե խելքի ու գաղափարների պակաս կա՞ , էնքան իսկապես արժանի գործ կա անելու, անող չկա, դուք էլ զբաղվում եք ամենաազգավնաս ձեռնարկը հրելով.... ԱՄՈԹ, դա դավաճանություն է , ուշկի էկեք, ամերիակացիները երազում են ֆրանսիացիների պես առողջ ու բարեկազմ լինել... օվ է ուզում ամերիկացու պես անառողջ ու գեր լինել.... Միայն բժիշկներն են դրանից շահում, որովհետե այս ծանր հիվանդությունները ձեռք բերած մարդիկ վեր են ասվում նրանց մշտական հինվանդ-այցելուների, ում հաշվին բշիժկները հարստանում են...
դոկտոր
Ովքեր երկաթի կամ այլ նյութերի պակասություն ունեն պետք է դիմեն բժշկի, անալիզներ տան, և միայն բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ երկաթի ստանան: Ավելորդ երկաթը օրգանիզմից չի դուրս գալիս, կուտակվում է, և առաջացնում ծանր, մահացու հիվանդություններ.... Զարգացած երկրներում, նույնիսկ բժիշկներն են խուսափում երկաթ նշանակելուց, և նախ խորհուրդ են տալիս բնական սննդի միջոցով լրացնել պակասը` կարմիր միս, լյարդ, սպանաղ, և այլն... Հայաստանում մենք հացակեր ժողովուրդ ենք, ու նաև մսակեր, իսկ այդ նյութերը սովորաբար նորմայից ցածր են լինում բուսակերների մոտ... Հետևաբար, ովքեր լծվել են մեր սննդի հիմնական միջոցը ծանր թունավոր նյութի վերածելուն, պետք է անհապաղ դադարեցնեն դա, առանց վնասելու սերուդների և հայ ազգի երկարազամկերտ առողջությունը: Մի մոռացեք նաև, որ դրսում մարդիկ հաց համարյա չեն օգտագործում, այսինքն նունիսկ եթե որոշ երկրնեում այլուրն արդեն հարամել են, մարդիկ այն համարյա չեն ուտում.... Մասսայական ամբողջ ազգաբնակչությանը թունավորելու ծրագիր է, ուրիը բան չկա... ով այդ նյութերի պակասությունը ունի, պետք է ոչ թե հարստացված ալյուր ուտի, այլ դիմի բժշկի, և ճիշտ բնամթերքով սնվի: էս ծրագիրը տգիտության, ագահության, և ընչաքաղցության արդյունք է միայն, որը պետք է անհապաղ կասեցվի անմիջապես…
Անահիտ
Հոդվածում բերված փաստերը մտահոգիչ են; Շատ վատ է. երբ ազգաբնակչության համար կենսական նշանակություն ու.եցող հարցերը լուծվում են հենց այսպես, անպատասխանատու մոտեցմամբ. առանց հաշվի առնելու վտանգավոր ռիսկերը; Լավ.բա բնակչության այն մասը. որը սակավարյունյություն չունի. այդ դեպքում ինչ անի հարստացված ալյուրի հետևանքով առաջացած երկաթի ավելցուկը օրգանիզմում; դա կբերի շատ ավելի լուրջ հիվանդությունների; Ով է պատասխան տալուդրա համար` ծրագրի ջատագովները? Ասեմ. որ սակավարյունյությունը թերսնման կամ էլ օրգանիզմում առկա այլ հիվանդությունների հետևանք է; ..
Վեհարի
Կյանքը երկրագնդի վրա միլիոնավոր տարիներ չի ընդհատվել, սակայն մեր ,,քաղաքակիրթ,, օրերում այն վտանգված է, քանի որ որոշ դավադիր ուժեր սկսել են ակտիվորեն միջամտել, պարտադրելով կեղծ հասկացողություններ: ԵՎ երբ ասում են թե հանուն ազգաբնակչության առողջության են ալյուրը հարստացնում, ապա կյանքի փորձից համոզված եմ` հակառակն է լինելու: Այսօր ,,Հանուն մարդկության շահերի,, անունով ԱՄՆ-ն պատերազմներ է սկսում: ԵՎ եթե ԱՄՆ-ն է տեխնիկական աջակցություն ցուցաբերում և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն (USAID) է ֆինանսավորողը այս ծրագիրը, ապա հասկանալի է, որ այդ երկրում ինչ որ մարդիք ինչ որ շահ ունեն: Իսկ այն փաստը, որ չնայած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը Ազգային ժողովում քննարկման չդրված որոշ մարդիք արդեն իսկ սկսել են հարստացման համար նախատեսված սարքավորումներ ձեռք բերել, խոսում է այն մասին, որ ինչ որ գործարարներ հարստացած հացից հարուստ եկամուտներ են սպասում և մյուս կողմից համակարգի պարազիտ հարկահավաքներն էլ ցանկացած հացի հարստացման որակը կարող են իրենց ցանկությամբ գնահատել և հավելյալ ,,հարկ-կաշառքներ,, գանձել:
Մարինե Մարտիրոսյան
Հարգելի Աշոտ, շնորհակալություն մեկնաբանության համար: Համաձայն եմ այն մտքին, որ ֆոլաթթուն էնդոգեն սինթեզի է ենթարկվում մարդու օրգանիզմի կողմից, բայց դա վերաբերում է ֆոլաթթվի մեր օրապահանջի 40-50 տոկոսին, մնացած 50-60 տոկոսն օրգանիզմ է մտնում բուսական և կենդանական ծագման մթերքներից, ինչպես նշված է նյութում: Կարող եք կարդալ մասնավորապես այստեղ` http://vostruha.ru/content/view/2311/1/
Աշոտ
Նախ ասեմ, որ հոդվածը լավ է լուսաբանում խնդիրը, շնորհակալություն հոդվածագրին: Ակնհայտ է, որ ալյուրը թունավորելու օրենքի կարիք բոլորովին չունենք; Ի դեպ, անեմիայի թվերը միայն կանանց ու երեխաներին են վերաբերում, սակայն նաև տղամարդկանց են ստիպում ուտել այդ թունավորած ալյուրի հացը: ՛՛թունավորած՛՛ բառս պատահական չէ այլ հիմնված է կոնկրետ փաստերի վրա. 1. Ֆինլանդիայում երկաթով ՛՛հարստացրել՛՛ են կաթը և շուտով հրաժարվել ՝երեխաների հիվանդացման և նոջյնիսկ մահվան դեպքերի պատճառով: 2. Մեծ Բրիտանիան հրաժարվել է ֆոլաթթու կիրառելուց՝ այն հիմնավորմամբ, որ այն վատ է նետաբոլացվում, իսկ արյան մեջ քրոնիկ կուտակման հետևանքներն անկանխատեսելի են http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/176179361: 3. Նայեք ֆոլաթթվով ՛՛հարստացնող՛՛ երկրների վիճակագրությունը. մի քանի տարում ԱՄՆ-ում և Չիլիում քաղցկեղի կրկնակի աճ է գրանցվել: Մի ուղղում. ֆոլաթթուն սինթետիկ նյութ է և մթերքներում չկա: Բնական ֆոլատներն այլ նյութեր են, որոնք ի տարբերություն ֆոլաթթվի, յուրացվում են բարակ աղիների ներծծող բջիջներում՝առանց լյարդի հատուկ ֆերմենտի մասնակցության, այդ պատճառով էլ որևէ վնաս չեն պատճառում: Իսկ մեր պայմաններում ֆոլաթթվի քայքայումից թե ինչ վերջնանյութեր կառաջանան և արդյոք՞ թունավոր չեն լինի, մնում է անհայտ. հարցի տեխնոլոգիական կողմի մասին չկա ոչ մի հետազոտություն;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter