ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սամվել Սաղաթելյան. «Մերկացա զինվորի նման, հետո անցա ընդհատակ եւ «հայտնվեցի» բանտում»



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արմավիր» նորաբաց քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 10-ին բացվեց«Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդեսը, որի համադրողը արվեստագետ Սամվել Սաղաթելյանն էր։ Ցուցահանդեսին ներկայացված էին ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան», «Կոշ» եւ «Աբովյան»քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալների աշխատանքները եւ ոչ միայն: 

Սամվել, ցուցահանդեսի մուտքը շատ արտահայտիչ էր ստացվել․ երկար ձգվող, անվերջանալի թվացող բանտային միջանցքում նախ դատապարտյալները «ներկայանում» էին դիմանկարներով․․․ Ինչու՞ էին առաջին պլան մղված դատապարտյալների դիմանկարները, եւ ինչպե՞ս էիր դրանք ստացել։

Ինչպես ինքդ տեսար, ցուցահանդեսը մի քանի մասի էի բաժանել։ Մուտքը դատապարտյալների դիմանկարներով «Տեսակցություն» շարքն էր, որը կարեւորությամբ առաջնային էր, եւ այդ շարքով էր տեղի ունենալու «հանդիպումը» հանդիսատեսի ու դատապարտյալների միջեւ, ինչը տեղի ունեցավ՝ բացահայտելով նրանց լրիվ ուրիշ կերպարային մեկնաբանությամբ։

Դիմանկարների ստեղծման պատմությունը շատ հետաքրքիր էր։ Մի քանի նախնական այցեր եմ ունեցել «Աբովյանի» կանանց քրեակատարողական հիմնարկ, «Կոշ» եւ «Սևան» եւ փորձել եմ հասկանալ, թե ինչքանով են բաց դատապարտյալները՝ մասնակցելու ֆոտոշարքին այնպես, ինչպես ես էի պատկերացնում։ Կանայք սկզբում զգուշությամբ, բայց հետո ոգեւորությամբ ընդունեցին առաջարկս, քանի որ սովորաբար, դժվարությամբ են համաձայնվում լուսանկարվել։ Տղամարդիկ շատ ավելի դժվարությամբ եւ կարելի է ասել՝ ոչ այնքան համարձակությամբ համաձայնվեցին։ Այցի ժամանակ հետս վերցրել էի կապույտ եւ սպիտակ գույնի շարֆեր, որն արդեն իր կոնցեպտուալ նշանակությունը պետք է ունենար՝ խախտելով սեւ համազգեստների մեջ գտնվող, որոշակի կարծրատիպերի եւ «հասկացողությունների» այդ իրականությունը։ Ես չէի սխալվում։ Դատապարտյալները լուսանկարվելու ողջ ընթացքում իրենց իրականության ինքնահաղթահարման խնդիրն ունեին, որը սահմանել են իրենք կամ արդեն իսկ հայտնվել են դրա մեջ։

Երբ ես արդեն լուսանկարներն էի փակցնում պատերին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի մոտ մեծագույն հետաքրքրություն էր առաջացել։ Նրանք ճանաչում էին այս կամ այն դատապարտյալին, բայց զարմացած էին, որովհետեւ առաջին անգամ նրանց լրիվ ուրիշ տեսանկյունից էին տեսնում։ Նրանց մասին ընկալումը փոխվել էր։ Նրանց առաջ դատապարտյալների փոխարեն ինչ-որ «մոդելներ» էին՝ իրենց ծանոթ եւ անծանոթ․․․Հատկապես կանանց շարքի ազդեցությունն էր շատ ավելի զգացվում, քանի որ կանայք լրիվ կերպարային տրանսֆորմացիա էին ապրել այդ շարքում, եթե կուզեք՝ «դուխը» բարձր էր եւ արտիստիկ։ Թվում էր՝  քրեակատարողականի աշխատակիցներն ու հանդիսատեսը եկել էին  դատապարտյալներին հյուր։

Դիմանկարներից հետո կարեւոր մաս էր ներկայացնում աջ կողմի ընդհարձակ, լուսավոր սենյակը։ Ինստալացիան ներկայացնող այդ սենյակում ծայրից ծայր ձգվող կիսատ հանգցրած ծխախոտները, եթե չեմ սխալվում, անձնականից բխած գործողություն էր․․․

Այո, «Ժամանակահաշվարկաուղերձ» կոչվող այդ ինստալացիան անմիջապես հորս բանտարկության հետ է կապված․ այդտեղ յուրաքանչյուր ծխախոտ մեկ օրվա նշանակություն ուներ՝ իր մեջ ներառելով դատապարտյալի մեկ օրվա զգացողությունը, կիսատ մնացած ապրումն ու գործողությունը, որի մեջ խտացված է եղել ժամանակը, այն միակ չափման միավորը, որը «սպանելու», անցկացնելու խնդիր ունի կալանավայրում հայտնվածը։ Մեկ սիգարետը՝ մեկ օրում, մեկ մարդու հաշվարկն ու պայքարը ժամանակի հետ։

Եվ հետաքրքիր է, որ այդ նույն սենյակում էլ «Կարտոֆիլային երջանկություն» խորագիրը կրող մեկ այլ ինստալացիա կար, որն արդեն քո եւ դատապարտյալների համատեղ աշխատանքն էր։

«Կարտոֆիլային երջանկություն» ինստալացիայի համար օգտագործել եմ բանտային սեղան եւ որպես սփռոց՝ բանտային մուգ կապույտ ծածկոց (blanket)։ Մարքսը կարտոֆիլը դասել է մարդկությանը փրկող հինգ հասկացությունների շարքին։ Այս ինստալացիայում կարտոֆիլը սննդից վերածվել էր արվեստի առարկայի, եւ նախատեսված էր, որ ցուցահանդեսի ավարտից հետո նորից վերածվի սննդի։ Վերջում կարտոֆիլները դատապարտյալների անունից նվիրատվություն արեցինք՝ փոխանցելով անտուններին։

Մտքերը արագորեն կարտոֆիլին hանձնելու գաղափարը շատ համոզիչ թվաց իրենց, երբ տեսան մի արվեստագետի, որը կարտոֆիլները ձեռքին եկել է եւ իրենց հետ պատրաստվում է նույն բանն անել։ Արդյունքում, դրսեւորելով առավելագույն անկեղծություն եւ ազատություն, ստացվեցին շատ հետաքրքիր գործեր։  

Ուշադրություն եմ դարձրել քո նկարազարդած կարտոֆիլներին։ Մի եզրակացության եկա հենց այդ սրահում,որտեղ ցուցադրված էր ինստալացիան։ Երբեմն քոնկարազարդումներն ու տեքստերը ավելի «անազատ»բնորոշումներ ունեին, քան դատապարտյալներինը. այստեղհստակ խախտվել էր «սահմանված» ազատության եւանազատության գաղափարը։

 Մենք բոլորս էլ տեսակի մեջ յուրահատուկ, չկրկնվող «անազատության» մեջ ենք։ Ի վերջո, ո՞վ կարող է ասել՝ ավելի անազատն ո՞վ է՝ նա, ով հազար ու մի թելերով կապված ու կախված ապրում է ազատության մեջ,  թե՞ նա, ով բանտախցի պատերի ներսում հաղթահարում է ժամանակի խնդիրը մեկ սիգարետով կամ արտահայտվում մի կտոր կարտոֆիլի վրա ավելի ազատ, քան  մեր պատկերացրած «ազատ» մարդը կարող էր։

Ես տարիներ շարունակ աշխարհի մի ծայրից մյուսն եմ տեղաշարժվում՝ փորձելով լուծել գաղափարական, սոցիալական եւ այլ տեսակի անազատություններին վերաբերող հարցեր։ Այդ փախուստը երբեմն կարող է ընդհատվել ինչ-որ միջադեպով, ինչպես դատապարտյալներից շատերի մոտ, եւ ավարտվել մի ուրիշ «անազատությամբ», որը պատժվում է օրենքի ուժով․․․ Բայց գիտե՞ս՝ նույն արվեստագետը, ով կարող է այդ փախուստների կամ դադարների մեջ կորցնել իր ինքնուրույնությունը, տեսակը, ուրիշ շերտի մեջ մտնել, ավելի անազատ է դառնում, քան նրանք, ում մենք սահմանված կարգով «անազատ» ենք համարում ինչ-որ տարիների քանակի եւ 4 պատերի պատճառով։

Կցանկանայի անդրադառնալ նաեւ ցուցահանդեսի մյուս «սրահներում» (բանտախցերում) առկա նմուշներին, որոնքներկայացնում էին դատապարտյալի օրագրային պատմություններ, գեղանկարներ, ձեռքի աշխատանքներ։ Այսաշխատանքները քո՞ ընտրությամբ են ցուցադրվել, միջամտությունն ինչպիսի՞ն է եղել։

 Միջամտություն չի եղել, եւ, քանի որ առաջին անգամ էր նման բան տեղի ունենում, ինչ-որ ներկայացրել են, գրեթե ամբողջությամբ ցուցադրել եմ, որովհետեւ դժվար էր ինչ-որ բան մերժել։ Ոգեւորությունը մեծ էր հատկապես այն պատճառով, որ դատապարտյալները ներկա պիտի լինեին ցուցահանդեսին։

Միջանցքից բացվող 2 բանտախցերում ցուցադրված էին դատապարտյալների աշխատանքները, որոնք իրենց հերթին բաժանված էին 2 մասի՝ մի մասը ավելի կոմերցիոն եւ կիրառական տեսակն էր, իսկ մյուս մասը՝ ավելի արվեստային։ Դա յուրովի փորձ-առաջարկ էր ապագա «Բանտային» ցուցասրահի ստեղծման, որը նաեւ կունենա իր կոմերցիոն վաճառասրահը։

Ցանկություն ունեի առնչվելու եւ ցուցադրելու նաեւ ցմահ դատապարտյալների աշխատանքները, սակայն դա առանձին նյութ է եւ պահանջում է հատուկ նախագծի մշակում։ Ապագա պլաններումս նաեւ դա է նախատեսված, ինչն ինձ համար չափազանց կարեւոր է։ Ուզում էի նաեւ ցուցահանդեսին տեսնել այն դատապարտյալ կանանց, ում դիմանկարները ներկայացրել էի։

Եվ վերջին բանտախցում քո աշխատանքներն էին, որը, իմ կարծիքով, համադրության տեսանկյունից ստացված գործողություն էր:

 

Իմ աշխատանքների հետ, եթե նկատեցիր, փորձել էի համադրել դատապարտյալների աշխատանքները։ Դա էլ յուրովի էքսպերիմենտ էր։ Այդ բանտախցում ցուցադրել էի այն գործերը, որոնք  կարող են համադրվել ժամանակակից արվեստի գործերի հետ, այս դեպքում՝ իմ գործերի։ Դրանց մեջ կան սուր արտահայտված մոտեցումներ, դրանք օժտված են վառ արտահայտված ինտենսիվությամբ, համարձակ են եւ հաճախ կրում են, եթե կարելի է այդպես ասել, ժամանակի բացակայության դրոշմը այն իմաստով, որ կարծես այդ գործերը ստեղծելիս հեղինակի համար ժամանակը կամ կանգ  առած է եղել, կամ էլ նա իր առջեւ անսահմանություն է ունեցել․ նկատի ունեմ մանրակրկիտության աստիճանը, ու նաեւ մի տեսակ «փախած» (եթե կարելի է  այսպես ձեւակերպել), բանտային մշակույթին բնորոշ գաղափարներ են կրում։

Եթե անդրադառնալու լինենք վերջին 2 տարիների քո գործողություններին, ապա հետաքրքիր պարադոքս է ստացվում։Մի կողմից «Շուշի արտ փրոջեքթ»-ի ժամանակ մերկանալու քո ժեստը, մյուս կողմից մեկ տարի առաջ«բնակարանային» ցուցահանդեսդ՝ «Տրանս-Ռոմանսը», հասարակության լայն շերտերին մտածել էին տվել, որ դու«այլասերված», «մութ ուժերին սատարող», «ապազգային», «սեքսիստ» արվեստագետ ես (մեջբերումները՝ մամուլիցեւ Ֆեյսբուք սոցցանցից)։ Եվ հանկարծ կարճ ժամանակ անց դու ներկայացնում ես քրեակատարողական հիմնարկում այսցուցահանդեսը, որը ստանում է պետական եւ միջազգային կառույցների աջակցությունը։

Ինչպես իմ ընկեր արվեստագետ Ռոբերտ Աբրահամյանը վերջերս շատ դիպուկ նկատեց․ «Շուշիում մերկացա զինվորի նման, «Տրանս-Ռոմանս»-ում անցա ընդհատակ եւ «Սահմանային իրականությամբ» հայտնվեցի բանտում»։

Բանտի ներսում դատապարտյալների հետ ցուցահանդես անելու գաղափարը հնարավոր չէ իրականացնել առանց պետական կառույցների հետ հարաբերվելու։ Խնդիրն այն է, թե ինչպես ես հարաբերվում։  Այդ առումով ինձ համար ցուցահանդեսի նախապատրաստության ամբողջ ընթացքը հետաքրքիր էր ոչ միայն արվեստի տեսանկյունից, այլեւ որոշակի փորձառություն էր՝ պետական եւ միջազգային կառույցների հետ հարաբերության ու առնչության տեսանկյունից։ Դա էլ համարում եմ ամբողջ նախագծի կարեւորագույն մասը, որ սահմանների հաղթահարում էր ըստ էության։

Առաջին հանդիպումը ՀՀ Արդարադատության փոխնախարարի հետ է եղել, ում նախագիծը ներկայացրել եմ, եւ այդ պահից սկսած` այն ցենզուրայի չի ենթարկվել։ Ընդ որում՝ ներկայացրել եմ ամենասուր եւ քննադատվող նմուշները։ Այս գործին մեծապես նպաստել է Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս Գայանե Հովակիմյանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը։

Որոշ փոխհամաձայնություններ եղել են, իհարկե․ ինչպես արդեն նշեցի՝ ուզում էի հանդիպել ցմահ դատապարտյալների հետ, բայց օրենքի հետ կապված որոշ խնդիրներ կան։ Դա էլ լուրջ աշխատանքային ընթացքից հետո իրականանալի է։

Շատ կարեւոր է, որ մեր ժամանակակից քննադատները քննության առնեն այն փաստը, որ այս ողջ ընթացքը՝ հանդիպումից մինչեւ ցուցադրություն, իրականում առանց արվեստագետի փոխզիջման է եղել, առանց ավելորդ քննարկումների եւ ցենզուրայի․․․ Եվ, ի վերջո, հենց այդ նույն պաշտոնական կողմը եկել էր մի ցուցահանդեսի, որը ներկայացնում էր իրենց իսկ առօրյա ընթացքը՝ միանգամայն այլ լույսի ներքո։

Հետաքրքիր էր, որ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ գրեթե չկային այն արվեստագետներն ու արվեստիքննադատները, ովքեր մասնակցություն են ունեցել քո նախորդ ցուցահանդեսին եւ դրան հետեւած քննարկումներին։

Չգիտեմ՝ ինչով էր պայմանավորված նրանց բացակայությունը եւ ընդհանրապես  բացակաների բացակայությունը։ Իհարկե, շատերի համար անհարմար էր ժամը, տեղն էր անսովոր կամ վախենալու կամ ոչ «էլիտար» մյուսների համար… Արդեն կարեւոր չի։

Հիշում եմ` երբ Շուշիում տեղի ունեցավ իմ «մերկ» պերֆորմանսի աղմկահարույց գործողությունը (ինչը ինքս այդպես չեմ բնորոշում), քննադատություններն ու մեկնաբանությունները բազմաթիվ էին՝ հատկապես արվեստի որոշ քննադատների եւ ժամանակակից արվեստագետների կողմից, ինչը, ի վերջո, զարմանալի էր․․․ Ու հանկարծ, ի հակադրություն դրան, «ամենակոնցեպտուալ» «ժողովրդական» հիմնավորումը իմ այդ ակտի եղավ մի մարդու կողմից, ում ներկայությունից ամենաշատն էին սարսափած (պաշտոնյա էր)։ Այստեղ են ասում՝ դե՛ արի ու հասկացիր մեր իրականության աբսուրդը։

Կոնկրետ այս ցուցահանդեսը  հանդիսատեսերից շատերի համար շատ էմոցիոնալ եւ հուզիչ էր։ Բացմանը ներկա էին ինձ հարազատ մարդիկ՝ արվեստագետ Աշոտ Ավագյանը, ում ներկայացրած պերֆորմանսի ժամանակ էլ Շուշիում տեղի էր ունեցել մշակութային վերոնշյալ ակտը, Ռոբերտ Աբրահամյանը, ում հետ Շուշիում տեղի ունեցածից հետո մշակել էինք «Բաց ցենզուրա» նախագիծը։

Ստացվեց այնպես, որ «Բաց ցենզուրան» կանգ առավ, դադարեց (համենայնդեպս` գործողության տեսանկյունից), բայց քրեակատարողականում տեղի ունեցող այս ցուցահանդեսը մտավ այդ շրջանի մեջ՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ  ամենաանսպասելի, անհավանական իրականության մեջ նման քայլը, ինչպիսին դատապարտյալի հետ համատեղ ցուցահանդեսն է, հնարավոր է։

Ամփոփելով այս 2 տարիների `միմյանցից բավականին տարբերվող քո գործողությունները, որոնցից մեկը«ընդհատակյա» ցուցահանդեսդ էր, մյուսը՝ Շուշիում տեղի ունեցածը, եւ երրորդը՝ քրեակատարողական հիմնարկումպետական աջակցությամբ այդ ցուցահանդեսը, ի՞նչ եզրակացության ես եկել։

Մարդու ինքնության եւ գաղափարին հավատարիմ մնալու միտումն է այս 2 տարիների ընթացքում դրսեւորվել եւ ոչ միայն․․․ Կամ կարելի է ասել` նաեւ ճիշտ տեղ հասնելու, երբեք արվեստը ներկայացնելու քո ընկալումից դուրս չգալու միտումն է եղել։ Կարեւոր է ցույց տալ,  որ ասելիքդ տեղային չի, որ դու կոմպրոմիսների չես գնում, որ այդ նույն տեղային խնդիրներին մոտենում ես համապարփակ եւ համընդհանուր խնդիրների տեսանկյունից, որ անձնականից եկած ազդակը անպայման վերածվում է թե́ հասարակականի, թե́ քաղաքացիականի եւ թե́ քաղաքականի։

Ի վերջո, բանտային խնդիրը հասարակության խնդիրն է, հասարակության ձեւափոխման արդյունքը․․․Պատահականությունն այստեղ բոլորիս կյանքում տեղի ունեցած պատահականություններից միայն ավարտով է տարբերվում․․․Իսկ համակարգային խնդիրներ միշտ եղել են եւ կլինեն՝ դրան զուգահեռ կոմպրոմիսի չգնացող արվեստագետներով։

Հ․Գ․ Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Սաղաթելյանը՝ «Ժամանակահաշվարկաուղերձ» ծխախոտային ինստալացիաններկայացնող սենյակում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ