HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանդայի դեմ ազատամարտը

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

2014թ. քաղաքական գործընթացների առանձնահատկություններից էր հանրային կարեւոր շերտերից մեկի` ազատամարտիկների ակտիվ ներգրավումը Հայաստանի ներքաղաքական պայքարում:  

Ղարաբաղյան պատերազմից հետո` ներքաղաքական նախորդ բոլոր վայրիվերումների ժամանակ, ազատամարտիկները եղել են կամ իշխող վերնախավի հիմնասյուններից մեկը, կամ նոր վարչախումբ ձեւավորելու ճանապարհին նրա այս կամ այն թեւի գաղափարական ու ուժային խորապատկերն ապահովողները:

Հատկապես 1999-2000թթ.` ռազմաօլիգարխիկ վարչակազմի ներսում եղած երկու տարբեր ճամբարների գոյության պայմաններում, նրանց ներգրավումը քաղաքական գործընթացներում բացատրվում էր հենց այն հանգամանքով, որ երկրում վարչական ու ռազմական լծակները գտնվում էին առավելապես հենց այս շերտի ձեռքին: Ուստի տվյալ ժամանակաշրջանի քաղաքական գործընթացները ուղղված էին այդ վարչակազմի ներսում նոր դասավորությունների հասնելուն:

Միայն մի կարճ ժամանակահատված` 2007-2008թթ., ազատամարտիկների մի որոշակի շերտ, հիմնվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ անհատական կամ նեղ խմբակային ստվերային պայմանավորվածությունների վրա, հայտնվել էր ընդդիմադիր ճամբարում: Ընդ որում այդ պայմանավորվածությունների հիմքում կրկին ընկած էր այն հանգամանքը, որ ազատամարտիկների ձեռքում կային որոշակի «ռազմավարչական» լծակներ, որոնք կարող էին ծառայել ավազակապետական վարչակարգը կազմաքանդելու գործին:  

Ազատամարտիկների ներկա ընդդիմադիր ակտիվությունը տարբերվում է նախորդ ժամանակաշրջաններից նրանով, որ վարչախմբից դժգոհ շատ ազատամարտիկներ հանդես են բերում այնպիսի կոնսոլիդացիայի հասնելու հակվածություն, որում ինքնուրույն սուբյեկտայնությունը եւ ներքաղաքական պայքարում ինստիտուցիոնալ ներգրավումը հիմնարար տարրերի են վերածված: Ընդ որում այդ ներգրավման հիմքում ընկած չէ նրանց պետական կառավարչական լծակներ ունենալու հանգամանքը:

Բնական է, որ նման ներգրավման փաստը ի վերջո բերելու էր իշխող վարչախմբի գործնական հակազդեցությանը:

Առաջին լուրջ հարվածը Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառված «դատավարական» հաշվեհարդարն էր: Բացի հենց Ավետիսյանի ֆիզիկական ակտիվությունը սահմանափակելուց, այն խնդիր ուներ միավորվելու ու պայքարելու հակվածություն ունեցող ազատամարտիկներին զգուշացնել նրանց հետագա քայլերի վտանգավորության եւ «անհեռանկարայնության» մասին:

Ազատամարտիկների հետագա ակտիվությունը եւ կուլիսային ինչ-ինչ խմորումները ծնեցին արդեն ֆիզիկական հաշվեհարդարների երեւույթը: Անկառավարելի կամ կառավարելիության շրջանակներից դուրս եկած եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերող հանրային այդ շերտի ազդեցությունը թուլացնելու եւ հանրության մեջ նրանց հեղինակությունը սասանելու համար վարչախումբը գնաց ազատամարտիկների խոսնակ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ ֆիզիկական բռնության անթաքույց ցուցադրության: Սակայն լրատվամիջոցներում վերջիններիս կոշտ հակադարձումից եւ հատկապես վարչախմբի` իր հետ պայմանավորվածությունների գնալու ուղղակի կամ անուղղակի առաջարկների մերժումից հետո կարելի կլինի այլեւս խոսել քաղաքական դաշտում մի նոր սուբյեկտի ի հայտ գալու մասին:

Առկա վիճակը ազատամարտիկների առաջ դնում է մեր ընդդիմադիր քաղաքական դաշտի «աքիլեսյան գարշապարը» դարձած հիմնահարցերին պատասխանելու հրամայականը: Այն է` «ի՞նչ անել» եւ «ինչպե՞ս»:

Հետեւելով ազատամարտիկների կողմից հրապարակայնորեն արտահայտված տեսակետներին` կարելի է նկատել, որ նրանք չունեն երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հստակ պատկերացումներ, ինչպես նաեւ վարչախմբի հետ քաղաքական պայքարի տեսլական: Իսկ փաստը, որ նրանց հարցազրույցներում շատ ակտիվ շրջանառվում է «օր առաջ իշխանափոխության» հասնելու գաղափարը, ազատամարտիկներին իջեցնում է այն նույն հարթություն, որտեղ արդեն երկու տասնամյակ է գտնվում են հայաստանյան կուսակցությունները: Միաժամանակ իր առջեւ դնելով այս կամ այն կուսակցական միջոցառմանը` հանրահավաքին, երթին, ժողովին մասնակցելու խնդիր` հանրային կարող այս շերտը հայտնվում է անատամ բողոքողի կամ քաղաքական ձեռնածության օբյեկտի կարգավիճակում եւ այդ իսկ պատճառով չի կարող ներդրում ունենալ երկրում իրավիճակի արմատական փոփոխության գործում:

Իսկ ո՞րն է ազատամարտիկների արդյունավետ պայքարի գրավականը:

Գաղտնիք չէ, որ վարչախմբի կողմից նրանց գործողությունների հանդեպ առավել զգոնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական այս խավը հանրության շրջանում ասոցացվում է զորության հետ եւ քաղաքական փոխհարաբերություններում հանդես է գալիս մեջքին ունենալով որոշակի «ուժային» բաղադրիչ:

Զենք բանեցնելու մասնագիտական ունակությունը, որը հղկվել է ոչ վերացական, այլ շատ կոնկրետ մի պատերազմում, բռնապետական ցանկացած վարչակարգի համար ազատամարտիկին դարձնում է քաղաքական լուրջ գործոն:

Ազատամարտիկը, եթե քաղաքացիական կյանքում մի կողմ է դնում իր պատերազմական անցյալը եւ երկրի քաղաքական կյանքին մասնակցում է առանց մատնանշելու հայրենիքի պաշտպանության գործում իր ներդրումը, այսինքն առանց կապիտալի վերածելու իր ազատամարտիկ լինելը, նա հանրությանը միանգամից զրկում է բռնապետությունը «ուժով» տապալելու հարցում անգործություն ցուցաբերելու իրեն հասցեագրված մեղադրանքներից: Պարզ է, որ այդ դեպքում հանրության շրջանում նրա անձի հանդեպ չի կարող լինել որեւէ հույսի, պահանջի կամ մեղադրանքի ռացիոնալ հատիկ:

Բայց այլ է իրավիճակը այն ազատամարտիկների դեպքում, ովքեր քաղաքական գործընթացներում հանդես են գալիս պատերազմի դափնիները իրենց ուսերին ունենալով եւ հայտարարում են իշխող վարչախմբի դեմ կազմակերպված պայքարի մասին: Այս դեպքում առաջանում է հանրային վերաբերմունք դեպի այդ զորավոր ու կարող ուժը: Հանրության ազատության, նրա անդամների առողջության եւ ֆիզիկական գոյության նկատմամբ երկրի ներսում եղած սպառնալիքները չեզոքացնելու համար ինքնաբերաբար առաջ են մղվում հենց ազատամարտիկները, քանզի բոլորի համար պարզ է, որ իրավապահ մարմինները, ովքեր կոչված են այդ սպառնալիքները վերացնել, քրեաօլիգարխիկ վարչախմբի ձեռքին ընդամենը ռեպրեսիվ մարմինների են վերածված: Վարչախմբի դեմ պայքարի դրոշ բարձրացնելու պահից սկսած բնականորեն հանրային ընկալումներում նրանց է վերապահվում երկիրը բռնության դիկտատից «ուժով» ազատելու գործը:

Ազատամարտիկները ձեռք են բերում շատ որոշակի դերակատարություն: Ուստի բոլոր այն դեպքերում, երբ ինստիտուցիոնալ առումով ինքնուրույն հանդես եկող ազատամարտիկների շերտը, բարձրաձայնելով իր ազատամարտիկ լինելու փաստը, իրեն դուրս է դնում զենքի կամ ֆիզիկական ուժի ներգրավման միջոցով բռնապետությունը տապալելու խնդրից, այդ պահից նա սկսում է կեղծել թե իրեն եւ թե իր պայքարը:

Ներկայացված իրավիճակում առաջ է գալիս այն հարցը, թե ազատամարտիկները «ուժով» ինչպես կարող են պայքարել իշխող վարչախմբի դեմ, որն իր ձեռքում է կենտրոնացնել պետության ողջ հարկադրանքի մեքենան: Չէ որ աքսիոմա է, որ խումբը որքան էլ պատրաստված լինի, չի կարող հաղթել պետության ռեպրեսիվ ու լավ կազմակերպված ուժային կառույցներին:  

Նախ պետք է նկատել, որ ցանկացած հակաժողովրդավարական հանցավոր վարչակարգ հիմնվում է բռնության դիկտատի վրա եւ իր ազդեցությունը տարածում է երկու խումբ ուժային գործիքների միջոցով: Դրանք պետության օրենքի ուժով գործող իրավապահ մարմիններն են եւ պետական օրենքից դուրս գործունեություն ծավալող կրիմինալը: Քրեաօլիգարխիկ վարչակարգի պայմաններում կրիմինալին բավական մեծ տեղ է հատկացվում: Դրա շնորհիվ իշխող վարչախումբը կարողանում է դրական լույսով պատել իրավապահ մարմիններին, մաքսիմալ ձերբազատել նրանց հանրային նեգատիվ վերաբերմունքից եւ ստեղծել պատրանք երկրում իրավունքի եւ օրենքի գերակայության մասին:

Հակաժողովրդավարական պետություններում իրավապահ մարմինների բռնության դիկտատի դեմ ուժով պայքարի բոլոր փորձերը հեղափոխական գործունեություն են ենթադրում: Դրա համար պահանջվում է քաղաքական հասունություն, շատ բարձր կազմակերպվածություն, հանրային աջակցություն, անձնազոհություն, կամք եւ այլ պարամետրեր: Հանցավոր վարչախմբին ձեռնոց նետած որեւէ սուբյեկտ իր այդ պարամետրերով (դրանց բացարձակ մեծամասնությամբ) պետք է ի վիճակի լինի ծածկել պետության հարկադրանքի մեքենայի ունեցած նույնաբովանդակ պարամետրերը:  

Ի տարբերություն իրավապահ մարմինների` կրիմինալի դիկտատի դեմ «ուժով» պայքարը չի ենթադրում երկրում հեղափոխական գործունեություն: Անգամ չի ենթադրում հրապարակային գործունեություն ու թիրախավորում: Ընդ որում այստեղ ազատամարտիկներն ունեն բացարձակ առավելություն գրեթե բոլոր պարամետրերում: Զենքի կիրառության փորձառությամբ, ցանցային թիմային (ջոկատային) ճյուղավորումներով, ընկերական միասնությամբ ու ամուր սոցիալական կապերով, գաղափարականացվածությամբ ու ոգեղենությամբ, առավել մեծ կամքի առկայությամբ, թվաքանակով, հանրային աջակցությամբ եւ այլ բնութագրիչներով նրանք հենց այն ուժն են, որը կարող է ձեռնոց նետել կրիմինալին:

Իշխող վարչախումբը, ի տարբերություն Վոլոդյա Ավետիսյանի, ֆիզիկական բռնություն կիրառելով Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ, արդեն իսկ տեխնոլոգիապես սխալ քայլի է դիմել` բռնության դիկտատի ծանրության նժարը իրավապահ մարմիններից թեքելով կրիմինալի կողմը:

 Չօգտվել դրանից եւ չզինվել հենց այդ սխալով` աններելի սայթաքում կլինի ազատամարտիկների կողմից, ովքեր հայտ են ներկայացրել երկրում իրավիճակ փոխել: Ազատամարտիկների թուլությունը իրավապահ մարմինների հետ փոխհարաբերություններում եւ ընդհանրապես պետական օրենքի ներգործության դաշտում է գտնվում:

Այդ դաշտում արդեն երկու տասնամյակ է անպտուղ պայքարում են քաղաքական կուսակցությունները: Շարժվելով Հայաստանում ձեւավորված քաղաքական ավանդույթի ուժով եւ սեփական առավելությունը տալով կուսակցություններին` նրանց հետ դաշինք կազմելու ու քաղաքական (կուսակցական) գործիքակազմով ռեժիմի դեմ պայքարելու համար, դա դեպի պարտություն տանող ճանապարհ է, եթե իհարկե ազատամարտիկների նպատակը վարչախմբի տապալումն է եւ երկրում իրավիճակի փոփոխությունը:

Միաժամանակ իրավապահ մարմինների նկատմամբ երբեւէ «ուժի» ցուցադրությունը հետհաշվարկի հենց այն մեխանիզմը կդառնա, որի միջոցով վարչախումբը, հիմնվելով ֆորմալ օրենքի վրա, կկարողանա ոչնչացնել ազատամարտիկների կարող շերտին երկրի քաղաքական ներկապնակում:

Շատերի համար նորություն չէ, որ կրիմինալի դիկտատը այսօր երկրում կենսագործվում է կենտրոնացված եւ լոկալ բանդաների միջոցով: Վերջին քառորդ դարում Հայաստանում հայտնի են կենտրոնացված բանդաների (ղեկավարվող Արմեն Տեր-Սահակյանի եւ այլոց կողմից) իրականացրած աղմկահարույց շատ հանցագործություններ: Իսկ լոկալ բանդաների փաստացի վկայությունն էր 2008թ. մարտի 1-ին օլիգարխիկ խմբերին ՊՆ պահեստից հատկացված հանդերձանքի եւ հատուկ միջոցների ցուցակի հրապարակումը լրատվամիջոցներում: Կարծում եմ վերջին ամսվա ընթացքում ֆիզիկական բռնության եւ ծեծի ենթարկված ազատամարտիկները հասկանում են, որ իրենց դեմ գործել է իշխող վարչախմբի կենտրոնացված բանդան:

Որպես ազատամարտիկներին ուղղված զգուշացում` այդ մասին լրատվամիջոցներում անթաքույց արտահայտվել են վարչախմբի կարկառուն հրեշները: Զինված քրեական իրավունքի «անհրաժեշտ պաշտպանության» ինստիտուտի դրույթներով ու սկզբունքներով` ազատամարտիկների խնդիրը այդ բանդայի բացահայտումն  ու պատժումն է` առանց այդ մասին հրապարակայնորեն թմբկահարելու: Դա կլինի թե անձնական արժանապատվությանը եւ թե հայության կոլեկտիվ արժանապատվությանը հասցված վիրավորանքի արժանի պատասխան, որը կչեզոքացնի կրիմինալի հետագա բնականոն կենսագործունեությունը Հայաստանում` ուղի հարթելով նաեւ իրավապահ մարմինների բռնության դիկտատի դեմ քաղաքացիական պայքարի ծավալմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter