HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հունվարից Գյումրու բժշկական կենտրոնը միանում է «Անվճար մեկ ստենտ կյանքի համար» ծրագրին

Գյումրու բժշկական կենտրոնն ընդգրկվել է «Անվճար մեկ ստենդ կյանքի համար» պետական ծրագրում, որին մասնակցում է եւս մեկ մարզային եւ 4 մայրաքաղաքային բուժհաստատություն: Երեք ամիս տեւողությամբ պիլոտային ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 500 մլն դրամ: Ընտրվել են այն բժշկական կենտրոնները, որոնք ունեն սրտի վիրահատության համար համապատասխան պայմաններ եւ մասնագետներ:

2014թ. մայիսի 1-ից ինվազիվ ծառություններ են մատուցվում Գյումրու բժշկական կենտրոնում: Ինվազիվ (միջամտական)-սրտաբան Կարեն Միքայելյանի Գյումրի տեղափոխվելուց հետո խնդիրը կարգավորվել էր, իսկ մինչեւ այդ կենտրոնում վիրահատություններ էին իրականացնում մայրաքաղաքից հրավիրված սրտաբանները: Անցած 7-8 ամիսների ընթացքում կենտրոնում 100 ստենտ է տեղադրվել: Հիվանդներ են դիմել ոչ միայն Շիրակի մարզից, այլեւ հարեւան մարզերից ու անգամ արտերկրից:

Գյումրու բժշկական կենտրոնում մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կազմում է 1մլն 600 հազար դրամ, իսկ ոչ դեղապատի դեպքում՝ 1 մլն 100 հազար դրամ: «Անվճար մեկ ստենտ կյանքի համար» ծրագրի շրջանակներում տեղադրվելու է մեկ ոչ դեղապատ ստենտ: Կախված հիվանդի վիճակից՝ հնարավոր է տեղադրվի նաեւ երկրորդ ստենտը: Ոչ դեղապատ մեկ ստենտի արժեքը 150 հազար դրամ է:

Ծրագրի շրջանակում սպասարկվելու են սոցիալապես անապահով խավի այն ներկայացուցիչները, որոնք ընդգրկված չեն սոցիալական այլ խմբերում եւ հնարավորություն չունեն ստենտավորվելու պետպատվերի շրջանակներում:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս առաջնահերթ փրկել մարդու կյանքը: Այդ նպատակով տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ: Մենք դեպքեր ենք արձանագրել, երբ սրտամկանի սուր ինֆարկտով անձը պարզապես մնացել է տանը, չի եկել հիվանդանոց, որովհետեւ գումար չի ունեցել, նաեւ որեւէ տեղից այդ գումարը ճարելու հույս չի ունեցել անգամ համեմատաբար էժան ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար: Հիմա այդ հարցը, գոնե առաջիկա երեք ամիսների ընթացքում, կարգավորվելու է»,-ասում է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Ստենտը հնարավորություն է ընձեռում՝ բացելու դեպի սիրտը գնացող խցանված անոթը: Դեղապատ ստենտի եւ ոչ դեղապատի տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում ավելի թանկ ես վճարում, սակայն հետագայում այլեւս հարկ չի լինում դեղորայք գործածել, իսկ ոչ դեղապատի դեպքում վճարն ավելի պակաս է, սակայն հիվանդը հետագա ողջ կյանքում պետք է դեղորայք օգտագործի, որը բավական թանկ արժե:

«Իհարկե, գումար ունենալու դեպքում, հիվանդը կգերադասի դեղապատ ստենտի տեղադրումը,-նկատում է Արմեն Իսահակյանը,-սակայն դա չի նշանակում, որ դեղապատ ստենտի ֆունկցիան ավելի նվազ է: Պարզապես այստեղ վիրահատությունից առաջ ու հետո արվող ծախսերի միջեւ եղած տարբերությունն է: Որոշ անպարտաճանաչ հիվանդատերերի պատճառով մեր կենտրոնը տարին փակում է 6 մլն դրամ պարտքով, որից 3 մլն 570 հազարը ինվազիվ ծառայության պարտքն է: Մարդիկ վիրահատվել են, սակայն չեն վճարել կամ մասնակի վճարում են կատարել՝ խնդրի առաջ կանգնեցնելով հիվանդանոցին»:

Գյումրու բժշկական կենտրոնը պատրաստվում է 2015թ. հունվարից դատական գործընթաց սկսել: Չորս պարտքատերերից մեկը ստենտի տեղադրումից հետո մահացել է եւ, ըստ Արմեն Իսահակյանի, բարոյական չէր լինի նրանց դեմ հայց ներկայացնել, թեպետ հիվանդատերերը գոնե դեղապատ ստենտի գումարը պարտավոր էին փոխանցել կենտրոնին:

«Երեք հիվանդներից մեկն ընդհանրապես ոչ մի լումա չի վճարել, թեպետ պայմանագիր ունի կենտրոնի հետ,-ասում է Արմեն Իսահակյանը,-երբ դիմել ենք գումարի համար, պատճառաբանել է, թե չունի, հո տունը չի վաճառելու: Մյուս երկուսը մասնակի վճարումներ կատարել են: Ի վերջո, ստենտը որ մենք գնում ենք, գումար արժե: Մենք դա մեկ հատով չենք ձեռք բերում, այլ 50-100 հատով»:

Ի դեպ, Գյումրու բժշկական կենտրոնում ստենտի տեղադրումն ավելի մատչելի է, քան, ասենք, Երեւանում, Մոսկվայում կամ եվրոպական այլ կլինիկաներում: «Բայց դա չի նշանակում, թե մենք էժան ստենտ ենք տեղադրում,-պարզաբանում է կենտրոնի տնօրենը,-բոլորս էլ ստենտը գնում ենք նույն ֆիրմայից, նույն որակի, տարբերություն չկա, պարզապես մեր մոտ էժան է ստացվում բժիշկի աշխատանքը՝ ցավոք սրտի: Դա էլ անում ենք՝ հասկանալով, թե սոցիալապես ինչպիսի վատ վիճակում գտնվող խավի հետ գործ ունենք: Երեւանյան կլինիկաներում եթե մեկ դեղապատ ստենտի տեղադրումը 1մլն 900 հազար արժի, մեր մոտ դա արվում է 300 հազար դրամով պակաս: Իհարկե կապ ունի նաեւ բուժանձնակազմի թիվը»:

Ընդգրկվելով «Անվճար մեկ ստենտ կյանքի համար» ծրագրում, կենտրոնի տնօրենը մտավախություն չունի, որ մեկ սրտաբանի եւ հիվանդների հոսքի ավելացման պայմաններում իրենք կարող են հանկարծ պրոբլեմներ ունենալ:

«Ամսվա կտրվածքով մեր սրտաբանը մոտ 12 ստենտավորում է իրականացնում եւ, եթե ասենք հունվարից դիմողների թիվը 50 տոկոսով ավելանա, էլի խնդիր չեմ տեսնում: Իհարկե մենք ունենք երկրորդ սրտաբանի կարիք, որովհետեւ եթե մեր միակ մասնագետին ուղարկենք արձակուրդ՝ տեղը թափուր է մնում: Այդ հարցը ժամանակավորապես կարգավորել ենք՝ պայմանավորվելով Նորք Մարաշի բժշկական կենտրոնի հետ: Նրանց մասնագետը կփոխարինի, իսկ հարկ եղած դեպքում նաեւ կգա օգնության, եթե հիվանդների թիվը շատ լինի»:

Գյումրու բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքի վրա չէր ազդել նաեւ մեկ ամիս առաջ տարադրամի շուկայում սկսված վայրիվերումները: Կենտրոնի տնօրենի հավաստիացմամբ, իրենք շարունակելու են մինչեւ 2015թ. փետրվարի 15-ը, մինչեւ նոր տարվա համար բյուջեի հաստատումը, վարել նույն գնային քաղաքականությունը, ինչ անցնող տարվա սկզբին: «Ի վերջո, բարոյական չէր բարձրացնել գները, մանավանդ որ մենք դեղորայքն ու բուժանյութերը ձեռք էինք բերել ավելի վաղ եւ էժան գներով, բացի այդ էլ՝ վճարել էինք դրամով: Այդ պատճառով էլ մենք շարունակեցինք ու շարունակում ենք ծառայություններ մատուցել՝ անկախ այն բանից, թե ինչ է կատարվում արտարժույթի շուկայում»,-պարզաբանում է Արմեն Իսահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter