HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվերսանտի դիմանկար. Հասան Հասանով-4

Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

սկիզբ 

Քարվաճառյան դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Հասան Հասանովին նվիրված շարքին հետեւող ընթերցողի համար, կարծում ենք, այլեւս աներկբա է, որ նա «տաքսու վարորդ» կամ «խանութպան» չէր, ինչպես Բաքուն հուլիսի կեսերից սկսեց ներկայացնել նրան ընտանիքի շուրթերով: Համացանցում, սոցցանցերի նրա էջերում եւ մասին առկա նյութերը՝ տեսանյութերը, նկարները, անդամակցած խմբերը, որոնք վերլուծեցինք նախորդ մասերում, արդեն իսկ բավարար են մեծ վստահությամբ պնդելու, որ Բաքվի երկու հեղինակավոր ռազմական հաստատությունները (ուսումնարան եւ հրամանատարական դպրոց) ավարտած Հասանը Հասանովը ադրբեջանական բանակի/հետախուզության սպաներից է, ով հրաշալի տիրապետում էր ռազմական/զինվորական/հետախուզական գործին:

Հետաքննական շարքում արդեն հասել ենք թերեւս ամենազգայուն՝ Արցախ ներթափանցումների խնդրին: ԵթեՀասանի զինվորական կրթությանն ու հետաքրքրություններին, Ջաբրայիլ խմբի շրջանակներում ծավալած գործունեությանը վերաբերող փաստերն անվիճելի են, ապա Արցախ/նախկին Ջաբրայիլի շրջանի մերձսահմանային հատվածներ ներթափանցելու մասին նյութերի հետ կապված տակավին անպատասխան հարցեր կան: Դրա պատճառով էլ շարքին հետեւող ընթերցողներին խորհուրդ կտանք շատ զգուշորեն ու սթափ վերաբերել հատկապես այս մասին, որտեղ ենթադրություններն ու հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Ավելի ստույգ՝ որոշ ենթադրությունների հաստատումը նույնքան դժվար է, որքան եւ դրանց հերքումը:

Ադրբեջանցի երիտասարդները նախկին Ջաբրայիլի վարչական շրջանի Փոքր Մերչանլի գյուղում

Ոմանք միգուցե զուգադիպություն, իսկ մենք հակված ենք օրինաչափություն ու պատճառահետեւանքային իրողություն համարել այն, որ 2012թ.-ի սկզբից (միգուցեեւ՝ 2011-ի վերջից), երբ, ինչպես փաստարկվեց նախորդ մասում, Հասանը սկսեց ակտիվ մասնակցել Ջաբրայիլ խմբի գործունեությանը, հենց այդ տարում ու դրանից հետո համացանցում հայտնվեցին տեսանյութեր Ջաբրայիլի նախկին վարչական շրջանի որոշ հատվածներ խմբի այցելությունների մասին: Համացանցում մեր հայտնաբերած՝ժամանակագրական առումով առաջինը տեսանյութը ֆոտոշարքերով կառուցված այս մեկն է, որը 2012.թ հունիսի 6-ին youtube է ներբեռնել  Beri Bax օգտատերը:

Ինչպես «Cəbrayıl, Cocuq Mərcanlı kəndi [26.05.2012]/Ջաբրայիլ, Փոքր Մերչանլի գյուղ [26.05.2012]» անվանումով այդ տեսանյութն ու նշված ամսաթիվն են փաստում, երիտասարդ ադրբեջանցիների մի փոքր խումբ (ըստ երույթին՝ չորսը) 2012թ. մայիսի 26-ին այցելել է նախկին Ջաբրայիլի վարչական շրջանի Փոքր Մերչանլի գյուղը:

Տեսանյութը հատուկ շեշետում է, որ նրանք Ջաբրայիլ խմբի անդամներից են: Նրանց ընդհուպ կարելի դեմքերով նույնականացնել ու ճանաչել Բաքվում դեպի շահիդների ծառուղի ջաբրայիլցիների ու ֆիզուլեցիների ամենամյա օգոստոսյան երթերի լուսանկարներում: Այս այցելության մասին մի փոքր ավելի տեղեկություն է տալիս մեկ այլ տեսանյութ, որը youtube է ներբեռնել 2012-ի օգոստոսի 16-ին՝ Ջաբրայիլ խմբի անդամ Նարիման Ահմեդովը (Neriman Ehmedov): 

 

Դրանից տեղեկանում ենք, որ լուսանկարների հեղինակները, այսինքն՝ Ջաբրայիլի փոքր Մերչանլի գյուղ այցելածներից երկուսը Զամին Հազիեւն (Zamin Həziev) ու տեսանյութը հրապարակած Նարիման Ահմեդովն (Nəriman Ehmədov) են: Երրորդի անունը պարզ է դառնում 2013թ. մայիսի 17-ին youtube ներբեռնված «Cebrayil Cocuq Mercanli/Ջաբրայիլի Փոքր Մերչանլի» անվանումով տեսանյութից, այն է՝Մեհման Ֆերհադով (Mehman Ferhadov), ով նաեւ տեսանյութը հրապարակողն է:

Այս այցելությանը վերաբերող մեկ այլ՝ ավելի «լիամետրաժ» տեսանյութ 2013թ. դեկտեմբերի 18-ին youtube է ներբեռնել Ջաբրայիլ խմբի երիտասարդներից Էլմին Հեմզեն(Elmin Həmzə), ով այդ խմբի մեջ չի եղել:

Նրա կողմից «Cebrayil Cocuq Mercanli kendi. 26.05.2012-ci il/ Ջաբրայիլի շրջան, Փոքր Մերչանլի, 26.05.2012» վերնագրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի երիտասարդների խմբին տեղափոխող սպիտակ գազելը, դիմապակուն թարս տեղադրված Fizuli տրաֆարետով, անցնում «Ֆիզուլու շրջան» ադրբեջաներեն գրառումով ճանապարհային վահանակի եւ բնակեցված գյուղի մոտով: Այնուհետեւ, երիտասարդները լքված գյուղում իջնում են գազելից, սկսում հեռախոսներով նկարել, մի փոքր վախվորած՝զգուշավորությամբ շուրջը նայելով, պարզում են Ադրբեջանի դրոշն ու նկարվում դրա հետ:

Կադրերում(3:01-3:25)ընդուպ երեւում է մի փոքր հեռու կանգնած գազելը: Խումբը շարունակում է շրջել տարածքում, իսկ երիտասարդները մեքենայում միացված ադրբեջանական երաժշտության ներքո զրուցում են, տեղանքի վերաբերյալ հարցուփորձ անում վարորդին եւ տեսանկարահանում ճանապարհը: Քիչ հետո (7:37) կադրում երեւում է նաեւ մեքենայի վարորդը:

Գազելը կանգնած է հեռվում
Գազելի վարորդը

Մինչեւ կհրապարակվեր հոդվածաշարի սույն մասը՝ հիշյալ այցելությանն առնչվող տեսանյութերի վերլուծությամբ, մեր շարքի առաջին մասի հետքերով դրանցից մի քանիսին իր դիտարկումներում անդրադարձել է Էդգար Էլբակյանը: Հեղինակի հիմնական ասելիքներից մեկն այն է, թե տեսանկարահանումները կատարվել են Ջաբրայիլի շրջանի՝ ոչ հայերի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, քանի որ Փոքր Մերչանլին 1993թ. մի պահ ազատագրվել է  5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կողմից, սակայն Ադրբեջանի աշնանային հուժկու հակահարձակման հետեւանքով վերստին կորսվել է ու այժմ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո: 

Թերեւս, համաձայնենք, բայց եւ հավելենք, որ անգամ ադրբեջանական կողմը վերոբերյալ եւ ոչ մի տեսանյութում չի էլ ներկայացրել, թե դրանք կատարվել են Ջաբրայիլի նախկին վարչական շրջանի խորքերում՝ հայկական թիկունքում. դրանց բոլորի վերնագրերում ադրբեջանցի օգտատերերը պարտաճանաչորեն նշել են գյուղի անվանումը՝ Փոքր Մերչանլի/ Cocuq Mercanli:

Ասվածի մեկ այլ ապացույց է խմբի անցած ճանապարհը, որը շեշտված նկարագրել ենք քիչ վերեւում. անցումը բնակեցված (բնականաբար, ադրբեջանցիներով) բնակավայրի միջով եւ Ֆիզուլու շրջանի ճանապարհը ցուցանող ցուցանակի մոտով դեպի շփման գիծ, որտեղ արդեն երիտասարդների դեմքին զգուշավորությունն ու վախը տեսանելի է: Ավել ստույգ, լքված գյուղ այցելությունը կատարվել է Հորադիզ կայարանի (ադրբեջանցիների վերահսկողության ներքո)կողմից, եւ ստորեւ բերված հին քարտեզում երեւացող ավտոճանապարհների ցանցում նույնիսկ կարելի է մոտավոր պատկերացնել այն ճամփաբաժանը, որտեղ կարող է տեղադրված լինել դեպի «Ֆիզուլու շրջան» ցուցանող(դեպի հյուսիս) ճանապարհային նշանը: Խումբը, իհարկե, շարժվել է դեպի հարավ-արեւմուտք՝ Փոքր Մերչանլի գյուղի ուղղությամբ:

Իսկ Փոքր Մարչանլին իրականումայցելության համար այնքան էլ անվտանգ վայր չէ, քանի որ այն բավական մոտ է շփման գծին, եթե չասենք, ըստ էության,կարող էհամարվելչեզոք գոտի: Հետեւաբար, տվյալ դեպքում սուբյեկտիվ մեկնաբանության հարց է, թե ինչպես անվանել նման գոտում երիտասարդների ու այլոց հայտնվելը՝ ներթափանցում, այցելություն, թե վտանգավոր զբոսանք:

Արցախի ազատագրված տարածքների այդ հատվածի համար հատուկ տեղադրում ենք ադրբեջանական ծագումնաբանությամբ քարտեզ, որտեղ դարչնագույն ընդհատվող գծով պատկերված է շփման գիծը: Այն Արաքս գետի մոտ գրեթե կրկնում է Ջաբրայիլի նախկինվարչականշրջանի արեւելյան սահմանի հենց այն հատվածին, որի մոտ էլ գտնվում էՓոքր Մերչանլի լքյալ գյուղը: Քարտեզում շփման գիծն այնպես է անցկացված, որ տվյալ դեպքում այն ընկնում է Արցախի տարածքի մեջ է, ինչը, իրականում այդպես չէ:

Եթե շփման գիծը անցկացնենք մի փոքր արեւմուտքով՝ Փոքր Մարչանլին թողնելով դրանից արեւելք, ապա նրանից ձախ էլ ընկնում է Հասան Հասանովի ծննդավայրը՝ Մեհդիլի գյուղը՝ կրկին շատ մոտ շփման գծին: Այդ երկու գյուղերի դիրքերը հատուկ պատկերել ենք հոդվածաշարին արձագանքած հեղինակի օգտագործած քարտեզի վրա: Անկախ ամեն ինչից, մի բան հստակ է ու կարեւոր. այդ երկու գյուղերը բավական մոտ են միմյանց ու շփման գծին՝ արեւմուտքից եւ արեւելքից:

Ջաբրայիլ խմբի ակտիվ երիտասարդներից Էլմին Հեմզեն 2013թ. հոկտեմբերի 31-ին youtube է ներբեռնել եւս մեկ տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես սեւ Վոլգա-31 ավտոմեքենան, նրա առջեից գնացող Ժիգուլին ու հետեւող արծաթափայլ Մերսեդեսը շրջում են լքված ադրբեջանական գյուղերով:

«Cebrayil(Cəbrayıl)da bir gün 30.06.2013/ Մեկ օր Ջաբրայիլում 30.06.2013» վերնագրված տեսանյությում կրկին նշվում է, որ տեսանկարահանումը կատարվել է Փոքր Մերչանլի գյուղում: Տեսանյութի վերնագրում նշված ամսաթիվը պետք է որ վկայի այն մասին, որ այն եղել է երիտասարդների նախորդ այցելությունից մեկ տարի անց՝ 2013-ի հունիսի 30-ին: Քանի որ նկարահանումները կատարված են Մերսեդես ավտոմեքենայից, դիմապակուց անդին միայն նրա ֆիրմային նշանն է երեւում: Մինչդեռ Վոլգա-31 ավտոմեքենան երեւում է ամբողջությամբ՝ նույնիսկ պետհամարանիշով, մի պահ էլ՝ առջեւից գնացող մուգ զմրուխտագույն Ժիգուլին:


Սեւ Վոլգան ու նրա առջեւից աջ թեքված զմրուխտագույն ժիգուլին
 
Սեւ Վոլգան եւ նրան հետեւող արծաթափայլ մերսեդեսի նշանը

Այս մի այցելության վերաբերյալ էլ հավելյալ տեղեկատվություն է տալիս Ջաբրայիլ խմբի մեկ այլ անդամի՝ Մեմիս Ասադովի (Memis Esedov)2014-իօգոստոսի 9-ին youtube ներբեռնած՝ «Cəbrayıla gedən yol/Ճամփորդություն դեպի Ջաբրայիլ» տեսանյութը:


Այն երկու մաս ունի՝ ֆոտոշարք, որտեղ, ի տարբերություն մեկ տարի առաջ կատարված այցելության, Ջաբրայիլ խմբի ավելի մեծ թվով երիտասարդներ(նկարներից մեկում 14 քաղաքացիական երիտասարդ) են երեւում, ովքեր այցելել են սահմանային զորամաս(հավանաբար, Հորադիզի մոտ), նկարվել ադրբեջանցի զինվորների հետ, նաեւ ֆոտոշարքով ներկայացված են լուսանկարներ, որոնք արվել են թե՛ մերսեդեսից, թե՛ Վոլգայից (որոշ նկարներում երկու ավտոմեքենաների դիմային կամ կողային մասերը երեւում են): Այնուհետեւ տեսանյութը շարունակվում է արծաթագույն մերսեդեսից արված տեսակադրերով:

Հիշեցնենք, որ հետաքննության նախորդ մասերում տեղադրել էինք նաեւ Հասանի արծաթագույն Մերսեդեսի նկարն իր տան բակում, ինչպես նաեւ՝ զինվորական ընկերների հետ խմբային մի նկար, որտեղ նրա եւ մեկ այլ զինվորական ընկերոջ արծաթագույն մերսեդեսներն էին: Վերջապես, հավելենք առաջին մասում տեղադրված տեսանյութը, որտեղ Հասանը կրկին արծաթափայլ Մերսեդեսով է: Կարելի է պնդել, որ Հասանը երկրորդ անգամ ավելի մեծ թվով՝ 14 երիտասարդների է բերել պրակտիկայի... 

Ավելի խոր ներթափանցո՞ւմ Ջաբրայիլի շրջան. մի տեսանյութի հետքերով

Վերը նշվածներից հետո վերադառնանք ամենախնդրահարույց տեսանյութին, որը տեղադրել էինք այս հոդվածաշաշարի առաջին մասում:

Հասանն այդտեղ նվազագույնը մեկ ադրբեջանցու ուղեկցությամբ է, արծաթափայլ մերսեդեսով: Նրանք կանգնում են լքված տան առջեւ, ապա Հասանը այգուց քաղում եւ ուտում է հասած նուռը:

Արդյո՞ք այս տեսանյութն արված է 2013-ի հունիսի 30-ին, երբ արծաթափայլ Մերսեդեսը շարասյան մեջ ուղեկցում էր սեւ վոլգային ու զմրուխտագույն ժիգուլուն: Արդյո՞ք նրանք այդ ժամանակ բաժանվել են միմյանցից ու այցելել տարբեր գյուղեր, իսկ միգուցե՞ գնացել գյուղի տարբեր հատվածներ, իսկ հետո նորից միացել:

Թե՞ Հասանը եւ իր ուղեկից(ներ)ը այդ մի այցելությունից հետո արդեն մեկ ավտոմեքենայով՝ նույն արծաթափայլ մերսեդեսով են այցելել Ջաբրայիլի շրջանի մերձարաքսյա հատվածը եւ ավելի խոր ներթափանցել...

Այս հարցերի հստակ պատասխանները չկան:

Հարցադրումների երկրորդ խմբի, կամ որ նույնն է՝ երկրորդ վարկածի օգտին է խոսում այն, որ այս վերջին տեսանյութում նուռը լավ հասած է, եւ տեսանյութի այլ հատվածներում էլ ճամփեզրին կարելի է նկատել աշնանային դեղնած տերեւներով նռնենիներ:

Հասած նռենին Հասանի «առանձին այցելության» տեսանյութում

Ի հակառակ սրա, մեզ հաջողվեց հունիսի 30-ի տեսանյութում ճամփեզրին տեսանկարահանված բազում նռնենիներից ընդամենը մեկի վրա ծաղիկ, բայց ոչ նուռ հայտնաբերել: Մյուս նռնենիները կատարելապես կանաչ են եւ առանց բերքի:

Նռենու ծառի ծաղիկը հունիսի 30-ի այցելության տեսանյութում

Դրան հավելենք նաեւ այն, որ վերջին տեսանյութում Հասանի թեւավոր շապիկն ամենեւին կիզիչ ամառվա մասին չի խոսում, այն դեպքում երբ հունիսյան ճամփորդության դեպքում զինվորների հետ նկարված Ջաբրայիլ խմբի երիտասարդները կարճաթեւ են: Ավելի մուգ երկինքը, տեղ-տեղ կաթացող անձրեւը, թաց ճանապարհը, կարծես թե անհերքելի են դարձնում աշնանը եւս մեկ անգամ այդ տարածքում լինելու փաստը:

Վերջապես, աշնանային այցելության դեպքում նկատելի է, որ արծաթագույն մերսեդեսը կարծես թե անցնում է միջգյուղային ճանապարհին բնորոշ հատված եւ նոր հայտնվում «նռան գյուղում»... Նաեւ նկատելի է երկու տեսանյութերում տեղանքների փոքր-ինչ տարբերությունը: Վերջին դեպքում Հասանը ավելի ցածրադիր տեղադրությամբ բնակավայրում է, ավելի ընգծված գետափնյա բուսականությամբ, քան մենք տեսնում ենք Փոքր Մերչանլին վերը բերված բոլոր տեսանյութերում: 

Մեր տրամադրության տակ եղած բազում լուսանկարների, տեսանյութերի համադրությունների արդյունքում մեկ համընկնում գտանք: Հասան Հասանովի վերացված ֆեյսբուքայն էջից հուլիսին ներբեռնել էինք մի լուսանկար, որտեղ նա այն նույն սանրվածքով (ի նկատի ունենք մազերի երկարությունը), հագուստով(շապիկ, ջինսեր ու մարզակոշիկներ) է, ինչ Ջաբրայիլի շրջանի վերը նշված բնակավայրում՝ նուռ ճաշակելիս:

Հասանը Արաքսի ափին: Թիկունքում Ջաբրայիլի շրջանն է, մեծ հավանականությամբ՝ Փոքր Մերչանլի-Մեհդիլի հատվածը:Նկարը Հասանի վերացված ֆեյսբուքյան էջից:

Ցավալիորեն, ժամանակին՝ մինչեւ Հասանի կարեւոր ֆեյսբուքյան էջի վերացումը, չենք ֆիքսել առաջին նկարի ներբեռնման ժամանակը կամ դրա ներքո ծավալված քննարկումների բովանդակությունը: Թերեւս, դա կարող էր պատասխանել վերոնշյալ հարցադրումներին:

Սա թույլ է տալիս ավելի մեծ վստահությամբ պնդել, որ խնդրո առարկա լուսանկարը եւ տեսանյութը ամենայն հավանականությամբ արվել են նույն ժամանակահատվածում: Մեր համեստ, prima facia դիտարկումների հիման վրա համարձակվում ենք ասել, որ ի տարբերություն ամառային (ավտոշարասյունով) ճամփորդության, այս մեկը տարվա այլ եղանակի՝ աշնանն է արված: Նաեւ մեծ են կասկածները, որ Հասանը այդ անգամ ավելի խորն է ներթափանցել շփման գծից այն կողմ՝ մինչեւ ընդհուպ իր ծննդավայր Մեհդիլին, որը Արաքսի երկայնքով Փոքր Մերչանլիի հաջորդ գյուղն է, եւ արդեն ԼՂՀ տարածքում:

Սրանք ընդամենը տեսագրված կամ լուսանկարահանված փաստերի հիման վրա արվող վարկածներ են, եւ միանգամայն հնարավոր է, որ հետախուզական գործում մասնագիտացված, այդ տարծքներում բազմիցս «նկարված» Հասանը այլ՝ չհրապարակված այցելություներ է ունեցել արդեն որպես հետախույզ, այլ ոչ թե երիտասարդների հրահանգիչ ու ուղեկցորդ:

Նա այդ տարածքը մանկուց նույնքան լավ գիտեր, որքան Դիլհամ Ասկերովը Քարվաճառը: Ուստի հենց դա էլ հասկանալի է դարձնում, թե ինչու Ադրբեջանի ՊՆ-ի համար կարեւոր շրջանում՝ ամառային արկածախնդրության նախաշեմին՝ լայնամասշտաբ զորավարժություններին համընթաց տարբեր տարածքներում պրոֆեսիոնալ աշխատանք ծավալած երեքը՝ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիեւը եւ Հասան Հասանովը հայտնվեցին մեկ խմբում ու գործուղվեցին Արցախ…

Հասանը տեսանյութում այն նույն հագուստով է, ինչ ֆեյսբուքյան էջի լուսանկարում:

Հասանը՝ քաղաքացիական դիվերսիաների հրահանգիչ(ինստրուկտոր)

Անշուշտ, Ջաբրայիլ խմբի երիտասարդների 26.05.2012, ապա 30.6.2013թ.  այցելությունները Փոքր Մերչանլի գյուղ՝ հայ-ադրբեջանական շփման գծին բավական մոտ, որտեղ հստակ սահման չկա եւ ռիսկայի գոտի է, ավելի շատ մկրտության նման մի բան է հիշեցնում: Այդ այցելությունները մեր կողմից կարեւորվել են այն տեսանկյունից, որ, Հասանի՝ Ջաբրայիլ խմբին միանալուց հետո զարկ է տրվել նրա ուղեկցությամբ երիտասարդների «էքստրիմ զբոսաշրջությանը»: Ծայրահեղ զգացողություններ ապրած երիտասարդները տեսանյութերն ու լուսանկարները համացանցում տեղադելուց հետո արժանանում էին գովասանքի խոսքերի (բոլոր տեսանյութերի ներքո նման գրառումներ են), իրենց հերոսացած զգում ու ավելի քաջալերվում նորանոր արկածների համար: Հենց դա էլ ակնկալվող արդյունքն էր:

Դա միանգամայն տեղավորվում է Ալիեւի վարչախմբի՝ Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին «հայրենի եզերքներ» ներթափանցելու հարցում մոտիվացնելու արդեն իսկ տեսանելի նպատակի մեջ: Նաեւ ցույց է տալիս դրա համար օգտագործվող ու մշակվող «հումքի» տեսակը (հակահայկական քարոզչությամբ ու թշնամանքով, վիրժառուի հոգեբանությամբ դաստիարակված երիտասարդ սերունդ), նրա հետ աշխատանքի մեթոդներն ու գործիքները, ինչը նախորդ մասերում ամենայն մանրակրկիտությամբ դիտարկել ենք այս մի խմբի օրինակով:

Ի վերջո, պատահական չէ, որ Ալիեւի վարչախումբը, դեմ գնալով բոլոր միջազգային քննադատություններին, 2012-ից այս կողմ ետ չկանգնեց Ռամիլ Սաֆարովի հերոսացումից, իսկ վերջերս էլ Ադրբեջանի իշխանությունները վերջերս բնակարաններ հանձնեցին քարվաճառյան դիվերսանտների ընտանիքիներին:Դա նույնպես Արցախ ներթափանցելու ձգտումների ու փորձերի յուրօրինակ խրախուսում է: Նշվածների առումով երկու ծագումով ջաբաբրայիլցու՝ Ռամիլ Սաֆարովի ո Հասան Հասանովի օրինակները արդեն խոսուն են:

Պատահականությունների շարքից չէր նաեւ քարվաճառյան խմբի վնասազերծումից հետո պաշտոնական Բաքվի այն դիրքորոշումը, թե Արցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է եւ նրա նախկին ադրբեջանցի քաղաքացիները իրավունք ունեն ազատ տեղաշարժվել այնտեղ... Ալիեւը նրանց վերադարձնելու իր ջանքերում փորձում է ցույց տալ, թե տեր է կանգնելու այդպիսի մարդկանց, քանի որ փաստացի քաղաքացիական ներթափանցումները խրախուսվել ու խրախուսվում են պաշտոնապես: Օգոստոսի սկզբներին Աղդամի մատույցներում քարվաճառյան դիվերսանտների ձերբակալման ու նրանց վերադարձի խնդրի լուծման կապակցությամբ իրեն ուղղված հարցին ի պատասխան, նա պատահական չվկայակոչեց Ռամիլ Սաֆարովին վերադարձնելու փորձը ու խոստացավ դա անել նաեւ քարվաճառյան դիվերսանտների դեպքում:

Եթե ոչ ամբողջ հասարակության մակարդակով, գոնե այն շրջանակների առջեւ, ովքեր ներգրավված կամ պատրաստվում են ներգրավվելու քաղաքացիական ներթափանցումներում, նա պարտավոր է ապացուցել, որ այդպիսիներին տեր է կանգնում ու փրկում: Այլապես «քաղաքացիական ներթափանցման»՝ Ադրբեջանում նոր-նոր կայացվող ինստիտուտը կփլուզվի, երբ պարզ դառնա, որ նա ոչ մեկին տեր չէ… Իսկ Քավաճառյան դիվերսիայի վնասազերծումը դրա ուղերձն է հղում այդ շրջանակներին:

Արդ, պետք է հասկանանք, որ Ադրբեջանի իշխանությունների հեռահար նպատակը եղել ու մնալու է ավելի զանգվածային՝ տարբեր խմբերի «քաղաքացիական ներթափանցումները» դեպի Արցախ խթանելն ու խրախուսելը.«Քարվաճառյան խումբը», ի դեմս՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի, այդ առումով «հաջողության պատմություն» էր. նրանք առնվազն 5 անգամ ներթափանցել էին Արցախ, այդ թվում՝ մեկ անգամը նույնիսկ ավտոմեքենայով, այդ այցելությունների բազում տեսանյութեր տարիներ շարունակ համացանցում են այլոց քաջալերելու համար:

Հետեւաբար, նրանց օրինակի տարածումը այլ շրջանների (Զանգելան, Ֆիզուլի, Ջաբրայիլ եւ այլն) համար կազմավորված խմբերի  վրա չափազանց կարեւոր խնդիր էր/է Ադրբեջանի իշխանությունների համար: Հենց դրա համար էլ Ադրբեջանի հետախուզությունը պետք է Հասանի նման արհեստավարժ, ռազմական ու հետախուզական գործին տիրապետող կադրերով համալրեր նման խմբերը: «Ինստրուկտորներն» էլ նախ պետք է երիտասարդների «սիրտն ու հոգին կպցնեն հայրենի հողին», ապա՝ թրծեն դեպի հայրենի շրջան էստրեմալ տուրիզմի փորձություններում՝ վերացնելով նրանց վախերը, ավելի մասնագիտացնելով այդ գործում ու օգնելով հերոսանալ վիրտուալ ու իրական տարածքներում:   

Դրա համար կոնկրետ Ջաբրայիլ խմբին ու հատկապես նրա երիտասարդությանը պետք էր հանել ֆուտբոլի ջաբրայիլյան առաջնությունների, Ջաբրայիլի թանգարան այցելելու, իրար հանդիպելու ու Ջաբրայիլի մասին արցունքախառն ոտանավորներ արտասանելու ու երգեր երգելու, ամեն տարի Ռամիլ Սաֆարովի տուն այցելելու, յուրաքանչյուր օգոստոսի 23-ին Ջաբրայիլի ու Ֆիզուլիի «օկուպացիան» հիշատակելու նեղ շրջանակներից: Խմբի մեկամյակի ու երկամյակի հաշվետվությունները հենց այդպիսին էին:

Պետք էր հայերի հանդեպ թշնամանքի խորացումը համայնքի ներսում, ինչը հատկապես վերջին երկու տարիներին թափ հավաքեց ու համակարգված իրականացվեց խմբի ֆեյսբուքյան ու օդնոկլասնիկյան էջերում: Ապա պետք էր խմբի երիտասարդներին սովորեցնել Արցախ ներթափանցելուն՝ նրանց ադապտացնելով ռիսկի գոտում գտնվելուն: Էքստրիմ ճամփորդությունները շփման գոտում լավ միջոց էին դրա համար, իսկ Հասանը, որպես պրոֆեսիոնալ զինվորական ու հետախույզ՝լավ հրահանգիչ: Հասանը հաճելին զուգակցվում էր պարտադիրի հետ՝ե՛ւ շփվում էր հայրենակիցների հետ, ե՛ւ կատարում հետախուզության մարմինների առաջադրանքը, եւ այցելում հայրենի եզերքներ: Արդյունքներն էլ վատը չէին՝ 2012թ. ընդամենը չորս երիտասարդ էր համարձակվել գնալ շփման գծին մոտ գտնվող Փոքր Մերչանլի, իսկ մեկ տարի անց ամռանը՝ դրա եռապատիկից ավելին՝ 14:

Այս ամռանը Ադրբեջանի անուղղակի ռազմական հարձակումներին Հայաստանի ու Արցախի բանակների արդյունավետ հակազդեցությունից, քարվաճառյան դիվերսիոն խմբի վնասազարծումից հետո, ամենայն հավանականությամբ մի առ ժամանակ կդադարեն կամ կնվազեն Արցախ ներթափանցելու փորձերը: Սակայն, ակնհայտորեն, Ադրբեջանի հետախուզությունը չի հրաժարվի դրանց «քաղաքացիական տարբերակից», որոնց դեմ հանդիման, ինչպես փորձն է ցույց տալիս, Հայաստանի ու Արցախի պատկան մարմինները ավելի անպատրաստ են,ավելի դժվար են կողմնորոշվում ու վնասազերծում, քան ռազմական դիվերսիաներին. չմոռանանք, որ գրեթե 10 օր պահանջվեց(հուլիսի 4-ից, երբ առեւանգվել էր Սմբատ Ցականյանը, մինչեւ 14-ը, երբ ձերբակալվեց խմբի վերջին անդամը՝ Դիլհամ Ասկերովը) քարվաճառյան խմբին հայտնաբերելու ու վնասազերծելու համար:

Սա նշանակում է, որ Հայաստանի ու Արցախի հատուկ ծառայությունները ավելի աչալուրջ պետք է լինեն ու նաեւ այլ եղանակներով ու տեղերում(համացանցում, սոցցանցերի տարատեսակ խմբերում) փնտրեն հնարավոր վտանգները եւ ներթափանցողներին:

Քարվաճառյան խմբի դեպքում, օրինակ, նրանք ավելի վաղ պետք է ուսումնասիրած լինեին համացանցում ներբեռնված բազում տեսանյութերն ու հետեւություններ անեին դրանց հնարավոր նպատակների, ուղղորդումների վերաբերյալ: Դրան զուգընթաց եթե վերլուծաբաններս ու փորձագետներս էլ ավելի վաղ, սթափ ու համակողմանի, քնադատաբար ու կառուցողական բանավեճում վերլուծության ենթարկեինք այդ ամենը, ինչը արեցինք Ջաբրայիլ խմբի դեպքում, ապա միգուցե Քարվաճառ խմբի դեպքում այլ ընթացք ունենային զարգացումները. միգուցե Ադրբեջանում էլ հասկանային, որ այդ մեթոդներն այլեւս բացահայտված են: Այդ դեպքում բոլորս այլ կերպ նախապատրաստված կլինեինք դիվերսիայի այս անսովոր ձեւերին, միգուցե նաեւ երկու զոհ ու մեկ վիրավոր չունենայինք:

Նույնը վերաբերում է Ջաբրայիլ խմբի վերոնշյալ տեսանյութերին. այն այդպիսի խմբերից ընդամենը մեկն է, որի գործունեությանը, Ադրբեջանական հատուկ ծառայութունների հետ առնչություններին մանրակրկիտ անդրադարձանք Հասան Հասանովին նվիրված շարքում: Պետք է ի նկատի ունենալ, որ Ջաբրայիլի հանգույն գործում են  «հայրենակցական» այլ խմբեր ու համայնքներ եւս, որոնց անդամները կամ արդեն այցելել կամ նույնպես «պատրաստվում» են Արցախ ներթափանցելու համար, ինչի մասին դեռ կգրենք հետագայում: «Քարվաճառյան» խումբը դրա մի ցցուն օրինակն էր:

Իսկ թե երբվանի՞ց է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն սկսել ավելի ինտենսիվ նպաստել ու խթանել տարատեսակ հայրենակցական համայնքների ու խմբերի՝ ավելի ռադիկալացմանը, Արցախ ներաթափանցելու մոտիվացիաների ուժգնացմանը, երբվանի՞ց է նա հետաքրքրվել «քաղաքացիական դիվերսիաներով», ի՞նչ նպատակով ու ինչպե՞ս է զարգացրել դրա ձեւերը, կանդրադառնանք Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի հավաքագրման պատմության ներքո: Թերեւս հենց դա այս ամենի անկյունաքարն է:

Հետգրություն:

Շնորհակալություն հայտնելով այս թեմայով իր դիտարկումները(Դիտարկում «Հետքում» տպված «Դիվերսանտի դիմագիծ. Հասան Հասանով-1»-ի վերաբերյալ ներկայացրած Էդգար Էլբակյանին հանրային բանավեճի համար, եւ ընդառաջելով նրա խնդրանքին, առավել շեշտված հստակեցնում ենք, որ նախորդ եւ այս մասերում «Ջաբրայիլ ներթափանցելու/այցելելու» մասին խոսելիս երբեք եւ ամենեւին ի նկատի չենք ունեցել շրջկենտրոնը՝ Մեխակավան/Ջաբրայիլ քաղաքը (այդպիսի փաստ երբեք չի եղել մեր տրամադրության տակ եւ դրա մասին չի էլ ակնարկվել): Համառոտ օգտագործված Ջաբրայիլ անվան դեպքում խոսքը գնացել եւ գնում է ադրբեջանական նախկին վարչական շրջանի մասին, ընդհանրապես: Իսկ ներթափանցումների կապակցությամբ առաջ քաշված վարկածները, ակնարկները ու կասկածները, ինչպես նկատեցինք, վերաբերել/վերաբերում են նրա մերձարաքսյա, շփման գծին մոտ տարածքներին:

Մեկնաբանություններ (3)

Ստեփան Սաֆարյան
Բոլորին շնորհակալ եմ կատարված աշխատանքը գնահատելու համար: Ուրախ եմ, որ այն թներցող ունի, որ այս կարեւոր թեմայով հետաքրքրվողներ կան ու առանց խուճապի, շահարկումների մասնակից են դառնում հանրային քննարկմանը:
Ցողիկ Խաչատրյան
Նյութն ուսումնասիրված է բազմակողմանիորեն: Եզրահանգումները կատարյալ են: Մնում է լսելու համար ականջ ունենալ:
Վեհարի
Հասկացանք, որ ադրբեջանական բանակի հետախուզության սպա`Հասան Հասանովը ռազմական/զինվորական/հետախուզական գործին հրաշալի տիրապետող հերոս է: Պատկերացրեք թե որքան լավ կլիներ, որ որևէ լրագրող չվախենար, և այսպիսի մանրամասներով մեզ ներկայացներ մեր իսկական հերոսների մասին, ինչպիսիք են ասենք Սարգիս Հացպանյանը, Ժիրայր Սէֆիլյանը կամ պատերազմին կամովին մասնակցած շատ ու շատ ուրիշները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter