HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես չեմ ուզում իմ ոտքերի պատճառով ամեն օր տառապել»,- ասում է Ձմեռ պապին նամակ գրած հաշմանդամ տղան

Երևանում շատերը կճանաչեն հաշմանդամ Աշոտ Գրիգորյանին, ով մուրացկանությամբ է զբաղվում: Երեկ ուշ երեկոյան կարդացի Աշոտի` Ձմեռ պապին ուղղված նամակը, որից հետո որոշեցի զրուցել նրա հետ:

-Աշոտ, Երևանի՞ց ես:

-Ծնողներիս մասին տեղյակ չեմ, չեմ կարող ասել, որովհետև փաստաթղթերում էսպիսի մի վարկած կա, որ մայրս գնացել է Թիֆլիս, ինձ էնտեղ ունեցել է, գցել ծննդատան պատի տակ և եկել Հայաստան, որպեսզի հետքերը կորցնի: Հետագայում դա բացահայտել են` ինձ տեղափոխելով Հայաստան: Եղել եմ Երևանի 0-3 տարեկանների մանկատանը, այնուհետև մանկատներով պտտվել եմ:

-Իսկ հիմա որտե՞ղ ես մնում:

-Հիմա Երկրորդ մասսիվի հանրակացարանում եմ մնում, որը տրվել է պետության կողմից: Այն չի կարելի համարել սենյակ, որովհետև պետական փաստաթղթերում գրված էր տարածք, և իսկապես, տարածք էր. գետինը քանդած, հոսանք չկար, ուղղակի ապրելն անհնար էր էդտեղ:

-Անցկացրե՞լ ես հոսանք:

-Այո, դա մի պարսակահայ բարերար է արել, ընդ որում` Հայաստանի բոլոր բարեգործական կազմակերպություններին դիմել էի:

-Մենա՞կ ես ապրում:

-Ծնողներ չունեմ, հարազատներ չունեմ… Ինչի՞ եմ մենակ ապրում` ես եմ ու իմ դառնությունը:

-Քո ֆեյսբուքյան էջում գրել էիր հենց էդ մասին:

-Առաջ գրում էի, հետո տեսա, որ շատ տխուր էր ստացվում` մարդիկ մեկ կարդւոմ էին, մեկ չէին կարդում, հետո քննադատությունները շատ էին, դրա համար սկսեցի չգրել:

-Ինչի՞ համար էին քննադատում:

-Տխուր բաների մասին էի գրում: Ես չեմ կարող էս վիճակում լինելով ուրախ բաների մաիսն գրել: Էսօրվա դրությամբ որ դուրս եմ գալիս տնից, որ լսում եմ մի զինվոր է մահացել, որ լսում եմ, որ մի տեղ հիվանդ երեխա կա, իմ ցավի վրա ցավ է ավելանում: Իմ տունը զարդարել էի, էսօր առավոտյան սաղ քանդել եմ տվել, որովհետև երեկ իրիկունը ընկերներիցս մեկի տուն էի գնացել, նրա երեխան մանկական պարալիճ էր ստացել:

Մենակ եմ ապրում, պետության թոշակով, իսկ պետությունը դեղորայք գրեթե չի տալիս ինձ: Գրեթե, որովհետև ամիսը մեկ երկու կամ երեք հատիկ դեղ է տալիս, այնինչ ինձ 13 հատ դեղ է անհրաժեշտ: Դրանք թանկարժեք դեղեր են` Ռուսաստանից, Իսպանիայից, Գերմանիայից եմ բերել տալիս` նայած որ ժամանակ ինչքան գումար եմ ունենում:

-Աշոտ, այսինքն` դեղերդ քո միջոցներո՞վ ես ձեռք բերում:

-Այո, սեփական միջոցներով: Ես մուրացկան եմ, ցավդ տանեմ, իսկ մուրացկանների հետ հասարակությունը կոնֆլիկտ ունի: Ինչի՞... որովհետև այսօր շատ մուրացկաններ խաբում են հասարակությանը: Դրա պատճառով էլ հասարակությունը շատ վատ է վերաբերվում մուրացկանություն անողներին: Բայց ես չեմ ուզում իմ ոտքերի պատճառով ամեն օր տառապել:

-Ի՞նչ հիվանդություն է քեզ մոտ:

-Փղախտով հիվանդ եմ, վարիկոզ, լիմֆատիկ համակարգի լայնացում, ողնաշարի ճողվածք է առկա: Մի ոտքս որ քարշ եմ տալիս, էդ մի ոտքիս պատճառով ամբողջ ողնաշարս վերից վար կիսաձգված, ընկած վիճակում է: Ուզում էի պառկել Կարմիր խաչում, բայց էդտեղից ինձ ասացին, որ չեն կարող պառկեցնել, որովհետև ոտքերիս վերքեր, խոցեր կան: Լավ,եթե Կարմիր խաչը չէ, էս երկրում չկա՞ մեկը, որ իմ հարցով զբաղվի: Հա, ժողովուրդն էսօր օգնեց, վաղն օգնեց, բայց պարտավոր չէ ինձ տալ: Էս վիճակով դուրս եմ գալիս, մեկը տալիս է, օրհնում եմ, մյուս չի տալիս` վիրավորում է, մյուսն արհամարհում է… Ու ես ափերից դուրս եմ գալիս: Քայլելու ժամանակ ողնաշարս շատ-շատ է նեղում: Քայլելուց ժպտալ չեմ կարողանում, իմ դեմքը, եթե տեսել եք, ոնց որ միշտ դժգոհություն արտահայտի, բայց դեմքս ցավից կծկվում է, չեմ կարողանում քայլելուց ուրախ դեմքով լինել:

Մասսիվից իջնում եմ քաղաք, մուրացկանություն եմ անում և նորից վերադառնում եմ Մասսիվ: Մինչ էդ եկեղեցի եմ մտնում, իսկ եկեղեցի գնում եմ, որովհետև դառնացած եմ աշխարհից, դառնացած եմ մարդկանցից: Մարդիկ ասում են` մենք քրիստոնյա հայ ենք, բա, լավ, քրիստոնյան փողոցում կանգնում-նման բաներ է ասո՞ւմ: Մի անգամ մի կին փողոցում ինձ ասել էր` դու մեղավոր չես, մեղավորը քո մերն է, որ վախտին քեզ աբորտ չի արել: Վերջերս էլ մի կին կողքի կնոջն էսպես է ասել, թե ասա չես կարողանում ապրես, մեռի էլի, ո՞ւմ ես պետք: Մի օրվա մեջ եթե ցանկացած մարդ, Աստված ոչ արասցե, մուրացկան դառնա, ինձնից ավելի շատ կդառնանա. կառավարությունը չի օգնում, իսկ մյուս կողմից էլ՝ ժողովուրդը փորձում է վիրավորել, արհամարհել:

2010 թ. եմ սկսել թոշակավորվել. մինչև կիսամեռ չեղա, չթոշակավորեցին: Առաջին կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 19.600 դրամ թոշակ: Իմ եկամուտը դա է, և փողոցները, որ գնում եմ, մարդիկ տալիս են:

Ցավդ տանեմ, ես մի բան ասեմ. էս երկրում որբը չի կարող ապրել: Երբ արտասահմանցիները գալիս են, հայ որբ երեխաներ են ուզում տանել-պահել, թող տան, տանեն-պահեն: Հայ որբն էս երկրում չի կարող ապրել: Էստեղ էնպիսի պայմաններ են, որ որբը, մանավանդ հիվանդ որբն ուղղակի չի կարող գոյատևել: Ես տասնքանի հոգու ճանաչում եմ, ովքեր մեր սերնդից են, ու պատկերացրու` իրենցից մեկը մի կերպ, խաբելով-բանով հասավ Գերմանիա, հանձնվեց, էն մյուսներն էլ ծերը ծերին ապրում են:

-Հիմա ո՞նց է ոտքերիդ վիճակը:

Էս ուսումնասիրություններիս ընթացքում կարողացա իմ ոտքերը դեպի լավը հասցնել: Տվողի շնորհիվ է, որ իմ ոտքերը դեպի լավն են գնում, իսկ չտվողի պատճառով ո՞նց կարող է լավ լինել: Ես խնդիր չունեմ, թող չտան, բայց էդ չտվողները թող գան-պայքարեն ինձ հետ, որ պետությունն անվճար տա դեղերս:

Պետությունից ո՞վ է դեղ տալիս ինձ: Անցած տարի նախագահին դիմում էի գրել, էդ դիմումի համաձայն` առողջապահության նախարարությունն իբր թե պիտի օգներ: Ցուցակը տամ քեզ, կծիծաղես: Ինչի՞… 20 հատ բինտ բերեիր, ոչ թե 2 մեծ յաշիկով անորակ բինտ, ասեիր` տեսեք-տեսեք, օգնություն ենք տալիս Աշոտին: Ոչ, իրենք պարտավոր են տալ դեղերն ինձ, այսինքն` եթե իրենք նկարեցին էդ պրոցեսը, նշանակում է խալտուրա են արել, ու դրա համար են նկարում, թե ժողովուրդ տեսեք-տեսեք, իրեն տվել ենք իր հասանելիք դեղը: Ախր, ո՞ւմ եք խաբում, ո՞ւմ:

Ինձ էլաստիկ ու սովորական բինտ էլ է պետք լինում, բայց այսօր մի էլաստիկ բինտն արժե 2900-3100 դրամ, ի՞նչ ես կարծում` ես կարո՞ղ եմ առնել դա, իհարկե ոչ: Ընդ որում` մեկ շաբաթվա համար գոնե երկու զույգ պետք է: Էսպես եմ անում` մի օր փաթաթում եմ, հանում եմ, լվանում եմ, մյուսն եմ փաթաթում:

-Երեկ երեկոյան քո ֆեյսբուքյան էջում քո` Ձմեռ պապին ուղղված նամակն էի կարդում, որտեղ չես թաքցրել քո դառնությունը, բայց միևնույն ժամանակ օրհնում էիր մարդկանց, բարություն կար տողերիդ մեջ: Այդ նամակը նշանակո՞ւմ է, որ հավատում ես հրաշքներին:

-Ես օրհնում եմ մարդկանց, որովհետև Աստված պահանջում է օրհնել: Հիմա ասեմ՝ ինչի՞ համար: Աստվածաշնչում գրված է` երանի ողորմածներին, ովքեր ողորմություն կգտնեն Աստծու մոտ: Եթե գոնե մի ղեկավար ամսական մի փոքր գումար տա կամ թեկուզ իմ դեղերը տա, շնորհակալ կլինեմ: Մեր երկրում ունենք 80-քանի բարեգործական կազմակերպություն, բայց ես որևէ մեկից օգնություն չեմ տեսել:

-Կա մի բա՞ն, որին դեռ հավատում ես:

-Այո, Աստծուն: Ես վաղուց պիտի մեռած լինեի, բայց ապրում եմ և ապրում եմ մի բանի համար` գիտեմ, որ Աստված կա, և հավատում եմ, որ նա որբերի Աստվածն է, այսինքն` իմ Աստվածը: Ես իր մոտ լիքը արտոնություններ ունեմ: Եթե չունենայի այն հավատը, որ վերջում Աստված ինձ կողորմի, վաղուց մեռած կլինեի, եթե չիմանայի, որ էս կյանքից հետո հավիտենական կյանք կա, վաղուց թույն խմած, մեռած կլինեի: Փողոցում շատ են «խորհուրդ» տալիս, ասում են` թույն խմիր: Ես դեռ հավատում եմ` վատն եմ, լավն եմ, կեղտոտ մարդ եմ, չգիտեմ ինչ եմ, բայց առաջին հերթին մարդ եմ:

-Երազանք ունե՞ս:

-Միակ երազանքս Գերմանիա գնալն է, էնտեղ որոշ ժամանակով պառկեմ, բուժումներ ստանամ, և եթե հնարավոր է, մի որոշ ժամանակ մնամ էնտեղ` մոռանալով դառնությունն ու ցավը, էն դառնությունը, որ իմ ծնողը տվեց ինձ: Աստված դառնություն չի տվել ինձ, դառնությունն ինձ տվել է կյանքը:

Բայց ես սիրում եմ կյանքը, որովհետև այն Աստծու տվածն է: Ես կուզեի, որ ոչ մեկը ցավ չապրեր, որովհետև ես գիտեմ ցավի գինը: Ու երբ քայլում եմ, էդ ցավն ինձ հետ է, ոնց որ ուսերիցս կախված լինի, չեմ կարողանում ազատվել էդ ցավից:

-Աշոտ, սիմվոլիկ օր ենք խոսում, Նոր տարվա նախօրեն է...

-Չէի ասի, էսօր դուրս էի եկել փողոց, նայում էի մարդկանց դեմքերին, չկար էն ժպիտը: Գիտե՞ս ինչ կուզեի, որ գոնե եկող տարի էն ժպիտը հետ գար ժողովրդի երեսին: Մի անգամ կանգառում նստած էի, մարդիկ անցնում էին, ես տեսա, որ ժողովրդի դեմքին լաց կա վիշտ կա, ո՞նց ասեմ, ցավ կա, թախիծ կա: Հոգսաշատ դեմքերով մարդիկ անցնում են, մեկ էլ գալիս է մի թանկարժեք մեքենա է կանգնում, պատուհանից դուրս է նայում չափսերով մեծ մարդ ու նույն դեմքով է լինում, ոնց որ ցավ ունեցողի դեմքը: Լավ, քո ի՞նչն է պակաս, մարդիկ հոգսեր ունեն, ցավ ունեն, բա դո՞ւ: Աստված թույլ է տվել, որ դու հարստանաս, որ դու գռփես:

-Եթե բուժվե՞ս, ի՞նչ կանես դրանից հետո:

-Եթե բուժվեմ, հետ կգամ, իմ գործը կանեմ, չնայած հիմա էլ եմ անում. ես եկեղեցում ծառայում եմ, չեմ աշխատում, ծառայում եմ: Օրինակ, էսօր Նոր տարի է, չէ՞, իմ տունը մաքրել եմ, բայց իմ Հոր տունը չեմ մաքրել, գնացի եկեղեցի, ավելը վերցրեցի ու բակը մաքրեցի, հետո գնացի մի քիչ փող հավաքեցի ու եկա տուն, իրիկունն էլ կգնամ Նռօրհնեքի արարողությանը մասնակցելու: Տեր հայրը, գիտես, միշտ ասում է ինձ` բարի եղիր, որովհետև չարությունը չի փրկում աշխարհը: Բոլորին բարին եմ մաղթում, էն բարին, որ Աստծուց է, որովհետև երբ Աստված տեսնում է, որ մարդը հեռանում է մաքրությունից, պատժում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter