HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեժ աշնան» մետամորֆոզները

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Վերջին երեսուն օրերին մենք ականատես եղանք «Նախախորհրդարանի» մի քանի անդամների եւ քաղաքացի Կարեն Հարությունյանի ավտոմեքենաների հրկիզման, «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի, ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Հայ ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի, ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի, քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերին: Յուրաքանչյուր դեպքից հետո սոցիալական ցանցերում եւ քաղաքական ուժերի հայտարարություններում տրվում էին գնահատականներ, որոնք առ այսօր չեն մտցրել կոնկրետ հստակություն, թե ինչու պետք է այս «թեժ» տարեվերջին տեղ գտնեին նման իրադարձություններ:

Կարծում եմ այսօր լիարժեք կարելի է շրջանցել այն գնահատականները, որոնք վերաբերում էին պղտոր ջրում ձուկ որսալուն եւ այն հիմնավորումներին, թե իբր այդ դեպքերի կամ դրանց մի մասի ետեւում երրորդ կողմի կամ անգամ տուժող կողմի ականջներն էին երեւում: Իշխող վարչախմբի համար նման կարգի երեւույթների վտանգավորությունը այնքան մեծ է, որ դրանց բացահայտման եւ թմբկահարման համար նա չէր խնայի ոչ մի ռեսուրս: Ուստի անդրադառնանք հիմնական այն գնահատականին, ըստ որի այդ դեպքերի հեղինակը հայաստանյան իշխող վարչախումբն է:

Մեր ընդդիմադիր քաղաքական միտքը, կանգ առնելով հենց այդ համոզմունքի վրա, դեպքերի պատճառահետեւանքային կապի հարցում հանգում էր նրան, որ առկա դեպքերը ռեժիմի թուլության վկայությունն են: Տրված հիմնական բացատրություններում, շրջանառվում էր այն միտքը, որ տվյալ բռնարարքներն ու գործողությունները կյանքի էին կոչվել ելնելով նրանից, որ վարչախումբը տեսնում է իր թուլությունը եւ չի կարողանում հակադարձել, լռեցնել, սաստել, վախեցնել, կանխել (եւ այլն) իր քաղաքական հակառակորդներին կամ ժողովրդի ցասումը: Դրա համար էլ նա դիմում է տարաբնույթ բռնությունների:

Կարծում եմ, որ այդ գնահատականները ամբողջությամբ չեն համապատասխանում առկա իրավիճակին: Տողերիս հեղինակը ելնում է այն հիմքերից, որ ցանկացած թուլություն եւ դրանով պայմանավորված հակազդեցություն պետք է կոնկրետ ուժի ազդեցության հետեւանքը լինի: Բռնապետական վարչակարգերում, կոնկրետ քաղաքական ուժի ճնշման բացակայությամբ կատարվող տարաբնույթ ռեպրեսիաները նրա թուլության վկայությունը չեն եղել երբեք` անգամ ճահճային իրավիճակներում եւ դեգրադացիայի պայմաններում: Իսկ ժողովրդի ամորֆ դժգոհությունը, որքան էլ այն մեծ լինի, երբեք չի եղել ու չի կարող դառնալ զանգվածների պայքարի շարժիչը: Նման պայքարի համար անհրաժեշտ է շարժառիթ, մոտիվացիա, կազմակերպվածություն, նպատակ եւ այլն: Այդ ամենը չկա մեր հանրության մոտ: Չկա նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժի կամ ուժերի այն ճնշումը, որի դեպքում հնարավոր կլիներ խոսել վարչախմբի կողմից կոնկրետ հակազդեցության մասին: Միակ ուժը, որը դեռեւս չի «վառվել» իր անզորության մեջ եւ տեսականորեն կարող է իշխող վարչախմբի համար վտանգի աղբյուր լինել «Նախախորհրդարանն» է: Մյուս դեպքերում գործ ունենք քաղաքական շառլատանության հետ, որում մեխանիզմ է դարձված ժողովրդին անապատում ծարավ ման տալու եւ նրա ապագայի հետ կապված հալյուցինացիաներ առաջացնելու երեւույթը:

Սակայն «Նախախորհրդարանի» հետ համեմատելիս նմանապես հնարավոր չէ խոսել վարչախմբի թուլության մասին, քանի որ նախորդ լոկալ դիմադրություններում կամ պատահարներում («Փակ շուկայի» պայքարը, Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած դեպքը) վարչախմբի կողմից դիմացինի ուժն ու հնարավորությունները չափելիս արդյունքներն ի վնաս են եղել հենց «Նախախորհրդարանի» համար: Գարնանը վերջինիս ծրագրավորած հիմնական «ճակատամարտից» առաջ, այսպիսով, վարչախումբը «Նախախորհրդարանի» դեպքում դիմելով բռնարարքների ոչ թե իր «մերկությունը»` թուլությունը թաքցնելու պահանջը կարող էր բավարարել եւ իր բնական հակազդեցությունը արտահայտել, այլ իր ծրագրավորած ազդեցությունը տարածել` կոնկրետ խնդիր (խնդիրներ) լուծելով:

Ասվածից պարզ է դառնում, որ ընդդիմադիր հանրության թուլությունն ի հայտ է գալիս որեւէ պայքար (կուսակցական, քաղաքացիական եւն) սկսելու հենց առաջին իսկ փուլում` քաղաքական իրավիճակի վերաբերյալ վարչախմբի թուլության մասին գնահատականներում: Քաղաքական գործընթացներում հարկ կա հենց իրավիճակային գնահատականները համապատասխանեցնել օբյեկտիվ իրականությանը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ ելքեր գտնել ստեղծված իրավիճակից: Այդ տեսանկյունից տողերիս հեղինակը գտնում է, որ վերջին շրջանում կատարված բռնությունները եւ վնասարարությունները նույն շղթայի տարբեր օղակներն էին եւ կոնկրետ խնդիրներ էին լուծում: Դրանք էին`

ա. քաղաքական գործընթացները ուղղորդել վարչախմբին հարմար հունով,

բ. քաղաքական գործընթացի մյուս սուբյեկտներին ցույց տալ իրենց ոչնչությունը,

գ. հանրության մեջ խորացնել նրա անզորությունը:

Այս խնդիրների ձեւավորման համար վարչախումբը ելնում էր իր առջեւ ծառացած հետեւյալ պահանջներից`

ա. «Նախախորհրդարանին» գցել իր ծրագրած քայլերի ժամանակացույցից եւ 2015թ. ապրիլ ամիսը ազատել անկանխատեսելի զարգացումների հնարավորությունից,

բ. ընդդիմադիր դաշտում կրկին ուժեղացնել կանխատեսելի եւ կառավարելի ուժերի ազդեցությունը, որոնք մեծ հարված էին ստացել ու հեղինակության կորուստ ունեցել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցում նրանց որդեգրած դիրքորոշումից ու գործողություններից հետո,

գ. ընդդիմադիր դաշտում եւ հանրության մեջ սասանել անկառավարելի կամ կառավարելիության շրջանակներից դուրս եկած եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերող հանրային մի կարող շերտի` ազատամարտիկների ազդեցությունը:

Բոլորիս քաջ հայտնի դեպքերից հետո այսօր ակնհայտ է, որ «Նախախորհրդարանի» գործողությունները արագացված ընթացքի մեջ են եւ նրա հանդեպ հանրային ուշադրությունը շատ ավելի մեծ աստիճանի վրա է գտնվում հենց վարչախմբի կոնկրետ ներգործության միջոցով: Բացի այդ «Հրաշալի եռյակի» ընդդիմադիր գործունեության հետագա ընթացքի համար ստեղծված են ջերմոցային պայմաններ: Միաժամանակ հանրության մեջ խորացել է ընդհանրապես անզորության զգացումը եւ մասնավորապես կուսակցական եւ ոչ կուսակցական ուժերի նկատմամբ անվստահությունը, եւ արմատացել պայքարի խաղաղ ձեւերի նկատմամբ անհավատությունը:  Սրանք են այն արդյունքները, որոնք կարելի է արձանագրել քաղաքական վերջին զարգացումներից հետո: Ստեղծված իրավիճակում կարելի է եզրակացնել, որ վարչախումբը շարունակում է առավել ռացիոնալ ու օբյեկտիվ գնահատել իրավիճակը, տարաբնույթ քայլերի դիմելու համար չունենալ վախեր եւ լուծումներ գտնել այս կամ այն խնդրահարույց իրավիճակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter