HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով է Անդրկովկասյան գորշ արջի իրական տերը, և ինչու է դատապարտվել կերակրողը

«Արջը ո՞ւր է, արջը, ինչո՞ւ չեք բերել դատարան»,-դատական նիստը չսկսված՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը կատակով դիմավորեց նիստերի դահլիճ մտնող Հրաչյա Ավետիսյանին և բնապահպանության նախարարության ներկայացուցչին: «Արջը կենդանաբանական այգում է»,-եղավ պատասխանը:

Հալաբյան փողոցում հայտնաբերված, Կարմիր գրքում գրանցված Անդրկովկասյան գորշ արջին հնարավոր է քնեցնեն: Նրա առողջական վիճակը խեղված է: Բնապահպանական պետական տեսչության Կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Արթուր Բեգլարյանն այսօր այս մասին հայտարարեց քրեական վերաքննիչ դատարանում:

Հալաբյան փողոցում հայտնաբերված արջի գործով դատապարտված Հրաչյա Ավետիսյանը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով: Բացի դրանից, Հրաչյա Ավետիսյանից հօգուտ պետբյուջե պետք է բռնագանձվի նաև 500 հազար դրամ՝ որպես բնությանը պատճառած վնասի փոխհատուցում:

Նախաքննական մարմինը Հրաչյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվություն, 2014 թվականի ապրիլ ամսվա կեսերին Սպիտակ-Երևան ավտոճանապահի 6-րդ կիլոմետրի` Լոռու մարզի Ջրաշեն գյուղի վարչական տարածքից տիրացել` որսացել է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջ` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով խոշոր` 1 միլիոն ՀՀ դրամի վնաս: 

Այս մեղադրանքի հետ Հրաչյա Ավետիսյանը համաձայն չէ: «Ես արջը չեմ որսացել, այլ գտել եմ ճանապարհին անօգնական վիճակում ընկած»,- վերաքննիչ դատարանում հայտարարեց նա: Նաև հավելեց, որ չի իմացել, որ օրենքով պարտավոր էր տեղյակ պահել համապատասխան մարմիններին կամ թույլտվություն ստանար արջը պահելու համար, այլապես կաներ դա:

Հրաչյա Ավետիսյանը ինչպես նախաքննության և առաջին ատյանի դատական նիստի ժամանակ, այնպես էլ այսօր պնդում էր, որ Կիրովականից Երևան ուղևորվելիս, երթուղայինից նկատել է անշարժ պառկած արջին, կանգնեցրել է երթուղայինը, զննել և հասկացել, որ արջը շնչում է: Ճանապարհից ընթացող պատահական՝ «Մոսկվիչ» մեքենան կանգնեցրել և արջին տեղափոխել է Երևան՝ Հալաբյան փողոցում տեղակայված «Սպիտակ» գործարար, գիտական և մարզաառողջարարական համալիրի տարածքում գտնվող շենքի առաջին հարկ և այնտեղ էլ պահել կենդանուն: Կերակրել է արջին բանջարեղենով և մսով, ինչի համար շուրջ 2000 դոլարի պարտքեր է կուտակել: Նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կարողացել արջին պահել, եթե չունի աշխատանք: «Ես չեմ կերել, նրան եմ կերակրել, պարտքեր եմ արել»,-ասաց Հրաչյան:

Հրաչյա Ավետիսյանը գործազուրկ է: Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում է ապրում, երկու երեխա ունի, որից մեկը՝ անչափահաս: Ասում է, որ Հալաբյան փողոցի «Սպիտակ» համալիրի տարածքում ժամանակավոր վարձով է բնակվել ընտանիքի հետ, արջն էլ՝ առաջին հարկում է պահել: Բայց այդ օրը, երբ արջին «հայտնաբերել» են Հալաբյան փողոցում, խաղ անելիս իր ոտքի վրա է կանգնել և վնասել ոտքը, ինչից հետո արտակարգ իրավիճակների նախարարություն են ահազանգել և արջին տեղափոխել:

Արջին գտնելու՝ Հրաչյա Ավետիսյանի պատմությանը չի հավատում ԲՆ-ի ներկայացուցիչ Արթուր Բեգլարյանը: Վերջինս վստահ է, որ այն երկար ժամանակ է պահվել ազատազրկված, քանի որ արջը ռախիտ է մեծացած, ֆիզիկական անառողջ վիճակում է, սովոր է ձեռքով կերակրելուն: Այլ պարագայում 1 տարեկան վայրի արջին անհնար է պահել նկուղում, ուշքի գալուց հետո թաթի հարվածով երկու կես կաներ կերակրողին: Սակայն թե ով, որտեղ կամ ինչ պայմաններում է պահել, Հրաչյան չի ցանկանում խոստովանել: Վարկածը, որ Հրաչյան պարզապես խնամել է Սպիտակ» կենտրոնում երկար ժամանակ պահված արջին և հաստատության տերերի հետ պայմանավորվածության համաձայն է մեղքն իր վրա վերցրել, ժխտում է: «Ես եմ գտել, ես էլ պահել եմ»,-շարունակում է պնդել նա:

«Սպիտակ» առողջարանային կենտրոնի տերը ռուսաստանաբնակ բիզնեսմեն Նորիկ Մուրադյանն է: Հրաչյան ասում է, որ տերերը նույնիսկ տեղյակ չեն եղել:

Հրաչյա Ավետիսյանի սոցիալական՝ odnoklassniki.ru կայքում տեղադրած նկարներից (առաջին լուսանկարում) երևում է, որ այն նույնիսկ «Սպիտակի» տարածքում ազատ շրջել ու խաղացել է, ինչը ակնհայտ է դարձնում, որ կենդանին առնվազն կենտրոնի թույլտվությամբ է բնակվել այնտեղ: Սակայն «Սպիտակի» ղեկավարությունը որևէ պատասխանատվության դրա համար չի ենթարկվել, «խախտումը» վերագրվել է խնամողին:

Հրաչյան, սակայն, ընդունել է մեղքը, բայց բողոքարկում է դատարանի վճիռը, քանի որ գտնում է, որ ինքը պետությանը վնաս չի տվել՝ արջը կենդանի է և այժմ Երևանի կենդանաբանական այգում է: Իսկ նշանակված տույժ-տուգանքները ծանր բեռ են իր համար: Նա վերաքննիչից խնդրել է մեղմացնել տուգանքը: ԲՆ ներկայացուցիչն էլ հակադարձեց, որ օրենքով կարմիր գրքում գրանցված գորշ արջի համար առավելագույն պատիժը 1 մլն դրամ է, բայց քանի որ արջը կենդանի է, բնությանը հասցված վնասը հաշվարկվել  500 հազար դրամ:

Դատարանը արջի ներկայիս վիճակով հետաքրքրվեց, բայց քանի որ ԲՆ ներկայացուցիչը նրա վիճակի մասին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չուներ, որոշեց հետաձգել նիստը: Արթուր Բեգլարյանը աշխատանքային 15-օրյա ժամկետ խնդրեց, որպեսզի հասցնի գրություն ուղարկել և Երևանի կենդանաբանական այգուց ստանալ պատասխան:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 27-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter