HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզում սեփական եկամուտների բարձր ցուցանիշ ապահովել էին կարկուտից տուժած համայնքները

Շիրակի մարզի տարեվերջյան մարզխորհրդի նիստին բացի 119 համայնքների ղեկավարներից մասնակցում էին նաեւ մարզում գործող բոլոր կրթական, բժշկական եւ այլ պետական կառույցների ղեկավարներ: Մարզպետարանի համապատասխան վարչությունների պետերն ամփոփեցին անցնող տարում մարզի ձեռքբերումներն ու թերացումները:

Գյուղատնտեսության ոլորտում Շիրակի մարզն այս անգամ իր ձեռքբերումներով պարծենալու քիչ բան ուներ: Հուլիս եւ օգոստոս ամսին տեղացած աննախադեպ կարկուտը ի չիք էր դարձրել ցորենի առատ բերքի սպասումները: Կարկուտից տուժած մարզի 37 համայնքներին պետական աջակցությունը դրսեւորվել էր սերմ-վարկի տրամադրումով եւ նախորդ սերմ-վարկի պարտքը ժամանակավորապես սառեցնելով:

Քաղաքաշինության ոլորտում անցնող տարում եւս տեղաշարժ չէր արձանագրվել: Անօթեւանների համար նախատեսված բնակարանների կառուցումը կառավարության համապատասխան որոշումով փոխարինվեց Բնակարանների գնման վկայագիր ծրագրով:

«Սա հնարավորություն կտա, գոնե այս էտապում լուծել 430 անօթեւանի բնակարանի խնդիր, 116 հոգու հետ արդեն պայմանագիր ենք կնքել, մնացածի հետ էլ ընթացքի մեջ է»,-նկատեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Մարզի դեմքը պարզ անողն ու պարծանքը մարզիկներն էին՝ այս ոլորտում իրենց գրանցած փայլուն ցուցանիշներով:

Հարկահավաքության ցուցանիշներն եւս գոհացուցիչ էին: Շիրակի մարզում սեփական եկամուտների գծով 95,6 տոկոս ցուցանիշ է գրանցվել: Նախատեսված 1 մլրդ 825 մլն եկամուտների դիմաց հավաքագրվել է 1 մլրդ 446 մլն դրամ եկամուտ: Հրապարակվեց վատագույն՝ 50 տոկոսից պակաս հավաքագրում ապահոված հինգ համայնքների անունները՝ Սալուտ 19,6 տոկոս, Սարակապ 28,5 տոկոս, Հողմիկ 35,9 տոկոս, Փոքր Սեպասար 49,0 տոկոս եւ Հովունի 48,9 տոկոս:

Մարզի 25 համայնքներում գրանցվել է հավաքագրման 100 տոկոս եւ բարձր ցուցանիշ: Առաջին տեղում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշով ինչպես միշտ առաջին տեղում Արթիկի տարածաշրջանն է՝ 97,5 տոկոս, իսկ վերջին տեղում Ամասիայի տարածաշրջանն է՝ 80,6 տոկոս: Զարմանալին այն էր, որ սեփական եկամուտների բարձր ցուցանիշ գրանցվել էր այն համայնքներում, որտեղ կարկուտ էր տեղացել, իսկ չտուժած համայնքներում հակառակ պատկերն էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter