HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասմիկ տատն ու Սանտան

Սանտան խանութի` փոքր արկղի նմանվող վառարանի ետևում կծկվել է: Զգուշորեն լուսանկարում եմ նրան, Հասմիկ տատը կապանյան իր խանութի լուսամուտից ծիծաղում է: Սանտան Հասմիկ տատի կատվի անունն է: Ինքն է դրել անունը: Ասում է` 5 տարի է` ընկերներ են: Ամեն առավոտ նրան շենքի մուտքի մոտ դիմավորում է, իսկ երեկոյան էլ ուղեկցում է մինչև տուն: Կատվին կերակրում է ամեն օր, բայց տուն չի տանում:

Վարդագույն մեծ հովանոցն ու կապույտ խանութը մի տեսակ ռոմանտիկ պատկեր են ստեղծում: Տեսարանը միանգամից փոխում են տախտակի վրա շարված թթուների տեսականին, չոր ու թարմ կանաչեղենն ու ալյումինե, փոքր-ինչ ծռմռված, ափսեաձև, մեծ թվերով կշեռքը: Խանութի ներսից երբեմն գլուխը հանում է Հասմիկ տատը` ծանոթ անցորդներին բարևելով, Նոր տարին շնորհավորելով:

Մոտենում եմ խանութին, Հասմիկ տատը դարձյալ վեր է կենում աթոռից, բարևում է ու ժպտում: Ժպիտի մեջ ավելի շատ հարց կա: Միանգամից ներկայանում եմ, որ ծանոթ չեմ, ինքը փոխարենը մեղմ ժպտում է:

74 տարեկան է Հասմիկ տատը՝ Հասմիկ Գրիգորյանը: Ասում է, որ սովետական տարիներին խանութը հայտնի է եղել որպես լիմոնադի խանութ. միայն լիմոնադ էին վաճառում: Մինչ թոշակի անցնելն աշխատում էր կահույքի գործարանում` որպես հաշվապահ: «Դե հետո ֆաբրիկան փակվեց, ոնց որ մյուս գործարանները»,- նկատում է զրուցակիցս: Հիշում է, որ մինչ Հայաստանի անկախացումը Կապանում մի քանի գործարաններ կային` լամպերի, կոշիկի, տրիկոտաժի, պահածոների: «Բայց հիմա ի՞նչ կա` ոչ մի բան»,- ավելացնում է նա:

Թոշակի անցնելուց հետո որոշել է տանը չնստել, մի բանով օգնել ընտանիքին, թեև շեշտում է՝ ուրախ է ապրում իր որդու ընտանիքի հետ, լավ են խնամում իրեն, բայց բնավորության հարց է աշխատելը: 20 տարուց ավելի է` աշխատում է խանութում, նախկինում բանջարեղեն էր վաճառում, բայց ձեռնտու չէր, առևտուր չկար:

Հիմնկանում իր պատրաստած թթուներն է վաճառում` կաղամբի, վարունգի, պղպեղի: «Բացի շուշանից՝ մնացածն իմն են»,- նկատում է Հասմիկ տատը: 3-լիտրանոց բանկայով թթուն 1500 -2000 դրամ է: Նույնիսկ այդ գնով են դժվարանում գնել:

Նոր տարվա մասին ենք խոսում: Ասում է` մեկը ձեռքը լիքն է անցնում, մյուսները` դատարկ: Մեկ-մեկ իր խանութին են մոտենում, բայց հիմնականում գնորդներ չկան: «Նոր տարի՞ն… Դե, ունևորները ուրախ են լինում, չունևորները` տխուր»,- նշում է տատն ու տխուր հայացքը ձգում դեպի փողոցի անցուդարձը:

Կապանի խանութների վաճառողները հիմնականում դժգոհ են առևտրից, գների բարձրացումից օրեցօր շարժը պակասում է: Երբ վաճառողներից մեկից հարցրեցի` ո՞նց է առևտուրը, պատասխանեց, թե ավելի լավ է հարցնես` քանի՞ «նիսյայի» տետր ունեմ:

Իսկ Հասմիկ տատն այս ամենի մասին չի սիրում խոսել, մարդկանց մի բան է մաղթում` առողջ լինեն, մնացածը ձեռքբերովի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter